Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայոց «մարզպանին» կանչել են Տիզբոն

Հայոց «մարզպանին» կանչել են Տիզբոն
07.09.2018 | 00:43

Բազմիցս եմ ասել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, թեպետ մեր լավը չուզող, բայց մեր բարեկամն է: Դարեր շարունակ մեր հավատարիմ նվիրվածությունը Ռուսաստանը երբեք չի գնահատել և, անկախ նրանից, թե ովքեր են եղել նրա կառավարողները, միշտ հարմար պահին, իր օրվա շահից ելնելով (այդ օրվա շահի գիտակցությամբ էլ ղեկավարվելով, Ռուսաստանը հարյուր տարին մեկ ավերվել է) մեր դարավոր թշնամու ժամանակավոր կեղծ «բարեկամությունը» շահելու համար մեր երկիրը աճուրդի է հանել: Հարցադրումս կլինի ասածիս լավագույն պատասխանը: ՈՒ՞ր են Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած Արևելյան Հայաստանի հսկայական տարածքները: Եվ մեր բարեկամ ռուս կառավարողները ոչ միայն առատորեն բաժանել են մեր հողերը, այլև ամեն ինչ արել են և անում են, որ Հայաստան կոչված երկիրը երբեք անկախ պետականություն չունենա: Իսկ մերօրյա կառավարողներն էլ հանուն իրենց անձնական շահի հլու-հնազանդ ծառայել են օտարին:


Հիշեմ ևս մեկ փաստ, որը դարեր շարունակ մենք կրկնել ենք հայ գրողի, մտածողի, հայի ցավով տառապողի պահին ասված միտքը. «Օրհնվի էն սհաթը», բայց երբեք չենք բացել փակագծերը, թե ինչ է ասել այդ խոսքերից հետո Աբովյանը, երբ տեսել է, թե ինչպես է ռուս չինովնիկը հայ գյուղացուց կաշառք վերցնում: «Մի՞թե սա էր մեր երազած ազատությունը»,- ահա նրա խոսքերը: Աբովյանը, լինելով հավատարիմ քրիստոնյա, հավատացել է, որ քրիստոնյա ռուսի օգնությամբ մենք կստեղծենք մեր անկախ թագավորությունը: Ճիշտ է, հետին թվով միշտ էլ հեշտ է խելոք երևալ, բայց մի բան չեմ կարող չասել, որ Արևելյան Հայաստանի ռուսական կողմնորոշումը վերջին հաշվով պառակտել է ազգը, որը հանգեցրեց Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանությանը և ոչ միայն նշված Հայաստանի տարածքների կորստին, այլև Արևելյան Հայաստանի տարածքները ռուս կառավարողների կողմից առատորեն բաժանելուն: Այսօր Ռուսաստանը տիրապետում է վայրի ռազմական ուժի, և նրա հետ կատակելը առնվազն հիմարություն կլինի: Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, թե ում է պետք այն երկիրը, որտեղ Ռուսաստանը տեղ չունի: Սա կարելի է անվանել սպառնալիք ողջ աշխարհի համար, բայց, հանուն ճշմարտության, պետք է օբյեկտիվորեն ընդունել և հասկանալ ռուս կառավարողին: Այսինքն, եթե ողջ աշխարհը մեզ ցանկանում է ճզմել, ապա փորձեք, և պատասխանը ավելի քան ողբերգական կլինի ողջ աշխարհի համար:


200 տարի մեր կողմնորոշումը եղել է դեպի Հյուսիս: Հասկանալով այդ կողմնորոշման արդյունքում կրած ահավոր կորուստները, որոշ ուժեր փորձում են դուրս հանել Հայաստանը այդ կողմնորոշումից: Առաջինը ես կքվեարկեի հանուն այդ որոշման, սակայն լինելով բանական մարդ, փորձեմ հստակեցնել, թե ինչու եմ դեմ այդպիսի որոշմանը: Ասացի, Ռուսաստանը մեր լավը չուզող մեր բարեկամն է: Ցույց տվեք մեկ այլ բարեկամ երկիր, որ թեկուզ մեր լավն ուզելով կանգնած է մեր կողքին: Չկա այդպիսի երկիր: Ֆրանսիայի կոմկուսի քարտուղար Ժակ-Դյուկլոն Միսաք Մանուշյանի մասին արտահայտվելով, ասել է. «Հայաստանի ազատության համար Ֆրանսիան թուղթ ու թանաք չի խնայել, մինչդեռ Ֆրանսիայի ազատության համար հայ ժողովուրդն իր արյունն է տվել»: Այդ նույն ֆրանսիացիք ծախեցին Կիլիկիայի հայերին, այն էլ այն դեպքում, երբ Ֆրանսիայի բանակում հայկական լեգեոնը հրաշքներ էր գործում ընդդեմ թուրքական բանակի: Անգլիայի մասին չխոսենք, որովհետև այդ երկրի համար նավթի հոտը վեր է ցանկացած հումանիզմից: Ամերիկայի մասին ասելուց առաջ հիշեմ Հայնրիխ Հայնեի խոսքերը. «Այդ մեծ ախոռն ազատության»:


Ազատությունից, մարդու իրավունքից, ազգերի ինքնորոշումից (ի դեպ, ԱՄՆ-ը այդ ճանապարհով է գնացել դեպի անկախություն) բարբաջող Ամերիկան հրաժարվեց Վիլսոնի օրոք Հայաստանի մանդատից: Այսօր այդ նույն Արևմուտքը տեր կանգնե՞ց Վրաստանին, ՈՒկրաինային: Բացարձակապես ոչ: Հիշում եմ մի հայ փիլիսոփայական գիտությունների դոկտորի խոսքերը` ասված խորհրդային տարիներին ԱՄՆ-ի հասցեին. «Այդ այն երկիրն է, որ իր պահպանակ արտադրողի շահն ավելի վեր է դասում, քան ուրիշ ազգի անկախությունը, մարդու իրավունքը»:


Այսօր Ռուսաստանը ծանր վիճակի մեջ է և, օգտվելով նրա այդ վիճակից, մեր դարավոր և այսօրվա թշնամին խաղում է նրա հետ ի վնաս Ռուսաստանի: Մեկ է, եթե այդ հարցում ամենախելացի միտքն ասվի Ռուսաստանին, նա չի ընդունի, եթե ասողը հայ է: Այս պայմաններում մեր նոր իշխանությունները փորձում են դրսևորել ազգային շահի, ինքնուրույն խաղալու դրսևորումներ: Ողջունում եմ: Բայց արի ու տես, որ թույլ են տալիս աններելի սխալներ:


Մի՞թե չէր կարելի սկզբից ազատվել Խաչատուրովից, նրան ազատելով ՀԱՊԿ-ի գլխավորի քարտուղարի պաշտոնից և հետո լուծել քրեական գործի հետագա ընթացքը: Այսօր Տիգրան Սարգսյանին են մեջտեղ քաշում: Նրանց հանդեպ ամեն ինչ պիտի արվի օրենքի տառի համաձայն: Խաչատուրովի նկատմամբ ընտրելով խափանման միջոց, լեզու դրեցինք ֆիզիկապես մեզ ատող Լուկաշենկոյի բերանը: Ո՞վ չգիտե, թե որքան է սիրում Լուկաշենկոն Մեհրիբանին և Ալիևին: Նազարբաևի մասին ավելորդ է խոսել: Ասել և կրկնում եմ` մենք ոչ թե պետք է «лобовой» բախվենք արջի հետ, այլ նրան գուրգուրելով հասնենք մեր ցանկալիին: Հավատացած եմ, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը ծանր է լինելու: Հավատացած եմ նաև, որ այդ ծանր հանդիպումից մեր երկիրը դուրս կգա խելացի ձևով: Չպառակտենք ազգը սև ու սպիտակի բաժանելով, որովհետև առջևում դաժան պատերազմի ուրվականն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Գուցե ես սխալ եմ: Տա Աստված: Խրուշչովը ցեխ շպրտեց Ստալինի վրա: Գորբաչովն այդ ցեխը խորացրեց, և արդյունքում ԽՍՀՄ-ը տապալվեց: Չինացիք չգնացին այդ ճանապարհով, թեպետ կարելի է ասել, որ Մաո Ցզեդունը պակաս հանցագործություն չէր կատարել չին ժողովրդի հանդեպ: Նրանք լռելյայն շրջեցին Մաոյի էջը և այսօր հզոր պետություն են: Աստված տա, որ ես սխալ լինեմ, բայց դա է իրականությունը:
Այսօր մեր հասարակությունը կարծես արյան ծարավի է և, ցավոք, ոչ թե թշնամու, այլ յուրայինի:
Աստված, տու՛ր մեզ բանականություն: Իսկ նրանք, ովքեր երեսուն տարի թալանել են երկիրը, առանց որևէ խոսքի պիտի վերադարձնեն թալանը, դա է միակ ճշմարիտ ուղին:

Դիտվել է՝ 6113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ