Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարդ ենք, ի վերջո

Մարդ ենք, ի վերջո
17.05.2019 | 01:47

Մարդկային գերագույն, կենսարար գործոն հանդիսացող «տեղաշարժ» կոչվածը ծայրաստիճան վատթարացել է Երևանում: Արդեն տարակուսելի է, մեր քաղաքում մի կետից մյուսը հասնելու համար ոտքո՞վ ավելի շուտ կհասնենք, թե՞ հասարակական տրանսպորտ կոչվածով: Եվ առհասարակ, որևէ փոխադրամիջոցով Երևանում տեղաշարժվելն իսկական պատուհաս է դարձել, որովհետև երթևեկության նորմերը, փոխանակ բարելավվելու, հետ են գնում դեպի կառքերի ու սայլերի դարաշրջան, երբ, ըստ էության, կանոններ չկային:

Ի դեպ, երթևեկության ցուցանիշներով մենք գրեթե մոտենում ենք խառնափնթոր Հնդկաստանին, մի տարբերությամբ միայն՝ դեռևս մեզ մոտ «շները» ճանաչում են իրենց «տերերին»: Մոտենալուց բացի, գուցե նաև «գերազանցենք», որովհետև մեր երկրում ճանապարհային ոստիկանություն ասվածը միայն տուգանքի կտրոնների հետ է ասոցացվում, իսկ երթուղային գիծը` բիզնեսի, քաղաքացիների մասին էլ կարծես Ավստրիայի վարչապետը պետք է մտածի: Կարծես դեռ անցած աշնանը մեզ խոստացել էին քաղաքի աղբը մաքրելուց, վերելակները վերանորոգելուց ու քաղաքը կանաչապատելուց բացի՝ կանոնակարգել երթևեկությունն ու բարելավել տրանսպորտը, բայց, ինչպես տեսնում եք, կանգնած ենք նույն կոտրած տաշտակի առաջ, որով «բաց ծովում նավարկել ենք» նաև անցյալում, պարզապես այն ժամանակ «նավապետն» ուրիշ էր: Դառնանք նոր «նավապետին»: Ծիծաղաշարժ խոստումների հեղեղն ամեն անգամ, ամեն օր թորվում է մարդկանց մտքում ու, վերածվելով անեծք-հայհոյանքի, տեղում է ձեր գլխին, պարոն քաղաքապետ: Մինչև ե՞րբ պետք է շարունակվի տրանսպորտի այս աղետալի վիճակը, որի պատճառով ուշանում ենք միշտ, ուշանում ենք պարտադիր, իսկ տեղ ենք հասնում ծանր զրկանքներ կրելով, ամոթալի դիրքերով ու իջնելիս փորձանքից պրծնելու աննկարագրելի ուրախությամբ, որը, ի դեպ, միայն չնչին սփոփանք է տեղ հասնելու պահին: Բայց ինչու՞ ենք զարմանում. իր շքեղ ու զով աշխատասենյակում նստած քաղաքապետը չի կարող հասկանալ խցանված ճանապարհին կանգնած երթուղայինի մեջ տեղի պակասից ու շոգից կռացած, հաճախ նաև քաղցած մարդու վիճակը։ Հարգարժան քաղաքապետ, սիրելի Կարգին Հայկո, կատարեք լուրջ-լուրջ տրված խոստումները, զզվել ենք, ախր, մարդ ենք ի վերջո:


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Երևանում ժամադրվելն արդեն անհնար է դառնում: Դուք էլ եք ջահել եղել, չէ՞...

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ