Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սահման քաջանց զենքն է յուրյանց»

«Սահման քաջանց զենքն է յուրյանց»
02.04.2019 | 03:02

Երկրի, պետության քաղաքական քարտեզը միայն զենքով չէ, որ գծվում է, և սա ապացուցել է ժամանակը: Մեզ հայտնի է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի մշակած և Իրավարար վճռով հաստատված Հայաստանի պատմական հողերի վերադարձի նախնական քարտեզը, որն ընդգրկում է «ծովից ծով» տարածք` Սև, Միջերկրական և Կասպից ծովերը ներառյալ: Սա իրավարար վճռի նախնական քարտեզն է եղել: Երբ այն դրվել է եվրոպական պետությունների հաստատմանը, պետությունների մի մասը անհամատեղելի է համարել հայոց ցեղասպանությունից հետո հայաթափված այդ հսկա տարածքը` Արևմտյան Հայաստանը` փաստարկելով, թե այդքան հայ չկա, որ բնակեցվեն այդ տարածքները... Փոխանակ դատապարտեին բռնագաղթ կազմակերպած ու երկիրը կոտորածներով հայաթափած թուրքական կառավարությանը, անտրամաբանական փաստարկ են բերել` այդքան հայ արդեն չի ապրում այդ տարածքներում: Եվ դարձյալ մեր փոխարեն ուրիշներն են որոշել մեր հայրենիքի սահմանները, որովհետև մենք մոռացել ենք մեր արքաների` «Սահման քաջանց զենքն է յուրյանց» անխախտ օրենքը:
Մեզ այսօր առավելապես հայտնի է քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանի ներկայացրած վիլսոնյան Իրավարար վճռի քարտեզը` Մեծ Հայքի չորս նահանգներով և ելքով դեպի Սև ծով` Սամսուն, Տրապիզոն տարածքներով, որը հաստատվել է Իրավարար վճռով և կնքվել ԱՄՆ-ի պետական մեծ կնիքով:


Վերջերս ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկի էջում կարդացի մի զարհուրելի մեկնաբանություն, որ կատարել էր մի օգտատեր, որի անունը ես միտումնավոր չեմ գրում, որպեսզի նրան կողմնակի հարվածի տակ չգցեմ. մարդը սխալվելու իրավունք ունի, և նրան սխալն ուղղելու հնարավորություն պետք է տալ: «Ժամանակն է,- գրում է նա,- որ Վիլսոնի քարտեզը աղբանոց նետենք»։ Ինձ շատ զարմացրեց այս հայ մարդու անխոհեմ հայտարարությունը: Ինձ թվաց, թե ազգային խնդիրներից հեռու մարդու` չիմացությունից առաջացած կարծիք է սա: Բայց երբ ծանոթացա նրա դիմէջին, զարմանքս կրկնապատկվեց. նա, կարծես թե, մեր ժողովրդի ազգային-պետական խնդիրներով մտահոգ հայ է: Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ նա այդպես կտրուկ և քաղաքական անպատշաճ ձևով է արտահայտվում Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի վերաբերյալ, մի վճիռ, որ առայսօր չի կորցրել իր իրավական ուժը:


Այդ օգտատերը կոչ է անում` «Դադարենք ցեղասպանութեան «Ճանաչում» մուրալ Մ. Նահանգների նախագահից»: Նախ` մենք չենք «մուրում», այլ պահանջում ենք, որ այդ երկրի նախագահը հարգի իր երկրի մեկ այլ նախագահի ստորագրությամբ և պետական Մեծ կնիքով կնքված իրավական այդ փաստաթուղթը: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կազմած իրավարար վճիռը ստորագրել է Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակից ուժերի (Անտանտի) Գերագույն խորհրդի Մեծ եռյակը` դաշնային բոլոր ուժերի անունից։ Սույն Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է նաև դաշնակից և նրանց իրավահաջորդ բոլոր պետությունների` ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի` այդ թվում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից չորսի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մ. Բ. Միացյալ Թագավորության և Չինաստանի համար։


Եթե այս օգտատերը միջազգային իրավունքի մասնագետ է, քաղաքագետ կամ դիվանագիտական փորձ և գիտելիքներ ունեցող մարդ է, ուրեմն չի կարող իրավական արժեք ունեցող փաստաթուղթը աղբանոց նետել, քանի որ Եվրոպան քաղաքական խնդիրների լուծման հարցերում դեռևս առաջնորդվում է իրավական փաստաթղթերով:
Եթե նույնիսկ որոշ քաղաքական անցուդարձերի «լուծումը», մանավանդ վերջին տարիներին, «կարգավորվում է» ռազմական «միջնորդությամբ», միևնույն է՝ իրավական լուծումը պաշտոնապես Եվրոպայից չի վերացվել:
Եվ մեր այս օգտատերը համարձակ կոչ է անում. «Սեփական քարտեզը միայն սեփական բազուկով կը գծուի» ...
Այո՛, դեռևս հինգերորդ դարում մեծն Եղիշեն գրել է. «Սահման քաջանց զենքն է յուրյանց»: Սակայն, ցավոք, հայ տղամարդը, այս էլ քանի դար, այնքան է թուլացել ոգով ու բազկով, որ հայրենիք ու պետություն կորցրինք, և մեր երկրի քարտեզը շագրենու կաշվի նման այնքան է փոքրացել, որ այս մի ափ հողի սահմանն էլ են թողել, որ օտարները «գծեն»: Բարեբախտաբար, մենք ազատագրեցինք արցախյան տարածքների մի մասը, որոնք, ցավոք, դարձյալ անհեռատեսորեն չենք վերաբնակեցնում:


Հիմա մեր այս թուլացած Հայաստան պետության ռազմական հնարավորությունները բավարար են համարվում «սեփական բազուկով» մեր քարտեզը գծելու` Արևմտյան Հայաստանը միավորելով, էլ չեմ ասում` նման ահռելի գործի համար բավարարն էլ քիչ է: Մենք պետք է մի քանի պատիկ գերազանցող ռազմական և դիվանագիտական ուժ ունենանք հարևան դարձած այդ պետության հանդեպ, որպեսզի «Սեփական քարտեզը սեփական բազուկով գծվի» ...
ՖԲ-ն այն տեղը չէ, և առահասարակ ոչ մի այլ տեղ մենք իրավունք չունենք անպատասխանատու քաղաքական հայտարարություն անելու ազգային պետության ու ողջ ժողովրդի անունից, այն էլ այն դեպքում, որ դա մեծ հարված է մեր ազգային-պետական շահերին:


Թուրքիան առայսօր սարսափում է «Իրավարար վճռից» և պարտադրում է Հայաստանի Հանրապետությանը` որպես նախապայման սահմանը բացելու` ճանաչել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև ներկայիս սահմանը:
Բայց չմոռանանք, որ այդ սահմանը ԽՍՀՄ-Թուրքիա պետական սահմանն էր` գծված 1921 թվականին` Կարսի, ապա վերավավերացված Մոսկվայի պայմանագրերով:
Պետություններից մեկի չգոյության պարագայում վերանում է նաև նրանց միջև գծված երբեմնի պետական սահմանի իրավական ուժը , հետևաբար նաև դրա վավերական լինելը: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություն անողն ինքն իրեն հարց չի՞ տվել, թե Թուրքիան ինչու՞ է պահանջում Հայաստանից ճանաչել ու վավերացնել ԽՍՀՄ-Թուրքիա նախկին սահմանը, որ մեր քաղաքական անհասունության պատճառով այդ «սահմանը» համարվում է գործող հայ-թուրքական պետական սահման: Հիշենք 2009 թվականի Հայ-թուրքական չարաբաստիկ «արձանագրությունը», որի հիմնական մեխը այսօր գործող սահմանի ճանաչումն էր Հայաստանի Հանրապետության կողմից: Բարեբախտաբար այն չվավերացվեց մեր կողմից:


Մենք, փոխանակ կառչենք միջազգային իրավունքի հայանպաստ ամենաչնչին հնարավորությունից անգամ, մեր թշնամիների ձեռքը հաղթաթուղթ ենք տալիս` «աղբանոց նետելով» և հրաժարվելով մեր կորուսյալ հայրենիքի մի մեծ հատվածից, որն իր ելքով դեպի ծով և մեր պետության զարգացման և կենսագործունեության համար ապահովություն տվող տարածք է: Առանց աշխարհագրորեն անվտանգ և արդյունաբերության համար բարենպաստ ու գյուղատնտեսության համար բարեբեր տարածքի` դեպի ծով ելքով, ՀՀ տարածքը` ազատագրված Արցախով հանդերձ, չի կարող ապահովել մեր հայրենիք- պետության ու մեր ժողովրդի անվտանգությունը, երկրի զարգացումը, հետևաբար չի կանխվի նաև արտագաղթը, որի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Իսկ աշխատատեղեր չկան, որովհետև փակվել են մեր արդյունաբերական հսկաները և փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք ապահովում էին և՛ աշխատատեղեր, և՛ տնտեսության զարգացումը: Փլուզվեց ԽՍՀՄ-ը, վերացավ հսկայական սպառողական շուկան, գործարանները ոչ միայն չհարմարեցվեցին քաղաքական նոր պայմաններին, այլև միտումնավոր ոչնչացվեցին: Մենք կորցրինք սպառողական հսկայական շուկան, որից էլ ածանցյալ են տնտեսական պայմանները: Ես չեմ անդրադառնա անկախության առաջին տարիներից սկսյալ մեր իշխանությունների սխալ կառավարմանը, դա խոսակցության այլ նյութ է, որին քանիցս անդրադարձել եմ իմ հրապարակումներում:


Այսօրվա ՀՀ-ի աշխարհագրական տարածքը` Արցախով հանդերձ, բավարար և ապահով չէ տնտեսության զարգացման համար: Հայաստանը չունի ելք դեպի ծով, որպեսզի ցամաքային շրջափակումները մի փոքր մեղմվեն: Հարավում մեր սահմանը Իրանի հետ բաց է առևտրի և արդյունաբերական ինչ-ինչ ձեռնարկումների համար: Հյուսիսում Վրաստանի հետ թեև բաց է սահմանը, սակայն միայն Վրաստանի հետ առևտրաարդյունաբերական հարաբերությունները բավարար չեն Հայաստանի տնտեսության զարգացման համար, առավել ևս շրջափակումը ոչ թե վերացնելու, այլ գոնե մեղմելու համար: Ռուսաստանը և ՀԱՊԿ երկրներն իրենց արդյունաբերական հնարավորություններով և մեծաթիվ բնակչությամբ կարող են լինել Հայաստանի համար առևտրաարդյունաբերական գործընկերներ, եթե անմիջական սահման ունենային Հայաստանի հետ: Իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև Վրաստանի` որպես Ռուսաստանի հետ քաղաքական կնճիռ ունեցող երկրի, առկայությունը պարբերաբար խնդիրներ է առաջացնում հայ-ռուսական առևտրաարդյունաբերական հարաբերություններում: Հայաստանի առևտրաարդյունաբերական շահավետ ուղղությունը` վեկտորը, Մերձավոր Արևելքն է, անգամ պատերազմական վիճակում:


Ահա թե ինչու մենք ոչ միայն իրավունք չունենք հրաժարվելու Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից, այլև պարտավոր ենք այն դնել միջազգային իրավական ատյանների սեղանին և պահանջել մեր պատմական հողերը. այդ հողերի վրա Միջազգային իրավունքով անխախտ, անժամանցելի և կատարման համար պարտադիր վճռով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տիտղոսը:
Մեզ անհապաղ պետք են մեր հայրենիքի այդ տարածքները, և ոչ ոք` շարքային քաղաքացուց սկսյալ մինչև քաղաքագետ, երկրի վարչապետ ու նախագահ, իրավունք չունեն ինքնակամ և անպատասխանատու հայտարարություն անելով` հրաժարվել հայրենական տարածքներից, որովհետև այն համայն հայության հայրենիքն է:


Եվ երբեք չմոռանանք` աշխարհում բոլոր պատերազմները հողի ու տարածքների համար են մղվում…Հետևաբար, մենք չենք կարող անհեռատեսորեն հրաժարվել մեր պատմական հողերից, որոնց տիրանալու համար ծածուկ ու աշկարա գործում են հարևան և հարևան դարձած որոշ ժողովուրդներ…
Ե՞րբ պիտի հայի վերջին խելքը հենց սկզբից գործի դնենք։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 15868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ