Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ համակարծիք է Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո թե՛ Հայաստանի արտգործնախարարության, թե՛ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պարզաբանումը «կրուտիտ» է, իսկ այն, որ իշխանությունը մեծ շահագրգռվածություն ունի հասարակությանը տեղյակ չպահելու ընթացող բանակցություների մասին, դեռ վաղուց ենք նկաստել, և դրա ապացույցները բազմաթիվ են: Հետևաբար, զարմանում է Համբարյանը, Լավրովն ինչո՞ւ պետք է կեղծեր: Նա այն քաղաքական գործիչը չէ, որ Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ կեղծ տեղեկություն հաղորդեր, բացի դրանից՝ արդեն մի քանի օր է՝ ձայն-ծպտուն չեն հանում Մինսկի խմբի համանախագահները: Այսինքն՝ նրանք էլ իրենց լռությամբ են հաստատում, որ Լավրովի հայտարարությունը ճիշտ է:
Համբարյանը հուշում է՝ եթե Լավրովը ստում է, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է դիմել Մինսկի խմբի համանախագահներին՝ մեկնաբանելու ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը: ՈՒ քանի դեռ Ֆրանսիայի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները չեն մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունը, Համբարյանը շարունակելու է ՌԴ պաշտոնյայի ասածին հավատալ, քանզի բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են ՀՀ իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մանիպուլյատիվ հայտարարություններ արել, կեղծ տեղեկություններ հրապարակել:
Նա չի բացառում՝ «քարտ-բլանշը» Լավրովին հենց Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները տված լինեն, որ շոշափի հասարակության տրամադրությունները՝ հստակ իմանալով, որ Արցախյան հիմնահարցի լուծումը բացարձակապես առնչություն չունի Փաշինյանի կամ որևէ այլ ղեկավարի հետ: Սա այն եզակի թեմաներից է, համոզմունք է հայտնում Գագիկ Համբարյանը, որին ամբողջ հայ ժողովուրդը պետք է «այո» կամ «ոչ» ասի:
Քաղաքագետն առավել քան վստահ է՝ արցախյան հիմնահարցի շուրջ ինչ-ինչ գործընթացներ դեռ վաղուց են սկսվել, որ, ըստ իշխանության հավաստումների, ոչ թե բանակցություններ, այլ խոսակցություններ են: «Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երկար-բարակ նախադասություններով, անհասկանալի տերմինաբանությամբ փորձում էր հերքել Ռուսաստանի իր գործընկերոջ ասածը: Շատ ավելի լավ կլիներ, որ Մնացականյանը Լավրովի հայտարարությանը մեկ բառով արձագանքեր՝ համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ: Բացի դրանից՝ մենք այդպես էլ չիմացանք, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ հունվարին Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ 11 ժամ ի՞նչ էին քննարկել, եթե մինչև հիմա պնդում են, թե որևէ տեսակի բանակցություններ չեն ընթանում: Իսկ երբ տեղեկատվական արտահոսք է լինում, սկսում են հիստերիկություններ անել ու սոցիալական ցանցերի իրենց «ֆեյեքերին» կամ իրական օգտատերերին «ֆաս» հրահանգը տալ ավելի օբյեկտիվ և իրավիճակն ավելի սթափ գնահատող մարդկանց վրա: Ի դեպ, Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճի ժամանակ, երբ Ադրբեջանի բռնապետը պարզ ասաց, որ իրենց համար Արցախյան հարցի լուծման ընդունելի տարբերակը փուլայինն է, Փաշինյանը ձայն չհանեց»,- նշում է մեր զրուցակիցը:
Գագիկ Համբարյանը նկատում է՝ ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ Արցախի հարցում իշխանություններն անընդհատ նախկիններին են փորձում մեղադրել: Նախկինները լավը չէին, ասում է, բայց 2 տարվա մեջ կարող էին իրենք իրենց թեզն առաջ քաշել, այդ հարցում ոչ ոք չի խանգարել, արգելող որևէ հանգամանք չեն ունեցել: Նախ հիշեցնում է՝ 2003-ին, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, բանակցային գործընթացը սկսեց մաքուր թղթից, ՝ ի՞նչն է խանգարում, որ ՀՀ ներկա իշխանությունները հրաժարվեն նախկինում տեղի ունեցած բոլոր տեսակի քննարկումներից ու նոր էջից սկսեն: «Լեգիտիմության մասին աջ ու ձախ բղավող, այդ մասին ամեն անկյունում բարձրաձայնող Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ի՞նչն է կաշկանդում, որ նախկինների պես հայտարարի՝ Արցախյան հարցի կարգավորման «փուլային» տարբերակը չենք ընդունում: Ասում են՝ նոր մեկնակետից ենք սկսել, բայց միայն «մեկնակետ» բառն ասելով՝ այդ հարցը չի լուծվի: Իրենց երկրպագուներին միայն կարող են համոզել, թե նոր մեկնակետ ունեն: Ապացույց է պետք, որտե՞ղ է այդ ապացույցը: Կրկնում եմ՝ Մնացականյանը Մամեդյարովի հետ Ժնևում 11 ժամ ինչի՞ շուրջ է զրուցել: Չեմ կարծում, թե Մամեդյարովն այնքան պարապ լիներ, որ պարոն Մնացականյանի հետ «մոդայից», ճարտարապետությունից կամ կինոարվեստից խոսեր»,- կարծիք է հայտնում Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը Լավրովի հայտարարության մեջ վտանգ է նկատել ոչ միայն «փուլային» արտահայտության մեջ, այլև այն մտքի, որ «օկուպացված տարածքներից պետք է դուրս բերվեն ՀՀ ուժերը, ինչի դիմաց ձեռք կբերվի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում»: Բայց կրկին հարց է բարձրացնում՝ ո՞վ է երաշխավորը, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը չի շրջափակի ճանապարհները: Ընդգծում է՝ այս ամենի մասին, միանշանակ, պարզաբանումներ պետք է ներկայացնի պատեհ ու անպատեհ առիթներով «լայվ» անող ու տրամաբանական ու անտրամաբանական թեմաներով մարդկանց գլուխն արդուկող վարչապետ Փաշինյանը. «Նախկինում ու միշտ մեզ համար ընդունելի միակ լուծումը փաթեթայինն էր: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների կառավարման տարիներին իմացել ենք՝ ազատագրված տարածքները, որ ռազմավարական մեծ նշանակություն ունեն Արցախի և Հայաստանի հարավային շրջանների պաշտպանության առումով, մշտապես խաղաթուղթ են եղել: Պարզ ու մատչելի բացատրեմ ևս մեկ անգամ՝ փաթեթային տարբերակը, «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևումն ունի, այսինքն՝ եթե ինչ-որ տարածք ենք տալիս, ապա Արցախն անկախություն է ստանում: Այլ տարբերակ քննարկելը հակազգային է ու լի վտանգներով, քանզի ոչ ոք մեզ երշախիքներ չի տալու, որ Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքները նորից չեն շրջափակվելու»:
Գագիկ Համբարյանը չի կարծում, թե ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը կարող է դիվանագիտական ապտակ լինել ՀՀ կառավարությանը՝ կապված գազի գնի հետ: Հստակեցնում է՝ Լավրովը շատ պարզ նշեց՝ եթե գործընկեր ենք, ու եթե Ռուսաստանը գազի գնի մասով զեղչերի է գնում, ապա նույնը նաև Հայաստանը պետք է անի մեր տարածքում գործող ռուսական ենթակառուցվածքների մասով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ