Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր ԱԳՆ-ն լրջորեն վերլուծում է` ինչին պետք է արձագանքի, ինչին` ոչ»

«Մեր ԱԳՆ-ն լրջորեն վերլուծում է` ինչին պետք է արձագանքի, ինչին` ոչ»
14.09.2018 | 00:25

11 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հերթական ցնդաբանությանը պաշտոնական Հայաստանը չի արձագանքել։ Գուցե ոմանք ասեն, թե ցնդաբանությանը ի՞նչ պատասխանես, սակայն չմոռանանք, որ միջազգային դաշտում ցանկացած ցնդաբանություն իր նպատակն ունի և պետք է, որ արժանանա հակահարվածի։ Իսկ խնդիրը այն է, որ սեպտեմբերի 3-ին կայացած թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI սամմիթում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իլհամ Ալիևը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, հայտարարել է. «Պատահական չէ, որ քանդվեց կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավելի ղեկավարում էր Հայաստանը։ Եվ այսօր հայ ժողովուրդն ասում է այն, ինչ ասում ենք մենք»։ Միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այսօր ավելի հեշտ կլինի լուծել Ղարաբաղյան հարցը։ Այլ կերպ ասած, Ադրբեջանի նախագահը հերթական ցնդաբանությամբ փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են նույն լեզվով։ Այդ հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել։ Ի՞նչ նկատի ուներ Ալիևը իր այդ սադրիչ հայտարարությամբ։ Հարցը փորձեցինք ճշտել առաջին փոխվարչապետ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՑ։

-Անգամ ենթադրություն անել չեմ կարող,- ասաց նա։- Եթե Արցախի խնդրի կարգավորման շուրջ նրանք խոսում են բռնի ուժը բացառելու լեզվով, ապա, այո, այդ դեպքում սկսում են խոսել մեր լեզվով։ Եթե նկատի ունեն, որ իրենք խոսելու են իրենց մոտ ժողովրդավարության հաստատման, կոռուպցիայի բացառման լեզվով, այդ դեպքում ևս կարող ենք ասել, որ եկել են այն համոզմունքին, որ պետք է խոսեն մեր լեզվով։ Սակայն, ցավոք, այդպիսի դրսևորումներ չեմ նկատել։
-Ի՞նչ եք կարծում, ՀՀ ԱԳՆ-ն չպե՞տք է արձագանքեր այդ հայտարարությանը։
-Վստահ եմ, որ մեր ԱԳՆ-ն լրջորեն վերլուծում է` ինչին պետք է արձագանքի, ինչին` ոչ։ Կոնկրետ այս թեմայով չեմ խոսել պարոն Մնացականյանի հետ, քանի որ առիթ չի եղել, սակայն համոզված եմ, որ հարցը ճշգրտելու ժամանակ պարոն Մնացականյանը լուրջ հիմնավորում կներկայացնի։
-Ճշգրտելու անհրաժեշտություն միանշանակ կա, հակառակ դեպքում կարող է ընկալվել, որ Հայաստանը համաձայն է նման ձևակերպմանը։
-Ես արդեն ասացի իմ կարծիքը, ևս մեկ անգամ կրկնեմ՝ վստահաբար ԱԳՆ-ն ունի իր լուրջ հիմնավորումը, որը այս պահին ինձ հասու չէ։
-Անդրադառնանք մեկ այլ կարևոր հարցի. օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց օլիգարխներին բերման ենթարկելու, նրանց մոտ ռեյդեր իրականացնելու մասին։ Ինչ խոսք, օլիգարխներին բացահայտելը, ստվերից նրանց միջոցները պետբյուջե բերելը անհրաժեշտություն է, սակայն որքանո՞վ է ճիշտ բերման ենթարկելու գործընթացը։ Արդյո՞ք ավելի ճիշտ չէ «կադրից դուրս» նրանց հավաքել և պարտադրել, որ փոխհատուցեն բյուջեին հասցված վնասն ու աշխատեն խաղի նոր կանոններով։ Կարծում եմ` ցանկացած օլիգարխ գիտակցում է, որ պետական «մեքենայի» դեմ խաղ չկա։ Արդյո՞ք ձերբակալումները, ռեյդերը չեն վախեցնի պոտենցիալ ներդրողներին և մեծ քաղաքականության դաշտում չեն հարվածի ՀՀ-ի վարկանիշին։
-Կոռուպցիայի յուրաքանչյուր բացահայտում բարձրացնում է ՀՀ-ի վարկանիշը։ Երկրորդ` մենք չենք պատրաստվում որևէ կերպ կոտրելու բիզնեսի մեջքը։ Խոսքը պետբյուջեն շրջանցած հարկերն օրենքի դաշտ բերելու մասին է, և օրենսդրությունը դա թույլ է տալիս։
-Բոլորն էլ կողմ են հարկերը ստվերից դուրս բերելուն, խոսքս ձերբակալումների մասին է։
-Տեսականորեն քննարկենք Ձեր հարցը։ Ենթադրենք` որևէ գործարար 100 մլն դրամի հարկ չի վճարել, իրավապահները կանչում են նրան հարցաքննության և ընթացքում առաջարկում են համագործակցություն։ Իսկ եթե այս համագործակցության համար չկա՞ երկրորդ կողմի պատրաստակամությունը... Մեր այս զրույցը չբացարձակացնենք, քանի որ մենք իրավապահներ չենք։ Ամեն դեպքում մարդիկ կանչվում են համապատասխան կառույց, և նրանց ներկայացվում են իրականացված ուսումնասիրության փաստերը, ըստ որի, կան շրջանցված հարկեր, և առաջարկվում է դրանք վերադարձնել։ Ի դեպ, համագործակցություն ասելով սա նկատի ունեի։ Կարծում եմ` ցանկացած ողջախոհ գործարար կհամաձայնի այս առաջարկին։ Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք չեն համաձայնի։
-ՈՒնե՞ք այդպիսի դեպքեր։
-Այս պահին մանրամասներ չբացահայտեմ, սակայն ուզում եմ ընդգծել, որ տարվող քաղաքականությունը միայն նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ