Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ջավախքը հայ-վրացական հարաբերությունների համար կապող օղակ է, և դա բոլոր կողմերն ընդունում են»

«Ջավախքը հայ-վրացական հարաբերությունների համար կապող օղակ է, և դա բոլոր կողմերն ընդունում են»
13.11.2018 | 02:33

«Իրատեսի» զրուցակիցը «Ջավախք» հիմնադրամի նախագահ ԱՐՏՅՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է: Զրույցի թեման բազմազան է՝ ներքաղաքական խնդիրներից ու արհեստական արգելքներից մինչև հայ-վրացական համատեղ ծրագրերի կարևորություն ու Ջավախքի՝ զբոսաշրջային կենտրոն դառնալու հեռանկարներ:

- Ջավախքում hայերենին պետական լեզվի պաշտոնական կարգավիճակ տալու հարցը բախվում է պաշտոնական Թբիլիսիի և վրացական հասարակության բացասական արձագանքին: Այնուհանդերձ, հայկական համայնքը շարունակու՞մ է բարձրացնել այդ հարցը, ի՞նչ կտա այն ջավախահայությանը, և ինչո՞վ է բացատրվում իշխանությունների կտրուկ դիրքորոշումը:
-Խոսքը ոչ թե պետական լեզվի կարգավիճակ, այլ տարածաշրջանային կարգավիճակ տալու մասին է։ Նման մոտեցումն ընդունված է բազմաթիվ բազմազգ երկրներում, որտեղ կա որևէ տարածաշրջանում կոմպակտ ապրող ազգաբնակչություն։ Հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակը, օրինակ, ենթադրում է պետական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, դատարաններում հայերեն գրագրության հնարավորություն։ Առավելապես հայերով բնակեցված շրջանի դատարանում ազգությամբ հայ հայցվորի և պատասխանողի խոսքը թարգմանվում է վրացերեն, ինչն անիմաստ է ու նույնիսկ զավեշտալի։ Դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի շարունակական կրճատմանը միտված քաղաքականությունը մտավախություն է առաջացնում, որ ի վերջո հայկական դպրոցներում հայերենը հետագայում կունենա օտար լեզվի կարգավիճակ։ Վրաստանը, 1999 թվականին պաշտոնապես ընդունվելով Եվրախորհուրդ, ստանձնել է պարտավորություն անդամակցելուց հետո մեկ տարվա ընթացքում վավերացնել տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան և մինչև հիմա դա չի արել։ Կենտրոնական իշխանությունը և հատկապես վրաց եկեղեցին անընդունելի են համարում սա՝ տողատակերում «հայտնաբերելով» անջատողականության հնարավորություն։
-Ջավախքը որքա՞ն հաճախ և ո՞ր դեպքում է հայտնվում վրացական կենտրոնական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
-Ջավախքը հիմնականում հիշում են ընտրությունների ժամանակ, երբ տարբեր թեկնածուներ այցելում են խոստումներ տալու, որպեսզի այդ խոստումները այդպես էլ մնան օդից կախված։ Անդրադառնում են, երբ ուշագրավ միջադեպ է լինում։ Ջավախքի մասին հրապարակումներ լինում են նաև ադրբեջանաթուրքական ազդեցություն կրող լրատվամիջոցներում, որոնք հիմնականում փորձում եմ իրենց հրապարակային նյութերով սեպ խրել ջավախքցիների ու Վրաստանի կենտրոնական իշխանությունների միջև, և որոշ վրացական լրատվամիջոցներ առանց խորանալու խնդրի մեջ տարածում են՝ այսպիսով նպաստելով թուրքական լոբբինգին։ Լավ է, որ Վրաստանում կան նաև հայալեզու կայքեր, որոնք հնարավորինս օբեկտիվ ներկայացնում են իրավիճակը հայ և վրացի ընթերցողների համար։
-Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին չինտերգրվելու պատճառներից մեկը ջավախքահայերի՝ վրացերենի չիմացությու՞նն է:
-Վրացերենի չիմացությունն ընդամենը պատրվակ է ջավախքցի գործիչներին և մասնագետներին դուրս թողնելու պետական կառավարման համակարգից։ Թբիլիսիում, Ախալցխայում ապրող հայերը հրաշալի գիտեն վրացերեն, բայց պատշաճ ներկայություն չունեն տեղական ինքնակառավարման մարմիններում։ Վրացերենն անհրաժեշտ է, բայց չիմանալն էլ չպետք է խոչընդոտի քաղաքացիներին լիարժեք ինտեգրվելու հասարակական-քաղաքական կյանքին և ներկայացված լինելու պետական կառավարման համակարգում։ Վստահաբար կարող եմ պնդել, որ Վրաստանի հայերը պատրաստակամ են լիարժեք սովորելու վրացերենը, բայց դա չպետք է լինի հայերենի հաշվին։ Պետությունը պետք է վրացերեն սովորելու պայմանները պատշաճ որակի ու մակարդակի հասցնի, բայց միաժամանակ հրաժարվի ձուլման քաղաքականությունից։ Երբ հայ քաղաքացին տեսնում է, որ սահմանին հայատառ գրականություն անցկացնելու արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, դա բնազդաբար դիմադրություն է առաջացնում։
-Խոսենք հայաստանյան կողմի մասին: Ի՞նչ գիտեն Ջավախքի մասին ՀՀ քաղաքացիները, ի՞նչ կարող են անել մեր իշխանությունները. խոսքը քաղաքական շեշտադրումների մասին չէ, այլ Ջավախք-Հայաստան բազմակողմանի հարաբերությունների, օրինակ, մշակութային համատեղ ծրագրեր, փոխադարձ այցեր, բիզնես ծրագրեր:
-Ջավախքը ամուր կապված է Հայաստանի հետ, Հայաստանի բնակիչներն ընդհանուր առմամբ տեղեկացված են Ջավախքի և այնտեղ առկա խնդիրների մասին։ Ջավախքցիները ամուր թելերով կապված են Հայաստանի հետ, և կա ամենօրյա հաղորդակցում։ Ջավախքը հայ-վրացական հարաբերությունների համար կապող օղակ է, և դա բոլոր կողմերն ընդունում են։ Բայց նման դիրքորոշումը ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Այնտեղ պետք է իրականացնել համատեղ բիզնես ծրագրեր, ներգրավել ներդրումներ, զարգացնել գյուղատնտեսությունը ժամանակակից մեթոդներով։ Մշակութային կյանքը չափազանց պասիվ է, չկան կինոթատրոններ, թատրոններ, մշակութային վայրերն առհասարակ քիչ են, և այստեղ շատ անելիք կա։ Մարզը կարող է դառնալ զբոսաշրջային հրաշալի վայր։ Որոշ հարցերում հայկական կողմը կարող է լինել նախաձեռնողի դերում, և պետք է շարունակել ակտիվացնել շփումները վրացական կողմի հետ։
-Մշակութային կյանքը Ջավախքում աշխուժացնելու ի՞նչ ուղիներ կան, ի՞նչ քայլեր են արվում: Կարելի՞ է ասել, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի բացումը վերջին տարիների ամենակարևոր մշակութային իրադարձություններից էր:
-Մշակութային կյանքը միայն արվեստով չի սահմանափակվում, այն շատ ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Տերյանական պոեզիայի, Ջիվանիական, Հավասիական օրեր են կազմակերպվում ավանդույթի համաձայն, հրաշալի է, բայց դա դեռևս չի խոսում ակտիվ մշակութային կյանքի առկայության մասին։ Ջավախքում մշակութային քաղաքականություն գոյություն չունի: Վրաստանի իշխանություններն առանձնապես տոգորված չեն ակտիվացնելու մշակութային կյանքը, ու պարզ էլ չէ, եթե որոշեն զբաղվել դրանով, ինչպիսի մշակույթ կսկսի ներմուծվել տարածաշրջան։ Այս ոլորտին վերաբերող հարցերը գրեթե չեն քննարկվել հայ-վրացական տարբեր հանձնաժողովներում։ Հատուկենտ նախաձեռնություններ, որոնք ուղղված են մշակութային, հատկապես հոգևոր մշակութային կյանքի աշխուժացմանը, բավարար չեն։ Այստեղ շատ անելիք կա։ Հուսով ենք՝ ապագայում լիարժեք կգործեն հայ-վրացական միջպետական հանձնաժողովներն ու բարեկամական խմբերը և կհստակեցվեն անելիքները, կմշակվի կոնկրետ թիրախային քաղաքականություն՝ ներառելով հնարավոր բոլոր ոլորտները։
-Որոնք են այն մշակութային օջախները, բնության հուշարձանները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին, և որքան հաճախ է հայ արշավականների զբոսուղին ներառում Ջավախքը:
-Ջավախքն իր հարակից բնակավայրերով զբոսաշրջային կարևոր կենտրոն կարող է դառնալ համապատասխան ներդրումներ ներգրավելու դեպքում։ Բոլոր նախնական պայմաններն առկա են։ Կան նախադրյալներ նաև ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու համար: ՈՒշագրավ վայրերից են Թմկաբերդը, Խերթվիսի բերդը, Ախալքալաքի բերդը, Ախալքալաքի գավառագիտական թանգարանը, Տերյանի և Ջիվանու տուն-թանգարանները, Փարվանա, Սաղամո, Տաբածղուրի լճերը, բազմաթիվ արձաններ և կոթողներ, եկեղեցիներ, վիշապաքարեր։ Տարածաշրջանը հարուստ բնություն ունի, արտադրվող սնունդը՝ յուրատեսակ համ, ինչը պակաս գրավիչ չէ զբոսաշրջիկների համար։ Եթե Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցները և օպերատորները խորացնեն համագործակցությունը, կարող են միասնական զբոսաշրջային փաթեթներ մշակել և նեկայացնել արտասահմանցի զբոսաշրջիկներին, որոնք կայցելեն միաժամանակ և՛ Վրաստան, և՛ Հայաստան, և Ջավախք։ ՈՒրախալի է, որ հայ արշավականների այցելություններ լինում են, լինում են նաև այցելություններ Սփյուռքից, բայց դա համակարգված բնույթ չի կրում։
-Ջավախքում վիշապաքարերը կան, իսկ վիշապաքարերը, որքան գիտեմ, բացառապես հայաստանյան բնաշխարհին վերաբերող հուշարձաններ են: Մասնագիտական այցերը խրախուսվու՞մ են: Օրինակ, մեր հնագետները կարո՞ղ են այցելել, ուսումնասիրություններ անել, բարձրաձայնել դրանց մասին:
-Հնագիտական խմբերի այցելություններ եղել են, ուսումնասիրություններ՝ նույնպես, բայց հայկական հնագիտական ուսումնասիրություններ իրականացնող խմբերը հանդիպում են վրացական կողմի հարուցած խոչընդոտներին։ Վիշապաքարերը, որոնք խորհրդանշում են զարթոնք, ջրի պաշտամունք, Ջավախքում կան, մասնավորապես, Մուրջախեթ գյուղի մոտակայքում, որի մասին հիշատակվում է ազգագրագետ Լալայանի աշխատություններում, Գանձա գյուղի մոտակայքում, Փոկա գյուղի մոտակայքում, որոնց մասին հիշատակում են Աբեղյանն ու Նիկողայոս Մառը, հիշատակվում են նաև վրացական աղբյուրներում, այո, հատուկ են բացառապես հայկական լեռնաշխարհին։ Ցավոտ է ընդունվում Ջավախքում և Վրաստանի այլ վայրերում բացահայտված ու բացահայտվող և դարերի խորքից եկող հայկական հետքերի գոյությունը։ Վրաստանում կենտրոններ կան, որոնք, ապավինելով երևակայությանը, հանկարծ սեպարատիզմի տարրեր կամ սեպարատիզմի համար պարարտ հող են հայտնաբերում, որն իրականում գոյություն չունի ու չի էլ ունենա, և սկսում են «պայքարել» դրա դեմ ու ստանալ բարձր աշխատավարձ։ Այս բարդույթից վրացական կողմը չի կարողանում ձերբազատվել, և անընդհատ փորձ է արվում Վրաստանի տարածքում եղած հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը վերագրելու վրացականին։ Բայց պատմությունն անջնջելի է։ Այս փաստերը պետք է նպաստեն երկու հարևան երկրների հարաբերությունների խորացմանն ընդամենը, տարածաշրջանային մարտահրավերներին միասին դիմակայելու պատրաստակամությանը։ Սրանք ցավոտ խնդիրներ են, որոնք սպասում են լուծումների։
-Հայաստանյան իրադարձությունները՝ թե՛ դրական, թե՛ բացասական, ի՞նչ արձագանք են գտնում Ջավախքում:
-Ջավախքցիները էմոցիոնալ կապի մեջ են մայր Հայաստանի հետ և ուշի ուշով հետևում են Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Բնականաբար, ցանկացած դրական փոփոխություն ընդունում են բերկրանքով ու ոգևորությամբ, իսկ ձախողումներին շատ ցավոտ են անդրադառնում։ Ներկայիս քաղաքական փոփոխությունները մեծ ոգևորություն են առաջացրել բնակչության շրջանում, և կա վստահություն, որ հայ-վրացական հարաբերությունների էլ ավելի խորացման ենթատեքստում Ջավախքի խնդիրները ևս կարժանանան պատշաճ ուշադրության։
-Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի՝ Նինոծմինդայի մշակույթի տանը նշանակված ներկայացմանը վաճառվել է ընդամենը մեկ տոմս։ Ձեր ֆեյսբուքյան էջում էիք անդրադարձել խնդրին: Փաստորեն, մշակութային այդ և նման միջոցառումներին վրացահայությունը կարոտով է սպասում, բայց իշխանությունները հոգ չե՞ն տարել, որ լուրը տեղ հասնի:
-Այո, այդ ներկայացման ընդամենը մեկ տոմս է վաճառվել, և դա իհարկե մտահոգիչ է։ Ջավախքցիները, այդ թվում և Նինոծմինդայի բնակչությունը, հայկական ավանդական արժեքներն ընկալող, իրենց արմատներին ամուր կառչած, մշակութասեր մարդիկ են, և զարմանալի էր, որ դահլիճը դատարկ է մնացել։ Տեղական իշխանությունները, եթե ցանկանային, կարող էին նպաստել, որ դահլիճը լեփ-լեցուն լիներ։ Չեմ ուզում հավատալ, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։ Մեդալի մյուս կողմն էլ կա. իմ դիտարկումներով՝ Թբիլիսիի հայկական թատրոնը պատշաճ մարքեթինգային քաղաքականություն չի վարում, այնտեղ առհասարակ ճիշտ կառավարման և ղեկավարման խնդիր կա, և դժվար է միանշանակ մատնանշել միայն մեկ պատճառ։
-Արտագաղթի խնդիրն առկա է նաև Ջավախքու՞մ: Ինչպիսին են սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպե՞ս են ապրում մարդիկ:
-Ջավախքն առավելապես գյուղատնտեսական տարածաշրջան է, և բնակչության մեծ մասը ներգրավված է այդ ոլորտում։ Ենթակառուցվածքները զարգացած չեն, ոռոգման համակարգը դեռևս Խորհրդային Միությունից մնացած ժառանգությունն է, բնակավայրեր կան, որ ընդհանրապես չունեն ոռոգման համակարգ, արտադրվող գյուղատնտեսական ապրանքի իրացման հարց է առաջանում պարբերաբար, երբ Թուրքիայից ներմուծվում է նմանատիպ գյուղմթերք ավելի էժան գներով, ու սա կարևոր խնդիրներից մեկն է։ Այսպիսի պայմաններում գրեթե յուրաքանչյուր ընտանիքից արտագնա աշխատանքի մեկնողներ կան։ Այսքանով հանդերձ, երբեք չեն նվնվում և աշխատասիրության շնորհիվ ստեղծում են պայմաններ իրենց ապրուստի համար։
-Եվ վերջին հարցը. Վրաստանում նախագահական ընտրություններ են լինելու։ Ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Ջավախքում:
-Դեկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախընտրական պայքարի ժամանակ Ախալքալաքում, ցավոք, բախումներ և ծեծկռտուքներ եղան երկրորդ փուլ անցած թեկնածուների համակիրների միջև, ինչը դատապարտելի է։ Տպավորություն կա, որ ինչ-որ ուժեր անընդհատ փորձում են ապակայունացնել վիճակը իրենց անձնական շահերի համար։ Ջավախքը հաստատ այն վայրը չէ, որտեղ քաղաքական շահերով պայմանավորված հակասությունները պետք է վերածվեն ֆիզիկական ընդհարումների։ Ցավոք, ժողովրդավարական համակարգը կաղում է, ինչ-որ կենտրոնների ձեռք չի տալիս, որ փոփոխություններն ու ժողովրդավարական արժեքները լիարժեքորեն հասնեն նաև Ջավախք։ Հակված չեմ մտածելու, որ նախագահի այս կամ այն թեկնածուի հաղթանակի դեպքում Ջավախքում կտրուկ դրական տեղաշարժեր կլինեն։

Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ