Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկական ֆուտբոլի արշալույսին սպասելով

Հայկական ֆուտբոլի արշալույսին սպասելով
01.08.2019 | 12:05

Ավարտվեց ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, ավարտվեց Իսպանիայի ընտրանու փայլուն հաղթանակով։ Եզրափակչում նրա մրցակիցն աշխարհամասի գործող չեմպիոնն էր՝ Պորտուգալիայի հավաքականը, որը, չնայած ուժեղ կազմին (անհատական որակներով գուցեև մրցակիցներից էլ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ ունեցող), չկարողացավ լրջորեն դիմակայել անհատականի կողքին փայլուն թիմային խաղ ցուցադրող իսպանացիներին, որոնք չորս տարվա ընդմիջումից հետո վերադարձրին ուժեղագույնի կոչումը՝ պատմության մեջ դառնալով տարիքային այս խմբում խաղարկվող առաջնությունների ամենատիտղոսավոր ընտրանին՝ ոսկե բարձունքին հասնելով ութերորդ անգամ։ Մեկ այլ բարձունք էլ են հաղթահարել իսպանացիները՝ երկու անգամ անընդմեջ նվաճել են չեմպիոնություն, սակայն սա զուտ վիճակագրության սիրահարների համար։

Եվրոպայի այս առաջնությունն անցկացնելու պատիվը վերապահված էր Հայաստանին, իսկ այդ պատիվը, ինչպես գիտենք, մեկ այլ պատվի էլ է արժանացնում՝ մեխանիկորեն դարձնելով առաջնության մասնակից երկիր։ Մեր հավաքականի մասնակցությունն այս առաջնությանը հարկ եղածից էլ մանրամասն ենք ներկայացրել, ուստի չմանրանանք, մանավանդ որ հպարտանալու բան էլ չկա։ Սակայն սա չի նշանակում էջը ծալել ու մի կողմ դնել։ Հարկավ կարելի է այդպես էլ վարվել, եթե մենք մեր ֆուտբոլի ճակատագրով հետաքրքրված չենք։ Փառք Աստծո, նման բան չի ուրվագծվում, եթե չասենք լրիվ հակառակը։ Ուրեմն՝ չպիտի վախենալ անցյալի հետ առերեսվելուց, դրանից դասեր քաղելուց, սխալները համակարգելուց ու քայլ առ քայլ լուծումների անցնելուց։ Այս առումով մեզ համար դասագրքային արժեք կարող են ունենալ առաջնության նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիայի դիտարկումները, որն իր թիմի հաջողությունը պայմանավորում է ծավալած հետևողական աշխատանքով։ Ոչ թե պարզապես լսենք, այլ հասկանալով լսենք, թե նա ինչ է ասում ու որքան հնարավոր է, փորձենք դասեր քաղել.
«Ամբողջ մրցաշարի ընթացքում հետևողականորեն վերլուծում էինք մեր խաղը և փորձում էինք բարելավել այն։ Նույնն արել ենք Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո։ Բարելավման ենթակա գծերից մեկը հարձակվողների խաղն էր. ցանկանում էինք նրանց ավելի շատ ներգրավել խաղի մեջ, իսկ պաշտպանությունում ձգտում էինք ավելի համախմբված աշխատել։ Որպես փաստ կարող եմ ասել, որ եզրափակչում մեր խաղը բարելավված էր։ Տղաներն ամբողջ մրցաշարի ընթացքում առաջընթաց գրանցեցին»։


Սակայն մեզ համար առանձնակի կարևորություն է ստանում Սանտի Դենիայի մեկ այլ դիտարկում, որն անմիջականորեն առնչվում է հայկական ֆուտբոլին, քանզի նրա հիշատակած անձնավորությունը ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, որը եզրափակչից առաջ իր խորհուրդներով մեծապես օգնել է նրան.
«Խինեսը շատ լավ գիտի մեր խաղացողներին և ինձ։ Ես ևս նրա աշակերտը և ֆուտբոլիստն եմ եղել։ Նա իր աշխատանքով շատ կօգնի ՀՖՖ-ին։ Նա մեզ միշտ է օգնում իր խորհուրդներով։ Այս եզրափակիչը բացառություն չէր»։
Դենիան չի բացառել, որ ապագայում կարող է աշխատանքի անցնել Հայաստանում.
«Եթե Խինես Մելենդեսն է այստեղ, ապա ամեն ինչ հնարավոր է։ Մելենդեսը եվրոպական ֆուտբոլը շատ լավ գիտի և եթե այժմ ֆեդերացիայում է աշխատում, ապա այդ կառույցը ևս շատ լավ գիտի։ Նա մարզիչներին կրթելու ուղղությամբ հիանալի աշխատանք է կատարում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի պատանի և երիտասարդ ֆուտբոլիստները Մելենդեսի գլխավորությամբ առաջընթաց կգրանցեն»։


Փաստորեն մենք, այսպես ասած, մեկ այլ ձայնափողով էլ տեղեկություն ենք ստանում, որ մեզանում գործունեություն է ծավալում բարձրակարգ մասնագետ, և, ըստ էության, մեր գերագույն խնդիրը պետք է լինի եղածից առավելագույնը քաղելը, նրա համար այնպիսի պայմաններ ստեղծելը, որ ոչ միայն որպես պրոֆեսիոնալ առավելագույն հատույցով լծվի աշխատանքի, այլև դրանում իր նշանակալի մասն ունենա նաև մարդկային գործոնը, որը, մեր խորին համոզմամբ, ամենահզոր երաշխիքն է ինչ-որ բան անելու, տեղից շարժելու։
Հուսանք, որ հայկական ֆուտբոլի արշալույսը շատ չի ուշանա։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ