Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք չունենք կարդալով, առավել ևս կմկմալով ելույթ ունեցող պատգամավորներ»

«Մենք չունենք կարդալով, առավել ևս կմկմալով ելույթ ունեցող պատգամավորներ»
29.03.2019 | 01:02

Այս շաբաթ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, ԵՊՀ ռեկտորի չարչրկված հարցին անդրադառնալով, ասաց. «Եթե զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարության և հավասարության պետք է զարմանանք, թե նոր Հայաստանում ի՞նչ գործ ունի այն պատգամավորը, որն ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ, այն մարզպետը, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում, պետական վերահսկողական ծառայությունը ղեկավարող այն մարդը, որը խախտում է էթիկայի կանոնները, և երբ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ կձերբակալվես, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: «Ձերբակալվողի նմանը» ո՞րն է, բոլորս էլ կարող ենք, եթե հանցագործության մեջ մեղադրվում ենք, ձերբակալվել»։ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց պատգամավորի հետ` մեկ ընդգծումով. «Ես լիարժեք կիսում եմ ասվածը, սակայն եթե Դուք վստահ եք, որ Ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»։ Փաստորեն, վարչապետին խոցել էր միայն ասվածի այն հատվածը, որ իր բերած պատգամավորները կարող են ամբիոնից տեքստերը լավ չկարդալ, բայց լրիվ նորմալ է, որ անգետ մարզպետների, էթիկայի նորմերը խախտող պաշոնյաների հետ գործ ունենք։ Սա նաև վկայում է, որ Փաշինյանի սրտով էին ընդդիմադիր պատգամավորի որակումներն իր կառավարության անդամների հասցեին։


Գևորգ Պետրոսյանին հարցրինք, թե ԵՊՀ ռեկտորի առնչությամբ ի՞նչն է նրան անհանգստացրել։ «Խնդիրը ԵՊՀ ռեկտորի անձը չէ։ Ցանկացած բնագավառում, առավել ևս կրթությունում, պետք է մարդու մասնագիտական ունակությունները երկրորդական, երրորդական պլան չմղվեն։ Եթե կատարել է հանցագործություն, թող ռեկտորի նկատմամբ հետապնդումը ճիշտ պատճառաբանեն։ Խոսքը երևույթի մասին է, ոչ թե որևէ անձի»,- պատասխանեց պատգամավորը՝ հիշեցնելով նաև օրերս աշխատանքից հեռացված արդարադատության փոխնախարարների հարցը։ Ի դեպ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ նրանց աշխատանքից դժգոհ չի եղել։ Այս դեպքում բնական հարց է առաջանում` ինչու՞ են աշխատանքից հեռացվում։ «Երկուսին էլ դասավանդել եմ, շատ պատրաստված, որակյալ կադրեր են»,- ասաց իրավաբան պատգամավորը։

Լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե ազատման պատճառն այն է, որ նրանք վարչապետի հրահանգին չեն ենթարկվել և հանգիստը արտերկրում են անցկացրել։ «Ենթադրենք, դա այդպես է, բայց պրոֆեսիոնալ փոխնախարարներին կարելի՞ է աշխատանքից ազատել, ինչ է, թե հանգիստը Հայաստանից դուրս են անցկացրել։ Անգամ պարզ էլ չէ, թե ում են բերում նրանց փոխարեն։ Կադրերի հետ պետք է խնամքով վարվել, իսկ աշխատանքի ընդունելիս էլ հիմք ընդունել մասնագիտական ունակությունները»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։


ԲՀԿ խմբակցության պատգամավորին հիշեցրինք նաև վարչապետի կսմիթը. «Եթե ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»։ «Մեր պատգամավորները կարդալով ելույթ չեն ունենում, թող վարչապետը հետևի ու համոզվի։ Այս պահին չունենք պատգամավոր, որ կարդալով, առավել ևս կմկմալով ելույթ ունենա»,- հակադարձեց Գևորգ Պետրոսյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ