Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. 2019-ի Հայաստանը պետք է ունենա 2019-ի Սահմանադրական դատարան

Նիկոլ Փաշինյան. 2019-ի Հայաստանը պետք է ունենա 2019-ի Սահմանադրական դատարան
18.07.2019 | 11:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:


- Ձեր առաջին ընտրություններից հետո անցել է ավելի քան 1 տարի 2 ամիս: Շուրջ 14 ամիս Դուք նաև երկրորդ անգամ ընտրվեցիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 9-ին: Եվ այս 14 ամիսների ընթացքում եթե առանձնացնեիք ո՞րն է Ձեր ամենամեծ, ամենակարևոր ձեռքբերումը:
- Կարծում եմ՝ իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետև իմ ընկալմամբ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018-ին Հայաստանում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը:
Մայիսի 8-ին ես հանդես եկա ասուլիսով, որտեղ ներկայացրի 100 փաստ Նոր Հայաստանի մասին, որտեղ կան տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ: Այդ ամեն ինչը հիմա կրկնելու, կարծես, պատեհություն չկա, դա հրապարակված է: Ամենամեծը և ամենակարևորը, ֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում և ի վերջո՝ քաղաքացու ինքնազգացողությունը, որ ինքն է ձևավորում Հայաստանում իշխանություն: Եվ գիտեք՝ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում ՏԻՄ և ընդհանրապես ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն իշխանությունը, հեղափոխական թիմը, այլև ընդդիմությունը: Եվ մենք շնորհավորել ենք անկախ նրանից՝ համաձայն ենք ընտրության արդյունքների քաղաքական բովանդակության հետ, թե ոչ: Մենք հարգանքով ենք վերաբերվել և դա համարում ենք ամենամեծ առաքելությունը, որ ՀՀ քաղաքացին իրեն զգա իրավատեր: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք, հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության և մնացած բոլոր հարթություններում տեղի ունենա:
- Պարոն վարչապետ, վերջին հասարակական հարցումների համաձայն, փաստորեն, «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, եթե այդ ընտրությունները անցկացվեին հիմա: Սա բավական մեծ թիվ է և կարող ենք ասել՝ մեծ առավելություն մյուս ուժերի նկատմամբ, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այս ցուցանիշը 10 տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված նման մի հարցման արդյունքները: Հիմա ինչպե՞ս կբացատրեք սա, ի՞նչ է տեղի ունեցել:
- Չգիտեմ ինչ հարցում նկատի ունեք՝ Դուք 70 տոկոս ասելով նկատի ունեք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մեր հավաքած ցուցանիշը․․․
- Հենց նույն հարցման մասին է խոսքը:
- Ճիշտն ասած ոչ բոլոր հարցումներին եմ ծանոթ: Ես կարող եմ ասել հետևյալը․ գիտեք, որ կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացնում և խորհրդարանական ընտրություններից առաջ ինձ բերած վերջին հարցումը կանխատեսում էր «Իմ քայլը» դաշինքին 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում մենք ստացանք 70 տոկոս ձայն: Ի՞նչ բացատրություն սա ունի․ որովհետև հարցմանը մասնակցում է ռեսպոնդենտների 100 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցում է ընտրողների ոչ 100 տոկոսը: Եվ ինձ համար մեր հարցումներով, որոնցից այս ընթացքում ես միշտ օգտվում եմ, դա որոշակի մեխանիզմներով է արվում, այդ հարցումներում մենք այդպիսի տատանումներ չենք արձանագրել:
- Պարոն վարչապետ, Ձեզ քննադատում են վատ կառավարման համար: Ես կրկին վկայաբերեմ այս նույն հարցումը՝ սա Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումն է, իրականում նրանց կողմից հանձնարարված հարցում է: Եվ կարծիք կա, նաև ընդդիմության շրջանում, որ վատ կառավարում է, կառավարման որակը բարձր չէ, մասնավորապես՝ թիրախավորվում է կադրային քաղաքականությունը: Հարցվածների 22 տոկոսն ասում է՝ bad management (վատ կառավարում): Դա է ամենամեծ բացթողումը կառավարության: Պետք է, իհարկե, նշել, որ 27 տոկոսն էլ ասում է՝ ոչ մի ձախողում էլ չկա: Իսկ Ձեր գրասենյակը՝ վարչապետի գրասենյակը, շատ բարձր վարկանիշ ունի՝ 70 տոկոսը հարցվածների ասում է, որ շատ լավ են աշխատում: Բայց ի՞նչ է սա նշանակում: Կարծիք կա, որ Ձեր կաբինետը անփորձ է և ամեն ինչ Ձեր ուսերի վրա է: Այս թվերը կարող են այդ մասին վկայել: Ի՞նչ կարող եք ասել:
- Եկեք ես հարցի բուն բովանդակությանը պատասխանեմ: Կա՞ այսօր Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում: Իհարկե՝ կա: Ի՞նչ կապ ունի դրա հետ այսպես ասած՝ նոր, երիտասարդ թիմը: Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը: Դա 1-2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է և 98 տոկոս կառավարման էն համակարգը, որ մենք ունեցել ենք նաև իշխանափոխությունից առաջ: Բայց այստեղ պրոբլեմը ոչ այնքան, ոչ միայն, որոշ դեպքերում, մարդկային է, որովհետև էս կառավարման համակարգը ի վերջո գոյություն է ունեցել շատ երկար տարիներ, այլև համակարգային: Որովհետև, տեսեք, մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք ասում ենք, որ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզանից քչերն են նկատում, որ կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է: Որովհետև, որպես պետական պաշտոնյա, ես պետք է ընտրություն կատարեմ, թե ինչ ընթացք տամ այս մի բաժակ ջրի հետ կապված հարցին կամ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը: Երբ որ կա կոռուպցիոն համակարգ, խնդիրը պարզ է՝ ով շատ տվեց, նրան էլ տալիս ենք էս ջուրը: Իսկ երբ չկան կոռումպացված համակարգեր և կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվում է շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այլ կառույցների համար, բայց իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել:
Եվ հիմա, երբ որ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այդ օրենքը ցույց տալու համար է: Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան:
Էսօր մենք ունենք իրավիճակներ, երբ կան դեպքեր, երբ կառավարման համակարգում կոնկրետ ընթացք չի տրվում հարցերին նաև տրամաբանությամբ, որովհետև շատ մարդիկ սովոր են կոռուպցիայով աշխատել: Երբ չկա այդ համակարգը, նրանք ուղղակի չեն հասկանում՝ բա ո՞նց աշխատել, ի՞նչ սկզբունքով աշխատել:
Կա նաև հակառակը՝ երբ կան մարդիկ, ովքեր ունեն բավարար կամք՝ կայացնել որոշումներ, նրանք էլ շատ դեպքերում որոշում չեն կայացնում, ասում են՝ բա որ էս որոշումը կայացնենք, ասեն՝ ըհը, ստեղ մի բան կա, բա էս ընչի՞ ես որոշել, էս շինարարության թույլտվությունը որ տվեցիր, էս ինչի՞ տվեցիր էս շինարարության թույլտվությունը կամ էս կարգի այլ բաներ: Եվ էս իրավիճակները էսօր մեր ամենամեծ մարտահրավերն են: Կա՞ այսօր Հայաստանում վատ կառավարում՝ այո՛, կա: Բայց այդ վատ կառավարումը՝ ասում են կադրային քաղաքականությունը․․․ ասեմ Ձեզ, որ ընդհանրապես մեր քաղաքական թիմը այն քաղաքական թիմն է, որը ապահովել է Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմը ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու: Բայց որ մենք ունենք վատ կառավարման պրոբլեմ՝ իհարկե այդպես է, բայց դա առաջին հերթին մեր օրակարգի խնդիրն է և մենք անընդհատ աշխատում ենք դրա վրա:
- Որոշ քննադատություն հնչում է նաև խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի հասցեին: Այնտեղ նույնպես պատգամավորներ կան, որոնք․․. ասում են՝ Դուք եք ընտրվել խորհրդարան, ոչ թե նրանք, դա Ձեր վարկանիշն է, Ձեր տոկոսն է: Ի՞նչ կարող եք ասել:
- Ընտրվել է «Իմ քայլը» դաշինքը, ես եղել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: Բայց գիտեք, ինձ երբեմն շատ հետաքրքիր է թվում, որ ասում են՝ ա՛յ, փորձառու կադրեր, փորձառու կադրեր․․․ կներեք՝ էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանի Հանրապետությունը հասցրել էն վիճակին: Եկեք տեսնենք՝ ինչքան փորձառու կադրեր կային: Ինչի՞ մեջ փորձառու: Էն, ինչ մենք ուզում ենք անել, ես մի քանի անգամ ասել եմ, էն ինչ մենք ուզում ենք անենք, մեզնից առաջ էլ բազմաթիվ փորձառու հեղափոխականներ էդպես էլ չկարողացան հեղափոխություն անել, չէ՞: Բայց էդ երիտասարդ թիմը՝ չնայած ասեմ՝ ես էդ երիտասարդ բառը նույնպես չեմ ընդունում, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել ԱԺ պատգամավոր, նախարար և այլն․․․ Այսինքն՝ մենք պետք է նայենք Սահմանադրությամբ։
Քաղաքական երիտասարդությունը դա ուրիշ կատեգորիա է: Այսինքն, մեզնից առաջ տեսեք թե ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել կամ քաղաքական թիմեր են եղել, որոնք փորձել են Հայաստանում իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել անել: Հիմա՝ երիտասարդների թիմը արել ա էն, ինչ որ արել ա և պիտի անի էն, որը մենք կոչում ենք տնտեսական հեղափոխություն:
Էդ չի նշանակում, որ մենք բոլորս անթերի ենք՝ ինձնից սկսած, վերջացրած բոլորով: Ես չեմ ընդունում նաև քաղաքական գործիչների իդեալականացման փորձերը: Բոլորս էլ ունենք թերություններ, բոլորս սխալական ենք: Այստեղ խնդիրը էնա՝ մենք մեր գաղափարին նվիրված ենք, թե նվիրված չենք: Մենք պատկերացում ունե՞նք ինչ ենք անում էսօր և ինչ պետք է անենք վաղը:
- Այսինքն, Դուք գո՞հ եք Ձեր թիմից և գործընկերներից Ազգային ժողովում:
- Ես ինքս ինձնից գոհ չեմ: Եթե ես ինքս ինձնից գոհ չեմ, ես ուրիշ որևէ մեկից չեմ կարող լինել գոհ: Ընդհանրապես, նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են տարբեր առիթներով, նրանք գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա ինչ֊որ առումով վատ ա, որովհետև երբեմն դեմոտիվացնում ա մարդկանց: Հիմա ես փորձում եմ դա հաղթահարել և երբեմն արտահայտել իմ գոհունակությունը մեր կոնկրետ գործընկերների որոշ գործողությունների կապակցությամբ, բայց ես ընդհանուր առմամբ ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք՝ երբեք գոհ չեմ լինի:
- Հիմա դառնանք Վահե Գրիգորյանի և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Սա թերևս ամենակարևոր հարցերից մեկն է, շատերը խուսափում են մեկնաբանելուց: Եկել է մի պահ, որ Ձեզնից և մյուսներից պետք է լսենք մեկնաբանություն, քանի որ Վահե Գրիգորյանը նամակ է ուղարկել նաև Ձեզ, նաև կառավարությանը և դատարանակազմ մյուս մարմիններին: Ի վերջո՝ Դուք ճգնաժամ տեսնում եք, թե չէ: Այ՝ հիմա Վենետիկի հանձնաժողովի ինչ-որ անդամներ (մենք, իհարկե, այդպես էլ վստահ չենք ով է դա, Վենետիկի հանձնաժողովի անդամներ են, թե ոչ), ինչ-որ անդամներ վերապահումներ ունեն անդամ – դատավոր եզրույթի վերաբերյալ: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
- Ես Ձեզ պիտի անկեղծ ասեմ, որ Վահե Գրիգորյանի նամակը ինձ ուղղակի ցնցեց: Ինչո՞ւ ցնցեց, որովհետև ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018-ին՝ այդ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս, կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով, գուցե մասնագիտական ինչ֊որ գիտելիքների կամ նրբությունների չիմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Երբ 2015-ի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էր, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է: Այո՛, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինակները, ըստ էության, իրենք պնդում էին, կամ այդպես է երևում տեքստից, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած՝ իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասխանի մեր էսօրվա կարիքներին: Որովհետև եկեք չմոռանանք, որ ՍԴ-ն ի վերջո Ձեզ հայտնի հանգամանքների բերումով ՀՀ-ում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետև էդ ՍԴ-ն ի վերջո վավերացրել է՝ 96-ից սկսած, բոլոր ընտրակեղծիքները և ըստ էության՝ կա վստահության ճգնաժամ նաև ՍԴ-ի նկատմամբ և Սահմանադրության տեքստի հեղինակներն ասում էին, որ՝ ահա, էսա՝ ժողովուրդ ջան, նոր Սահմանադրությունը և ՍԴ-ն պետք է լինի այսպիսին: Ինչիպիսի՞ն: ՍԴ դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ կամ մինչև 65 տարին, այլ 12 տարով: Երկրորդը՝ ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով: Այսինքն, ամեն 6 տարին մեկ պետք է տեղի ունենա ՍԴ նախագահի փոփոխություն:
Եվ ունե՞նք մենք այսօր այնպիսի ՍԴ, որը համապատասխանի մեր այսօրվա գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին: Այսինքն, ունե՞նք մենք այն ՍԴ-ն այսօր, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ։ Մենք չունենք էդ ՍԴ-ն: Ինչո՞ւ չունենք: Որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց՝ ինչպես հետագայում պիտի պարզվեր, ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը․ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Ինքը նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ, որից հետո այս նոր Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ և մենք պետք է ունենայինք նոր կառուցված ՍԴ, հրաժարական տվեց և նրա փոխարեն նախագահ առաջադրվեց և ընտրվեց ԱԺ կողմից ՍԴ անդամ և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ մեր նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ինքը՝ ՍԴ-ն: Եվ որ ավելի կարևոր է՝ քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ՝ այ, ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում են 2005-ի կարգավորումները: Այսինքն սա ի՞նչ է նշանակում՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ, ըստ էության, ցմահ են ընտրվում կամ մինչև 65 տարին: Եվ նույնը վերաբերում է նաև ՍԴ նախագահին: Եվ այստեղ ի՞նչ ա ստացվում որ մենք ունենում ենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ, բայց այդպիսի դատարան մենք չենք կարող ունենալ մինչև առնվազն 2035-ը, որովհետև, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը այնպես է գրել էդ տեքստը՝ բնականաբար Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035-ը մնա ՍԴ նախագահ, չնայած մեր Սահմանադրությունը արդեն նախատեսել է, որ էդպիսին չի մեր ուզած ՍԴ-ն: Սահմանադրի կամքը ուրիշ է, որ՝ մեզ պետք ա էսպիսի ՍԴ: Եվ ստացվում ա, որ մենք Սահմանադրության էն դրույթը, որը ունենք ՍԴ-ի վերաբերյալ, չենք կարող կիրառել մինչև 2035-ը, որովհետև Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ սեփականաշնորհել է ՍԴ-ն էնպես, ինչպես կարելի է մի հատ նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել: Եվ մենք էսօր ունենք իրողություն, որ ունենք 2019-ի Հայաստան, բառիս թե՛ բուն, թե՛ փոխաբերական, թե՛ սահմանադրական իմաստով, թե՛ հեղափոխության իմաստով, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995-ի ՍԴ: Ահա՝ տեղի ա ունեցել ՍԴ-ի էսպիսի սեփականաշնորհում: Եվ էսօր նույնիսկ ՍԴ-ն զրկված է ինքն իր համար նախագահ ընտրելու իրավունքից մինչև 2035-ը՝ չնայած Սահմանադրության մեջ հստակ գրած է, որ ՍԴ նախագահը ընտրվում է դատարանի կազմից: ՍԴ մյուս անդամները զրկված են ՍԴ նախագահի կարգավիճակին 6 տարի հետո հավակնելու՝ իրենց սահմանադրական իրավունքից, չնայած ասվում ա՝ 6 տարի հետո էս պահին գործող նախագահը այլևս ՍԴ նախագահ չի: Նշանակում ա՝ մյուսները կարող են ընտրվել:
Հաջորդը՝ եթե մենք էս տրամաբանությամբ նայենք, հետևաբար ՍԴ-ի վերաբերյալ էդ գլուխը երբեք էլ ուժի մեջ չի մտնի: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի պատմության դինամիկան ցույց է տալիս, որ ամեն 10 տարին մեկ Հայաստանում տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ: Եթե էս տրամաբանությամբ գնանք և նույն տրամաբանությամբ, ասենք, 10 տարի հետո սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան 2025-ին կամ 30-ին, կստացվի, որ մեր երազանքների ՍԴ-ն, որ Վարդան Պողոսյանը, Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը և Գագիկ Հարությունյանը նկարագրել են և էդ մոդելով համոզել են մեր քաղաքացիներին, էդ ՍԴ-ն մենք երբեք չենք ունենալու: Եվ, ընդհանրապես, եկեք նայենք ՍԴ երևույթին: Տեսեք՝ էս կարգավորումներով նախատեսվում ա, որ ՍԴ-ում մարդիկ ցմահ կարող են պաշտոնավարել, չնայած նոր Սահմանադրությամբ, հիշեցնում եմ, 12 տարի է, որը տրամասբանական ա, ճիշտ ա: Հանրությունը տիրապետո՞ւմ ա ինֆորմացիային՝ էդ 20 տարվա ընթացքում էդ ՍԴ անդամների հետ ինչ ա տեղի ունենում: Որովհետև նույնիսկ առաջին ատյանի դատավորը, վերաքննիչ դատարանի դատավորը անընդհատ հրապարակային գործունեության մեջ են, անընդհատ տարբեր գործերով՝ ուղիղ դատական նիստեր և այլն․․․ ՍԴ-ի դեպքում էս մարդիկ 20 տարի հիմնականում գրավոր ընթացակարգերով, հանրությանը չհետաքրքրող և հանրությանը չառնչվող նիստերով ինչ-որ գործունեություն են ծավալում: Հանրությունը իրավունք ունի՞ իմանալ՝ իրա ՍԴ դատավորի կամ անդամի հետ ինչ ա տեղի ունեցել էս ողջ ընթացքում:
- Հիմա ստացվում է այնպես, որ հենց այս դատարանը, որի մասին Դուք ասում եք, կարող է նաև ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի վրա:
Փաշինյան․ - Ես մի ուրիշ նյուանս էլ եմ ուզում ավելացնել․ Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածով ասում ա, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման և պետական մարմինների միջոցով: Այսինքն, Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որտեղից և ինչպես է բխում այս ՍԴ գործող նախագահի իշխանությունը: Ի՞նչ կապ ունի նրա իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ:
- Միայն եթե դատարանի դատավորը կամ անդամը ընտրված է խորհրդարանի կողմից:
- Մի խորհրդարանի, որը ընտրվել է ընտրակաշառքների միջոցով և որի խորհրդարանական մեծամասնությունը Հայաստանի պատմության ազատ, արդար, միջազգայնորեն ժողովրդավարական ճանաչված ընտրությունների ժամանակ չի հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը: Սրանով ամեն ինչ ասված է:
- Հիմա այդ սահմանադրի կամքը, որի մասին խոսում է նաև Վահե Գրիգորյանը, ինչպե՞ս պետք է իրականացվի: Սահմանադրական բարեփոխումներ նախատեսվո՞ւմ են, թե ոչ:
- Ինձ համար միանշանակ է, որ 2019-ի Հայաստանը պետք է ունենա 2019-ի ՍԴ, սա է քաղաքական խնդիրը և որևէ մեկը չկասկածի, որ էս խնդիրը պետք ա լուծվի: Ես հիմա կարող եմ նաև ընդունել, որ այս՝ ոչ այնքան հարմար վիճակում ՍԴ շատ անդամներ հայտնվել են ակամա՝ այ այդ օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, որոնց նպատակը հենց իրենք չեն եղել: Բայց այստեղ մանիպուլյացիայի հեղինակները շատ պարզ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան և ՀՀԿ խորհրդարանական մեծամասնություն, ի հեճուկս Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանության: Այսինքն, սահմանադիր պետական այրը, իմանալով, որ 20 օր հետո երկրում գործելու է բոլորովին ուրիշ սահմանադրական կառուցակարգ, պետք ա գործի բոլորովին ուրիշ ՍԴ, և Սահմանադրության այն տեքստը, որը իրենք միջազգային հանրությանը, ներքին հանրությանը համոզել են, որ սա է մեր նոր ժամանակների կառավարման համակարգը, արագ դասավորել են՝ Գագիկ Հարությունյանին ասել են՝ էս քեզ ԲԴԽ-ի պաշտոնը, մեկա՝ 6 ամսից ես գնալու: Եվ Հրայր Թովմասյանը պարզ Սերժ Սարգսյանն ասել ա՝ շեֆ ջան, քեզ ցմահ սարքում ենք Հայաստանի վարչապետ, մեզ էլ ինչ կտաս՝ կտաս: Բա խնդիր ունե՞ս դու: Որ ես ցմահ Հայաստանի վարչապետաչգիտեմինչն եմ, ուրեմն դու էլ կլինես ցմահ ՍԴ նախագահ, բա մեր մեջ ըտենց հարցեր կա՞ն ընդհանրապես: Պատկերացնո՞ւմ եք՝ էդ մարդը պետք ա որոշի Հայաստանի սահմանադրական ապագան: Որ մի հատ բուդկայի նման սեփականաշնորհել ա ՍԴ-ն: Սա իմ քաղաքական գնահատականն ա․ չի կարող ՍԴ-ն այս սեփականաշնորհված բուդկայի կարգավիճակից պետք ա դուրս գա:

Դիտվել է՝ 4566

Մեկնաբանություններ