Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տեր-Պետրոսյանին և նրա թիմին աջակցում էր իշխանության մի մասը»

«Տեր-Պետրոսյանին և նրա թիմին աջակցում էր իշխանության մի մասը»
04.07.2008 | 00:00

«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՄՈՐՖ ՄԱՐՄՆԻ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր և ՀԺԿ նախկին անդամ ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆԸ։
-Տիկին Խուդաբաշյան, նախագահական ընտրություններում Դուք հրապարակավ աջակցեցիք Սերժ Սարգսյանին` իբրև թեկնածուի։ Սակայն մարտի 1-ի իրադարձություններից հետո որևէ դիրքորոշում չեք արտահայտել ներքաղաքական զարգացումների կապակցությամբ։ Ինչո՞ւ։
-Ինձ համար, առաջին հերթին որպես մոր, շատ դժվար է գնահատական տալ այն դեպքերին, որոնք տասը հայորդիների կյանք խլեցին։ Երկու կողմում էլ նույն ժողովրդի զավակներն էին, և անընդունելի է ինչ-որ մեկին մեղադրել, ինչ-որ մեկին արդարացնել։ Ցավոք, մեր քաղաքական այրերը, ովքեր պարտավոր էին այդ պահին վերահսկել իրավիճակը, բավարար իմաստնություն չունեցան այդ ծանր զարգացումից խուսափելու համար։
-Բայց, ամեն դեպքում, պատասխանատուներ տեսնո՞ւմ եք։
-Եթե օրենքի տառի տեսակետից դատելու լինենք, ապա ԽՍՀՄ-ի փլուզմանը հետևած 17 տարիների զարգացումների համար պատասխանատու են հանրապետության առաջին և երկրորդ նախագահները։ Այդպես է սահմանադրությամբ, որովհետև նրանք երկուսն էլ գործել են շատ լայն լիազորությունների շրջանակում՝ ունենալով փաստացի անսահմանափակ իշխանություն։ Այդ միայն այս տարվա ապրիլի 9-ից՝ Սերժ Սարգսյանի պաշտոնը ստանձնելուն զուգահեռ, սահմանադրական փոփոխությունները լիովին մտան ուժի մեջ, և լիազորությունների վերաբաշխման արդյունքում երկրի ճակատագրի համար արդեն հավասարապես պատասխանատու են հանրապետության նախագահը և խորհրդարանի մեծամասնությունը։
Ընտրությունների և մասնավորապես մարտի 1-ի դեպքերի հետ կապված` ինձ համար նաև ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանին և նրա թիմին աջակցում էր իշխանության մի մասը։ Իշխանական համակարգը փաստացի երկփեղկված էր։ Սա մեծ տարբերություն է, որ չկար 1996, 1998 և 2003-ի նախագահական ընտրություններում, երբ իշխանական համակարգի դեմ կանգնած էր միայն ժողովուրդը։ Այս անգամ ժողովրդի մի զգալի զանգվածի մասնակցությունից բացի, կար նաև իշխանության մեջ գործող տարբեր ուժերի աջակցությունը։
-Ինչի՞ց եք հանգել այդ եզրակացության։
-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող կլանային համակարգն իր ձևավորումն է ստացել դեռ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում։ 1998-ին այդ համակարգը, դրա առանցքում գործող օլիգարխներն ուղղակի անցան Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ։ Երբ եկավ Քոչարյանի լիազորությունների ժամկետի ավարտը, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր կուսակցությամբ 2007-ի խորհրդարանական ընտրություններում ձևավորեց մեծամասնություն, կարծում եմ կլանային համակարգի գայլերի համար պարզ դարձավ, որ իրենց իշխանությունը կարող է ավարտվել, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո ընտրվի նաև նախագահ։ Այդ համակարգի մի մասը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործում էր Քոչարյանի կողմում և աշխատում այն ուղղությամբ, որ ստեղծի Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում պատանդ դարձնելու իրավիճակ։ Մյուս մասն էլ ավելի նախընտրելի էր համարում Տեր-Պետրոսյանի վերադարձն իշխանության։ Կարծում եմ` այս երկու իրարամերժ մոտեցումների բախման հետևանքն է մարտի 1-ը։
-Ձեր ընդդիմախոսները հանգիստ մատնացույց կանեն այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի օրոք։ Եվ չէր կարող առնչված չլինել Ձեր նշած կլանային համակարգին։
-Սկսենք նրանից, որ կառավարության որևէ անդամ նախկին սահմանադրությամբ ոչինչ չէր կարող անել հանրապետության նախագահի դեմ, եթե վերջինիս ձեռք էր տալիս այդ համակարգի բարգավաճումը։ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի իշխանության տարիներին Սերժ Սարգսյանը ղեկավարել է հիմնականում ուժային ոլորտները, և ես երբևէ չեմ լսել, թե ներքին գործերի, անվտանգության կամ պաշտպանության նախարար եղած ժամանակ նա որևէ մեկից կաշառք է վերցրել։ Բոլորը, ովքեր աշխատել են այդ կառույցներում նրա հետ, միշտ էլ դրական են արտահայտվել նրա մոտեցումների և կադրային քաղաքականության մասին։ Կարծում եմ, որ հանրապետության նախագահի պաշտոնում էլ նա կարճ ժամանակում կապացուցի, որ երկիրն իսկապես բարեփոխելու ցանկություն ունի։ Կարծում եմ` դժվար է լինելու Սերժ Սարգսյանի համար, որովհետև ստիպված է լինելու դիմակայել թե՛ ընդդիմության ճնշումներին, թե՛ իշխանության ներսում եղած դիմադրությանը և թե՛ 3-րդ անտեսանելի մի ուժի…
-Ի՞նչ եզրեր եք տեսնում ընդդիմության և իշխանության երկխոսության առումով։
-Թերևս արժե սկսել նրանից, որ երկխոսությունը պիտի կայանա իշխանության և ընդդիմադիր ընտրազանգվածի միջև։ Եվ այդ ընտրազանգվածը միայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն, այլ բոլոր այն թեկնածուների, որոնք չեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին։ Այլ բան է, որ այդ զանգվածն ամբողջությամբ փողոց դուրս չի եկել, բայց չի նշանակում, թե սպասելիքներ չունի։ Ես կարծում եմ, որ կառավարության առաջնահերթ և հիմնական խնդիրը պետք է լինի հանրապետության նախագահի բոլոր նախընտրական խոստումները կետ առ կետ իրագործելը։ Այդ դեպքում նույն ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրություններն էլ կփոխվեն, մարդկանց մեջ իրական հավատ կառաջանա իրենց կյանքի լավացման առումով։ Սա՛ է ամենակարևորը։ Առանց սրա, եթե անգամ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միմյանց ընդառաջ գնան, հրապարակավ իրար ձեռք սեղմեն, հայտարարեն, որ իրենց միջև բոլոր տարաձայնությունները հարթված են, ժողովրդի համար ոչինչ չի փոխվի։ Մարդիկ ամենօրյա կյանքում պետք է փոփոխություն տեսնեն իրենց ապրելակերպի բարելավման և իրավունքների պաշտպանվածության առումով։
Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե դեմ եմ երկխոսությանը։ Ընդհակառակը, շատ ցանկալի կլիներ, եթե նախագահը և արմատական ընդդիմության առաջնորդը հանգեին համաձայնությունների, ազատ արձակվեին բոլոր ձերբակալվածները, ովքեր զուտ քաղաքական գործունեությամբ են զբաղվել կամ ծանր քրեական հանցանք չեն կատարել։ Այդ թվում՝ իմ նախկին գործընկերները, որոնց հետ աշխատել ենք նախորդ խորհրդարաններում։
-Չե՞ք ափսոսում, որ հիմա պատգամավոր չեք, խորհրդարանի ամբիոնից չեք կարող ասել այս ամենը, դիմել Ձեր ընտրողներին։
-Անկեղծորեն. ո՛չ, չեմ ափսոսում։ Այսօր Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ իրական փոփոխությունների սպասում ունեն միայն նախագահից և կառավարությունից, մի մասն էլ՝ ընդդիմությունից։ Բայց Ազգային ժողովից սպասելիքներ ունեցողները, համոզված եմ, շատ սահմանափակ թիվ են կազմում, որովհետև տարեցտարի խորհրդարանը վերածվել է ամորֆ մարմնի։ Ցանկալի կլիներ, որ նոր ստեղծվող հասարակական խորհուրդը նույն բախտին չարժանանար, որ այնտեղ ընդգրկվեին այնպիսի մարդիկ, ովքեր տեղ կհասցնեն ժողովրդի խոսքն ու հոգսերը։

Զրուցեց Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ