Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանի ավիաշուկան անելիքներ ունի

Հայաստանի ավիաշուկան անելիքներ ունի
11.09.2018 | 00:47

Վերջապես Հայաստանի կառավարությունը խոսեց ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։ Սա նշանակում է, որ մեր` «Իրատեսի» խոսքը տեղ հասավ։ Չորս տարի է մենք տարբեր առիթներով նշել ենք, որ պետությունը չի կարող չունենալ իր ավիափոխադրողը, ինչպես չի կարող չունենալ իր զինանշանը և հիմնը։


Օրերս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկում։ Առանցքային թեման եղել է ազգային ավիափոխադրող ձևավորելու հարցը։ Բնականաբար, քննարկմանը ներկա են եղել բոլոր շահագրգիռ կողմերը, որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի քաղավիացիայի խնդիրների վերհանմամբ, կքննարկի դրանք և լուծումներ կառաջարկի։


Եվ այսպես, կարծես սառույցը տեղից շարժվեց, կառավարությունը փորձում է ապացուցել, որ բաց երկնքի քաղաքականության իրականացումը բոլորովին էլ չի նշանակում երկիրը զրկել ազգային ավիափոխադրող ունենալուց։ Ի դեպ, հիշեցնենք, որ բաց երկնքի քաղաքականության կամ, ավելի ճիշտ, Հայաստանը ազգային ավիափոխադրողից զրկելու ջատագովները պնդում էին, որ այդ քաղաքականությամբ կնպաստեն Հայաստանի ավիաշուկայում տոմսերի գների նվազեցմանը։ Այս փուչիկը պայթեց, և այսօր փաստ է, որ 2014-ից ավիատոմսերի գները ոչ թե նվազում են, այլ բարձրանում։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ հայաստանյան ավիաշուկայում ավիափոխադրողների միջև մրցակցությունը մեծ է եղել, քանի որ ազգային ավիափոխադրողի հետ մեկտեղ գործել են տասնյակից ավելի տարբեր ավիաընկերություններ տարբեր երկրներից։ Ինչևէ։


Քննարկման ժամանակ, ինչպես և սպասվում էր, չի շրջանցվել ամենակարևորը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սպասարկման բարձր գների հարցը։ Ներկաների գնահատմամբ դրանց թվում է եղել նաև Հայաստանում գրանցված 6 հայկական ավիաընկերություն, այդ թվում` «ԷռԱրմենիան», որը միակն է, որ իրականացնում է չվերթեր)` «Զվարթնոցի» սպասարկման գները շատ բարձր են, ինչն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Այո, սա լուրջ խնդիր է, քանի որ ցանկացած երկրում «մայր» օդանավակայանն իր ազգային ավիափոխադրողների համար սահմանում է այլ գին, օտարների համար` այլ։ Ավելին, ազգային ավիափոխադրողը պետությունից ստանում է դոտացիա։ Սրան գումարվում է ավիավառելիքի բարձր գինը, որը ևս սահմանում և ավիաընկերությանն է վաճառում «Զվարթնոց» օդանավակայանը։


Այս խնդիրները պետք է վերանայվեն, ստանան իրենց լուծումը։ Հակառակ դեպքում նոր ձևավորվող ազգային ավիափոխադրողը կրկին կհայտնվի «կոտրած տաշտակի առաջ»։ Աշխարհում մրցակցությունն ավիաշուկաներում շատ մեծ է, և ցանկացած երկիր, տեր կանգնելով իր ազգային ավիափոխադրողին, խթանում է և՛ տնտեսության զարգացումը, և՛ լուծում անվտանգությանն առնչվող ռազմավարական հարցեր։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ