Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շրջափակումը, պատերազմը և այլ հիշատակումները չեն արդարացնում և ոչ ոքի

Շրջափակումը, պատերազմը և այլ հիշատակումները չեն արդարացնում և ոչ ոքի
22.05.2018 | 01:00

Ապրիլյան հեղափոխության ժամանակ և հետո հասարակության տարբեր շերտերում խոսվում է վենդետայի մասին: Ոմանք հանուն երկրի միասնության և խաղաղության հակված են ասելու «ոչ», ոմանք էլ, անձնական, թե այլ պատճառներով, խոսում են դրա անխուսափելիությունից:

Ասեմ, որ լատինական «վինեդիկտա», «վենդիկատ» բառը, որը հայերեն թարգմանվում է «հատուցում» բառով, ոչ մի եզր չունի պետականորեն գրված օրենքների հետ: «Վենդետան» կլանների, խուլիգանների, գողերի չգրված օրենքներով «ռազբորկան» է, որը ոչ մի ընդհանուր բան չունի երկրի Սահմանադրությունից բխող օրենքների հետ, ընդհակառակը, օրենքը նման արարքներ հայտնաբերելիս կատարողներին պատժում է, եթե, իհարկե, երկիրը իրավական է և հարգվում են գրված օրենքները։ Երկրի հիմնական օրենքի առջև հավասար են բոլորը, և օրենքի խախտման դեպքում պիտի պատասխան տան երկիր թալանողը, օրենքներ խախտողը, մարդասպանը, որովհետև դա ամրագրված է ցանկացած երկրի սահմանադրությամբ: Եթե հեղափոխությունն արյունոտ է (իսկ որ բոլոր հեղափոխություններն այդպիսին են, փաստ է, ապրիլյանը բացառիկ երևույթ է հեղափոխությունների պատմության մեջ), ապա դաժան են այդ ընթացքում գրված, նաև չգրված օրենքները, որովհետև արյունոտ հեղափոխությունը վերջնական հաղթանակի համար այլ ճանապարհ չունի, որովհետև հենց թուլանում է հեղափոխության սուրը, վրա է հասնում Թերմիդորի 9-ը:
Հեղափոխության ժամանակ գործում են հեղափոխական օրենքները, որոնք կապ չունեն մինչ այդ գործող օրենքների հետ: Փա՜ռք Աստծո, մեր հեղափոխությունը խաղաղ էր, և երկրում գործում են գրված լավ թե վատ օրենքները, այսինքն, գործող օրենքները ժառանգաբար անցնում են նոր իշխանություններին: Իսկ որ այդ օրենքները հարմար պահին կարող են սրի պես ուղղվել դեպի հեղափոխությունը, բացառված չէ:


Կուզենայի հարցնել` եթե հեղափոխություն չլիներ, ի՞նչ է, գործող օրենքներով կոռումպացվածը չպե՞տք է պատժվեր: Այո, բայց ըստ առաջին դեմքի հայեցողության: Իսկ ավելի ճիշտ, կոռումպացված բանդան ինքն իրեն պիտի պատժեր: Ծիծաղելի է: Կոռումպացված կարող են լինել ինչպես փոքր, միջին պաշտոնյաները, այնպես էլ տարբեր «ռանգի» պաշտոնյաներ, ընդհուպ երկրի առաջին դեմքը:
Եթե առաջին դեմքը կոռումպացված չէ, ապա կարելի է հաստատ ասել, որ կոռուպցիայի մակարդակը երկրում անհամեմատ ցածր է, աննկատելի: Կոռուպցիան ոչ միայն կաշառակերությունն է, այլև ծախվածությունն ու բարոյական անկումը: Եթե երկրի առաջին դեմքը կեղծում է ընտրությունները և ընտրակաշառքով մնում է պաշտոնին, ի՞նչ է, հանուն աշխատավարձի՞, թե՞ կուտակած թալանը պաշտպանելու և բազմապատկելու համար: Կարող եմ մի բան հաստատ ասել, որ, սկսած 1996 թվականից (թեպետ 1991-ի վրա էլ փոքր-ինչ կասկածում եմ), մեր երկրում բոլոր ընտրությունները կեղծված են: Ժողովուրդը կաշառք էր վերցնում և հաճախ դեմ էր քվեարկում, արդյու՞նքը: Մեր բոլոր նախագահները լավ էին սերտել Ստալինի հայտնի խոսքը. «Կարևորն այն չէ, թե ինչպես են քվեարկում, այլ այն, թե ինչպես են հաշվում»: Կաշառում էին ժողովրդին, որ նա գա ընտրության, որ դիտորդներին ցույց տան ժողովրդի մասնակցությունը, նրանք էլ արձանագրեն, որ այս ընտրությունները մի քայլ առաջ էին նախորդներից։


Իշխանավորները զզվեցրել էին ժողովրդին, և նա համոզված էր, որ ընտրություններով հնարավոր չէ փոխել ինչ-որ բան: Տարիներ շարունակ ժողովրդին համատարած կաշառելով և իշխանության մնալով, շարունակում էին երկիրը կեղեքելու քաղաքականությունը: Այդ կեղեքելու քաղաքականության արդյունքն այն է, որ հիմնովին ոչնչացվեց երկրի հզոր արդյունաբերությունը: Եվ այդ ոչնչացումը կատարվում էր բացահայտ խաբեության ճանապարհով: Բագրատյանական վաուչերներով սկսվեց այդ ամենը: Նայեք կառավարության ցանկացած որոշում սեփականաշնորհման վերաբերյալ և այնտեղ կկարդաք, որ այսինչ ձեռնարկությունը սեփականաշնորհել է այսինչը, որը պարտավոր է իքս տարում կատարել այսքան միլիոն դոլարի ներդրում, որի արդյունքում պիտի բացվեն այսքան աշխատատեղեր: Անցնում էր իքս տարին, ոչ ներդրում էր լինում, և ոչ էլ աշխատատեղեր էին բացվում, այլ սեփականատերը ոչնչացնում էր արդյունաբերական միջոցները և վաճառում:
Տեղին է նշել, որ միլիոնավոր դոլարների արժողությամբ գործարանները հենց այնպես, շան մսի գնով էին սեփականաշնորհում: Պարզից էլ պարզ էր, թե այդ շան մսի գնից դուրս որքա՜ն շաբաշ էր գնում գործարքն իրականացնողի գրպանը: Այժմ թող թույլ տրվի հարցնել` եթե մեղավորին ենթարկենք գոնե բարոյական պատասխանատվության և խնդրենք վերադարձնել անաշխատ եկամուտները, որ երկիրը դուրս գա այս վիճակից, նրանց նկատմամբ կիրառում ենք վենդետա՞:


Սեփական երկրի կեղեքմամբ ձեռք բերած եկամուտներին անհրաժեշտ է գումարել նաև այն ռազմավարը, որը ներկրվել էր երկիր հաղթանակի արդյունքում: Այդ ռազմավարը զինվորի արյան գինն էր, որը պիտի ծառայեր երկրի զարգացմանը: Ավա՜ղ:
Այն հազարավոր զինվորները, որոնք թաղված են Եռաբլուրում, հավատացած եմ, վենդետա չեն պահանջում, բայց պահանջում են իրենց ծնողների, հարազատների արժանապատիվ ապրելու իրավունքը: Հիշում եմ, երբ Քոչարյանը եկավ իշխանության, ընդդիմությունը նրանից պահանջեց տալ առաջին նախագահի աշխատանքի իրավական, քաղաքական գնահատականը: Քոչարյանը դա չարեց, միայն կմկմաց, թե առաջին նախագահին չի կարելի դատել: Ոչ թե նրա հանդեպ ունեցած սիրուց Քոչարյանն այդպես արտահայտվեց, այլ համոզված էր, որ գնալու էր նրա ճանապարհով: Այո, անչափ դժվար է գալ իշխանության և երկրի մարդ քաղաքացի մնալ: Դժվար է գալ իշխանության և չգայթակղվել գռփելու, կուտակելու մոլուցքով: Իշխանությունը մարդու մեջ արթնացնում է նրա ստոր բնազդների մեծ մասը, և եզակի անհատներին է հաջողվում վեր մնալ այդ ստոր բնազդներից:


Թող ներվի ինձ բերվող օրինակի համար, բայց ֆաշիստական վերնախավի մեջ որևէ կաշառակերի անվան ես չեմ հանդիպել: Նույնը` Ստալինի ժամանակ: Երբ Ստալինն իմանում է, որ Ժուկովը ռազմավար է բերել, նրան հարցնում է. «Գեորգի Կոստանտինովիչ, ի՞նչ է քեզ պակասում, այս ամբողջ երկիրը քոնը չէ՞, ինչի՞դ է պետք այդ ռազմավարը, որ բերել ես»: Ստալինի խոսքից հետո Ժուկովը բերած ողջ ռազմավարը փոխանցում է մի որբանոցի:
Տեղին է հիշել նաև Ռոկոսովսկուն: Իր համար առանձնատուն էր կառուցել, որի բացմանը ներկա է եղել նաև Ստալինը: Գովելով Ռոկոսովսկու կառուցողական ջիղը, Ստալինն ասել է, թե լավ մանկապարտեզ ես կառուցել: Եվ Ռոկոսովսկին տունը նվիրում է ինչ-որ մանկապարտեզի:
Ասելիքս է, եթե առաջին դեմքը կոռումպացված չէ, երկրում անհամեմատ ցածր է կոռուպցիայի մակարդակը: Տեղին է հարցնել` ո՞ր արժանիքի համար է առաջին նախագահին տրվել մի հսկայական շինություն հսկայական հողակտորով: Հավատացած եմ, որ ասելիքս ըմբռնելի չի լինի մեր հասարակության համար, որովհետև մեր մեջ նստած է դեռևս ճորտի հոգեբանությունը, բա նախագահ է, ի՞նչ է, իրավունք չունի՞: Թող թույլ տրվի հարցնել` ԱՄՆ-ի ո՞ր նախագահին են թոշակի անցնելու կապակցությամբ հատկացրել հսկայական առանձնատուն: Ո՛չ մեկին: Իսկ մե՞նք: Քի՞չ է նրանց կատարած թալանը, դեռ առանձնատու՞ն ենք հատկացնում:


Եթե չեմ սխալվում, Անգլիայում, ընդամենը մեկ անգամ, կարծեմ Մարլբորոներին, պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար հատկացրել են հողամաս և առանձնատուն:
Որո՞նք է Լևոն Տեր-Պետրոսյանի` հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունները։ Այն, որ հիմք դրեց երկրի արդյունաբերության քայքայմա՞նը, որ եղբայրն իրավունք ուներ ավերվող գործարաններից արտահանելու և վաճառելու այն, ինչ ուզում էր, որ ընտրակաշառքով և ընտրություններում պարտված լինելով հանդերձ իրեն կրկին հռչակեց նախագա՞հ: Բացառիկ ծառայություններ ունեցած անձին մի խումբ «դավադիրներ» չեն քշում իշխանությունից, և ժողովուրդն ուրախությամբ ընդունում է փաստը: Ասում են` օրենքով է հասնում: Ո՞վ է գրել այդ օրենքը և ո՞ր ազգային պառլամենտը... Ա՞յն, որի անդամների ճնշող մեծամասնությունը դեֆակտո անօրինական է ընտրվել:


Այսօր դժվար է միանշանակ ասել, թե Փաշինյանը որ ճանապարհով կգնա, նրանո՞վ, որ ընտրեց Քոչարյանը և հեռանալով ընտրեց Մարտի 1-ը, թե՞ անցած նախագահների գործունեությանը կտա իրավական, քաղաքական, ինչու չէ, նաև տնտեսական գնահատական: Շրջափակումը, պատերազմը և այլ հիշատակումները չեն արդարացնում ոչ ոքի: Շրջափակման և պատերազմի պայմաններում չի արտահանվել երկրի ողջ ունեցվածքը: Իսրայելը 70 տարի պատերազմում է, բայց բնակչությունը 600 հազարից դարձել է յոթ միլիոն և այսօր էլ հավակնում է կոչվելու գերպետություն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Չեմ ընդունում վենդետան, քանի որ դա ավազակների չգրված օրենքով «ռազբորկան» է, բայց ընդունում եմ, և շատերն ինձ համամիտ կլինեն, որ, անկախ դեմքից, դիրքից, օրենքի առաջ բոլորն են հավասար, և կատարած արարքի համար յուրաքանչյուրը պետք է պատասխան տա:

Դիտվել է՝ 6285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ