Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանի դեմ պատժամիջոցները սպառնալիք են ԱՄՆ-ի համար

Իրանի դեմ պատժամիջոցները սպառնալիք են ԱՄՆ-ի համար
19.11.2018 | 11:51

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որ կասեցվել էին Գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումից հետո 2015-ին, որից ԱՄՆ-ը դուրս եկավ 2018-ի մայիսին: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի նավթի արտահանմանը և նրանց հետ կապված բանկերին: Վաշինգտոնի կարծիքով` պատժամիջոցները պետք է ստիպեն Իրանի իշխանությանը համաձայնել ԱՄՆ-ի պայմաններին:

«Ես վստահ եմ, որ պատժամիջոցները անհրաժեշտ ազդեցությունը կունենան ու կհանգեցնեն Իրանի վարչակարգի պահվածքի փոփոխությանը»` հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News Sunday հեռուստաընկերության եթերում: Վաշինգտոնի ակնկալիքները կարող են չիրականանալ, անկախ պատժամիջոցների խստությունից` գրում է Բոնի Քրիստիանը The National Interest-ում: Պատժամիջոցները ամենայն հավանականությամբ, արդյունավետ չեն լինի, այդպիսին է նրանց էությունը` նրանք հարվածում են բնակչության անպաշտպան խմբերին և հազվադեպ են քաղաքական ղեկավարությանը ստիպում փոխել իրենց պահվածքը: Դա հատկապես ակտուալ է Իրանի պես ոչ ժողովրդավարական երկրների դեպքում, որտեղ բնակչությունը ռեալ վերահսկողություն չունի իր կառավարության գործողությունների վրա: Պատժամիջոցների ոչ կանխամտածված հետևանքները սպառնում են Իրանի ժողովրդի բարեկեցությանը և կարող են վնասել ԱՄՆ-ի հարաբերւթյուններին իր դաշնակիցների հետ ու ներքաշել Վաշինգտոնին Պարսից ծոցում երրորդ պատերազմի մեջ: Պատիժները, ամենայն հավանականությամբ, չեն հանգեցնի դրական արդյունքի` դա ճանապարհ է դեպի հետագա կոնֆլիկտներ, ոչ թե ամերիկյան շահերի առաջմղում: Վաշինգտոնի նպատակը պետք է լինի Իրանի հետ արդյունավետ փոխգործակցությունը: ԱՄՆ պետքարտուղարությունում գտնում են, որ պատժամիջոցները ունիվերսալ միջոց են, որոնց ամեն անգամ պետք է դիմել, երբ պատերազմը թվում է չափազանց, բայց անհրաժեշտ է այս կամ այն պետությանը ստիպել համաձայնել Վաշինգտոնի պայմաններին: Սակայն գործնականում հաճախ պատժամիջոցները չեն կարողանում ապահովել նախապես ծրագրված արդյունքը: Պատժամիջոցների կողմնակիցները գովազդում են պատժամիջոցների կիրառման հաջող օրինակները, բայց դրանք շատ քիչ են: Միջազգային անվտանգության ասպարեզում պատժամիջոցների կիրառման 85 դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին տասնամյակում հաջողություն է գրանցվել 4 անգամ միայն: Դա վկայում է, որ պատժամիջոցները չեն երաշխավորում հիմնական արտաքին քաղաքական նպատակներին հասնելը, բայց կարող են լրջորեն վնասել պատժամիջոցների ենթարկված երկրների բնակչությանը: Կարող են տուժել անմեղ քաղաքացիները, որ չեն կարող ներգործել իրենց կառավարությունների գործողությունների վրա: Իրանի բնակչությունն անցյալում արդեն զգացել է ԱՄՆ պատժամիջոցների բացասական հետևանքները:

«Վերջին տարիուկեսում աղքատության շեմից ցածր ապրող ընտանիքների թիվը 22% -ից հասել է 40%, ռիալը 40% արժեզրկվել է, իսկ կաթի, թեյի, մրգերի, բանջարեղենի գինը բարձրացել է: Ավելին` միլիոնավոր իրանցիների առողջությունն է վտանգվել` արտասահմանյան դեղամիջոցների պակասի պատճառով: Ասիական անալոգները անարդյունավետ էին և հաճախ հանգեցրել են լուրջ կողմնակի հետևանքների»` գրել է իրանաամերիկացի կինոռեժիսոր ու գրող Բեխշտեխ Ֆաշնեանին 2013-ին The New York Times-ում: ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո նման իրավիճակը կարող է կրկնվել: Պատժամիջոցներն ուղղված են Իրանի բանկերին, իսկ դա կարող է հանգեցնել արևմտյան դեղամիջոցների մատակարարումների դադարին և բնակչության մեջ զոհերի: ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ստեղծված դեֆիցիտը Իրանում սնուցելու է հակաամերիկյան տրամադրություններ, ամրացնելով կառավարության ու էքստրեմիստական տարրերի դիրքերը, որ ԱՄՆ-ը ցանկանում է թուլացնել: ԱՄՆ-ին սովի ու հիվանդությունների մեջ մեղադրելու հնարավորությունը միշտ բարենպաստ հող է ստեղծում բռնապետների ու ահաբեկիչների համար: Ռազմական կոնֆլիկտի հավանականությունը բավականին իրական է: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել «ռազմական իրավիճակի»` հավելելով, որ Իրանը կկռվի ու կհաղթի: Թրամփի վարչակազմը կարող էր օգտագործել նախկին նախագահ Բարաք Օբամայի պատժամիջոցային սխեմային, որ Իրանին բանակցությունների սեղան բերի: Լուրջ հիմքեր կան կարծելու, որ Թրամփի վարչակազմը չի կարողանա կրկնել Օբամայի դիվանագիտական մոտեցումը, նույնիսկ եթե ցանկանա: Օբամայի վարչակազմը ձգտում էր Իրանի հետ կնքել սահմանափակ գործարք, իսկ Թրամփը Թեհրանից պահանջելու է լուրջ զիջումներ և վարքագծի արմատական փոփոխություն: Այդ ամենին զուգահեռ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից` չնայած բազում վկայություններին, որ Իրանը կատարում է իր պայմանագրային պարտավորությունները:


Առավել կոշտ պատժամիջոցները մեծացնում են ռազմական կոնֆլիկտի ռիսկը: Եթե նույնիսկ հաջողվի խուսափել Իրանի հետ կոնֆլիկտից, ԱՄՆ-ը անվտանգությունը, միևնույն է, վտանգված է: Բացի դաշնակիցների հետ հարաբերությունների վատացումից` պատժամիջոցները սահմանափակում են ԱՄՆ հնարավորությունները և արհեստական լարում են ստեղծում Իրանի հետ հարաբերություններում` մեծացնելով ռազմական միջամտության հավանականությունը: Առավել հավասարակշռված ու ռեալիստական մոտեցումը ավելի շատ օգուտներ կբերեր ԱՄՆ-ին ու Իրանի ժողովրդին: Սակայն ԱՄՆ-ի դիվանագիտական հնարավորությունները բավականաչափ սահմանափակ են, քանի որ Թրամփի դուրս գալը միջուկային համաձայնագրից կկործանի առանց այդ էլ Իրանի հետ փխրուն հարաբերությունները, որ այդքան դժվարություններով են ձեռք բերվել տասնամյակների փոխադարձ ատելությունից հետո: Այնուհանդերձ` դիվանագիտությունը միակ միջոցն է, որ կարող է կանխել անցանկալի կոնֆլիկտը:
National Interest


Հ.Գ. ԱՄՆ-ը Իրանում երկու խնդիր է լուծում` կամ պատժամիջոցներով հասնել Իրանի քաղաքականության փոփոխության ու ստիպել միջուկային նոր համաձայնագիր կնքել, որին Թեհրանը համաձայն չէ, կամ լուծել առավելագույն խնդիր` հասնել իշխանափոխության: Ամենայն հավանականությամբ` երկու խնդիրներն էլ կամ չեն լուծվի, կամ կմնան կիսատ: Համենայն դեպս` առաջիկայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ