Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ղարաբաղյան խնդիրը ռուս նացիոնալիստների հայացքով

Ղարաբաղյան խնդիրը ռուս նացիոնալիստների հայացքով
09.01.2018 | 08:48

Ռուսաստանում քաղաքագիտական, փորձագիտական հանրություններ շատ կան, սակայն դրանց մեջ Իզբորսկյան ակումբ կոչվածը առանձնանում է մի յուրահատկությամբ: Այս ակումբի անդամները գերազանցապես կոնսերվատիվ-նացիոնալիստական ուղղության ճանաչված մասնագետներ են (ընդ որում՝ ոչ միայն ռուս), որոնք խորանում են Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի մեջ` իրենց վերլուծություններում ու մոտեցումներում բացառապես ելնելով ռուսական պետականության, ավելի կոնկրետ` կայսրապետության շահերից: Ասել, թե այս հանրությունը ուժեղ ազդեցություն ունի երկրի քաղաքական վերնախավի վրա, ճիշտ չի լինի: Բայց որ այս անձանց կարծիքների հետ, այնուամենայնիվ, հաշվի են նստում, փաստ է: Իզբորսկյան ակումբը հիմնադրել ու ղեկավարում է հայտնի ռուս նացիոնալիստ գրող, հասարակական գործիչ Ալեքսանդր Պրոխանովը, որը, ի դեպ, վերջին շրջանում իրեն դրսևորում է որպես ընդգծված ազերասեր:
Ակումբի հերթական կլոր սեղանը լիովին նվիրված էր Ղարաբաղի խնդրին` նրա պատճառներին, ներկա իրավիճակին, զարգացման միտումներին և այլն: Բնականաբար, ռուս պետականության շահերի տեսանկյունից: Այս փաստն արդեն վկայում է, որ ռուս նացիոնալիստները ևս կարևորում են Ղարաբաղի նշանակությունը իրենց երկրի քաղաքական կյանքում: Պրոխանովը, սակայն, հավատարիմ մնաց իրեն և հենց սկզբից ցանկություն հայտնեց, որ իզբորսկցիները մեկնեն Ադրբեջան և տեղի մտավորականության հետ քննարկեն ստեղծված իրավիճակն ու խնդրի լուծման ուղիները: Արժե ծանոթանալ քննարկման որոշ հետևություններին, քանզի չի կարելի բացառել, որ լիբերալ գաղափարախոսության դեմ իր անողոք պայքարում ռուս ազգայնական մտածողությունը հաղթանակ տանի և իր հերթական գահակալական ժամկետում դրան տուրք տա Վլադիմիր Պուտինն ինքը: Հազիվ թե պատահական էր, որ Ամանորի օրերին Պրոխանովը հանդես եկավ ընդարձակ «ռուսամետ» հեռուստահաղորդումներով:


Կլոր սեղանի մասնակիցների մեջ ընդհանուր առմամբ գերիշխում էր այն մտայնությունը, որ ղարաբաղյան խնդիրն առայժմ լուծում չունի, հատկապես ռազմական առումով, և որ այդ հանգամանքը պարադոքսալ կերպով ձեռնտու է և՛ արտաքին խաղացողներին, և՛ հակամարտող կողմերի ղեկավարություններին, քանզի որևէ զիջում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից կհանգեցնի իշխանության կորստին, ինչին չի գնա նրանցից և ոչ մեկը: Այս իմաստով կոնֆլիկտը որոշակի կարգավորիչ դեր է խաղում այդ երկու երկրների ներքաղաքական ուժերի գործողությունների հաշվեկշռման մեջ:
Կարծիքներ հնչեցին, որ Մինսկի ձևաչափը սպառել է իրեն, Եվրոպան ու Ամերիկան ոչ թե շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, այլ բացառապես Ռուսաստանի կովկասյան սահմանների մոտ պայթյունավտանգ իրավիճակի պահպանմամբ ու բորբոքմամբ: Ներկա քաղաքական իրավիճակը թերևս պահանջում է ավելի ակտիվացնել բանակցային գործընթացը պատմական տարբեր ժամանակահատվածներում Կովկասին հավակնող երեք նախկին կայսրությունների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Ընդ որում, ղարաբաղյան ձևաչափը ի վիճակի է լրացուցիչ նպաստելու այս եռյակի հետագա մերձեցմանը:


Միջոցառման ժամանակ բազմիցս ընդգծվեց այն պարագան, որ անկախ ամեն ինչից Հայաստանի անվտանգության հարցում, Ղարաբաղի խնդրում Ռուսաստանը կանխորոշիչ ուժն է, առանց նրա ոչինչ չի որոշվում, և իրադրության ցանկացած սրման դեպքում և՛ Երևանը, և՛ Բաքուն դիմում են հենց Մոսկվային, ու նա է կարգավորում իրավիճակը: Այս կապակցությամբ Պրոխանովը չմոռացավ հիշեցնել, որ Խորհրդային Միությունը պառակտման առաջին գիծն ստացավ հենց Ղարաբաղում: Նշվեց, որ հայերն անընդհատ դժգոհում են, թե Ռուսաստանն ինչու լիովին չի համերաշխվում իր ստրատեգիական դաշնակցի հետ, դավաճանում է նրան` հավատակից եղբորը, զենք է վաճառում Ադրբեջանին և այլն: Սակայն, մյուս կողմից, Հայաստանը «ուխտադրժորեն, գաղտնի թե բացահայտորեն» մերձենում է ռուսամերժ Եվրամիությանը, մասնակցում է Ռուսաստանի սկզբունքային թշնամու` ՆԱՏՕ-ի զորավարժություններին, զանազան այլ գործողությունների և այլն: Այլ խոսքով ասած` ուզում է միաժամանակ նստել երկու աթոռի: Անողոք ակնարկ հնչեց` Եվրամիության հետ լայնամասշտաբ հարաբերությունների հաստատման այդ փորձերը հիշեցնում են ուկրաինական դրաման, երբ Կիևը ի վերջո միանշանակ կողմնորոշվեց դեպի Եվրոպա, բանը հասցնելով արյունահեղության ու տարածքային կորստի (դե, Ղարաբաղն էլ է տարածք):
Քննարկումների ընթացքում մի քանի անգամ վերհիշվեց, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի օգտին էր գործում այն տարիներին Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միակողմանի կողմնորոշումը, երբ գեներալը «Ելցինից թաքուն» ռազմական օգնություն էր ցույց տալիս հայկական բանակին և նպաստում պատերազմական գործողությունների բեկմանը ի վնաս ադրբեջանցիների: Եվ դա վերջիններս չեն մոռանում:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը էներգակիրների պաշարների առկայությամբ ու դրանց ստեղծած ֆինանսական մեծ հնարավորությունների բերումով հնարավորություն ունի իր բանակը զինելու արդիական ռազմական տեխնիկայով, սակայն դա բավարար չէ ղարաբաղյան հակամարտության մեջ առավելության հասնելու համար: Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևոր է առավելապես տնտեսական տեսանկյունից` որպես նավթ ու գազ արդյունահանող ու արտահանող տարանցիկ երկիր:


Քանի որ, ինչպես նշվեց, այս կոնֆլիկտի լուծման իրական ուղիներն առայժմ տեսանելի չեն, ապա առաջարկներ հնչեցին այն սառեցնելու որոշակի շրջանակներում ու որոշակի ժամկետներով, նույնիսկ մինչև 50 տարով, երբ առավել հստակ կդառնան Ռուսաստանի դիրքերն ու հնարավորություններն ուժերի հարաբերակցության փոփոխություններին համընթաց:
Բոլոր դեպքերում, քննարկելով ղարաբաղյան հակամարտության հետ կապված հրատապ խնդիրները, ուշադրություն էր դարձվում ոչ այնքան այս կամ այն կողմին գերադասություն տալու հարցին, որքան ողջ տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության մեծացմանն ու ամրապնդմանը:
Տեղին կլիներ ներկայացնել նաև Իզբորսկյան ակումբի բնույթին բնորոշ համապարփակ մի հետևություն, որին հավանություն տվեցին միջոցառման բոլոր մասնակիցները: Նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ ազգային պետությունը (պետություն-ազգ) Եվրոպայից բացի մնացյալ քաղաքակրթական տարածքներում ընդամենը վերածված է ազգային պետության նմանակման, ոչ ավելի: Եվ դրանք մեծ մասամբ չկայացած պետություններ են, որովհետև չեն համապատասխանում ազգային պետության հիմնական չափանիշներին: Մեր օրերում գումարվում է նաև ամեն ինչի, այդ թվում՝ փոքր պետությունների նկատմամբ, ուժի դիրքից հասնելու թրամփյան նոր ցինիկ սկզբունքը: Այս իմաստով հատուկ նշվեց, որ չկայացած պետություններ են նաև նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը: Վարչական սահմանները միշտ էլ կոնֆլիկտների ու պատերազմների սկզբնաղբյուր են, և այն հասարակական պայմանագիրը, որ կնքվում է այս կամ այն վերնախավային խմբերի կողմից, կարող է վերանայվել կամ վերակնքվել այս կամ այն նոր խմբերի կողմից: Հենց այդ պատճառով ևս ղարաբաղյան կոնֆլիկտը չի կարող լուծվել` նորեն հավաստեցին կլոր սեղանի մասնակիցները: Եթե նույնիսկ ենթադրվի, որ նման պայմանագիր պատմական կոնկրետ ժամանակահատվածում կարող է կնքվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ապա իշխանության հետագա փոփոխության դեպքում դա կարող է հիմք ծառայել այդ պայմանագրի լուծարման, ոչ պահպանման ու նոր պայմաններով վերանայման համար: Ահա և, առաջարկում են ռուս փորձագետները, այդ կոնֆլիկտի համակարգային լուծումը պահանջում է վերադառնալ պետականության «ավանդական» ձևին այդ տարածաշրջանի և ընդհանուր առմամբ եվրասիական աշխարհաշրջանի համար: Եվ այդ ավանդական ձևը, ըստ ազգայնական մոտեցման, կայսրապետությունն է (գլխի ընկա՞ք, թե ինչի է հանգեցնում այս մտայնությունը): Եվ այսպես. «Ղարաբաղյան կոնֆլիկտի լիարժեք ու հիմնարար լուծումը անկարելի է ազգային պետությունների փոխհարաբերությունների շրջանակում: Այն հնարավոր չէ առանց այնպիսի հասկացությունների լեգալացման, ինչպիսիք են ավանդական ժողովուրդն ու ավանդական էթնոսը, անկարելի է առանց կայսրապետական վերնախավի, որը լինելով դինաստիական, արմատական, ֆունդամենտալ, ներկայացնում է միավորյալ բոլոր ժողովուրդներին ու դառնում նրանց անվտանգության հզոր երաշխիքը»:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 8291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ