Ի՞նչ կդառնա հոկտեմբերի 29-ը Հարավային Կովկասի, նաև շատ այլ երկրների ու տարածաշրջանների համար։ Մենք այդ օրն առանձնացնում ենք երկու պատճառով։ Առաջին. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կայծակնային այցերը Հայաստան և Ադրբեջան։ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Շոյգուն հայտարարել է. «Թույլ տվեք համառոտ տեղեկացնել ռազմական համագործակցության ընթացիկ վիճակի մասին։ Այսօր տեսչական ստուգում եմ կատարել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում։ Այն մարտունակ է և, լինելով կայունության երաշխավոր, պատրաստ է Հայաստանի զինված ուժերի հետ դիմակայելու ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին»։
Նա վարչապետին հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են համատեղ անվտանգության հետագա ամրապնդման հրատապ հարցեր, իսկ ռազմական գերատեսչությունների փոխգործողության ձեռք բերված մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով կատարել ընթացիկ խնդիրները և ժամանակին արձագանքել տարածաշրջանում կատարվող փոփոխություններին։ Վարչապետին շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար՝ նա նշել է. «Ռուսաստանում բարձր են գնահատում ՀՀ-ի հետ համագործակցությունը և բարեկամ Հայաստանը համարում են Հարավային Կովկասում ՌԴ-ի դաշնակիցն ու առանցքային գործընկերը։ Սերտ գործակցություն է ստեղծված ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ հիմնական միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Այն կարծիքին ենք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները պետք է համերաշխաբար քվեարկեն միջազգային կազմակերպություններում, մանավանդ անվտանգության հարցերով»,- ասել է Շոյգուն։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի սկզբին Երևանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։
«Այդպիսի կանոնավոր հանդիպումները լրացուցիչ լիցք են հաղորդում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը, այդ թվում՝ տարածաշրջանի անվտանգության հարցերով»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Սերգեյ Շոյգուի գնահատականով՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը և առանցքային գործընկերն է Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է. «Ստեղծված են և գործում են զորքերի միացյալ խմբավորումը և Հայաստանի ու Ռուսաստանի տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը, կազմակերպված է մեր գլխավոր շտաբների սերտ գործակցությունը, իրականացվում է համատեղ պլանավորում»։ Ստորագրվել է ՌԴ և ՀՀ պաշտպանության գերատեսչությունների համագործակցության պլան, որը հաստատել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ ՌԴ նախարարը նշել է նաև «ուսումնական ծրագրերի աճող ծավալները»։ «Այսօր Հայաստանի ԶՈՒ մեծ քանակությամբ սպաներ սովորում են ռուսական ռազմական ակադեմիաներում, և ենթադրվում է նրանց քանակի ավելացում»,- ասել է Շոյգուն։
Ահա և ՌԴ ՊՆ-ի կայքի տեղեկատվությունը Բաքվում ընթացած բանակցությունների մասին. «Սիրիայի վերաբերյալ ռուս-թուրքական հուշագիրը, որը Սոչիում ստորագրել են երկու պետությունների ղեկավարները, իրագործվում է ոչ առանց դժվարության, բայց դա Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցն է»,- հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Ս. Շոյգուն նշել է. «Ռուսաստանն այսօր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հսկայական փորձ է կուտակել։ Մենք պատրաստ ենք այդ փորձը տրամադրելու մեր գործընկերներին։ Դա վերաբերում է և՛ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, և՛ մարդասիրական աջակցության՝ ականազերծման, բժշկական օգնության, և՛ շատ այլ հարցերի»։ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին, որոնք Բաքու են ժամանել Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Անդրադառնալով կոալիցիոն ռազմական շինարարությանը՝ Սերգեյ Շոյգուն նշել է, որ օրակարգն այստեղ «բավական լայն է»։ «Համագործակցությունը զարգանում է ըստ պլանի, որը մենք միասին քննարկում և հաստատում ենք»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը»։
Պարզ նկատվում է, թե իրարից ինչքան տարբեր են այդ երկու տեղեկությունները։ Դիտավորյալ չենք բերում ՊՆ խորհրդի նիստի մասին ՌԴ ՊՆ կայքի ողջ տեղեկույթը, թեև այն ազատ դրված է։ Այստեղ մի նրբություն կա, որը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անկասկած համաձայնեցրել է Երևանում Շոյգուի հետ հանդիպման ժամանակ. Տոնոյանը չի գնացել Բաքու՝ նիստին մասնակցելու։ Պատճառը հասկանալի է։ Կարծիք կա, թե իբր Բաքու գնալուց Տոնոյանի հրաժարվելու պատճառով է Շոյգուն Հայաստան եկել առանձին խոսակցության համար, օրինակ, ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի միացյալ համակարգի շրջանակում գործակցելու մասին, ասենք, Սիրիայի պատերազմի օրինակով անօդաչու ինքնաթիռների զանգվածային հարձակումները հետ մղելու մասին։ Բայց մեզ թվում է, թե Շոյգուն Երևանում և Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվել է ո՛չ Ադրբեջան գնալուց Տոնոյանի հրաժարվելու պատճառով։ Դիմենք այն տվյալներին, որոնք 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է նախարար Շոյգուին։ Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժն ավելացել է գրեթե երկու անգամ այն սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր ու արդիականացված նմուշներով համալրելուց հետո, զեկուցել է գնդապետ Մարտինյուկը։ Իսկ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել է, որ «նյութական միջոցներով, տեխնիկայով ու սպառազինությամբ բազան ապահովված է ամբողջ ծավալով»։ Նա նաև նշել է, որ բազայի հրաձգարանային ենթակառուցվածքը թույլ է տալիս կատարել միջոցառումների լրիվ ծավալը մարտական պատրաստության բոլոր տեսակների գծով՝ ներառյալ զորավարժությունները։
Այսպիսով, 102-րդն ուժեղացվում է։ Կասկած չկա, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուժեղացման պատճառն ամենևին էլ Բաքու գնալուց Տոնոյանի հրաժարվելը չէ։ Եվ երևակայելու, զանազան վարկածներ առաջ քաշելու կարիք չկա։ Մեկ է, մոտակա հեռանկարում ստուգապես չենք իմանա, թե իրականում ինչ հարցեր են դեմառդեմ քննարկել (բացի 102-րդ բազայի մարտական ներուժը 2 անգամ ավելացնելու հարցից) ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները։ Բայց, դատելով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ս. Շոյգուի հայտարարություններից, խոսքը հենց «Հայաստանի զինված ուժերի հետ ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու» 102-րդ ռազմաբազայի հնարավորության մասին է։ Շոյգուն չի մանրամասնել՝ ինչ մարտահրավերների ու սպառնալիքների և ում կողմից։ Բայց տպավորություն է ստեղծվում, որ նրա խոսքում քողարկված ուղերձներ կան Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանում (և հայկական սփյուռքի բոլոր համայնքներում) ուշադրություն դարձրին, որ 2019 թ. հոկտեմբերի 15-ին Բաքվում թրքախոս երկրների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Իլհամ Ալիևի պաշտոնական ելույթի որոշ հատվածներ պատմական և իրավական անգրագիտության վրա էին հիմնված, օրինակ. «2009 թ. հոկտեմբերին ադրբեջանական հնագույն քաղաք Նախճիվանում պետությունների ղեկավարների գագաթնաժողովում ստեղծվեց մեր երկրների համագործակցության նոր ձևաչափ։ Ադրբեջանի հիմնական մասի և Նախճիվանի շրջանի միջև ընկած է Զանգեզուրը։ Ժամանակին Զանգեզուրն Ադրբեջանի կազմից հանելն ու Հայաստանին միացնելը թուրքական մեծ աշխարհը մասնատել են աշխարհագրական առումով»։
Հաշվի առնելով, որ իր նախագահության ընթացքում Ադրբեջանի նախագահը բազմիցս Երևանը հայտարարել է «ադրբեջանական քաղաք» (տարօրինակ է, Ռուսաստանը Երևանը նվաճել է Իրանից, ոչ թե «Ադրբեջանից»), իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ «արևմտյան Ադրբեջան»՝ խոստանալով վաղ թե ուշ գրավել դրանք, ցանկացած նորմալ ու տրամաբանորեն մտածող մարդ Ալիևի հոկտեմբերի 15-ի հայտարարություններում պարտավոր է վատ թաքնված սպառնալիք տեսնելու Հայաստանի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Տարածաշրջանի պատմության հենց այդպիսի նորագույն այլափոխությունների պատճառով էլ ծագեց Արցախի (ղարաբաղյան) հիմնախնդիրը։ Չէ՞ որ Ալիևի ասածում ոչ միայն պարզապես սպառնալիք է, այլև կեղծիք, որովհետև ոչ միայն Արցախը չի եղել «Ադրբեջանի կազմում», որը մինչև 1918 թ. ֆիզիկապես գոյություն չուներ, այլև նա ուղղակիորեն «Ադրբեջանի կազմ մտցրեց» նաև Զանգեզուրը, որը միշտ եղել է Սյունյաց աշխարհի մի մասը դեռևս Սասանյան Իրանի ժամանակ, էլ չասած ավելի ուշ ժամանակների մասին։ Այնուհետև. հենց հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մելյութ Չավուշօղլուն հայտնեց այն «գոհարը», թե իբր «հայերն ահաբեկիչներ են»։ Մենք մեկ այլ թեմայի շրջանակում արդեն նշել ենք, որ Չավուշօղլուի արարքն անպատասխան չի կարողացել թողնել անգամ Հայաստանի անողնաշար ԱԳՆ-ն։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թուրք գործընկերոջ հակահայկական ելույթին օրերս արձագանքել է Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ. «Թուրքիայի արտգործնախարար Չավուխօղլուի հայտարարությունների տոնայնությունն ու դիրքորոշումը նորություն կամ անակնկալ չէին Հայաստանի համար։ Նման հայտարարություններ մենք առաջ էլ ենք լսել այլ առիթներով։ Այդ հայտարարությունը կրկին հաստատում է մեր արտաքին քաղաքականության մեջ ամրագրված այն մոտեցումը, որ դա սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը և լուրջ խնդիր»։
Այսպես թե այնպես, բայց ստացվել է, որ Երևանում ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի հայտարարությունները, ինչպես և 102-րդ ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկի և ՀԶՕ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կուզովլևի զեկույցները որոշ առումով «վերաբերել» են հենց Թուրքիային և Ադրբեջանին։ Մանավանդ որ Շոյգուի ասածներում թափանցիկ ակնարկ կա Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) իրական գոյության և մարտունակության մասին։ Այն առկա է 2016 թ. նոյեմբերի 14-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրեց այն կարգադրությունը, որով վավերացրեց երկու երկրների ԶՄԽ-ների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնությունը։ Այդ ԶՄԽ-ի կազմում են Հայաստանի ՊՆ բրիգադներից մեկը և Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զորամասերը։ Կարծում ենք, որ Շոյգուի այցը Երևան և հայտարարությունները պերճախոս ազդանշան են բոլոր շահագրգիռ պետություններին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից «հեռանալու» մտադրություն չունի։ Մանավանդ որ, Հյուսիսային Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունների պատճառով «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների «տարածման» վտանգը, որի մասին Իրանը նախազգուշացնում էր դեռ 2019 թ. մարտին, այդ թվում՝ նաև Կովկասի ուղղությամբ, միայն ուժեղացել է։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Մոսկվան ոչ միայն չի կորցնում Հայաստանի տարածքի նկատմամբ որոշակի շահագրգռությունը, այլև սաստում է Անկարային ու Բաքվին, երևի, որ «հետևեն իր խոսքին»։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ