Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի չտարածման բանակցություններին, բայց՝ առանց Չինաստանի

Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի չտարածման բանակցություններին, բայց՝ առանց Չինաստանի
15.06.2020 | 09:36

Կրեմլը հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սպիտակ տան հետ վերսկսել զինաթափման բանակցությունները, բայց պայմանով, որ ԱՄՆ-ը չպնդի բանակցային գործընթացում Չինաստանի ներգրավումը:

The Guardian-ը գրել է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հունիսի 22-ին Վիեննայում բանակցելու է ԱՄՆ ներկայացուցչի հետ: Ռյաբկովի և ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկողության հարցով հատուկ ներկայացուցիչ Բելինգսլիի հանդիպման թեման նոր New Start պայմանագիրն է (ԱՄՆ-ում այդպես են անվանում СНВ-III պայմանագիրը, որի ժամկետը ավարտվում է 2021-ի փետրվարին): Դոնալդ Թրամփը, որ արդեն հայտարարել է միջազգային բազում պայմանագրերից ու համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, այնուամենայնիվ, շահագրգռված է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային զինաթափման հարցում: Համենայն դեպս՝ խոսքով արտահայտել է շահագրգռությունը: New Start պայմանագրից հետևում է, որ միջուկային երկու գերտերությունները ստանձնում են իրենց միջուկային մարտագլխիկների պաշարի կեսը կրճատելու պարտավորություն: Նախկին պայմանագրի երկարաձգման ի՞նչ այլընտրանք է տեսնում Դոնալդ Թրամփը: Այս պահին ակնհայտ է որ ԱՄՆ-ը մտադիր է պնդել СНВ-III-ի (ԱՄՆ-ի կողմից ստորագրել է Բարաք Օբաման) այլընտրանքի վրա, որ ներառում է պայմանավորվածություններ Չինաստանի հետ:

Պեկինը վերջին մի քանի տասնամյակներում կուտակել է միջուկային զենքի նշանակալից պաշար և դարձել է միջուկային ակումբի անդամ մեծ տերություններից մեկը: Այնուամենայնիվ, միջուկային մարտագլխիկների և հրթիռակիրների նրա զինանոցը շատ ավելի փոքր է, քան ԱՄՆ-ինը ու ՌԴ-ինը: Եվ դա առաջիկա բանակցությունների հիմնական պրոբլեմն է՝ եթե բանակցություններին մասնակցի Չինաստանը, անկասկած, առարկելու է իր զինանոցի կրճատմանը և բանակցությունները տանելու են փակուղի: Այդպիսի բանակցությունները Մոսկվային պետք չեն, և Ռուսաստանը վճռականորեն դեմ է Պեկինի ներառմանը բանակցային գործընթացում: Սերգեյ Ռյաբկովը Նյու Յորքի միջազգային հարաբերությունների խորհրդի նիստին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցելով՝ հայտարարեց, որ Կրեմլը վճռականորեն առարկում է Չինաստանի ներկայությանը սպառազինությունների կրճատման բանակցային գործընթացում, այն պատճառով, որ Չինաստանը հետաքրքրված չէ նման բանակցություններով: Այդ պատճառով՝ այդ ձևաչափով բանակցությունները ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ռյաբկովը Վաշինգտոնին հակադարձ առաջարկ արեց՝ Ռուսաստանը չի առարկի Չինաստանի մասնակցությանը բանակցություններին, եթե մասնակցեն միջուկային ևս երկու մեծ տերություններ՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, ոչ թե միայն Չինաստանը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ստիպված է օգտագործել նույն հնարքը, ինչ ԱՄՆ-ը, առաջադրելով կանխապես անընդունելի պայմաններ՝ պնդել բանակցությունների գործընթացում ԱՄՆ դաշնակիցների ներգրավումը, ի պատասխան Վաշինգտոնի՝ Չինաստանին ներգրավելու համառ առաջարկի: Ակնհայտ է նաև, որ այս երկու քայլերը՝ թե ՌԴ-ի առաջարկը, թե ԱՄՆ-ի, բանակցությունները ձախողելու են:


Սպառազինությունների վերահսկողության ամերիկյան ասոցիացիայի գնահատականով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ունեն 6000-ական միջուկային մարտագլխիկներ, Չինաստանը՝ 290: Այսինքն՝ ՉԺՀ-ն 10 անգամ քիչ միջուկային զինանոց ունի՝ քան միջուկային երկու գերտերությունները: Միաժամանակ՝ Պեկինը Մոսկվայի հուսալի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան, բնականաբար, չի ցանկանում, որ Պեկինը մասնակցի զինաթափման բանակցություններին երկուսի համար էլ ակնհայտորեն ոչ ձեռնտու պայմաններով: Կամ՝ հակառակ դեպքում՝ համարժեք քայլ պետք է անեն Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները: Բայց ԱՄՆ-ը СНВ –ի շուրջ բանակցային գործընթացում պնդում է միայն Չինաստանի ներկայությունը, որից անխուսափելիորեն հետևում է, որ Դոնալդ Թրամփը միայն խոսքով է շահագրգռված զինաթափման նոր պայմանագրով: Եթե զինաթափման որևէ համաձայնագիր կենսունակ է ներկա պայմաններում, միայն՝ երկու կողմերի՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մասնակցությամբ: Սպառազինությունների մրցավազքը հիմա, ակնհայտորեն, ավելի քիչ է մտահոգում Սպիտակ տանը, քան ռազմավարական դիմակայությունը Պեկինի հետ: Վաշինգտոնում հիմա լսել չեն ուզում ոչ ուժեղ տնտեսություն ունեցող Չինաստանի մասին, ոչ Չինաստանի, որ ունակ է ինչ-որ կերպ ու ինչ-որ հարցում ինքն իրեն պաշտպանել: Սպիտակ տան համար հարկադրանքի տրամաբանությունը միջազգային հարաբերություններում միշտ գերակայել է իրավահավասար երկխոսության տրամաբանությանը:
Hamshahri (Իրան)


Հ.Գ. Եթե իրոք մտահոգությունը միջուկային զինաթափումն է, ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարող են բանակցել՝ սահմանելով միջուկային մարտագլխիկների որոշակի թիվ միմյանց և միջուկային ակումբի բոլոր մասնակիցների համար՝ առանձին-առանձին, ելնելով ոչ թե նրանց ունեցածից, այլ՝ առավելագույն թիվ համաձայնեցնելով բոլոր պետությունների հետ, որ ունեն միջուկային զենք: Դա կլիներ իրական համաձայնագիր, ոչ թե երկկողմ խաղերը՝ ընդհանուր հարաբերությունների շրջագծում: Վիեննայի միջուկային բանակցությունները ձախողման դատապարտված են ոչ թե Չինաստանի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի մասնակցության-չմասնակցության պատճառով, այլ այն գիտակցության բացակայության, որ միջուկային զինաթափումը համամոլորակային թիվ 1 խնդիրն է, որի լուծման ժամանակ մի կողմ են դրվում միջպետական հարաբերությունների բոլոր տարաձայնությունները: Դա պիտի լինի համաձայնագրի հիմք, որ համաձայնագիրը գործի տևական ժամանակով ու մի քանի ամսից կամ տարուց կողմերից մեկը դուրս չգա՝ մյուսներին մեղադրելով համաձայնագիրը չկատարելու մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ