Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոհեմի արքայազնը

Բոհեմի արքայազնը
07.06.2019 | 01:25

1970-ական թվականներին հրատարակվեց ամերիկացի հայտնի լրագրող Դ. ԹՈՄԱՍԻ «Ֆինանսական աշխարհի խոշոր գործարարները» հրապարակախոսական ակնարկների ժողովածուն, որտեղ ներկայացվում էին ուշագրավ փաստեր և իրադարձություններ ժամանակի ֆինանսական աշխարհի վերնախավի, մասնավորապես Ռոտշիլդների, Ռոքֆելերների, Ֆորդերի, նաև մեր հայրենակիցներ Կյուլպենկյանների կյանքից: Ստորև ներկայացնում ենք գրքում զետեղված ակնարկը վերջիններիս մասին:

Արագ փոփոխվող քաղաքական և տնտեսական իրավիճակում կարևոր ստրատեգիական բնական հարստություններ նվաճելու ուժեղագույն պետությունների ձգտումն էլ ավելի թեժացավ նավթի համար մղվող ոչ հեռավոր անցյալի իրադարձություններով: 1974 թ. գարնանը Մերձավոր Արևելքի արաբական և հյուսիս-աֆրիկյան երկրներն արևմտյան աշխարհին զգացրին իրենց ուժը՝ անհանգստություն պատճառելով նույնիսկ այնպիսի հեռավոր երկրի, ինչպիսին Ճապոնիան է: Նավթ արդյունահանող երկրները, հանդես գալով միասնական ճակատով և սպառնալով նավթի մատակարարման դադարեցումով ու նավթային ընկերությունների գույքի բռնագրավումով, պարտադրեցին արտասահմանյան կոնցեռններին՝ մեծացնելու իրենց եկամուտները անհավանական թվացող գումարով՝ 15 մլն դոլարով:
ՈՒժերի նոր դասավորությունը տագնապ առաջացրեց Անգլիայում: Միայն մոտակա 10 տարում նավթի համաշխարհային պահանջարկը կգերազանցի մինչև այժմ արդյունահանած նավթի քանակությունը, հաշված այն պահից, երբ ավելի քան 100 տարի առաջ բացվել էր նավթի առաջին խոշոր հանքավայրը Տիտուսում (Փենսիլվանիայի նահանգ):


Վերջին տարիներին արևմտյան երկրները ուժեղացրին նավթի որոնումները Ալյասկայում և Կանադայի արկտիկական շրջաններում, օպերացիաներ էին անցկացնում Հյուսիսային ծովում, որտեղի հորատային սարքավորումներն ունակ են հորատելու հինգհարյուրֆուտանոց լայնությամբ ծովային ջրերի միջով և դիմանալու վաթսուն ֆուտ բարձրությամբ ալիքների ճնշմանը, ընթանում են համապատասխան հանքավայրերի հետախուզումներ: Մշտապես միջոցների հոսքի անհրաժեշտություն ունեցող նավթային արդյունաբերության մեջ կապիտալ է ներդրվում շատ կազմակերպությունների միջոցով, այդ թվում նաև հարուստ ներդրողներին հրապուրող հարկային զեղչերից օգտվող ֆոնդերի: Գոյատևում էին այն ֆոնդերը, որոնք կապված էին ֆիրմա-աութսայդերների հետ, իսկ վերջերս դրան հակվեց նաև մի խոշոր նավթային ընկերություն: Խոսքը «Կոնտինենտալ օյլ»-ի մասին է, որը, գործելով «Մորգան Ստենլի ընդ քոմփընի»-ի հետ համատեղ, ստեղծեց հիմնադրամ՝ սահմանափակ գործընկերության վաճառքի իրավունքով 15 մլն դոլար ներդնելու համար:


Նավթ արտադրող արաբական երկրների ոչ վաղ անցյալի հաղթանակը ստիպեց արևմտյան երկրներին ակտիվորեն որոնել հումքի նոր աղբյուրներ: Ներկայիս իրավիճակը կտրուկ տարբերվում է վաղուց անցած այն ժամանակներից, երբ բրիտանական նավատորմն իրապես իշխում էր ծովերում, իսկ տարբեր շեյխեր և փաշաներ շտապում էին ընդառաջ գնալ արտասահմանյան նավթային ընկերություններին, որոնք, համաձայնություն պահանջելով, ոչ երկիմաստորեն սպառնում էին զենքով:


Նավթային մագնատների բացառիկ հարուստ ընտանիքներից մեկը, որի հարստությունը կուտակվել էր Մերձավոր Արևելքի նավթի հետախուզման լավագույն տարիներին, և որը այդ ժամանակներից ի վեր 20-րդ դարի որոշակի հատվածում նյութեր էր մատակարարում թերթերի գլխագրերին իր ֆինանսական և հասարակական խարդավանքներով, հայր և որդի Կյուլպենկյաններն են: Ավագ Կյուլպենկյանը հիմք դրեց ընտանիքի հարստությանը դեռևս 1914 թ.՝ հաջողելով իրականացնել պատմության մեջ նավթային ամենախոշոր գործարքներից մեկը՝ նպաստել պայմանագրի ստորագրմանը «Անգլո-փերշըն քոմփընի»-ի և «Ռոյալ դաթչ Շելլի» միջև: Կյուլպենկյանը, որպես միջնորդ, այդ գործարքից կոմիսիոնների տեսքով ստացավ 5 % Մերձավոր Արևելքում արդյունահանվող վառելիքի յուրաքանչյուր տոննայից:
Գալուստ Կյուլպենկյան, ազգությամբ հայ, ծնվել է Բոսֆորի ափին՝ Սկյութարում: Յոթ տարեկան էր, երբ հայրը նրան մի թղթադրամ տվեց և պատվիրեց փոխանակել հին մետաղադրամի հետ: Փոխարենը տղան տուն բերեց շատ քաղցրավենիք: Հայրը նախատեց նրան. «Եթե դու այդպես ծախսես փողը, ապա կյանքդ կավարտես ցանկապատերի տակ»: Գալուստը երբեք չմոռացավ հոր այդ արտահայտությունը: Նա դրան հետևեց մինչև 79 տարեկանում իր մահկանացուն կնքելը: Այդ ժամանակ նա արդեն ուներ 1 մլրդ դոլար:
Կյուլպենկյանը սերում էր Օտոմանյան Թուրքիայում առևտրի միջոցով իր կապիտալը կուտակած բանկիրների հարուստ ընտանիքից: Ընտանիքը սերտ կապեր ուներ սուլթանական արքունիքի հետ, և Գալուստը գլուխը պահելու հմտությունների անգնահատելի մարզումներ էր անցել դեռևս երիտասարդ տարիքում: Ոչ մի գործարք գլուխ չէր գալիս առանց կաշառքի, որը կոչվում էր «բաքշիշ»: Սխալները չէին ներվում, իսկ պատիժները դաժան էին:


Գալուստը նավթով զբաղվեց պատահական հանգամանքների բերումով: 20-րդ դարասկզբին, քաղաքական գերիշխանության պայքարում, Անգլիան և Գերմանիան համառորեն որոնում էին ռազմական տեխնիկայի համար անհրաժեշտ նավթի նոր հանքավայրեր: Գերմանիայի կառավարությունը ստացել էր երկրաբանների հաղորդումը, որ այն ժամանակվա Թուրքիայի տարածքում կան թանկարժեք հանքավայրերի հայտնաբերման մեծ հեռանկարներ: Կանցլերը գործում էր խորամանկորեն: Նա որոշեց կառուցել երկաթգիծ Բեռլինից մինչև Բաղդադ և երկաթուղային «Դոյչե բանկի» վերահսկողության տակ գտնվող քույր ընկերության միջոցով սեփականացնել ոչ միայն այդ տարածքի նկատմամբ իրավունքները, որով պետք է անցներ երկաթգիծը, այլև երկաթուղային ճանապարհի յուրաքանչյուր կողմի օգտակար հանածոների քսանկիլոմետրանոց հատվածի կոնցեսիան:


Սակայն Թուրքիայի կառավարությունը, հասկանալով Գերմանիայի նպատակները, որոշեց անցկացնել սեփական երկրաբանա-հետախուզական հետազոտությունները: Նա չէր կարող դա վստահել օտարերկրացուն և այդ պատճառով դիմեց իր հպատակներից մեկին՝ Կյուլպենկյանին, որը դրանից ոչ շատ առաջ այցելել էր Ռուսաստանի նավթահանքերը և իր դիտարկումների մասին մի քանի աղմկահարույց հոդվածներ գրել: Կյուլպենկյանը կատարում է սուլթանի հանձնարարությունները՝ պատրաստելով Միջագետքում նավթի առկայության հավանականությունը հաստատող զեկուցում: Դրա արդյունքում թուրքական կառավարությունը մերժեց օգտակար հանածոների որոնման կոնցեսիայի տրամադրումը Գերմանիային:


Այդ ժամանակից Կյուլպենկյանը խորապես ներքաշվեց կոնցեսիաների նվաճման եվրոպական մեծ տերությունների խորամանկությունների մեջ և դարձավ ամբողջ աշխարհում գործարքների պահանջված միջնորդ: Նա բավականաչափ ազդեցիկ և առեղծվածային անձնավորություն էր: Նա ոչինչ չուներ, բացի ճկուն վերլուծական մտքից և, ինչպես հասկացնում էին տեղյակ մարդիկ, գաղտնի տեղեկություններից, որոնք հանրայնացվելու դեպքում կարող էին վարկաբեկել կառավարությունների և առանձին բարձրաստիճան անձանց: Դա նրան ազդեցություն գործելու հսկայական հնարավորություն էր տալիս:
Կյուլպենկյանն իր խոշորագույն օպերացիան ի կատար ածեց անմիջապես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Միջազգային հարաբերություններն արագորեն սրվում էին այն աստիճանի, որ Գերմանիայի և Անգլիայի հակասությունը տանում էր ռազմական առճակատման: 1911 թ. նավատորմիղի Առաջին լորդ նշանակված ՈՒինսթոն Չերչիլն անհաշտ պայքար էր մղում իր հակառակորդների դեմ՝ անգլիական նավատորմի ռազմական հզորությունը բարձրացնելու նպատակով: Չերչիլն արտահայտվում էր գծանավերի նավատորմի շինարարության օգտին, որոնք իրենց արագությամբ կգերազանցեին բոլոր գերմանական նավերին, և ոչ ավանդական շոգեսարքավորումների, որոնք աշխատում էին ածուխով, այլ նորերի, որոնք աշխատում էին նավթի «հրաշագործ» էներգիայով: Սակայն քաղաքական թևի ազդեցիկ գործիչները համոզված էին, որ ազգային անվտանգության տեսակետից ավելի շահեկան է, ինչպես առաջ, հիմնվել իրենց տանը արդյունահանվող քարածխի, քան նավթի վրա, որը ստիպված էին ստանալու օտարերկրյա ներկրումներից:
Չերչիլը, անհանգստանալով նաև նավթի օտարերկրյա աղբյուրներից Անգլիայի կախվածությունից, որոշեց ստեղծել նավթային կոնցեսիաների ստացման անգլիական ընկերություններ այնտեղ, որտեղ մեծ էր անգլիացիների ազդեցությունը: Նրա հանձնարարությամբ անգլիական կառավարության ֆինանսական մասնակցությամբ ստեղծվեց ճանապարհները վերահսկող «Անգլո-փերշըն-քոմփընի» ընկերությունը:

Ընկերությունն անմիջապես ձեռնամուխ եղավ թուրքական կառավարությունից կոնցեսիաների ստացման ակտիվ գործողություններին: Կոնցեսիաների համար պայքարին մասնակցում էին նաև այլ ուժեր, և թուրքերը մեծագույն հաճույքով առճակատման էին տանում միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված թեկնածուներին:
Գալուստ Կյուլպենկյանը հանձն առավ մրցակցող կողմերի միջև համաձայնության միջնորդի դերը, որից ցանկանում էր պատկառելի խաղագումար ստանալ: Տեղի ունեցան բարդ բանակցություններ, որոնց մասնակիցները պայմանավորվեցին ստեղծել կոնսորցիում, որտեղ կներկայացվեն ինչպես «Անգլո-փերշըն քոմփընի»-ի, այնպես էլ մրցակից անգլո-հոլանդական «Ռոյալ դաթչ Շելլ» խմբի հետաքրքրությունները: Կոնսորցիումի նպատակը Մերձավոր Արևելքում խոշոր նավթային հանքավայրերի մշակումն էր: Կոնսորցիումը որոշեց, որ Կյուլպենկյանը, որպես համաձայնության հասնելու ջանքերի կոմիսիոն, պետք է ցմահ ստանա մեկական շիլլինգ արդյունահանված յուրաքանչյուր տոննա նավթի դիմաց: Սակայն Կյուլպենկյանը, չափազանց զգուշավոր մարդ լինելով, չհամաձայնեց, պատճառաբանելով, որ չի ցանկանում վարձատրվել անգլիական արտարժույթով, քանի որ հնարավոր գնանկման արդյունքում չկան երաշխիքներ, որ չի արժեզրկվի ֆունտ ստեռլինգը: Հարցը բազմակողմանի էր քննարկվում, և Գալուստը ի վերջո առաջարկեց, որ իրեն վճարեն ուղղակի նավթով, որը նա կարող էր իրացնել ըստ իր հայեցողության:


Արդյունքում Կյուլպենկյանը ցմահ ստացավ 2,5 % «Ռոյալ դաթչ Շելլից» կամ Մերձավոր Արևելքում այդ կոնսորցիումի արտահանած ամբողջ նավթի 5 %-ը: Կյուլպենկյանին «Պարոն 5 %» կեղծանուն պարգևած այդ գործարքը դարձավ, հավանաբար, աշխարհին հայտնի բոլոր գործնական օպերացիաներից ամենաշահավետը:
Ավագ Կյուլպենկյանը տարօրինակ անձնավորություն էր: Երիտասարդ տարիները, որոնք անցել էին թուրքական արքունիքի խարդավանքների բովում, նրա մեջ չանհետացող հետք էին թողել: Իր հարստության կիզակետին նա Փարիզում կառուցեց 50 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն: Այն շրջապատված էր երեսունֆուտանոց պատով, որը լրացնում էին պահապան շների ոհմակը, ազդանշանային համակարգը, թիկնազորի մի ամբողջ ջոկատ:
Նա ոչ մեկին չէր վստահում, նույնիսկ իր ընտանիքի անդամներին: Տունը լեցուն էր գաղտնի գործակալներով, որոնք լրտեսում էին նրա կնոջն ու երեխաներին և տեղեկացնում, թե նրանցից յուրաքանչյուրն ինչով է զբաղվում իր բացակայության ժամանակ: Արևելյան լավագույն ավանդույթներին հավատարիմ բռնակալն իր համար պատվիրում էր գաստրոնոմիական եզակի ուտեստներ և դրանք կլանում էր իր ընտանիքի ու հրավիրվածների աչքի առաջ:
(շարունակելի)


Ռուսերենից թարգմանեց և հրապարակման պատրաստեց
Վալյա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ