Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՆԱԵՎ` ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

ՆԱԵՎ` ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
26.07.2011 | 00:00

Այս օրերին անցկացվում է «Ստեղծագործական աշխատանք» առարկայի քննությունը, որը հանձնում են ապագա լրագրողները։ Մեզ հետ զրույցում Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նշեց, որ լրագրող-դիմորդների համար այս տարի կան որոշակի քննական փոփոխություններ։ «Դիմորդներին առաջարկվում է երեք թեմա, և նրանք չորս ժամվա ընթացքում պետք է շարադրեն իրենց ասելիքը տվյալ թեմայի շուրջ։ Տեղի է ունեցել մի փոփոխություն՝ հօգուտ դիմորդի. եթե նախորդ տարիներին դիմորդն իր մտքերը պետք է շարադրեր չորս էջի սահմաններում, այս տարի պահանջվող առավելագույն ծավալը երեք էջ է»։
Նաղաշ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ լրագրողի մասնագիտություն ընտրած դիմորդների համար այս տարի ներմուծվել է նոր տարր՝ բանավոր հաղորդակցման մշակույթ։ «Այս ձևը կիրառվում է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Տարիներ շարունակ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդը հանձնել է բանավոր քննություն «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից։ Ստացվում է՝ դիմորդը երկու անգամ այս առարկայից քննություն է հանձնում՝ գրավոր միասնական և բանավոր, ինչպես բանասիրական ֆակուլտետի դիմորդը։ Երևի թե տրամաբանությունն այն է եղել, որ ժուռնալիստիկայի բաժինը տարիներ շարունակ եղել է բանասիրական ֆակուլտետի կազմում։ Անցած տարի, երբ մենք հանդիպում էինք իրենց գրավոր աշխատանքը բողոքարկած դիմորդների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ, բոլորը նշում էին, որ անհրաժեշտ է զրուցել դիմորդի հետ, լսել նրա խոսքը, ծանոթանալ մտածողությանն ու մտահորիզոնին։ Մոտեցումը, անշուշտ, ճիշտ էր։ Մենք նույնպես մտածում էինք, քանի որ ժուռնալիստիկայի ֆակուլտետը բոլորել է իր տասնամյակը, և պետք է ընդունելության յուրատեսակ համակարգ ձևավորել։ Մենք առաջարկեցինք բանավոր հաղորդակցման մշակույթի քննությունը, որն ընդունվեց։ Այդ քննության ընթացքում ծանոթանում ենք դիմորդի բանավոր խոսքի կուլտուրային, ճանաչողական իմացությանը, ոլորտի մասին գիտելիքներին,- նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, հավելելով, որ այս տարի քննական հանձնաժողովի անդամներին այնքան էլ չեն տխրեցրել քննությունների արդյունքները (նախորդ տարի «Ստեղծագործական մրցույթ» առարկայից բավականին շատ էին բացասական միավորները)։- Չէի ասի, թե արդյունքները տխուր են կամ հուսադրող չեն։ Մենք ունենք հետաքրքիր, լրագրողական մտածողությամբ դիմորդներ, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հիմնականում դիմել էին 2-3, նույնիսկ 5 տարի առաջ դպրոցն ավարտած մարդիկ և ավելի հասուն մտածողություն ունեին։ Կա նաև մեկ այլ հանգամանք. սեպտեմբերին մենք հայտարարել էինք դիմորդների հետ հանդիպումների շարք, և գրեթե ամեն ամիս ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կազմակերպած հանդիպումները ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ տվել են իրենց արդյունքը և ուղղորդել դիմորդներին»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5458

Մեկնաբանություններ