Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անտարբերությունն աշխարհի ամենավատ բանն է»

«Անտարբերությունն աշխարհի ամենավատ բանն է»
05.02.2019 | 08:30

Վերջերս, երբ Երևանի պետական համալսարանի ՈՒԳԸ «Բարբառագիտական ակումբի» հերթական գիտարշավի ընթացքում գտնվում էինք Լոռու մարզի Կուրթան գյուղում, տեղի բարբառն ուսումնասիրելու, ժամանակի ընթացքում եղած տեղաշարժերն արձանագրելու և հոդվածների տեսքով ամրագրելու հայագիտության դեռևս թափուր էջերում, նախապես գիտեինք, որ մեզ դիմավորողն ու օգնողն արվեստագետ է լինելու: Միայն հետո պիտի իմանայինք, որ այդ արվեստ ու արվեստագետ ասվածն ուղիղ, դասական իմաստ է կրում:
Այդ մարդը Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, քանդակագործ ԱՐԱՐԱՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ էր: Միջին տարիքի տղամարդ էր, դեմքը, որի վրա տարիները դաջել էին իրենց հետքերը, պարուրված էր մի տեսակ միստիկ մեղմությամբ ու թախիծով, որ էլ ավելի էին խտացնում երբեմնի սև մազերի մեջ ճերմակ ալիքները: Երբ իջանք մեքենայից, հենց տան ճակատից մեզ իր օրհնությունը տվեց Հիսուս Քրիստոսի «Օրհնի՛ր, Քրիստոս» անվամբ մեծադիր փայտե հարթաքանդակը, որն Արարատն արել էր տարիներ առաջ, որպես սրբազան ողջույն իր տուն այցելողներին ու անցորդներին: Այնուհետև, երբ ներս մտանք մյուս աշխատանքները տեսնելու, ճանապարհին նայելով վաղեմության մամուռներով պատված պատերով տան բարձր պատշգամբի ծանրությունն իրենց ուսերին պահող սյուների վրա արված քանդակները, հասկացանք, որ լուրջ ու տաղանդավոր մարդու հետ գործ ունենք, և այն, ինչ դեռ չէինք տեսել, ակնկալում էինք տեսնել ընդարձակ ու լուսավոր սրահներում, բայց, ցավոք, անակնկալի էինք գալու:


Վարպետ Արարատի աշխատանքները պաշարել էին երկու, յուրաքանչյուրը մոտ 20 քառակուսի մետր մակերես ունեցող սենյակներ, որոնց պատուհաններն ընդամենը լույսի մի քանի շողեր էին ողորմում սենյակին: Ցավալի էր տեսնել այդ ամենը, չէինք ուզում հավատալ մեր աչքերին. մի՞թե կարելի է արվեստին այսպես վերաբերվել, այն էլ բարձրորակ արվեստին:
Սկսեցինք հարցեր տալ վարպետին՝ ինչու՞ են իր ստեղծագործությունները ծվարել այս պայմաններում, ի՞նչն է պատճառը:


«Ես շփվել եմ շատերի հետ, տարածքի գյուղերում, հարակից քաղաքներում, մարզպետարանում ճանաչում են ինձ, նախկին մարզպետն ինձ շատ լավ էր ճանաչում, բայց երբևէ փորձ չի արել օգնելու: Մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչը մի անգամ ասաց, որ իմ մասին շատ է լսել, բայց եթե լսել էր, եթե գնահատում էր, թող գոնե մի անգամ գար, տեսներ: Երկու մետր տեղ է, բայց... ամեն բան նույնն է: Երևանում էլ ոչ ոք չգիտի իմ մասին: Մի անգամ համայնքապետարանի հետ ցուցահանդես էինք կազմակերպել, խնդրեցինք, որ հեռուստաընկերություններից գան, ինչ խոսք, եկան, բայց տեսանյութն այնպես էին մոնտաժել, որ համարյա ոչինչ չէր երևում, հասկանալի չէր: Մասնավոր առաջարկ է եղել քանդակներս Երևան տեղափոխելու, բայց, նախ, շատ ծանր են, չեմ կարող տանել-բերել, հետո էլ, մի տեսակ անվստահություն կա»- պատմեց Արարատը:


«Ինձ բարերար է հարկավոր, որ թանգարան կառուցի, ես աշխատեմ,- շարունակեց վարպետը:- Պարտքի տակ մնացող մարդ չեմ, կաշխատեմ ու ընթացքում բոլոր ներդրումները կվերադարձնեմ: Տուրիզմն էլ կզարգանա, գյուղի համար էլ լավ կլինի: Օրինակ, ձեր այցն ինձ համար նոր ցատկ է լինելու, նոր էներգիա, ուժ է տալու ինձ, զգալու եմ, որ իզուր չեմ անում այս ամենը, այնուամենայնիվ, գնահատողներ կան»:


Երբ հարցրի՝ ի՞նչը կարող է խանգարել նրան, որ այլևս չստեղծագործի, մեղմ ժպիտով պատասխանեց. «Ո՛չ, ոչ մի դեպքում, այս ամենն ինձ համար արդեն ապրելակերպ է դարձել, չնայած դժվարությունները շատ են, բայց միշտ աշխատելու եմ: Ես ուժ ունեմ, ինչ ուզում է լինի, հասնելու եմ ուզածիս: Մենակ եմ ապրում, ինչ-որ տեղ դա էլ է օգնում: Ինքս ինձ հետ եմ, իմ ներսի հետ, դա մեծ ճնշում է, որը, լավ իմաստով, արտահայտվում է արվեստի մեջ»:
Արարատ Նալբանդյանն իրոք միստիկ մարդ է, իսկական արվեստի ու մշակույթի մարդ: Երբ մոտեցանք իր «Քրիստոսի հարությունը» փայտաքանդակին, հարցրեց ինձ. «Համաշխարհային արվեստի մեջ երբևէ լսե՞լ եք Քրիստոսի հարության թեմայով արված ստեղծագործության մասին, համբարձման թեմայով շատ կան, բայց հարության թեմայով մեկն է, այն մեկը, որի առաջ հիմա կանգնած ենք մենք: ՈՒշադիր նայեք ու գնահատեք, կամ թող արվեստաբան գա և քննի գործս, ես սնապարծ մարդ չեմ, բայց վստահ եմ, որ գնահատականն անթերի կլինի: Այս արվեստը գնահատելու փոխարեն Հայաստանի մշակութային կառույցներն անուշադրության են մատնել ինձ, բայց ոչինչ, ես չեմ վախենում դրանից: Տարիներ շարունակ անուշադրությամբ պաշարված եմ եղել»:


Իրավամբ զարմանալի է, ավելի ճիշտ, տխուր՝ տեսնել արվեստագետին նման պայմաններում: Ժամանակին այս համեստ պայմաններում ապրող մարդն առաջարկ է ստացել տասնյակ հազար դոլարներով վաճառելու իր քանդակները, ավելին, տեղափոխվելու արտերկիր, բայց չի համաձայնել: Ինչու՞: Ահա՛ նրա պատասխանը. «Եթե որևէ մեկը վաճառեմ, ամեն ինչ կվերականգնեմ, բայց չեմ կարողանում, ձեռքս չի գնում, ախր հոգի եմ դրել, կյանք եմ դրել դրանց մեջ, ես իմ արարածն ինչպե՞ս վաճառեմ: Մի անգամ էլ առաջարկ է եղել արտերկիր տեղափոխվելու, բայց չեմ համաձայնել. ես շահի հետևից ընկած ո՛չ Երևան կգնամ, ո՛չ արտասահման: Եթե դուրս գնամ, այնտեղ չեմ կարող աշխատել, իմ պատերն ինձ ուժ են տալիս, մեր բնությունն ինձ տաղանդ ու զորություն է տալիս, ու՞ր գնամ: Եվ որքան էլ պնդեն, որ հարկավոր է դուրս գալ աշխարհ, ես կմնամ այստեղ, ավելին, աշխարհ դուրս գալու փոխարեն աշխարհն այստեղ կբերեմ, հենց մեր գյուղ, հենց այս ցեխոտ ճանապարհներով: Գիտեմ՝ դժվար կլինի, բայց ի՞նչն է հեշտ, քանդակներս էլ են դժվար եղել, բայց արել եմ և անելու եմ»:


Պատասխանը, իրոք, և՛ հուզիչ է, և՛ մտահոգիչ. ինչու՞ է այս մարդն այս վիճակում, ցավալի է նկատելը, բայց արվեստին ու մշակույթին նվիրված լինելու, սկզբունքային լինելու պատճառով. չնայած դեռ հարց է, պատճառո՞վ, թե՞ համար:
Խոսելով իր ստեղծագործական մղումների ու առաջադրված խնդիրների մասին, վարպետ Արարատն անկեղծացավ. «Ես վատ բաները շատ դժվար եմ տանում, ուզում եմ անընդհատ բարություն տարածել, չարն ու վատն այնքան շատ եմ տեսել իմ կյանքում, որ իմ գործերով ուզում եմ հաղթել դրանց, բարիացնել մարդկանց կամ այնպես անել, որ գոնե մի պահ փոխվեն: Իմ մեջ այս ամենն այնքան հիմնավոր է նստած, որ ես ապրում եմ դրանով ու սկսել եմ վատի՛ց էլ, լավի՛ց էլ էներգիա ստանալ: Հենց դրանց շնորհիվ է, որ կարողացել եմ անել այս ամենը, ես ինքնուս եմ, այդ ամենն արել եմ նաև հոգևոր ուժի միջոցով, որը մեծ դեր ունի իմ կյանքում: Առա՛ջ էլ, հիմա՛ էլ փորձում եմ ստեղծել գեղեցիկի զգացողություն, կյանքի ճանաչողություն, հոգեբանություն, փիլիսոփայություն. նաև քառյակներ եմ գրում. ես այս աշխարհի մարդ եմ: ՈՒղղակի իմ հանդեպ անտարբեր են, իսկ անտարբերությունն աշխարհի ամենավատ բանն է, որ կործանում է ամեն ինչ»:


Վերջում վարպետ Արարատը մեզ պատմեց իր առաջին քանդակի՝ «Ազատության» մասին.
«Այս քանդակն արել եմ դպրոցական տարիներին՝ տասնչորս տարեկան հասակում. տեսեք, մի ձեռքում վեր պարզած սուր է, մյուսում՝ լույս, սրանով ես լուրջ իմաստ եմ ընդգծում: Սուրն ու լույսը հենց այնպես չեն ընտրված, հայը միշտ իր լույսը սրով է նվաճել»:
Ահա այսպիսի հայրենասիրություն, փիլիսոփայություն ու աշխարհայացք: Հենց այս մտածումներով էլ բաժանվեցինք վարպետից՝ միայնակ թողնելով նրան իր տան ու այնտեղ բանտարկված քանդակների հետ: Ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ինչու՞, մի՞թե հնարավոր չէ օգնել այս մարդուն, ինչու՞ Հայաստանի մշակութային կյանքի պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկում, դժվա՞ր է, թե՞ ցանկություն չկա: Բայց ի՞նչ դժվարի մասին է խոսքը, երբ գրեթե զրոյական պայմաններում Արարատ Նալբանդյանը դժվարը հեշտ է դարձրել:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Լուսանկարները` Անահիտ ԽԵՉՈՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ