Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պրակտիկ բժիշկները մտահոգված են` ինչպե՞ս հաշվարկել գինը»

«Պրակտիկ բժիշկները մտահոգված են` ինչպե՞ս հաշվարկել գինը»
22.03.2019 | 03:04

ՈՒռուցքաբանական անվճար վիրահատությունների գնի հաշվարկի շուրջ խոսակցությունները գնալով թեժանում են, ինչը սպասելի էր։ Ըստ էության, հատկացվող միջոցները մեծ չեն, փոքր չեն նաև վիրահատությունների ծախսերը։ Պետք է հաշվի առնել նաև, որ յուրաքանչյուր վիրահատություն ենթադրում է բարձր տեխնոլոգիաների, տարբեր նյութերի կիրառում, ինչը ծախսերի հետ է կապված։ Այսօր պետությունը ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների համար հատկացնում է 1 մլրդ 900 մլն դրամ, որից 800 մլն դրամն ուղղվում է անվճար վիրահատությունների ծրագրին։ ՈՒ թեև, ըստ առողջապահության նախարարության, հատկացվող միջոցները չորս անգամ ավելի են նախորդ տարվա համեմատ, այնուհանդերձ, պետք է նկատենք, որ անցած տարի այդ վիրահատություններն ամբողջությամբ անվճար չէին, հետևաբար վիրահատության գնի հետ կապված խնդիրներ չէին առաջանում։ Ինչևէ, այսօր 800 մլն դրամ է հատկացվում մոտ 2,5 հազար վիրահատության համար։ Կբավարարե՞ն այդ գումարները, թե՞ տարվա կեսից կպարզվի, որ պետպատվերը վերջացել է։ Զրուցում ենք ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ։


-Կբավարարեն հատկացված միջոցները, թե ոչ, կդժվարանամ ասել. կարծում եմ` այդ հարցի լիարժեք պատասխանը կարող է տալ առողջապահության նախարարը, քանի որ իրենք են ծրագրավորել այդ ծախսերը,- ասաց պատգամավորը։
-Իսկ ձեր հանձնաժողովում հարցը չի՞ քննարկվել։
-Ոչ, այն ԱԺ չի եկել։ Եթե չեմ սխալվում, ծրագիրը, կառավարության որոշմամբ, նախարարի հրամանով է իրականացվել։ Այո, գնագոյացման հետ կապված պրակտիկ բժիշկները իսկապես մտահոգված են, նրանց հետաքրքրում է, թե ինչպես է հաշվարկվել այդ գինը։ Տարբեր վիրահատություններ իրենց ինքնարժեքն ունեն, որի մեջ ներառված են նաև վիրահատության ծախսերը, բժիշկների աշխատավարձը, հարկերը։ Որքանո՞վ է գնագոյացումը ճիշտ հաշվարկված և հաշվարկված է, թե ոչ, չեմ կարող ասել։ Սակայն խոսել եմ տարբեր վիրաբույժների, բժշկական կենտրոնների ղեկավարների հետ, և նրանք լուրջ մտահոգություններ ունեն այդ հարցի առնչությամբ։ Կան խոշոր բժշկական կենտրոններ, որոնք հրաժարվել են անգամ պետպատվերի ծրագրից, քանի որ գումարները ցածր են հաշվարկված և հատկացվող միջոցների սահմաններում նրանք հնարավորություն չեն ունենա պատշաճ մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու։ Ի դեպ, նույն խնդիրն ունենք նաև սուր և ենթասուր իշեմիկ կաթվածի պետպատվերի ծրագրի հետ կապված։ Ծրագրի համաձայն` տրոմբի լուծումը և հեռացումը պետք է իրականացվի երկու բուժհիմնարկներում. սակայն այստեղ ևս բժիշկների և նյարդաբանների ասոցիացիայի գնահատականը միանշանակ չէ։ Վերջիններիս կարծիքով` կան բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ, շրջաններից, մայրաքաղաքի ծայրամասերից հիվանդների տեղափոխման և այդ ընթացքում ծագած խնդիրների պատասխանատվության հարցը. այս պահին անհասկանալի է, թե ով է կրելու այն։ Սրանք կարևոր հարցեր են, քանի որ կաթվածը ժամերի ընթացքում կարող է փոփոխության ենթարկվել, այն անակնկալ կարող է խորանալ։ Ստացվում է, որ այն հիվանդներին, որոնց մոտ նախնական ախտորոշումը կաթվածն է եղել, 4,5 ժամվա ընթացքում պետք է հասցնել բուժհաստատություն, և այդ ժամանակ կարելի է իրականացնել տրոմբոլիզ։ Այս պարագայում ստացվում է, որ մարզի բժիշկը, վիզուալ ախտորոշելով կաթված, պետք է հիվանդին շտապօգնության մեքենայով տեղափոխի Երևանի երկու կլինիկաներից մեկը, որտեղ իրականացվում է տրոմբոլիզի ծրագիրը։ Այդ ընթացքում անհայտ է մնում, թե ճանապարհին ինչ կարող է տեղի ունենալ հիվանդի հետ։ Այսօր բոլոր հիվանդները տեղափոխվում են այդ երկու բուժհիմնարկները։ Հիվանդների հոսքը բավական մեծ է լինում, որովհետև հենց տեղում են տարբերակում` այդ հիվանդը կարո՞ղ է օգտվել պետպատվերի ծրագրից, թե՞ նրա մոտ կաթվածի այլ ձևն է, և այդ դեպքում նա մնում է այդ հիվանդանոցում համավճարի սկզբունքով։
Եթե նկատենք, որ նախարարությունը մարզային առողջապահության զարգացումը որպես առաջնային ուղղություն է որդեգրել, ապա անհասկանալի է դառնում, թե ինչու են բոլոր կաթվածները, անկախ ձևերից, ուղղորդվում այդ երկու բժշկական կենտրոններ, որտեղ իրականացվում է այդ ծրագիրը։ Այսօր հիվանդների մեծ հոսք կա, և այն ավելի կաճի։ Վերջերս խոսել եմ այդ երկու բժշկական կենտրոններից մեկի ղեկավարի հետ, և նա նշեց, որ մեծ հոսքի պատճառով չեն կարողանում տեղավորել հիվանդներին։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ