«Նիկոլի գերխնդիրը հայաթափումն է, Հայաստանի ոչնչացումը»
21.01.2020 | 00:33
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվանը, նշեց, որ վերջինս, լինելով ԱԱԾ նախկին տնօրեն, բազմաթիվ գաղտնի նյութերի էր տիրապետում, և կյանքից նրա հեռանալը լրջագույն ազդակ է։ «Մենք պետականություն ենք կորցնում»,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց. «Պետք է սթափվել ու օր առաջ ազատվել այս իշխանություններից»։
-Այս իշխանության կառավարման շրջանում սա արդեն երկրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի անհասկանալի մահն է։ Ո՞րն է Ձեր գնահատականն այս ամենին, ի՞նչ է կատարվում մեր երկրում։
-Ցավոք, մենք չունենք վիճակագրություն, թե նախորդ տարի քանի մարդ է ինքնասպան եղել։ Կցկտուր տեղեկություններ ունենք բանակում արձանագրված ինքնասպանությունների թվի մասին, որոնց մեծ մասը ձևակերպվում է որպես թշնամու գնդակից խոցված։ Պարբերաբար մամուլը գրում է, թե այս կամ այն քաղաքացին իրեն նետել է կամրջից կամ այլ հանգամանքներում ինքնասպանություն է գործել։ «Թավշյա, ոչ բռնի» հեղափոխությունից հետո մենք չունենք ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրություն։ Բայց ակնհայտ է մի բան՝ բոլորս ապրում ենք հոգեբուժարանում, այլ բառ չեմ կարող ասել։ Նիկոլի օրակարգը Հայաստանը դարձրել է մի մեծ հոգեբուժարան։ Մենք հոգեկան հիվանդի կարգավիճակում ենք ապրում մեր երկրում։ Ինչպես է այս քառակուսի, գաղջ մթնոլորտն ազդում այս կամ այն մարդու վրա, երևում է նաև այսպիսի ինքնասպանություններ ֆոնին։
-Իշխանության որոշ ներկայացուցիչներ Կուտոյանի մահը համարեցին «նախկինի արձագանք», կային մարդիկ էլ, որ անգամ ցանկություն հայտնեցին նախորդ համակարգի անդամներին էլ տեսնելու այդ վիճակում։ Սա ինչի՞ մասին է խոսում։
-Այս հիվանդներն իշխանություններին հաճոյանալու համար ինչ լինում է, կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս ամենն արդեն զզվելի է։ Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանի անունը չեն տալիս, պարտադիր արձանագրում են՝ նախկինները։ Սա մի կողմից հիմարություն է, մյուս կողմից էլ՝ հատուկ մեթոդոլոգիայով աշխատանք է տարվում Հայաստանի ներսում։ Տեսեք, թե ինչպես են իրենց պահում սորոսականները, ինչի մասին են խոսում։ ԱԱԾ-ն սորոսականների թիրախում է, փոխանակ հակառակը լիներ։ Սորոսականներն իրենց արևմտյան գործատուներից հանձնարարական են ստացել, որ ամեն գնով ԱԱԾ թափանցեն։ Այսօր ԱԱԾ-ն լուրջ վտանգված է։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ անգամ վտանգված է անվտանգության ծառայությունը։ Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ է նշանակում։
-Ի դեպ, տեսակետ է հնչում նաև, որ պետք է ԱԱԾ-ն լուծարել։
-Դա գործատուների հերթական առաջադրանքն է։ Բա, իհարկե, պետք է ԱԱԾ-ն լուծարեն, մտնեն արխիվ և այնտեղից հանեն իրենց հարկավոր տեղեկությունները։ Ահա ամբողջը։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ Նիկոլը ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։ Առանց Նիկոլի հետ համաձայնեցնելու երկրում ոչինչ չի կատարվում։ Օրինակ, ծննդատների լուծարումը։ Նախապես նրա հետ համաձայնեցնում են, հետո անցնում են այդ գործընթացն իրագործելուն։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ է նշանակում սահմանամերձ Աչաջուրում ծննդատան փակումը, որը սպասարկում է սահմանամերձ 16 գյուղերի։ Այդտեղի մարդիկ պիտի իրենց բնակարանների դռները փակեն ու փախչեն, գնան խոպան աշխատանքի։ Սրանով խնդիր է դրված սահմանամերձ գյուղերը դատարկել։ ՈՒ՞մ է ձեռնտու դա, միայն մեր թշնամուն։ Հիմա հայաթափման խնդիրն է լուծում Նիկոլը։ Այսօր ոտքի են կանգնել անասնապահները։ Ի միջի այլոց, սպանդանոցների գաղափարը Կարեն Կարապետյանինն էր, բայց նա տրամաբանություն ուներ, անմիջապես հասկացավ, որ հիմա դրա իրականացումն անիրատեսական է, ժամանակ է հարկավոր, նա կանգնեցրեց գործընթացը։ Իսկ Նիկոլն առանց հասկանալու հրաման է արձակել, ինչը հանգեցնելու է մսի գնի կտրուկ բարձրացման, մարդիկ անասուն չեն պահելու։ Եթե դրսից լրտես գար ու ցանկանար այսպես ոլորտ առ ոլորտ ոչնչացնել, նրա մտքով անգամ այսպիսի բաներ չէին անցնի, ինչը Նիկոլն է անում։ Եթե այս մարդկանց խնդիրներին ականջալուր չլինեն, նրանց առնվազն 50 տոկոսն իրենց տները ծախելու է ու գնա Ռուսաստան աշխատանքի։ Ստացվում է, որ Նիկոլի գերխնդիրը հայաթափումն է, Հայաստանի ոչնչացումը։
-Այսօր շատ հաճախ են տարբեր շերտերի ներկայացուցիչներ բողոքում կառավարության շենքի դիմաց։ Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ բոլոր ոլորտներում հատուկ քայքայման քաղաքականություն է իրականացվում։
-Այո, հատ-հատ քայքայում է ամեն ինչ։ Օրինակ, ինչու՞ է փակում 11 ծննդատներ, ի՞նչ է թաքնված դրա տակ։ Նախ պետք է, որ ծնունդների թվերը չերևան։ Աչաջուրում 2018-ին 160 ծնունդ է եղել, իսկ 2019-ին 150-ից պակաս է։ Այս թվերը խոսում են այն մասին, որ Նիկոլի օրումեջ հայտարարած թվերը կեղծ են։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ճիշտ էր նկատել. 57 հազար հնդիկների մուտքը Հայաստան համարում են ներգաղթ։ Պատճառն այն է, որ չերևա, թե սրա երեսից մարդիկ թողնում հեռանում են իրենց հայրենիքից։ Կրճատում է Մարալիկի ծննդատունը ու իրեն հեչ պետք չէ, որ այդ ծննդկանը 4-5 անգամ պիտի փող ծախսի, դխկդխկալով 30 կմ գնա հերթական ստուգումներին ու այդքան ճանապարհ էլ հետ գա։ Բա սա Նիկոլին պե՞տք է։ Դրա համար էլ ընտանիքի հայրը եղած խնդիրներից գլուխն ազատելու համար իր հղի կնոջն էլ կվերցնի ու հետը կտանի Ռուսաստան։ Ահա ինչով է զբաղված Նիկոլը։
-Մի կողմից ոլորտային խնդիրները, մյուս կողմից դատաիրավական անտրամաբանական գործընթացները, բարոյահոգեբանական մթնոլորտը, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անհասկանալի մահերը։ Խնդիրների այս փունջը, որ գնալով մեծանում է, ինչի՞ առջև է մեզ կանգնեցնելու։
-Հենց թեկուզ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն անդրադառնանք։ Ծայրից ծայր կեղծիք է։ Մինչև հիմա մի փաստ դեռ չեն ներկայացրել այդ մարդու դեմ։ Տեսել են, որ ճար չկա, Նաիրի Հունանյանը որոշել է օգնել նախաքննությանը և բացահայտել Հոկտեմբերի 27-ը, նամակ է գրել։ Մի նամակ էլ Ձեր թերթի միջոցով ես եմ դրանց գրում։ Այ, ոչխարներ, 1 տարի 8 ամիս է իշխանության էիք, բա մինչ այդ հանցագործն ինչու՞ նամակ չէր գրում ձեզ։ Դրա պատասխանը շատ լավ տվել է Ստեփան Դեմիճյանը, թե ինչ ուզում է անի, միևնույն է, մինչև վերջ պիտի նստի։ Եթե հիմա մի սուտ բան պիտի ասի ու դուրս գա, չի ստացվի։ Սա է մեր վիճակը։ ՈՒ այս մթնոլորտում կյանքից հեռացել կամ հեռացրել են ԱԱԾ նախկին տնօրենին։ Մեր երկրի վիճակը ողբերգական է, կլինեն այս մթնոլորտում և ինքնասպանություններ, և սպանություններ։ Սա խոսում է ներքին լրջագույն ճգնաժամի մասին։ Մենք ապրում ենք մի երկրում, որը խոր բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ է ու նման դեպքերը հնարավոր չէ բացառել։
-ԱԱԾ մեկ այլ նախկին պետ էլ՝ Արթուր Վանեցյանը, վերջին շրջանում անընդհատ անվտանգության խնդիրներից է խոսում։
-Պետք է ականջալուր լինել նրա հայտարարություններին։ Ի վերջո, նա գիտի բաներ, որոնց անտեղյակ է հասարակությունը։ Պետք է այդ ամենին հետամուտ լինել, որ նոր ողբերգության առաջ չկանգնենք։
-Ովքե՞ր հետամուտ լինեն։
-Ես, դու, մենք, բոլորս պետք է լուրջ անհանգստանանք, որ երկիրը Նիկոլի ձեռքում է։ Եթե սրանցից չազատվենք, խորանալու է ճգնաժամը։
-Որքա՞ն կարող է այս իրավիճակը ձգվել։
-Աստված է Հայաստանը պահում, թույլ չի տալիս, որ մեր երկիրը կործանվի, թե չէ սա կործանելու է։
-Ինչու՞ է կործանում՝ սատանաներին անգամ ԱԱԾ-ով բռնում է։
-Դա էլ ուրիշ թեմա է, մենակ սատանաներին չի բռնում, սևազգեստներին էլ, Արցախի լրտեսներին, տականքներին, որոնք ոսկեզօծ աթոռներ ունեն, բայց զուգարանակոնք չունեն։ Խելքին ինչ փչում է, խոսում է։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ