Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բորիս Ջոնսոնը տանուլ տվեց սուպերշաբաթը

Բորիս Ջոնսոնը տանուլ տվեց սուպերշաբաթը
20.10.2019 | 11:33

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը չքննարկեց Բորիս Ջոնսոնի՝ ԵՄ-ի հետ համաձայնեցրած բրեկզիտի գործարքը, և հիմա վարչապետը պարտավոր է Բրյուսելից բրեկզիտի հետաձգում խնդրել: Հերթական մարտը պարտվելով պատգամավորներին՝ Ջոնսոնը հույսը չի կորցնում հաղթել ճակատամարտում ու հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից:


Երեք ու կես տարում, երբ բրիտանացիները 52/48% ձայների հարաբերակցությամբ քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին, Լոնդոնն ու Բրյուսելը 2 անգամ համաձայնեցրել են հրաժեշտի պայմանները: Սակայն Բրիտանիայի խորհրդարանը 3 անգամ մերժել է նախորդ համաձայնագրերը և չի շտապում հավանություն տալ ներկա համաձայնագրին: Այս տանջալից բաժանման վերջակետը պետք է դրվեր շաբաթ օրը՝ խորհրդարանը համաձայնել էր հանգստյան օրն աշխատել՝ առաջին անգամ 40-ամյա վաղեմության Ֆոլկլենդյան կղզիների կոնֆլիկտից հետո: Պատմական նիստը ընթանում էր բրեկզիտի դեմ բազմահազարանոց բողոքով խորհրդարանից դուրս՝ ամեն ինչ պատրաստ էր սուպերշաբաթի համար: Ընդդիմությունը հընթացս հայտարարեց, որ չի վստահում Ջոնսոնին, որովհետև գտնում է, որ նա չափազանց ազատ է վարվում փաստերի ու ճշմարտության հետ: Նրանց տագնապները կիսում էին և պահպանողական կուսակցության որոշ անդամներ: Վճռեցին ապահովագրվել անկարգ բրեկզիտից, որի ձգտման մեջ վաղուց են մեղադրում Բորիս Ջոնսոնին ու նրա մերձավորներին:


Տորիներից Օլիվեր Լետվինը փոփոխություն ներկայացրեց, որ արգելում է ԵՄ-ի հետ համաձայնությունը քվեարկության դնել, քանի դեռ չեն ընդունվել բոլոր օրենքները, որ անհրաժեշտ են կանոնակարգված բրեկզիտի համար՝ մինչև հոկտեմբերի 31-ը: Պատգամավորները քվեարկությամբ աջակցեցին նրան՝ 322 կողմ, 306 դեմ:


Օրենքով երեկոյան Ջոնսոնը պետք է Բրյուսել նամակ ուղարկեր՝ խնդրելով նվազագույնը 3 ամսով հետաձգել բրեկզիտը: Նա խոստացել էր, որ ավելի լավ է՝ «ջրհորդանում խեղդվի, քան դա անի»: Եվ՝ կրկնեց սպառնալիքը: «Ես չեմ բանակցի ԵՄ-ի հետ բրեկզիտը հետաձգելու համար»՝ ասաց վարչապետը, որ դեռ ոչ մի քվեարկությունում չի հաղթել խորհրդարանում: Նա վստահ է, որ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին կհեռանա ԵՄ-ից և խոստացավ երեքշաբթի ներկայացնել օրենսդրական փաթեթը, որ առաջարկվում է Լետվինի փոփոխությամբ: Եթե պատգամավորները փաթեթն ընդունեն, տեսականորեն հնարավոր է, որ փաթեթը հաստատվի և Համայնքների, և Լորդերի պալատում ու համաձայնագիրը քվեարկվի մինչև հոկտեմբերի 31-ը: Բայց դրա համար խորհրդարանը պետք է ծայրաստիճան միասնական լինի, իսկ Ջոնսոնը մեծամասնություն չունի խորհրդարանում: Շաբաթ օրվա քվեարկությունից դատելով՝ գործարքը դեռ հաջողության շանսեր ունի: Շատ պատգամավորներ, ներառյալ Լետվինին, պատրաստ են աջակցել Ջոնսոնին, բայց դեմ են քվեարկում, որովհետև առանց համաձայնագրի բրեկզիտի վտանգ են տեսնում: Հենց no-deal-ի սպառնալիքը վերանա, նրանք կաջակցեն կառավարությանը: Բայց այս ճանապարհին Բրիտանիային ու ԵՄ-ին նոր անակնկալներ են սպասվուն: Օրենքներում, որ պիտի ընդունվեն հաջորդ շաբաթ, պատգամավորները կարող են փոփոխություններ ու լրացումներ առաջարկել: Եվ շատերը, ներառյալ Լեյբորիստները, ցանկանում են առիթն օգտագործել ու կառավարությանը նոր հանրաքվե պարտադրել: Ընդդիմությունը չի հրաժարվում կառավարությանն անվստահություն հայտնելուց, որ կհանգեցնի արտահերթ ընտրությունների:

Պահպանողականները վաղուց են արտահերթ ընտրություններ պահանջոըմ, դա ևս հետաձգման պատճառ կարող է դառնալ: Նույնիսկ եթե Ջոնսոնը համոզի պատգամավորներին ԵՄ-ից դուրս գալ համաձայնագրով ու հեկտեմբերի 31-ին, դա միայն սկիզբն է: ԵՄ-ի հետ գործարքը վերաբերում է միայն հեռանալու պայմաններին ու նախատեսում է անցումային շրջան մինչև 2020-ի դեկտեմբերը: Այդ ընթացքում ամեն ինչ կմնա՝ ինչպես կա: Բայց հետո մարտերը կվերսկսվեն՝ no-deal-ը կվերադառնա օրակարգ, եթե ստատուս քվոն չփոխարինվի առևտրային համաձայնագրով՝ ներկա միությանը նման պայմաններով: Առանց այդ համաձայնագրի անխուսափելի են առևտրի խաթարումներն ու վիխթարի վնասները, որոնց մասին քանիցս զգուշացրել են բիզնեսմենները, գիտնականներն ու անգամ կառավարությունը:

Նման համաձայնագրերի կնքման համար սովորաբար տարիներ են պահանջվում, հատկապես հաշվի առնելով Ջոնսոնի բարձրաձայնած նպատակը՝ հեռանալ եվրոպական չափորոշիչներից ու կարգավորումներից: Դա կլինի բրեկզիտի սագայի հաջորդ սեզոնը: Ընթացիկ սեզոնի ավարտական սերիան խորհրդարանի հեռուստաալիքը կցուցադրի հաջորդ շաբաթ:
BBC


Հ.Գ. Դիմելով Համայնքների պալատին՝ Բորիս Ջոնսոննասել է, որ սա արդեն երկրորդ փաստաթուղթն է և չորրորդ քվեարկությունը, երբ Թագավորությունը երեքևկես տարի առաջ հանրաքվեով ընտրել է ԵՄ-ից դուրս գալու ճանապարհը:
«Այս ընթացքում բարեկամությունն է խաթարվել, ընտանիքներ են պառակտվել, քանի որ մենք չենք կարողացել լուծում գտնել, բայց ես հուսով, եմ, որ հենց հիմա է վերջնական լուծումը կայացնելու ժամանակը», - ասել է վարչապետը:


Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ կազմակերպել են երթ և պահանջել բրեկզիտի երկրորդ հանրաքվե: Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին վարչապետ Թերեզա Մեյը, ասում են, որ երկրորդ հանրաքվեի գաղափարն ընդունելի չէ:
Ի՞նչ կլինի սուպերերեքշաբի՝ գիտի միայն բրիտանացիների աստվածը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ