Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյանքը Գեղասարի դոմիկներում

Կյանքը Գեղասարի դոմիկներում
07.05.2019 | 03:36

«ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸ ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԷՐ»
Լեռներով շրջափակված, Փամբակ գետի աջ ափին գտնվող Գեղասար համայնքի բնակիչների գերակշիռ մասը շուրջ 30 տարի ապրում է ժամանակավոր կացարաններում (դոմիկներ): Նրանց համար հարմարավետ քարե տունը երազանք է ու հավանաբար այդպես էլ կմնա շատերի համար, հատկապես նրանց, ում սրտում մինչ օրս ապրում է հարազատների կորստի մրմուռը: Գեղասարցիք պնդում են, որ 1988-ի երկրաշարժից ամենաշատը տուժեց Գեղասարը, «էպիկենտրոնը մեր գյուղում էր, ուղղակի, որ մեր գյուղը փոքր էր, ընդունեցին, որ կենտրոնը Նալբանդն է (Շիրակամուտ): Բայց էն սարը, որտեղից գետինը բացվել է մինչև Երևանի ճամփեն, այ էնտեղ զինվորականները եկան զաբոր քաշեցին, որ անալիզ վերցնեն: Մեր գյուղը շատ տուժեց, 800 բնակչից 180-ը զոհվեց: Տներից մեկ-երկուսը մնացին, բոլորը փլվեցին մեր աչքի առաջ: Գեղասարն ավելի է տուժել, քան Նալբանդն ու Սպիտակը: Էսօր շատերն են գալիս մեր գյուղում ապրելու, տները չեն հերիքում»,- պատմում են երկրաշարժի զոհերի հիշատակին համագյուղացի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ կառուցված հուշակոթողի մոտ հավաքված բնակիչները:

«ԳՅՈՒՂՆ ԷՍՔԱՆ ՏԱՐԻ ԻՆՁ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ Է, ՀԻՄԱ Ո՞ՆՑ ՉՕԳՆԵՄ»
Գեղասարի համայնքապետարանում հադիպեցի նախկին գյուղապետ ՍՏԱՍԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Զրուցասեր ու կատակասեր գյուղապետի խոսքով պաշտոնին այնքան էլ դժվար չէր հրաժեշտ տալու պահը, թող հիմի էլ ջահելներն աշխատեն:
-18 տարի աշխատել եմ, հերիք է: Իմ ղեկավարման տարիներին շատ բան եմ արել, ոնց կարող է չանեի: Ես մեծ ամակ ունեմ էս գյուղի վրա, հիմա էլ իմ խորհուրդներով կօգնեմ, իմ սիրելի ժողովուրդն է, էդքան տարի ինձ հանդուրժել է, հիմա ո՞նց չօգնեմ: Թեկնածությունս էս անգամ չէի ուզում դնել, բայց շեֆս արեց, հարցնում ես ո՞վ է շեֆս, կինս է, էլ ո ՞վ: Ասաց դիր, որ չդնես, կասեն հիմա դրա տակը եսիմ ինչ կար, որ չդրեց: Դրա համար էլ դրեցի: Էսօր մեր վարչապետն ասել է` թող հիմա էլ ջահելները աշխատեն, չնայած էդ մտքի հետ համաձայն չեմ, բայց եթե գյուղն ուզում է, որ հիմա էլ ուրիշը ղեկավարի, ես դեմ չեմ,- ասում է Ստասիկ Հովհաննիսյանը:
Գյուղի համար իր ողջ եռանդը չխնայած գյուղապետի խոսքով` նախկինում Գեղասարի կանայք հեռու աղբյուրներից ջուրը անկտիով (փայտե լծակ, որից դույլեր էին կախվում) են բերել, այսօր արդեն բոլորի տանը ջուր կա, գյուղի չլուծված միակ խնդիրը ոռոգման ջրի վարձավճարն է: «Գեղասարը Նալբանդ ու Կաթնաջուր գյուղերին հարևան է, իրար շատ մոտ են, բանն էն է, որ մենք ոռոգման ջրի համար վճարում ենք 1000 դրամ, իրենք՝ 700, ինչու՞։ Դժվար հարցը դա է: Իմ ժամանակ գյուղտեխնիկան լիզինգով տալիս էին, վերցնեի, որ ի ՞նչ անեի, չէի կարող աշխատացնել։ Գյուղացին եթե աշխատեց, կապրի, մարդ կա, որ միայն անասուն է պահում: Գյուղում ջրի սակավության պատճառով կարտոֆիլը քիչ են ցանում։ Ընտանիք կա, որ Ռուսաստան է գնացել, հողը տվել է մեկին, որ մշակի, նման մի 20-30 ընտանիք կա»:
Նախկին գյուղապետի համոզմամբ` գյուղից արտագաղթը շատ է, հիմնականում մնացել են տարեցներն ու կանայք, նրանք էլ խոպանից ուղարկած գումարով վարուցանքի համար վճարում են տրակտորիստին, քիչ ու միչ աշխատում են տնամերձում: Վարչապետի հայտարարած «աղքատությունը մարդկանց գլխում է» մտքի հետ համաձայն է. «Եթե գյուղացին աշխատի, շատ էլ լավ կապրի։ Էսօր գյուղացին լոդրացել է։ Մարդը գնում է խոպան, սկեսուր-սկեսրայրը թոշակ են ստանում, կանայք էլ լոդրացել են»:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԳՅՈՒՂԸ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԻ
2018 թվականի օգոստոսի 6-ից Գեղասարի համայնքապետ է նշանակվել 1988 թվականի նոյեմբերի 1-ին Սպիտակի շրջանի Գեղասար գյուղում ծնված ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: «Իրատեսի» հետ զրույցում նա խոսեց սեզոնին արտագնա աշխատանքի մեկնածների մասին, ներկայացրեց աշխատուժի բացակայության պատճառով ստեղծված դժվարություններն ու համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը:


Գեղասարն ունի 700 բնակիչ, թեև ծխամատյանում գրանցվածների թիվը կազմում է 930: Բնակչության 90 %-ը մեկնում է արտագնա աշխատանքի: Դպրոցում սովորում է 65 երեխա, որից 5-ը՝ 1-ին դասարանում: Գյուղում չլուծվող խնդիրներից է խմելու և ոռոգման ջրի անկանոն մատակարարումը: Գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասն անջրդի է: Գյուղից մեկնած բնակիչներն իրենց հողերը մշակելու համար տրամադրել են բարեկամ-հարևաններին, սակայն գյուղի աշխարհագրական խորդուբորդ դիրքը գյուղտեխնիկայի համար նպաստավոր չէ: Ոռոգման ջրի վարձավճարի հարցի վերաբերյալ Վարազդատ Գրիգորյանը նշեց, որ Գեղասարի համար կառուցված պոմպակայանի միջոցով ոռոգման համար վարձավճարն ավելի բարձր է, քան հարևան Նալբանդ և Կաթնաջուր գյուղերինը, որոնց հողերը ոռոգվում են ինքնահոս ջրով: Բացի դրանից Գեղասարում քայքայված ջրագծերի պատճառով ջրի կորուստը մեծ տոկոս է կազմում: Գյուղի համար պատուհաս է կարկտահարությունը, որն անցյալ տարի վնասեց գարու և ցորենի ցանքատարածությունները, գյուղացին վնասի փոխհատուցում չստացավ:


-Բազմաթիվ ծրագրեր ունեմ: Գյուղի բյուջեն դոտացիայի հետ կազմում է 15,5 մլն դրամ, հարկերի հավաքագրումից ստացվող գումարը՝ 5,5 մլն: Այս տարի գյուղ մտնող ճանապարհների բարեկարգման նպատակով նախատեսել ենք 25 միլիոն դրամի ներդրումային ծրագիր, որից 2 մլն դրամը կհատկացվի համայնքի բյուջեից, նախատեսել ենք վերանորոգել խմելու ջրագծերը, կառուցել հանդիսությունների սրահ: Գյուղամիջյան գրունտային ճանապարհների վերանորոգման համար կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել, փողոցների լուսավորության հարցը 60 % -ով լուծված է, ընթացիկ տարում մյուս փողոցների համար կհատկացվի ևս 1 մլն դրամ: Գյուղի 70-80 %-ը գազիֆիկացված է, գազամուղից հեռու թաղամասեր կան, որոնք առայժմ հնարավոր չէ միացնել ընդհանուր գծին: Նախորդ տարում գյուղում բացվեցին քարի մշակման և կաթի վերամշակման արտադրամասեր: Մյուս գյուղերի նման մեզ մոտ ևս ցանկալի կլիներ կոոպերատիվների ստեղծումը, սակայն կարծում եմ՝ անիմաստ է, քանի որ մեր հողերը բաժանված են փոքր կտորների՝ մոտ 1800 քառ. մ մակերեսով և միմյանցից հեռու տարածքներում: Մարդիկ չեն էլ մտածում կոոպերատիվ ստեղծելու մասին,- ասաց Վարազդատ Գրիգորյանը:

«ԾԵՐԱՑԱՆՔ ԴՈՄԻԿՈՒՄ»
Լուսանկարելու նպատակով մոտեցա գյուղամիջում միմյանցից քիչ հեռավորության վրա տեղադրված խորդանոց հիշեցնող շինություններից մեկին, պարզվեց՝ ներսում մարդիկ են բնակվում: Կիսախավար ու ցածր առաստաղով սենյակի պատուհանի մոտ նստած 65-ամյա Սոֆյա Հակոբյանը կարկատան էր անում: Երկրաշարժի ժամանակ ընտանիքից երեք հոգի զոհվել են, բետոնե տունը անսպասելի փլվել էր ու նա մնացել էր փլատակների տակ: Փրկվեց, սակայն մինչ օրս հիշողությունը փոթորկում է նրա ծերացած հոգին: Գյուղի մի թաղում կիսակառույց տան մեջ ապրում է ամուսնու հետ, դոմիկը, որտեղ հանդիպեցի նրան, պարզվեց որդու՝ 42-ամյա Արամի տունն է, որտեղ ապրում է կնոջ և երեք երեխաների հետ: Երկվորյակ քույրերի ու որդու պարզ ու ջինջ աչքերում չապրած մանկության կարոտ կար: Արամն աշխատում է Սպիտակի ճանշինում, տարաբնույթ բանվոր է, ստանում է 60-70 հազար դրամ աշխատավարձ, «Մի օր կանչում են աշխատանքի, տասն օր չեն կանչում: Ապրում ենք, էլի, եսիմ ո՞նց»,- ասում է Արամը: Անասուն չեն պահում, ծնողներն իրենց միակ կովի կաթի մեծ մասը տալիս են որդու ընտանիքին: Գյուղից հեռու քարքարոտ հանդամաս ունեն. անհնար է մշակել: «Ծերացանք դոմիկում»,- հրաժեշտին ասաց Սոֆյա տատը:
Սահակյանների ժամանակավոր կացարանն անհամեմատ բարվոք է: Լուսավոր սենյակում բազմոցին նստած ընտանիքի ավագը՝ 74-ամյա տիկին Վեներան, հիշում է, թե երկրաշարժից պատսպարվելու նպատակով պատի տակ թաքնված պահին պատն ինչպես փլվեց իրենց վրա: «Մոռանալու՞ բան է: Մի կերպ տուն եկա, տեսա մեր տունը փլվել է, թոռնիկիս մահացած տեսա»: Ներկայումս նրա կրտսեր թոռը ծառայում է բանակում, մյուս թոռը՝ 27-ամյա Թորգոմ Սահակյանը, Ապրիլյան քառօրյայի մասնակից է: Հոր՝ Արթուր Սահակյանի հետ մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:


«Երկրաշարժից հետո մեր քանդված տան տեղում Տամբով քաղաքից եկած մասնագետները ժամանակավոր կացարան սարքեցին մեզ համար, 31 տարի է, այս տանն ենք ապրում, երեքսենյականոց դոմիկ է, հետո մենք էլ կարգավորեցինք, ջեռուցվում է, ապրում ենք, ոչինչ: Գյուղում շատերը վագոն-տնակներում էին ապրում, հետո նրանց էլ դոմիկներ տվեցին»,- պատմում է տիկին Վեներան:
Տղամարդկանց բացակայության ժամանակ տան հարսը զբաղվում է հողագործությամբ, տնամերձում բանջարեղեն է մշակում, մեկ կով ու հորթ ունեն, հնարավորության դեպքում ցանկանում են անասունների քանակն ավելացնել:


-Շատ կուզեի ձեր թերթի միջոցով բարձրաձայնեիք մի հարցի մասին: Որդիս՝ Թորգոմը, կաճատեսության խնդիր ուներ ու այդպես էլ ծառայել է բանակում, հետո, իհարկե, մեր ուժերով վիրահատվեց ու հիմա, փառք Աստծո, տեսողությունը կարգավորվել է: 2016-ին գիտեինք, որ քառօրյա պատերազմի մասնակիցների զինվորական գրքույկներում պետք է նշվի նրանց մասնակցության մասին: Մեզանից պահանջեցին գրքույկը, մենք ուղարկեցինք, սակայն վերադարձրին առանց որևէ նշման, միայն գրել են, որ այդ ընթացքում եղել է մարտական հերթապահության: Որպես քառօրյա պատերազմի մասնակցի` 2017-2018 թթ. գարնանը գյուղապետարանը որպես օգնություն որդուս հատկացրել է 5000 դրամ,- պատմում է Թորգոմի մայրը:
Ընտանիքը մտադիր չէ հեռանալու Հայաստանից. «սոված էլ մնանք, մեր երկիրն է ու մենք»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ստասիկ Հովհաննիսյան
  • Վարազդատ Գրիգորյան
  • Թորգոմ Սահակյանը  մոր հետ
  • Սոֆյա Հակոբյանը որդու հետ
Դիտվել է՝ 3311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ