Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեծերի սրախոսությունները

Մեծերի սրախոսությունները
05.04.2019 | 04:13

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՍՈԴԱՆ


1913-ի ամռանը մի քանի ընկերներ հյուր են գնում Թումանյանին Դսեղ: Հենց առաջին օրը նրանցից մեկի ստամոքսը ցավում է, և Թումանյանից մի քիչ սոդա է խնդրում: Բանաստեղծը բերում է մի վիթխարի փաթեթ:
-Այ մարդ, այսքան սոդան ինչի՞դ է պետք, որ առել ես,-զարմացած հարցնում է ընկերը:
-Բա՜, դա շատ կարևոր դեղ է էստեղ: Մեր գյուղացիների համար դա ամենաբուժիչ դերն է կատարում:
Եվ սկսում է պատմել.
-Անցյալ տարի ես էլ քեզ պես ստամոքսի ցավ ունենալով՝ մի օր սոդայի հետ փոքր-ինչ թթվուտ խառնեցի ու խմեցի: Դու մի ասիլ դրանց վրա շատ մեծ տպավորություն է թողնում իմ փչփչացող խմիչքը: Հաջորդ օրը տեսնեմ մի քանի հիվանդ գյուղացիներ եկան մոտս: Մեկը սրտի ծակոցից էր գանգատվում, մյուսը՝ երիկամունքից, երրորդը՝ ռևմատիզմից և այլն: Խնդրում էին, որ իրենց դեղ տամ: Ես էլ հետս մի փոքրիկ դեղարան եմ տանում էդպիսի դեպքերի համար: Խելքս կտրած դեղերից հանեցի և ամեն մեկին մի բան տվի:
-Չէ, պարոն Հովհաննես, դու է՛ն դեղիցը տուր մեզ, է՛ն դեղիցը,-միաբերան գոչեցին հիվանդներս:
-Ո՞ր դեղիցը:
-Էն փչփչացող դեղիցը, որ ունիս:
Գլխի ընկնելով, որ խոսքը սոդայի ու թթվուտի մասին է, աշխատեցի համոզել հիվանդներիս, որ այդ դեղը ստամոքսի ցավերի համար է, բայց բան դուրս չեկավ: Ճարահատյալ հանեցի «փչփչացող դեղը» և մի-մի բաժակ տվի այցելուներիս:
-Արա՛, կտրեց,-հրճվանքով ասաց սրտի ծակոց ունեցողը:
-Ես հենց իմ մորից նոր ծնված լինեմ,- վրա բերեց ռևմատիզմից տառապողը:
-Արա՛, էս ի՞նչ օրհնած դեղ ա, ասե թա մեջս է՛լ պլոճիկ չլինի,-վկայեց երրորդը:
Էդպես էլ մյուսները: Էդ օրվանից սկսած, էլ ուրիշ դեղ հարցնող չկա, քոսն էլ, քաչալն էլ, խուլն էլ շարունակ «փչփչացող դեղի» հետևից են գալիս: Դրա համար էսքան մեծ պաշարով եմ եկել…

ՔՐԴՈՒՀՈՒ ՍՈՒԳԸ
Համաշխարհային պատերազմի սկզբին Թիֆլիսում գումարվում է արևելահայոց Ազգային ժողովի նման մի բան՝ գավառային ներկայացուցիչների մասնակցությամբ: Անվանապես ժողովը գումարված էր որոշելու համար, թե արևելահայերը կամովին ի՞նչ լրացուցիչ պարտավորություններ պետք է ստանձնեին ռուսական բանակին օգնելու գործում: Բայց, ըստ էության, ժողովականներին զբաղեցնողը Արևմտյան Հայաստանի անկախության կամ ինքնավարության հարցն էր, որի մասին արտահայտվել չէին համարձակվում, վախենալով, թե դա կարող է կառավարության ու զորքի մեջ գրգռում առաջացնել հայերի նկատմամբ:
Խորհրդակցությունների փակումից հետո Թիֆլիսի առաջնորդարանում կազմակերպվում է մեծ հացկերույթ: Կենացներ են բարձրացնում ցարի, Կովկասի կառավարչապետ Վորոնցով-Դաշկովի, ռուսական բանակի, հայ ժողովրդի և այլնի համար, բայց ոչ ոք չի համարձակվում խոսք բացել Արևմտյան Հայաստանի ապագայի մասին: Հերթը հասնում է Թումանյանին, որը բաժակը վերցնելով՝ ելնում է տեղից.
-Աղքատ ու թշվառական քրդի մեկը մեռել էր: Հարևանուհիները հավաքվել էին դիակի շուրջը սուգի: Մեռելի կինը բերան-բերան լաց էր լինում ամուսնու դիակի վրա և ասում. «Վա՜յ, ես քո արծաթապատ թրին մատաղ: Վա՜յ, ես քո ոսկեզառ հագուստներին մատաղ: Վա՜յ, ես քո արաբական նժույգին մատաղ»
Հարևանուհիները, այս ողբի վրա զարմացած՝ իրար երես են նայում: Վերջը նրանցից մեկը, չհամբերելով՝ դառնում է քրդի այրիին և ասում.
-Աղջի, ախր քո մարդը ոչ արծաթապատ թուր ուներ, ոչ ոսկեզառ հագուստ և ոչ էլ արաբական նժույգ, էդ ինչե՞ր ես երգում դու:
Այրին՝ աչքերը սրբելով, պատասխանում է.
-Ճիշտ է, չուներ, բայց մտքումը կար:

ՃԱՇԱԳԻՆԸ
1918-ի օգոստոսին Թումանյանի և նրա ընկերներից մեկի ընտանիքները գնացել էին ամառանոց: Թիֆլիսում «անտեր» մնացած տան գլուխները ամեն օր հանդիպում ու միասին ճաշում են «Բո մոնդ» ռեստորանում: Մի օր էլ խոսք է բացվում օրըստօրե ահագնացող թանկության շուրջ, և ընկերը միտք է հայտնում, թե եթե միևնույն թաղում ապրող ծանոթ-բարեկամներով ամեն օր գլուխ գլխի գան ու հավաքական ճաշեր կազմակերպեն, ապա թե իրենց վրա էժան կնստի և թե կանայք կազատվեն ամենօրյա խոհանոցային հոգսերից:
Այս միտքը մեխվում է Թումանյանի գլխում: Մատիտը ձեռքն է առնում, սկսում հաշիվներ անել և հանգում է այն եզրակացության, որ մարդագլուխ 25 կոպեկով կարելի է շատ վայելուչ հավաքական ճաշկերույթներ կազմակերպել: Բայց իր հաշվապահությունն ստուգելու համար դիմում է ռեստորանի տիրոջը.
-Միրիման, թե հոգիդ սիրես, ճի՛շտն ասա՝ էս ճաշը, որ դու մեզ տալիս ես 60 կոպեկով, քեզ վրա ի՞նչ է նստում:
Փոքր-ինչ մտածելուց հետո Միրիմանը պատասխանում է.
-Ձեր արևն եմ ասում, պարոն Թումանյան, այդ ճաշը, որ դուք ուտում եք, ինձ վրա նստում է 80 կոպեկ:
-Ինչպե՞ս թե;
-Հա, էդպես է: Ամեն մի ճաշում ես 20 կոպեկ վնաս եմ անում:
-Էդ չեղավ, ախպեր,- ասում է Թումանյանը, դեմքին կարեկցական արտահայտություն հաղորդելով,- Էդ հո քեզ շատ զոռ է հասնում: Արի քո բեռը մի քիչ թեթևացնենք:
-Ինչպե՞ս թեթևացնեք,- հարցնում է Միրիմանը:
-Ա՜յ, էսպես. արի դու ամեն մեկիս օրական 10 կոպեկ տուր, էլ չգանք քեզ մոտ ճաշելու…

«ԽՈՒՐՋԻՆԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
1920 թ. ամռանը ՀՀ հաղորդակցության ճանապարհների նախարար Արշակ Ջամալյանը բժիշկ Սաղյանի հետ այցելության է գնում Թումանյանին: Քանի որ Սաղյանը հաճախ էր տեսնվում բանաստեղծի հետ, այնինչ նախարարը, Հայաստանում լինելով, մի քանի ամիս չէր տեսնվել, ուստի, բնականաբար, առաջին իսկ բարևից Ջամալյանն է դառնում Թումանյանի ուշադրության առարկան:
Սրանից ազդված, Սաղյանը, որ ինքն էլ սրամիտ մարդ էր, ասում է.
-Երկու գյուղացի՝ Առաքելն ու Հակոբը, այցելության են գնում Գրիգոր անունով մի երրորդ գյուղացու: Առաքելը Գրիգորի համար բերել էր մի խուրջին՝ լիքը ձմերուկով, սեխով, մեղրով ու գաթաներով, իսկ Հակոբը ձեռքին ոչինչ չուներ: Գրիգորը, տեսնելով խուրջինը՝ նետվում է Առաքելի գիրկը. «Բարով, հազար բարով, Առաքել ջան, ինչպե՞ս ես, քեֆդ, հալդ, սանամե՞րս ինչպես է, երեխաներդ էլ, Աստուծով, ողջ ու առո՞ղջ են: Դե, պատմիր տեսնենք: Գործե՞րդ ոնց են: Հուսով եմ, որ հունձքդ էս տարի լավ էր: Հա, եզդ լավացա՞վ, լսել եմ, թե մի ոտքը դուրս էր ընկել…»: Այսպես բոլոր ողջագուրանքներն ու հարցերը սպառելուց հետո՝ Գրիգորը դառնում է դատարկաձեռն Հակոբին և ասում. «Հակո՞բ, դե էդ ա դու էլ էդտեղ ես…»: Հիմա մեր բանն է դառել, Հովհաննես, Արշակի համար է՜լ համբույր, է՜լ գրկախառնություն, է՜լ հարցուփորձ, իսկ ինձ համար մի հասարակ բարև էլ չկա:
Թումանյանը նայում է ու պատասխանում.
-Էդ էդպես է, բայց թե խուրջինը չեմ տեսնում…

ԱԼԵՔԻ ՓԱԽՑՐԱԾԸ
Թումանյանը պատմում էր.
-Դսեղի երիտասարդներից մեկը սիրահարվում է մի աղջկա: Բայց աղջկա ծնողները ոչ մի կերպ համաձայնություն չեն տալիս նրանց ամուսնությանը: Տղան շատ է դեսուդեն ընկնում, վերջը, տեսնելով ուրիշ ճար չկա, որոշում է փախցնել աղջկան՝ նախապես ստանալով նրա համաձայնությունը: Եվ դիմում է համագյուղացի Ալեքի օգնությանը: Ալեքը՝ մի աժդահա մարդ և աղջիկ փախցնելու գործում մասնագետ, համաձայնում է, բայց ուզում է վստահանալ՝ աղջիկն էլ սիրու՞մ է տղային, թե՞ չէ:
-Աստված, երկինքը վկա՝ սիրում է,- հավատացնում է տղան:
-Դե որ էդպես է, դու նախ և առաջ աղջկանից կիմանաս, թե ինքը որտեղ է պառկում: Գիշերը տղաների հետ նրանց տանը վրա՛ կտանք: Ես տղաների հետ աղջկան կառնեմ ու կփախցնեմ սարի էն կողմը ընկած ձորը, իսկ դու քո ընկերների հետ հրացանաձգությամբ մեր թիկունքը կպաշտպանես: Սակայն էնպես պետք է անենք, որ արյուն չթափվի, ես դատարանների հետ գլուխ չունեմ: Երբ տեսնեք, որ էլ մեզ չեն հետապնդում,՝ կգաք մեր հետևից: Այսինչ քարի տակ մենք ձեզ կսպասենք:
Որոշված գիշերը հարձակվում են աղջկա տան վրա: Ալեքը մի հարվածով ջախջախում է շան գլուխն ու լռեցնում, մի ուրիշ հարվածով էլ կրնկահան է անում տան դուռը, մտնում աղջկա սենյակ և նրան վերմակի մեջ փաթաթելով՝ կռան տակն առնում ու դուրս թռչում: Մնացածը կատարվում է ինչպես ծրագրված էր: Փեսացուն և իր ընկերները մի քանի պարապ գնդակներ են փոխանակում տնեցիների հետ և գնում Ալեքի ու մյուսների հետևից: Մինչև որոշված տեղ հասնելը, լույսը բացվում է:
Ալեքը, երբ տեսնում է խմբի մոտենալը, առաջ է անցնում և՝ շրա՜խկ՝ մի հուժկու ապտակ փեսացուի դեմքին:
-Ա՜յ, ես քու էսպեսն ու էնպեսը: Հարա՛մզադա, ինչի՞ ինձ խաբեցիր, թե աղջիկը քեզ սիրում է:
-Քեզ ո՞վ ասաց, որ չի սիրում,-հարցնում է շշմած փեսացուն:
-Էս ի՞նչ սիրել է, շա՛ն լակոտ, ամբողջ ճանապարհին էլ անեծք չկար, որ գլխիս չթափեր:
-Ինչպե՞ս թե… ՈՒ՞ր է՝ տեսնեմ:
-Հրեն էն ծառի տակին վեր ընկած:
Փեսացուն գնում է դեպի ծառը և տեսնում, որ, իրոք, վերմակի մեջ կծկված՝ աղջիկը անընդհատ մրթմրթում է: Հետ է քաշում վերմակի ծայրը և ի՞նչ տեսնի որ լավ լինի. աղջկա տեղ տան պառավին են բերել… Դու մի ասիլ, աղջկա ծնողները գլխի ընկնելով, որ տղան փախցնելու մտադրություն ունի, այդ գիշեր աղջկան տարել են իրենց մոտ, իսկ նրա անկողնում պառավին պառկեցրել… Տղաների մեջ սկսում է մի հռհռոց, որ էլ Աստված ազատի: Իսկ մյուս կողմից էլ պառավն է իր ձայնը բարձրացնում՝ հայհոյելով ու անիծելով առևանգիչներին:
-Վերջն ի՞նչ է լինում,- հարցրինք Թումանյանին:
-Վերջն էն է լինում, որ պառավին նորից փաթաթում են վերմակի մեջ և փեսացուի շալակը տալիս: Տնքտնքոց, անեծք ու հռհռոց իրար խառնելով՝ խումբը կեսօրին մոտիկ բարձրանում է ա՜յ էն սարի գլուխը: Էնտեղից սկսում են գոռալ աղջկա տիրոջը. «Է՜յ, եկեք ձեր անտեր պառավին տարեք»…

ԱՆԲԱՐԵՎ ԾԵՐՈՒԿԸ
Թումանյանին՝ Դսեղ այցելության գնացած մի քանի ընկերներ առավոտյան դիտելիս են լինում հինավուրց եկեղեցին, երբ մութ ու մռայլ դեմքով մի ծերուկ անցնում է առջևներից՝ առանց նույնիսկ բանաստեղծին բարևելու: Հարցումին, թե այդ գյուղացին ի՞նչ ունի Թումանյանի դեմ, հետևում է այսպիսի պատասխան.
-Բա՜, դա էլ մի պատմություն ունի: Անցյալ ամառ մի երեկո մի քանի գյուղացիներ, դա էլ հետները, եկել էին ինձ մոտ նորություններ իմանալու: Բավական համով զրույց ունեցանք: Մեկնելուց առաջ գյուղացիներից մեկը հանկարծ դարձավ ինձ, թե՝ «պարոն Հովհաննես, ի՞նչ կլի մեր էս երկու հարևաններին բարիշացնես իրար հետ, բոլ ա ինչքան խռով մնացին»: Խոսքը էս ծերուկի և մեկ էլ մի ուրիշ տարիքավոր գյուղացու մասին էր: Ես, բնականաբար, հետաքրքրվեցի, թե բանն ինչումն է: Ծերուկից չկարողացա ոչինչ իմանալ, իսկ մյուսը պատմեց հետևյալը. «Ախպեր, տասը-տասներկու տարի առաջ, մի առավոտ ինքս ինձ համար գնում էի մեր հանդը: Ճանապարհս սրանց արտի մոտով էր անցնում, սա էլ կանգնած էր արտի միջումը: Հենց որ ինձ տեսավ՝ սկսեց սոսկալի գոռալ և ուշունց տալ՝ ա՜յ ես քու էսենցը, ա՜յ ես քու էնենցը… Մտածեցի, էս մարդը գժվե՞լ ա, թե ինչ ա ու գնացի իմ բանին: Երեկոյան վերադառնում էինք էլի էն ճամփով: Սա որ ինձ տեսավ՝ էս անգամը վրա քշեց ուշունց տալով և ձեռքին մի հաստ փայտ ճոճելով: «Ա՜յ մարդ, ի՞նչ եղավ քեզ, ի՞նչ ես ուզում ինձանից»: Բայց լսողն ո՞վ ա: Տեսա որ բանը լուրջ ա, չուխես հանեցի թևիս փաթաթեցի և առաջ ընկնելով՝ փայտը ձեռից առա, վեր գցեցի, տակս կոխեցի ու սկսեցի խեղդել: Երբ մատներս մի քիչ հուպ տվի, մեկ էլ տեսնեմ մրթմրթաց. «Հերիք չելա՞վ խեղդես»: «Որ ուզում ես՝ թող հերիք ըլի»,- ասացի ես և փայտը հետս առնելով՝ ճամփես շարունակեցի: Էդ օրվանից դեսը հետս խոսում չի: Քեզ մատաղ, պարոն Հովհաննես, մի հարցրու իրան, տեսնենք էն օրը ինձանից ի՞նչ էր ուզում:
-Հարցրի՞ր,- հետաքրքրվում են ընկերները Թումանյանից:
-Ինչպե՞ս չէ: Բայց պատասխանողն ո՞վ է:
-Հետո՞:
-Հետո էն, որ ծերուկը մի խոժոռ հայացք նետեց նախ իր հակառակորդի, ապա և ամենքիս վրա ու դուրս գնաց: Էդ օրվանից ինձ էլ չի բարևում:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

ՄՈՑԻՔՈՒԼԸ


Իմ հայրենակիցները՝ շամախեցիները, ի բնե հումորիստ են ու կատակաբան:
Շամախուց հեռանալուցս 15 տարի անց մի օր Թիֆլիսի փողոցներից մեկում հանդիպում եմ հայրենակիցներիցս մեկին, որ մորս բարեկամն էր:
-Բարով, ա տղա,- դառնում է ինձ հայրենակիցս Շամախու բարբառով,-դու Մինասի տղան չե՞ս:
-Հրամանքս, Մինասի տղան եմ,- պատասխանում եմ ես նույն բարբառով:
-Հի՞նչ ես անում իստեղ, հի՞նչ բանի ես:
-Գրում եմ:
-Միրզա ե՞ս: Ո՞ր դաֆթարխանում:
-Միրզա չեմ, գրող եմ:
Հայրենակիցս նայում է երեսիս, ժպտում հեգնաբար և ապա.
-Մարդ կա, որ դերձակ է, մարդ կա, որ կոշկակար է կամ նալբանդ, փափախչի: Քո սանահաթի անունն ի՞նչ է:
Կամենալով հայրենակցիս շփոթեցնել, պատասխանում եմ.
-Վիպասան եմ:
-Վիպասանը հի՞նչ ա անում:
-Վիպասանը աղջկան սիրահարեցնում է տղայի վրա, տղային աղջկա վրա, հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց, բաժանում է նրանց: ՈՒրիշի հետ պսակում և այլն, և այլն:
-Յավա՜շ, յավա՜շ, կանգնիր,- ընդհատում է հայրենակիցս,-հասկացա, մոցիքուլ ես, չարանդիզի, միջնորդ: Վայ քո հոր տունը չքանդվի, տղա, էլ գործ չկա՞ր, որ քինացիր չարանդիզի դարձար: Հեռու, հեռու մեզանից…
Եվ հայրենակիցս, դառը վշտացած, հեռացավ, համոզված, որ արհեստների մեջ ընտրել եմ ամենախայտառակը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ