«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Միջանձնային խնդիրներ ստեղծելը լուրջ վտանգ է երկու պետությունների գոյատևման և զարգացման համար»

«Միջանձնային խնդիրներ ստեղծելը լուրջ վտանգ է երկու պետությունների գոյատևման և զարգացման համար»
21.05.2019 | 03:25

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով՝ հայաստանցի-արցախցի տարանջատումը միշտ էլ եղել է ներխմբակային կամ ներանձնական շահերից բխող երևույթ։ «Իրատեսի» հետ զրույցում նա հիշեց, որ ՀՀ առաջին նախագահի կառավարման տարիներին նույնպես այդ բաժանումն առկա էր, քանի որ Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն Արցախի հարցի շուրջ տարբեր պատկերացումներ ունեին։ Սկսած 1989-ից առաջին նախագահի դիրքորոշումը, ասում է մեր զրուցակիցը, համապատասխանում էր աշխարհաքաղաքական պատվերին, այն է՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ինչը Արցախի վերանախավը որակում էր որպես մահացու ելք։


«Կարծում եմ՝ բոլորն են հիշում առաջին նախագահի հայտնի արտահայտություններից մեկը՝ կապված «Սերգոյի լավ ապրելու հետ»։ Իսկ ո՞րն է եղել ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների տարբերությունն առաջինից, բացատրում է նա, այն է՝ պահպանել նյութական ստատուս-քվոն՝ կիրառելով ու բանեցնելով հնարավոր բոլոր հնարքները, ինչը և հաջողվել է նրանց։ Սակայն այն, որ Արցախն իր տարածքների նկատմամբ ունի ամբողջական իրավունքներ, այդպես էլ չի դարձել բանակցային գործընթացի մեխը։


«Առաջին նախագահը և նրա թիմակիցները 2017-ին մերժվեցին հենց այդ պատճառով։ Հստակեցնենք՝ 2008-ին հանրությունն ուշադրություն չէր դարձնում, թե Արցախի հարցով առաջին նախագահն ինչ թեզերով է հանդես գալիս, մինչդեռ 2017-ին ժողովրդի կողմից մերժվեց այդպիսի մոտեցումը։ Եվ երբ այսօր վարչապետի թիմում հայտնվում են անձինք, ովքեր եղել և մնում են հավատարիմ առաջին նախագահի մոտեցումներին, դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս։ Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում նոր իշխանություն է հաստատվել, բայց Արցախի խնդիրը սխալ հունից հանելու ուղղությամբ տարվող գործողությունները տեսանելի չեն։ Կարծում եմ՝ երբ վարչապետը շեշտել է, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, հետևաբար արցախահայության անունից բանակցելու մանդատ չունի, տեղին կլիներ նաև հայտարարել, որ նոր իշխանությունները պատասխանատվություն չեն կրում նախկին իշխանությունների գործողությունների համար, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքների և դրանցից բխող առաջարկությունների մասով»,- ավելացնում է առաջին ՄԻՊ-ը։


Տարիներ շարունակ Լարիսա Ալավերդյանը ՀՀ իշխանություններին կոչ է արել ճանաչել Արցախի իշխանությունների լեգիտիմությունը և Արցախի հանրապետության կայացման օրինականությունը, ինչը վերջ կդներ Արցախի խնդրի լուծման վտանգավոր և անիրականանալի սցենարների գործարկմանը, սակայն դա չի արվել։ Ըստ նրա՝ զուտ իրավական առումով նույն վտանգներն առկա են նաև այժմ։ Եվ երբ վարչապետը հղում է անում «ժողովուրդը պետք է որոշի» եզրույթին, ապա ընդգծում է, որ արցախահայությունը ամբողջ հայության հետ միասին վաղուց է որոշել իր ճակատագիրը և լի է վճռականությամբ՝ ապահովելու կյանքի իր իրավունքն ու Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։


Տիկին Ալավերդյանը շեշտում է նաև, որ նոր իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ Արցախի հիմնահարցի ու բանակցային փուլերի մասին բավարար չափով տեղեկացված չեն, ուստի ոչ համարժեք հայտարարությունների պակաս չի զգացվում. «Իշխանության ներկայացուցիչներին հորդորում եմ՝ անպայման աշխատել փորձագետների հետ։ Ի դեպ, դեռ անցած տարեվերջին վարչապետը հայտարարել էր, որ 2019-ը պետք է դառնա Արցախի ու արցախյան հիմնախնդրի մասին աշխարհին իրազեկելու տարի։ Բայց անցել են այս տարվա հինգ ամիսները, իսկ մենք այդ ուղղությամբ աշխատանք չենք տեսնում։ Առաջին հերթին պետք է աշխատենք այն հիմնավոր փաթեթի վրա, որ կարող ենք ներկայացնել աշխահին, ցույց տալով, որ ոչ թե Արցախի հարց, այլ Արցախի պատասխան կա։ Եվ այդ պատասխանին զորավիգ պետք է լինեն Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը։ Հայկական քաղաքական միտքն այժմ մշակված ու մեր շահերին համապատասխանող բառապաշար չունի, որը կարտացոլի իրական վիճակը։ Իսկ այն երկրներում, որտեղ այս հարցով շահագրգիռ կողմեր կան, նրանք Ադրբեջանի քաղաքագիտական մտայնությանն ու այդ երկրի շահին համարժեք պատկերացում ունեն։ Եթե խորքային պատկերացումներ ու համաձայնեցված մոտեցումներ չունենք, ապա անդընդհատ սադրիչ, իրար հանդեպ ոչ հարգալից բնույթի ամենատարբեր հայտարարություններ ենք լսելու»,- ցավով նշում է նա։


Անդրադառնալով «արցախցի» և «հայաստանցի» եզրույթները միմյանց հակադրելուն և տարբեր դրվագներով շրջանառության մեջ դնելուն՝ Ալավերդյանը հստակեցնում է, որ որպես մեկ ազգ մշտապես միասնական կերպով կարող ենք և պարտավոր ենք լուծել հարաբերությունների դաշտում առկա խնդիրները։ Նա նաև ընդգծում է, որ ոչ միայն որևէ մեկը բարոյական իրավունք չունի արհեստածին հակադրություններ ստեղծելու և տարածելու, այլև բոլորը, առաջին հերթին՝ պաշտոնյաները, պետք է ընկալեն՝ մեզ ներքին թշնամիներ պետք չեն. «Ես համոզված եմ, որ ցանկացած տարաձայնություն պետք է հանգուցալուծվի բազմաշերտ հանդիպումների և քննարկումների արդյունքում։ Պետք է հասկանալ, որ հասարակության շրջանում միջանձնային կամ այլ հարաբերությունների մեջ խնդիրներ ստեղծելը լուրջ վտանգ է երկու պետությունների գոյատևման և զարգացման համար»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ