Նիկոլ Փաշինյանի անատամ, ոչինչ չասող, անգամ ծիծաղելի, 100 փաստերով համեմված երկարաշունչ ասուլիսի միակ ցնցող լուրը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն էր:
Պատճառների մասին Փաշինյանը գերադասեց լռել, փոխարենը խոսեց Վանեցյանը: Նրա հրաժարականի տեքստում մասնավորապես ասված է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որ տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Նախ` հրաժարականի «տեխնիկական» հատվածի մասին. Փաշինյան-Վանեցյան ներքին հակասությունները նոր չեն, սակայն համբերության վերջին կաթիլը լցվել է օրերս, երբ, մեր տեղեկություններով, կոշտ զրույց է տեղի ունեցել նրանց միջև։ Վանեցյանն առաջինն է որոշել հեռանալ։ Իսկ ի՞նչ է ասում նա «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ» ձևակերպմամբ։ Հայաստանի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն մի քանի նախադասությամբ իշխանության մեկուկես տարվա գործունեության համապարփակ գնահատականն է տալիս։ ԱԱԾ ղեկավարը, որն առաջինն է տեղեկանում երկրին ներսից և դրսից սպասվող վտանգների մասին, խոսում է իշխանության որոշումների տարերայնությունից, հախուռնությունից։ Ամենաարմատական ընդդիմախոսն անգամ չէր կարող այսքան սուր քննադատել իշխանությանը, ինչպես Վանեցյանն արեց։ Սա իշխանության համար ամենամեծ հարվածն էր, առաջին քայլը, որն ապացուցում է, որ խորտակվող նավի մասին իրական ֆիլմն արդեն սկսված է։ Եթե հանրությունը դրվագային գիտեր իշխանության ներսում տիրող իրավիճակի մասին, ԱԱԾ-ի հեռացող պետը բացահայտեց, թե այս ընթացքում ինչ ղեկավարի հետ գործ ունեինք։ Այս հրաժարականը մի քանի ուշագրավ փաստերով ուղեկցվեց. երեկ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որով այսուհետ ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, այսինքն, Փաշինյանն իր հետ քայլող ցանկացած մեկին կարող է դարձնել ԱԱԾ պետ։ Ի դեպ, Արթուր Վանեցյանի հրաժարականը նախորդեց Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին։
Թե քաղաքական ինչ տողատակեր ունի սա, առայժմ չենք անդրադառնա։ Եվ վերջում. այս իշխանության հետ համադրելի չեն պրոֆեսիոնալ կադրերը։ Նրանք ունեն երկու ճանապարհ. մնալ և խորտակվել Փաշինյանի հետ ու հետագայում քրեական մի քանի հոդվածներով դատվել կամ թողնել ու հեռանալ։ Արթուր Վանեցյանը նախընտրեց վերջին տարբերակը, քանի որ բոլորից լավ նա գիտի, թե երբ է խորտակվելու իշխանության նավը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ