ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Տնտեսական դաշտի կայունությունը կհանդարտեցնի քաղաքական տարաձայնությունները

Տնտեսական դաշտի կայունությունը կհանդարտեցնի քաղաքական տարաձայնությունները
02.11.2018 | 02:07

«Հեղափոխական Հայաստանը պետք է փոխի տնտեսության կառուցվածքը։ Փոփոխությունը ենթադրում է, որ պետք է պատրաստ լինենք զոհերի»,- հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը։
Այո, գուցե այսօր անհրաժեշտություն կա վերանայելու և փոխելու տնտեսության կառուցվածքը։ Ըստ էության, դեռևս 1992-ից, ՀԲ-ի հորդորով, Հայաստանի տնտեսության կառուցվածքից արդյունաբերությունը գրեթե դուրս մղվեց, և գլխավոր մասնաբաժինը տրվեց գյուղատնտեսությանը։ Այնուհետև 1997-ից հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները աշխուժացան, և գնալով այս ոլորտը զարգացավ՝ ապահովելով զգալի աճ տնտեսության համար։ Սակայն այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունում վտանգավոր լռություն է։ Չի գործում Թեղուտի հանքարդյունաբերության կոմբինատը, կանգնած է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը։ Օդից կախված է մնացել Ամուլսարի հանքի շահագործման ներդրումային խոշոր ծրագիրը։ Այս իրավիճակում բնական է, որ վերջին ամիսներին պետք է դանդաղեր արդյունաբերության տեմպը, ինչի մասին օրեր առաջ փաստեցին հայրենի վիճակագիրները։ Եթե հանքարդյունաբերության ոլորտում գործընթացները ճիշտ և ժամանակին չհանգուցալուծվեն, ապա ներդրումների աճի ակնկալիքները այլ ոլորտներում ևս կարող են վտանգված լինել։ Այս ողջ գործընթացին հետևում է միջազգային տնտեսական դաշտը։


Ի դեպ, հոկտեբերի 30-ին շատ վտանգավոր բանավեճ է սկսվել նաև Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործող «Արմենիա Կամփըր Փրոգրամ» ընկերության և ՀՀ պետական կառույցների միջև։ Մասնավորապես անդրադառնալով տեսչական մարմնի հայտարարությանը, ըստ որի իրենք չեն հանձնարարել դադարեցնել կոմբինատի աշխատանքները, այլ սահմանել են տուգանքներ և պարտադրել ընկերությանը լուծել արտանետումների խնդիրը, «Արմենիա Կամփըր Փրոգրամ» ընկերությունը պատասխանել է հետևյալը. «Հորդորում ենք չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքներով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ հրավիրել հանրային քննարկում, օրակարգային առավել լայն հարցերով»։ Եվ այսպես, մասնավոր և պետական կառույցի այս մենամարտը հնարավոր է երկկողմանի շատ խնդիրներ դուրս հանի, սակայն արդյո՞ք դրանից կշահի տնտեսությունը, կբարելավվի ներդրումային դաշտը։ Աշխարհի փորձը փաստում է, որ նման մենամարտի զոհեր շատ են լինում, իսկ արդյունքները՝ քիչ։ Եթե սրան էլ հավելենք, որ միջազգային ֆինանսական աշխարհը ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է լուծվելու Ամուլսարի հանքի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրի հարցը, ապա, այո, այս բոլորը չեն կարող դրականորեն ազդել տնտեսական գործընթացների վրա։


Ինչ խոսք, ոչ միայն թավշյա հեղափոխությունները, այլև ցանկացած քաղաքական վայրիվերում, յուրաքանչյուր երկրում թողնում են իրենց ազդեցությունը տնտեսության վրա։ Հայաստանը այդ առումով ևս բացառություն չի կարող լինել, և աշխարհն այսօր հետաքրքրված է, թե ինչպիսի խաղի կանոններ են հաստատվելու Հայաստանի տնտեսական դաշտում։ Սա, թերևս, շատ կարևոր հարց է, ավելին՝ անհրաժեշտ երաշխիք գործարար աշխարհի համար։ Այս սպասողական ֆոնի վրա, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ փոխվելու է տնտեսության կառուցվածքը, և պետք է պատրաստ լինենք զոհերի, միևնույն ժամանակ չհստակեցնելով, թե ինչպիսին պետք է լինի այդ նոր կառուցվածքը, և ինչ զոհերի մասին է խոսքը, ապա գործարար աշխարհի համար այս ամենը դառնում է անհասկանալի, մութ անտառ, խորացնում է սպասողական վիճակը և երկարացնում այդ ժամկետները։


Մինչդեռ, կարծում ենք, անհրաժեշտ է շուտափույթ ձևով գործարար աշխարհին ներկայացնել տնտեսության նոր կառուցվածքն իր բոլոր հիմնավորումներով, ինչը պոտենցիալ ներդրողներին թույլ կտա հասկանալ և գնահատել տնտեսական նոր քաղաքականության գաղափարախոսությունը։ Սա շատ կարևոր, առաջնային խնդիր է և, տնտեսական քաղաքականության պարզաբանումից ու հստակեցումից հետո, ներքին քաղաքական շատ տարաձայնություններ և անհամաձայնություններ հնարավոր է նաև հստակեցվեն։ Վերջին հաշվով, միշտ պետք է հիշել, որ ներդրումները կայունություն են սիրում, իսկ գործարար դաշտը՝ վստահություն, անկախ քաղաքական հայացքներից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ