Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ չափորոշիչով են որոշելու` ո՞ր պետծառայողն է օպտիմալացման ենթակա

Ինչ չափորոշիչով են որոշելու` ո՞ր պետծառայողն է օպտիմալացման ենթակա
04.12.2018 | 01:51

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում են պետական ապարատի աշխատողների, նախարարությունների կրճատումներ։ Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց 4-5 նախարարությունների կրճատման մասին։ Պետական ապարատի ուռճացման մասին խոսակցությունները շատ կառավարությունների «գլխով են անցել», հարցն էլ յուրովի է լուծվել։ Ոմանք փորձել են միավորել գերատեսչությունները, հետո բաժանել, ոմանք որոշակի կրճատումներ են արել, ոմանք էլ, ինչքան բարեկամ ու ընկեր ունեն, բերել-տեղավորել են կառավարման տարբեր օղակներում։


Սակայն դժվար է հիշել որևէ կառավարություն, որը մտադիր է եղել միանգամից շուրջ 5 հազար պետծառայողի աշխատանքից ազատել (տարբեր հաշվարկներով այս թիվը տատանվում է 3,5-5 հազարի սահմաններում)։ Այս կառավարությունը որոշել է այդ ուղղությամբ գնալ։ Նախարարությունների միավորումների և կրճատումների շուրջ քննարկումները կառավարությունում ընթանում են, բայց այդ հարցին կանդրադառնան միայն ընտրություններից հետո, քանի որ ինքնասպանության պես բան կլիներ, եթե խնդիրը լուծեին մինչ ընտրությունը։ Միանգամից այդքան դժգոհ մարդ, ու այդքան ընտրազանգվածի կորուստ։ Իհարկե, կառավարությունում կգտնեն բացատրությունը, թե ինչու են այսքան աշխատակցի պետական համակարգից դուրս մղում, սակայն, մի կողմ թողնելով այն, թե ինչ փաթեթավորմամբ կներկայացվի այդ պարզաբանումը, անդրադառնանք մի քանի հարցի։


1. Ինչու՞ են սկսել գործը, այսպես ասած, «պոչից», ասել է՝ նոր աշխատատեղերի փոխարեն ունենում ենք գործազրկության կտրուկ ավելացում։ Ինչպե՞ս են ապրելու այն ընտանիքները, որոնց եկամտի միակ աղբյուրն այդ աշխատանքն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «մարդիկ ինչի՞ են տարիներ շարունակ մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ»: Իսկ ո՞ր հնարավորությունների մասին է խոսում Փաշինյանը, կամ ու՞մ է հաճելի 80 հազար դրամ ստանալ ու չօգտվել ավելի բարձր աշխատավարձի հնարավորությունից։ Թե՞ 7-8 ամսում Հայաստանում տնտեսական վիճակն այնքան է փոխվել, որ ամիսը 80 հազար դրամով կարող են բիզնես ստեղծել։


2. Շատ կարևոր է նաև այն, որ կառավարությունն այս կրճատումներից հետո պատասխանի մեկ հարցի՝ այդքան աշխատո՞ղ, թե՞ նաև նրանց գործառույթներն են կրճատվում։ Եթե հնարավոր է այդքան գործառույթի կրճատմամբ ապահովել կառավաման համակարգի արդյունավետ աշխատանք, ուրեմն լիովին արդարացված է այս քայլը, իսկ եթե լրացուցիչ գործառույթների գերբեռնվածություն է լինելու աշխատողների վրա, մեծ հարց է, թե դա որքանով է արդարացված։ Ի դեպ, այս տեսանկյունից ուշագրավ է այն տեղեկությունը, որ կառավարության աշխատակազմում տարօրինակ աշխատանքային պայմաններ են, որի մասին բարձրաձայնեց վերջերս այնտեղից հեռացված աշխատակիցը, երբ պահանջում են սահմանված ժամից ավելի աշխատել՝ առանց հավելյալ վճարի։ Գուցե ա՞յս ճանապարհով են որոշել պետական ապարատը բեռնաթափել։


3. Ինչպե՞ս են որոշելու ա՞յս, թե՞ այն աշխատակիցը պետք է օպտիմալացվի։ Այստեղ չե՞ն գործելու «սանիկ-քավորային» հարաբերությունները, ինչպե՞ս է որոշելու աշխատակցի ՕԳԳ-ն։
Կարելի է այլ հարցեր էլ թվարկել, որոնք, մինչ նման կտրուկ քայլերի գնալը, հարկավոր էր ծանրութեթև անել, բայց այս կառավարությունը նախընտրում է սկզբում փոփոխությունների մասին հայտարարել, հետո միայն հետևանքների մասին մտածել։ Սա էլ է աշխատոճ։ Միայն թե այդ կրճատումների մասին հայտարարությունների պատճառով բոլոր գերատեսչություններում խուճապ է, էլ չենք խոսում հոգեբանական վիճակի և աշխատունակության նվազման մասին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ