Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անդրկովկասում Ադրբեջա՞նն է Ռուսաստանի միակ հուսալի բարեկամը

Անդրկովկասում Ադրբեջա՞նն է Ռուսաստանի միակ հուսալի բարեկամը
13.07.2018 | 08:59

Այսօր մեր երկրի առջև ծառացած հարցերի մեջ, անշուշտ, կարևոր տեղ են գրավում արտաքին քաղաքականությունը և այդ քաղաքականության մեջ ռուս-հայկական հարաբերությունները: Հարաբերությունները հարաբերություն, բայց այդ հարաբերությունները չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին եղել են դարեր շարունակ, որը և շագրենի կաշվի պես հանգեցրել է մեր տարածքների կրճատմանը: Տեղին է հարցնել` ու՞ր են Թուրքմենչայի, իսկ դրանից առաջ Գյուլիստանի պայմանագրերով Ռուսաստանի տիրապետության տակ անցած հայկական հողերը: Հարցիս պատասխանը տալիս են 1923 թ. Անդրկովկասի Կավբյուրոյի որոշումը և 1921 թ. Կարսի պայմանագիրը: Այդ փաստաթղթերում վառ երևում են ռուս կառավարողների քաղաքական ողջ ստորությունն ու էությունը: Եթե ոմանք առարկեն, ասելով, թե այդ զույգ փաստաթղթերը կայացվել են բոլշևիկյան Ռուսաստանի կողմից, որևէ քննադատության չի դիմանում, որովհետև այսօր էլ անկախ Ռուսաստանի երբեմն թաքուն, երբեմն բացահայտ հակահայ քաղաքականությունը նախորդների տրամաբանական շարունակությունն է, որովհետև դարավոր թշնամական ռուս-թուրքական հարաբերությունները, եթե ինչ-որ ժամանակ լավանում են, ապա դրանից տուժում ենք միայն հայերս:


Ռուսաստանը Անդրկովկասում միշտ խաղացել է դարերից եկող ստոր քաղաքականությունը` բաժանիր, որ տիրես: Եվ այդ սկզբունքից ելնելով Ռուսաստանը միշտ իր տիրույթում է պահել թուրքամետությունը: Ռուսաստանը Թուրքիայի ճնշման տակ Հայաստանի թիկունքում հիմք դրեց ապագա մի նոր թուրքական պետության` Ադրբեջանի ստեղծմանը, նրան տալով հսկայական տարածքներ: Եվ այսօր անկախ մեր կամքից քաշվել ենք մի հակամարտության մեջ, որը ձեռնտու է Ռուսաստանին: Չեմ ցանկանում կրկնել, թե ովքեր են եղել և կան թուրքերը (գումարած դրան` ադրբեջանցիները) ռուսների համար: Կարծում եմ, միայն ուղեղից հիվանդ մարդը (նմանները, ցավոք, քիչ չեն Ռուսաստանում) կարող է չիմանալ դա: Օրինակ` Դմիտրի Կիսելյովին չես համարի ուղեղից հիվանդ մարդ, բայց արի ու տես` ռուս-ադրբեջանական չեղած «դարավոր» բարեկամությունն ինչպես է ներկայացնում ռուսական հեռուստաեթերից: Իսկ Դմիտրի Ռոգոզինի հայատյացության մասին ավելորդ է հիշել:
Ռուսաստանը դարեր շարունակ եղել է կոպիտ ուժի երկիր: Հազիվ թե համաշխարհային պատմության մեջ ռուսական բիրտ ուժը գերազանցի գերմանական, առավել ևս անգլիական դաժանություններին, բայց արի ու տես, որ դեռևս XIX դարից նա հորջորջվել է որպես Եվրոպայի ժանդարմ: Ոչ ոք չի կարող ժխտել, դա նույնիսկ Մարքսն է նկատել, որ Ռուսաստանը Արևելքի ժողովուրդների կյանքում խաղացել է պրոգրեսիվ դեր, բայց Արևելքի ժողովուրդներն այսօր չեն երդվում նրա արևով: Ինչու: Չունեմ հարցի պատասխանը: Գուցե դա գալիս է նրանից, որ այդ պրոգրեսիվ դերը կարճ ժամանակ անց ազատագրված ժողովուրդների համար վերածվում է շատ ծանր բեռի: «Օրհնվի էն սհաթը» խոսքերի հեղինակը կարճ ժամանակ անց հիասթափված, ինքն իրեն հարցրեց (տեսնելով, թե ինչպես է ռուս չինովնիկը հասարակ հայ գյուղացուց կաշառք պահանջում)` մի՞թե դա էր մեր երազած ազատությունը:


Հիշենք մեր լեզվի, եկեղեցու նկատմամբ ցարական Ռուսաստանի արգելակող դերը: Ազատության ռուսական ընկալումը անչափ հեռու է այդ հասկացության եվրոպական ընկալումից: Անգլիան երբեք և ոչ մի երկրի չի պարտադրել իր լեզուն, ինչը չես ասի Ռուսաստանի պարագայում: Անգլիացի նվաճողը իր կամքն է թելադրել նաև ժպտալով, ինչը չես ասի ռուսական բիրտ ուժի պարագայում: Եվ իզուր չէ, որ այդ բիրտ ուժի սիմվոլն է արջը: Ի միջի այլոց, տեղին է նշել, որ կենդանին շատ բարի է, նաև վախկոտ, բայց կատաղության պահին դառնում է իսկական գազան: Եվ այժմ ոմանք վախենում և զգուշանում են` հանկարծ այդ բարի կենդանին հայերիս նկատմամբ չվերածվի՞ գազանի: Այդ գազանի իսկական դեմքը մենք տեսանք Վրաստանի, ՈՒկրաինայի պարագայում: Այնպես որ այդ ազգերի համար ազատության ճանապարհը ունեցավ ծանր հետևանքներ և դեռ չի երևում ազատության լույսը:
Մեր բախտը բերել է, որ մոնոլիտ էթնոս ենք և չունենք ընդհանուր սահման նրա հետ: Չեմ կասկածում, որ ցանկության դեպքում հայ-ադրբեջանական սահմանը իսկույն կարող է վերածվել հայ-ռուսական սահմանի: Վրաստանի, ՈՒկրաինայի օրինակները մեզ ասում են, որ պետք չէ առճակատման գնալ մեր լավը չուզող, մեր դարավոր «բարեկամի» հետ: Ինչ անել, երբ այժմ Ռուսաստանի շատ քաղաքագետներ (այսօր նրանք խոսում են, իսկ մինչ այդ սուս էին) բացահայտ խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, հավատացած եմ նաև, որ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո էլ ավելի կսաստկանա ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին:


Ասեմ, որ չեմ մտահոգվում զենքի այդ վաճառքից, որովհետև գիտեմ, որ անհնար է հաղթել այն ժողովրդին, որը գիտե, թե ինչու և ինչի համար է կռվում: Չեմ մտահոգվում նաև հիմար, ազգը պառակտող դատողություններից, թե մենք փոքր ազգ ենք, որովհետև պատմությունից կարելի է բերել անթիվ օրինակներ, թե ինչպես են փոքրաթիվ ուժերով հայտնի զորավարները հաղթել անհամեմատ շատ թշնամուն: Հիշենք Գավգամելայի ճակատամարտը, որտեղ 50-հազարանոց զորքով Ալեքսանդր Մակեդոնացին ջախջախեց 250-հազարանոց բանակին: Հիշենք մեր հարևան վրաց ժողովրդի անվանի զորավարին, որը 50-հազարանոց զորքով հաղթեց 300-հազարանոց թուրքական բանակին: Հիշենք մեր երկուհազարանոց հայկական զորքին, որը Վարդանակերտի դաժան կռվում հաղթեց հինգհազարանոց արաբական զորագնդին:
Անշուշտ, հնարավոր չէ վկայակոչել նման բոլոր օրինակները, բայց մի բան ինձ հուշում է` որտեղ հայը հույսը դրել է իր վրա, կանգնել և հաղթել է: Երբ հավատացել ենք օտարին, մեզ մորթել են կենդանու նման: Հավատալով օտարին, դու կորցնում ես վստահությունը սեփական ուժերիդ նկատմամբ: Կիլիկիայում հայկական ուժերը հրաշքներ էին գործում ֆրանսիական բանակում: Եվ այդ ուժերը, հավատալով ֆրանսիացիներին, կորցրին Կիլիկիան: Որքան հավատացել ենք ուրիշներին, այդքան կորցրել ենք մեր երկիրը: Կարելի է վստահ ասել, որ ցեղասպանությունը այդ կույր հավատքի հետևանք է:


Ղարաբաղյան պատերազմում մենք հավատացինք մեզ, և արդյունքը հիանալի է: 1905 թվականին Անդրանիկը դիմում է Բաքվի հայ հարուստներին, ասելով` փող տվեք, զենքեր գնենք, որ ապագա պատերազմում պաշտպանենք մեզ: Պատասխանն ավելի քան ահավոր է` մեր ինչին է պետք զենքը, ռուսը մեզ կպաշտպանի: Եղավ այն, ինչ եղավ: Ռուսն անգամ իրեն չկարողացավ պաշտպանել: Բայց մենք դասեր չենք քաղում մեր պատմությունից: Մեր ղեկավարությունը ոչ թե բանակն է զինել, այլ սեփական թոռներին, ծոռներին ունեցվածք դիզելով են զբաղված եղել: Եթե մեր ագահ տերերը... այստեղ մի փոքր շեղվեմ ասելիքիցս և հիշեմ պարսկական մի առակ:


Մի շահ է լինում` ագահ և ընչաքաղց: Սիրել է անգամ գյուղացիներին հյուր գնալ և նրանց հաշվին սնվել: Օրերից մի օր հյուրընկալվում է մի աղքատ գյուղացու: Որքան էլ աղքատ, շահին պիտի հյուրասիրի հավուր պատշաճի: Սեղանը լիքն է առատ ուտելիքներով, պես-պես հյութերով, գեղեցիկ մրգերով: Մինչ կգար շահը, սեղանի մեջտեղում դրված մի մեծ ափսեի ուտելիքի մեջ ագռավը ծրտում է: Տանտերն անհարմար է զգում ափսեն հեռացնել սեղանից, ստիպված այն ծածկում է սրբիչով: Շահն ուտում է ագահորեն, փորձում է բոլոր ուտեստները և երբ արդեն մութն է ընկնում, մոմի աղոտ լույսի տակ շարունակում է ուտել-ուտել: Երբ կշտացած է լինում, մեկ էլ աչքն ընկնում է սրբիչի տակ գտնվող ափսեին:
Երևի դրանում ավելի լավ բան է թաքնված, մտածում է շահը և ձեռքը տանում, սրբիչի տակից հանում է ուտելիքն ու դնում բերանը: Շահը զգում է իր բերանի պարունակությունը, թքում է ու թե` թամահն ինձ տարավ ...ակերության: Այդ առակը դարեր առաջ պարսիկ ժողովուրդը կարծես հորինել է մեր այսօրվա իշխանավորների համար:


Եթե մեր ղեկավարությունը փոքր-ինչ մտածեր երկրի մասին, այսօր մենք կունենայինք մեր ժողովրդին արժանի բանակ: Բանակ, որը կարող էր կռվել անգամ երկու ճակատով: Թող ոչ ոք չմտածի, թե զրկվել եմ բանականությունից և դուրս եմ տալիս: Իսրայելն ընդամենը 5-միլիոնանոց ժողովրդով կռվում էր 150-միլիոնանոց (նկատի ունեմ Իսրայելի դեմ կռվող ընդամենը մի քանի պետություն) արաբական աշխարհի դեմ: Յոթնօրյա պատերազմում Իսրայելը հաղթեց, որովհետև նրա քաղաքական էլիտան դասեր էր քաղել հրեա ժողովրդի մի քանի հազար տարվա դառը պատմությունից, իսկ մեր գյուղաքաղաքական գործիչները, անգամ պատմաբան հորջորջվածը, ոչնչացնում էին պետության արդյունաբերական հզորությունները: Նրանք այնքան կարճամիտ և ստոր արարածներ էին, որ ոչ միայն չընդունեցին Հայաստան ժամանած գաղթականներին, այլև սեփական երկրից էին գաղթեցնում: Շրջապատված թշնամիներով` մենք պետք է զինվենք ու նորից զինվենք, ընդհուպ արգելված զենքերով։ Արգելված զենքով մենք ոչ Մոսկվան ենք ռմբակոծելու, ոչ էլ Նյու Յորքը: Այն մեր անվտանգության համար է, և ոչ ոք մեզ չի կարող դրա համար դատապարտել: Ոմանք մտածում են, թե մենք էլ տարածքային (տվյալ դեպքում` Ղարաբաղի) կորուստ կունենանք, եթե մեր քայլերը դեպի Արևմուտք չհամաձայնեցնենք Ռուսաստանի հետ:

Բազմիցս եմ լսել, երբ Պուտինն ասել է, մենք ամեն ինչ անում ենք` ելնելով մեր պետության շահից: ՈՒրեմն նրան պիտի հասկացնել, որ մենք էլ պետություն ենք: ՄԱԿ-ում ընդդեմ Ռուսաստանի Ադրբեջանը շատ անգամ է դեմ քվեարկել: Այսօր Ռուսաստանը լիզում է նրան: Մենք միշտ հանուն Ռուսաստանի ենք քվեարկել կարևոր հարցերում, այսօր այդ երկրի քաղմեկնաբանները մասնակցում են Ադրբեջանում կազմակերպված ամեն ստոր հակահայ միջոցառումներին, որոնցից մեկն էլ «Անդրկովկասում Ադրբեջանը Ռուսաստանի միակ հուսալի բարեկամն է»: Եթե մեր ինքնուրույն, ոչ հակառուսական գործողությունները երբեմն դուր չեն գա Ռուսաստանին, փորձանք չէ: Պատմությունը ցույց է տալիս, անգամ վրացական, ուկրաինական դեպքերը, որ Արևմուտքը հանուն ինչ-որ մեկի չի գնա Ռուսաստանի հետ առճակատման: Մեր անելիքն է հավատալ Աստծուն, բայց հույսը դնել սեփական ժողովրդի վրա:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Պարտավոր ենք զինել բանակը: Ինչո՞վ։ Կհարցնեն ոմանք: Այն փողերով, որ գողացել են կառավարող գողերն ու ավազակները մեր ժողովրդից: Առնվազն երեք մարդ գիտեմ, որոնց հարստությամբ ոչ թե մի քանի էսկադրիլ C4-26 կգնեն, այլ ատոմային ռումբ ստեղծելուն անհրաժեշտ բոլոր ծախսերը կկատարվեն: Հավատանք Աստծուն, բայց հույսը դնենք մեզ վրա: Ժողովրդից գողացողներին ոչ թե բանտերը լցնենք, այլ համոզենք` կամավոր վերադարձնել տարածը: Եվ ովքե՞ր են այդ գողերը... Ո՞վ չգիտի...

Դիտվել է՝ 5428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ