Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդպես էլ չհասկացանք՝ Դավիթ Սանասարյանն ինչով նման չէ ձերբակալվողի

Այդպես էլ չհասկացանք՝ Դավիթ Սանասարյանն ինչով նման չէ ձերբակալվողի
26.04.2019 | 03:36

Ընդամենը 2 ամիս առաջ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների ներկայությամբ, տեսախցիկների առջև հրապարակայնորեն հայտարարում ու հարցնում էր. «Ըտենց խնդիր չկա, ըտենց խնդիր չկա, մի հատ, ես ուզում եմ, որ ուշադիր նայեն, ես ընենց ձերբակալվողի նմա՞ն եմ…»:

Ճիշտ է, Դավիթ Սանասարյանին չեն ձերբակալել կամ դեռ չեն զրկել ազատությունից, ինչը, ի դեպ, բացառված չէ, բայց հարուցված քրեական գործով մեղադրանք են առաջադրել, պարզապես որպես խափանման միջոց ընտրել են չհեռանալու մասին ստորագրությունը, ոչ թե կալանքը: Եվ այստեղ, մինչ Դավիթ Սանասարյանի տված հարցին անդրադառնալը, հիշեցինք հայտնի խոսքը՝ ծուխն առանց կրակի չի լինում, ԶԼՄ-ներից մեկը, չգիտենք՝ որտեղից և ինչպես, բայց դեռ մոտ 2 ամիս առաջ ինչ-որ բան իմացել է, որ գրել է նրան առնչվող քրեական գործի, մեղադրանքի մասին, պարզապես սխալվել է խափանման միջոցի ընտրության հարցում։


Հիմա վերադառնանք Դավիթ Սանասարյանի հարցին… Հետևելով հենց նրա խորհրդին, ուշադիր նայեցինք Սանասարյանին՝ նրա հոգեբանական վիճակին, անավարտ մտքերին, կցկտուր պատասխաններին, ու մեր մեջ հարց առաջացավ՝ իսկ նա ինչո՞վ ձերբակալվողի նման չէ։ Գուցե կոստյումով, սպիտակ վերնաշապկով ու փողկապո՞վ… Չգիտենք, լավ կլինի, ինքը պարզաբանի։ Ի դեպ, Դավիթ Սանասարյանը որոշ լրատվամիջոցների հրապարակումներ ներկայացրեց իբրև պատի տակի բամբասանքներ, պատվերի կատարում, տեսած ու հետո ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում գրած երազ, ու հրաժարվեց դրանք մեկնաբանելուց: Հետաքրքիր է՝ Սանասարյանն իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրությու՞նն էլ է պատի տակի բամբասանք համարում… Իրեն առաջադրված մեղադրանքը ԱԱԾ կողմից պատվերի կատարու՞մ է համարում կամ ԱԱԾ քննիչի տեսած ու հետագայում մեղադրանքի որոշման ձևով արտահայտած երա՞զ:


Ընդամենը 2 ամիս առաջ, իսկ ավելի որոշակի՝ փետրվարի 28-ին, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարում էր՝ «որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու», իսկ հիմա նրան, այն էլ՝ ԱԱԾ-ի մակարդակով, մեղադրանք է առաջադրված հենց կոռուպցիոն հանցատեսակների շարքին պատկանող հանցագործության («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված) հատկանիշներով:


«Այս երկու օրը որոշները հասցրեցին մահախոսականս կարդալ, բայց ես ասեմ հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, ու որևիցե մեկը թող անգամ երազում չպատկերացնի»,- դեռ փետրվարի 28-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Հետաքրքիր է՝ ի՞նչը երազում չպատկերացնի, Սանասարյանի պաշտոնանկությու՞նը… Բայց առավել հետաքրքիր է մեկ ուրիշ հարց՝ կոռուպցիայի դեմ կռիվը դեռ հասկացանք կամ ԱԱԾ հայտնի հաղորդագրությունից հետո չհասկացանք, բայց Սանասարյանը պետական բարձրաստիճան պաշտոնյա լինելով հանդերձ, չգիտի՞, որ Հայաստանի Հանրապետությունն անկախացել է դեռ 1991 թվականին, այդ ո՞ր պետությունից անկախանալու համար է, իր իսկ խոսքով, կռիվ տալու…


ՈՒշադրության արժանի ևս մեկ հանգամանք. Դավիթ Սանասարյանը դեռ փետրվարին մարտահրավեր նետեց ԱԱԾ-ին՝ վերջինիս կողմից ձերբակալված Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին ներկայացնելով իր կողմից ղեկավարվող պետական վերահսկողական ծառայության օրինակելի ու լավագույն աշխատակիցներ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց բավական լուրջ մեղադրանք է առաջադրել (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով), իսկ դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Դատաքննության ավարտին հասարակությունը կիմանա՝ Սամվել Ադյանին, Գևորգ Խաչատրյանին, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կարելի՞ է համարել օրինակելի ու լավագույն պետական պաշտոնյաներ, թե ճիշտ հակառակը։ Դուք արդեն կռահեցի՞ք...


Այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հենց այնպես, առանց համապատասխան հիմքերի, մեղադրանք կառաջադրե՞ր...
Նրանց, ովքեր կարծում են, թե ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել առանց համապատասխան հիմքերի, սխալմամբ կամ ԱԱԾ ղեկավարության մակարդակով ինչ-որ խնդիր ունենալով նրա հետ, ընդամենը մեկ խորհուրդ կտանք. հաշվի առեք, որ խոսքը ԱԱԾ-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անմիջականորեն ենթակա և, շատ մարդկանց կարծիքով, Հայաստանի իրավապահ համակարգում ավանդաբար ամենալուրջ մարմնի մասին է, իսկ մեղադրանքն էլ չի առաջադրվել ինչ-որ խեղճուկրակ մեկին, այլ վարչապետին ենթակա մեկ այլ մարմնի՝ պետական վերահսկողական ծառայության պետին, որը, նշվածից զատ, «թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից մեկն է եղել, եթե չենք սխալվում, նաև՝ Հայաստանում ԱՄՆ-ի և Սորոսի հովանավորյալներից մեկը։


Վերը շարադրվածը նշանակում է, որ ԱԱԾ-ն դժվար թե, ինչպես ասում են, առանց հազար անգամ չափուձև անելու, քրեական գործով ձեռք բերված տվյալները ծանրութեթև անելու, մեղադրանք առաջադրեր Դավիթ Սանասարյանին՝ շատ լավ գիտակցելով, որ հետո տվյալ քրեական գործը և Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը լինելու է շատ շատերի և, առաջին հերթին, ՀՀ վարչապետի խոշորացույցի տակ։ Չէ՞ որ, ի վերջո, քրեական գործը, ինչպես նախատեսվում է, հասնելու է դատարան...
«Ես ծանոթացել եմ ԱԱԾ հայտարարությանը և կարող եմ միայն նշել, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»,- «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին ԱԱԾ հայտարարությունը։


Սրանով, թերևս, ամեն ինչ ասված է, կարծում ենք, Վլադիմիր Կարապետյանն իր այս խոսքով դիվանագիտորեն ակնարկել է, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց լինելով, ՊՎԾ-ի պետին առանց վարչապետի գիտության չէ, որ մեղադրանք է առաջադրել։ Ի դեպ, ԱԺ-ում անդրադառնալով Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, ԱԺ փոխնախագահի Լենա Նազարյանն ասել է. «Ես վստահում եմ ԱԱԾ-ին», «Այս պահին քննություն է իրականացվում, և աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է...»: Աժ փոխնախագահը բացառել է, որ որևէ պաշտոնյայի, բնականաբար, նաև Դավիթ Սանասարյանի «գլխին», այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել։


Ե՛վ Վլադիմիր Կարապետյանը, և՛ Լենա Նազարյանն իրենց այս խոսքերով, կարծում ենք, սառը ջուր են լցրել սորոսական որոշ «իրավապաշտպանների» ոգևորության վրա, որոնք ԱԱԾ-ին արդեն մեղադրել են Սանասարյանին անհիմն և ապօրինի մեղադրանք առաջադրելու, ՊՎԾ-ի պետի առնչությամբ հրապարակած տեղեկատվությամբ անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Սակայն, որքան էլ փնտրեցինք, ԱԱԾ-ի հրապարակած տեղեկատվության մեջ չգտանք անմեղության կանխավարկածի որևէ խախտում, առավել ևս, որ այն ուղեկցված է համապատասխան ծանուցմամբ՝ «ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Հիշեցնենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ, «Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թ. փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:


Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»:


ՈՒշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ խոսք կա նաև մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի մասին, իսկ փաստաթղթերի կեղծման մասին ԱԱԾ-ն չէր հայտնի, եթե նախապես չունենար համապատասխան փորձաքննության կամ փորձագետի համապատասխան եզրակացությունը։
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով նախատեսված արարքը՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:


Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետը բավարարել է ԱԱԾ քննիչի որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Հասկանալի է, որ անմեղության կանխավարկածը հարգելով, սխալ կլիներ ՊՎԾ-ի պետին պաշտոնանկ անելը, սակայն, այդուհանդերձ, անհասկանալի է մնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ոչ թե կալանք, այլ չհեռանալու մասին ստորագրություն կիրառելը։ Ազատության մեջ մնալով, նա չի՞ կարող իրեն ձեռնտու կերպով ազդել վկաների, քր. գործին առնչվող այլ անձանց ցուցմունքների կամ նախաքննության վրա, ո՞րն է դրա երաշխիքը, ո՞վ է տվել այն։ Այստեղ գուցե ասվի` ԱԱԾ քննիչը Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու որոշում է կայացրել, և այդ որոշումը բավարարել է վարչապետ։ Սակայն մի՞ թե դա բավարար է... Նա շարունակում է հանդիսանալ Հայաստանում բավական ազդեցիկ կառույցի պետը, թեկուզ ժամանակավոր դադարեցված պաշտոնավարությամբ։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ