«Եթե մտածում են՝ մարդիկ խոտ են ուտում ու պիտի ասեն՝ կեցցե Նիկոլ Փաշինյանը, չարաչար սխալվում են»
23.06.2020 | 00:53
Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ այն տեսակետին է, որ հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ փուլում են ու գնալով էլ ավելի են բարդանում: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց՝ պաշտոնական Մոսկվան բազմաթիվ անգամներ, տարբեր մեսիջներով՝ սկսած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությունից, ավարտած Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բավական աղմկահարույց հրապարակումներով, հասկացրել է հայաստանյան իշխանություններին՝ որոշակի խութեր, այնուամենայնիվ, կան:
-Մինասյանի արած հայտարարություններն ու ներկայացրած փաստերն ապացուցում են՝ Հայաստանի իշխանությունները ներքաշված են ինչ-ինչ ապօրինի գործարքների մեջ,- ասում է քաղաքագետը։- Չեմ կարծում, թե նրա մոտ այդ թղթերը պատահաբար են հայտնվում, նրան այդ ամենը տրամադրում են Ռուսաստանի իշխանության բավական բարձր օղակները: Այսինքն, պաշտոնական Մոսկվան բացահայտ ցույց է տալիս, որ դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչը, իհարկե, մտահոգիչ է:
-Այս ամենը գիտակցելո՞վ է, որ Փաշինյանը խուսափում է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:
-Ըստ իս՝ Մոսկվա մեկնելը չեղարկվել է երկու պատճառով: Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի ահագնացումն ու կառավարության՝ դրա դեմ պայքարի ձախողումը, մյուս կողմից՝ կառավարող թիմի նկատմամբ մարդկանց անվստահությունը, վարչապետը վախենում է, որ Հայաստանում կարող է հեղաշրջում տեղի ունենալ: Երկրորդ պատճառն էլ այն է, որ Փաշինյանին իրոք պարտադրել են կորոնավիրուսի թեստ հանձնել, ինչի ժամանակ կպարզվեր՝ իրականում նա վարակված եղե՞լ է, թե՞ ոչ: Պարոն Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ եթե խաբել է հայ հասարակությանն ու հիվանդ չի եղել, ապա դա ևս մեկ հաղթաթուղթ կարող է լինել Ռուսաստանի իշխանությունների ձեռքում, որ մեկ այլ հարմար առիթի դեպքում կարող են օգտագործել Փաշինյանի դեմ՝ ցույց տալու համար, թե ինչպես է ՀՀ վարչապետը մերթընդմերթ ստում սեփական ժողովրդին:
-Բայց մեկ օրվա մեջ կարո՞ղ է հեղաշրջում տեղի ունենալ:
-Իհարկե կարող է, եթե համադրենք փաստերը, ապա կստացվի հետևյալը. նա վարչապետի պաշտոնը, թեկուզ մեկ օրով, որևէ մեկին չի վստահում, մյուս կողմից՝ քանի որ նախապես գիտեր, որ Մոսկվա է մեկնելու, որոշեց կալանքի տակ առնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ինչը, փաստորեն, դատարանը մերժեց: Բացի այդ՝ բազմաթիվ են հրապարակումները, որ «Իմ քայլը» դաշինքում բազմաթիվ պատգամավորներ կան, որ սեպարատ կերպով բանակցում են քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի հետ: Սրան էլ գումարած՝ արդեն տևական ժամանակ մամուլը գրում է, որ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները բարդացել են:
-Դուք ասում եք, որ Միքայել Մինասյանին պաշտոնական Մոսկվան է տրամադրում բոլոր այն տեղեկությունները, որ նա հրապարակում է: Ո՞րն է նման հայտարարություն անելու հիմքը կամ պատճառահետևանքային կապը:
-Հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն է հայտարարել, որ Մինասյանը գտնվում է Ռուսաստանում, այսինքն՝ որևէ մեկը կարող է մտածել, որ Սերժ Սարգսյանի փեսան հենց այնպես, առանց ՌԴ իշխանությունների «դաբրոյի», Ռուսաստանի տարածքու՞մ է գտնվում: Բացի այդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ Միքայել Մինասյանի ձեռքում, օրինակ, Վորոնեժի, Սոչիի կամ Կրասնոդարի օդանավակայանների առուծախի հետ կապված փաստաթղթեր են հայտնվում:
-Այսինքն՝ ռուսական կողմն է՞լ է շահագրգռված, որ Հայաստանում քաղաքական կուրս փոխվի:
-Ռուսական կողմը գուցե և չի փորձում փոխել Փաշինյանի կառավարությունը, բայց «մեսիջներով» հասկացնում է՝ դժգոհ է նրանից: Հասկացնում է նաև՝ քաջատեղյակ է Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների հակառուսական գործունեությունից: Եվ եթե ուշադիր նայենք, թե ովքեր են, օրինակ, Facebook սոցիալական ցանցի նրա երկպագուները, ապա կնկատենք՝ 95 տոկոսը բացահայտ հակառուսական տրամադրություններ է քարոզում: Կրեմլում ու ՌԴ արտգործնախարարությունում այդքան էլ միամիտ մարդիկ չեն, նրանք հրաշալիորեն հիշում են, թե, օրինակ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու նրա ամուսինը, մարզպետներից ոմանք, հակառուսական պաստառները ձեռքներին՝ Երևանում ինչպես էին ցույցեր անում:
-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պայմանական ասած, ազատության մեջ է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորել դեռևս չի ստացվում, արտախորհրդարանական ընդդիմությունը կարծես թե կոնսոլիդացիոն գործընթացներ է ուզում սկսել: Քաղաքական դաշտում ինչ-որ «սրացումներ» հնարավո՞ր են:
-Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր սրացումների հեղինակը մեկ մարդ է, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Նա մտածում է՝ եթե երկրի ղեկավարն է, ուրեմն ինչ ցանկանա, կարող է անել, ու այդ ամեն ինչը հասարակությունը պետք է հալած յուղի տեղ ընդունի: Ի վերջո, գործ սարքելով, գործ կարելով, հարց չի լուծվի: A4 ձևաչափի թղթի հիման վրա կարելի է մարդուն ձերբակալե՞լ: Ի՞նչ է ուզում ապացուցել մեզ Փաշինյանը, որ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում ընտրակաշառք միայն ԲՀԿ՞-ն է բաժանել: Լավ, դա էլ մի կողմ, բայց եթե Գագիկ Ծառուկյանը հանցանք է գործել, ապա ինչու՞ այդ ամենը երկու տարի առաջ չի բացահայտվել: Ստացվում է՝ ինչ-որ մեկի կատարած հանցագործության մասին ինֆորմացիան Փաշինյանը պահում է, որ հետագայում, հարմար պահի այդ մարդուն շանտաժի ենթարկի: Փաշինյանը քաղաքական տարրական շանտաժիստ է: Բայց հասարակության մի ստվար զանգված կա, որ շատ լավ է այս ամենը հասկանում, բոլորն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան անգրագետ Պողոս չեն: Եթե մտածում են՝ մարդիկ պետք է խոտ ուտեն ու ասեն՝ կեցցե Նիկոլ Փաշինյանը, չարաչար սխալվում են: Կամ երբ ընտրակաշառքի մասին է խոսում պարոն Փաշինյանը, մոռանու՞մ է, թե իր թերթի էջերում ինչեր էր գրում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից բաժանած ընտրակաշառքների մասին: Թող ուսումնասիրի, թե օրինակ, Շիրակի մարզում ու՞մ էին մեղադրում ընտրական գործընթացներն այլանդակելու մեջ:
-Մեկը, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարար, նախկին ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանին:
-Այո, բայց ոչ միայն Ցոլակյանին, Լևոն Բարսեղյանն էլ բացահայտ կերպով Սահակ Մինասյանին՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարին էր մեղադրում: Նիկոլ Փաշինյանն այդ մասին տեղյա՞կ չէ: Կրկնում եմ՝ հասարակության մի ստվար մասը շատ լավ հասկանում է Փաշինյանի կեղծավոր ու արդարադատության նկատմամբ ընտրովի մոտեցում ցույց տալու հանգամանքը: Այն, ինչ իրեն է ձեռնտու, միայն դա է ջրի երես հանում՝ մտածելով, թե մյուս խնդիրները մարդիկ չեն տեսնում կամ մոռացել են այդ մասին: Բայց այդպես չէ: Նույն օրինակ մարտի մեկի գործով՝ բազմաթիվ մեղավորների ազատության մեջ է թողնում, բայց Ռոբերտ Քոչարյանին տանում նստեցնում է, և, այո, Քոչարյանին քաղաքականություն է վերադարձրել Նիկոլ Փաշինյանը:
-Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում, արտախորհրդարանական դաշտում կոնսոլիդացիա կլինի՞:
-Չեմ կարող բացառել, ինչը, ի դեպ, բավական նորմալ գործընթաց է, ու դա պետք է նորմալ ընդունի նաև նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալուց հետո բացահայտ ֆաշիստական նկրտումներ է դրսևորում: Մարդը չի հասկանում, որ եթե երկրում ընդդիմություն չլինի, ուրեմն ֆաշիստական բռնապետության ենք վերածվելու:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ