Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Այն սոցիալական հենքը, որի վրա հույս էին դնում նոր իշխանական ուժերը, բավականին թույլ է»

«Այն սոցիալական հենքը, որի վրա հույս էին դնում  նոր իշխանական ուժերը, բավականին թույլ է»
11.12.2018 | 00:31

Հետընտրական ճեպազրույց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Ադիբեկյան, ինչո՞վ կբացատրեք ընտրություններին ընտրողների պասիվ մասնակցությունը։
-Հիասթափվածների տոկոսին գումարվել էին եղանակային պայմանները, ինչի հետևանքով գրանցվեց ցածր մասնակցություն։ Ակտիվության նվազումը ցույց է տալիս, որ այն սոցիալական հենքը, որի վրա հույս էին դնում նոր իշխանական ուժերը, բավականին թույլ է։ Եվ եթե հանկարծ իշխող ուժերի գործերը վատ գնան, նրանց վարկանիշն էլ ավելի կնվազի։ Սա նշանակում է, որ լայն զանգվածների մոտ չկա աջակցություն վերջին փոփոխությունների նկատմամբ։ Կենսապայմանները բավականին վատացել են, քանի որ հին կանոններով մարդիկ հարմարվել էին ապրել, իսկ նոր կանոններով դեռևս չեն հարմարվել ու չգիտեն՝ ընդհանրապես կհարմարվե՞ն, թե՞ ոչ։
-ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս խորհրդարանում իրենց պետք է հռչակեն ընդդիմություն։ Որքանո՞վ է տրամաբանական, որ հեղափոխությանն աջակցած ուժերը մեկ օրվա մեջ դառնան ընդդիմություն։
-Այնպես չէ, որ քաղաքական խաղերում դերասանն ունի մեկ տիպաժ և ամբողջ ընթացքում հանդես է գալիս այդ նույն կերպարով։ Զարգացած դեմոկրատիաները դիտարկելիս (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) նկատում ենք, որ մեկ լեյբորիստներն են հաղթում, մեկ դեմոկրատները, մեկ հանրապետականները։ Դա ընդունված խաղ է. այսօր դու ես, վաղը՝ ես։ Մենք էլ պետք է սովորենք, որ չկան հավերժ իշխանական և հավերժ ընդդիմադիր ուժեր։ Քաղաքական դաշտը բաժանված է երեք մասի՝ իշխանություն, ընդդիմություն և տատանվողներ։
-Այս ընտրություններից հետո ՀՀԿ-ին ի՞նչ է սպասում, ի՞նչ հնարավորություններ ունի նախկին իշխանական կուսակցությունը։
-Հանրապետական կուսակցությունը պետք է սպասի Լենինի կոչին՝ որքան վատ, այնքան լավ։ Եթե իրավիճակն ավելի վատացավ, հանրապետական կուսակցությունը խոսելու հնարավորություն կունենա։ ՀՀԿ-ն կկարողանա ասել՝ իշխանությունը զիջեցինք, որպեսզի չլինեն քաղաքացիական պայքար, ընդվզումներ, իսկ հիմա տեսեք՝ ինչ ստացվեց։ Շատ բան կախված է հետագա զարգացումներից։ Հիմա տեսնենք, թե այն կարգախոսները, որոնցով «Իմ քայլը» եկել է իշխանության, որքանով իրականություն կդառնան։ Եթե չհաջողեց իշխանությունը, նա իր մահկանացուն կկնքի։
-Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հայտարարել են փողոցային պայքարի մեկնարկի մասին. կհաջողվի՞ մարդկանց դուրս բերել հրապարակ։
-Ինձ թվում է՝ չի հաջողվի, քանի որ նոր իշխանությունը պետք է ցույց տա, որ ինքն ամուր է, արդարությունն իր համար գերխնդիր է։ Կասեն, թե Հայաստանում կա անկախ, օրինական դատարան, դատարանը ինչպես կորոշի, բոլորս կենթարկվենք դատական վճռին։ Իշխանություններն այսօր արդարանալու տեղ ունեն։ Ես չգիտեմ՝ քանի հոգի փողոց դուրս կգա, ինչ գործողություններ կնախաձեռնեն, սակայն դա կլինի երկրորդական, քանի որ դիսոնանս է ներկա ներդաշնակ երաժշտությանը։ Այն մտայնությունն է, թե վերջապես ազատ և արդար ընտրություններ ունեցանք, մեր դատական համակարգն ինքնուրույն է, և մենք չենք կարող ազդել նրա որոշումների վրա։


Ճեպազրուցեց
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 6225

Մեկնաբանություններ