Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա տոտալ պատերազմ է Լեռնային Ղարաբաղում. Le Monde

Սա տոտալ պատերազմ է Լեռնային Ղարաբաղում. Le Monde
27.10.2020 | 09:57

ԱՄՆ-ում 72 ժամյա բանակցություններից հետո կիրակի օրը հրապարակվեց Հայաստանի ու Ադրբեջանի հավանությունը ստացած համատեղ հայտարարությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին-առանձին ընդունեց երկու երկրների ԱԳ նախարարներին և բանակցությունների արդյունք նոր մարդասիրական հրադադարը ուժի մեջ պետք է մտներ երկուշաբթի առավոտյան: Նույն օրը հայտարարվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել Ժնևում, հոկտեմբերի 29-ին Մինսկի խմբի համանախագահներին, որի համանախագահները նախորդ՝ 1992-1994-ի պատերազմից (30 000 զոհեր) ԱՄՆ-ը. Ֆրանսիան ու Ռուսաստանն են: Նրանք հանդիպելու են, որ քննարկեն խաղաղ կարգավորմանն անհրաժեշտ քայլերը՝ գրում է Իզաբել Մանդրոն Le Monde-ում: Երկուշաբթի առավոտյան, հրադադարից 5 րոպե անց, Ադրբեջանն ու Հայաստանն արդեն մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ:

«Սա տոտալ պատերազմի իրավիճակ է, փաստացի Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում»՝ կիրակի հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընդունելով Ֆրանսիայի 15 պատգամավորների: Հայկական ուժերը կատաղի դիմադրում են, սակայն հակառակորդի գերակայությունը օդում՝ Թուրքիայի աջակցությամբ ու մատակարարումնեոց, անվիճելի է: Լեռնային Ղարաբաղում հատկապես ավերածություններ են գործում թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ները: Բնակիչների 60%՝ հիմնականում կանայք ու երեխաները, հեռացել են Հայաստան: Ադրբեջանական ուժերը, Անկարայից ստանալով սիրացի վարձկանների համալրումը՝ փորձում էին գրավել Լաչինի միջանցքը: 1994-ին Հայաստանի հաղթանակից հետո բացված Լաչինիի միջանցքը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, 1997-ից բացված երկրորդ ճանապարհն այսօր հասանելի չէ մարտական գործողությունների պատճառով: Այդ պորտալարը կտրելով՝ ադրբեջանցիները փակելու էին Երևանի ռազմական աջակցության ու մատակարարումների ճանապարհը: Ադրբեջանցիների հաջորդ նպատակը, որոշ տվյալներով, Շուշին է, որ անընդհատ ռմբակոծվում է, և Լեռնային Ղարաբաղի երկրորդ մայրաքաղաքն է: Ի պատասխան, հայերը տարածեցին հարսանիքի լուսանկարները Շուշիի կիսաավեր եկեղեցուց:


Ֆրանսիայի պատգամավորների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վճռականորեն պնդում էր, որ Թուրքիան կռվում է Բաքվի կողմից, ադրբեջանցիները ռազմական գործողությունների միայն 1/3-ն են վարում, նրանք ոչինչ չգիտեն ԱԹՍ-ների մասին, որոնցով զբաղվում են թուրք մասնագետները՝ Թուրքիայի տարածքից: Զրույցը մեկ ժամից ավելի տևեց, և Հայաստանի վարչապետը ավելի ու ավելի շատ էր զայրույթն արտահայտում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, համեմատելով նոր Հիտլերի հետ: «Եթե նա իրեն թույլ է տալիս այդ տոնով ու այդ ոճով խոսել մեծ երկրի նախագահի մասին՝ [ակնարկ Թուրքիայի նախագահի՝ Էմանուել Մակրոնի «հոգեկան առողջության» խոսքերի մասին], ի՞նչն է նրան խանգարելու համախատասխան քաղաքականություն վարել: Մենք բախվել ենք էքսպանսիոնիստական քաղաքականության, որը եթե հաջողություն ունենա Հարավային Կովկասում, շարունակվելու է հյուսիսում ու արևմուտքում: Նրա գործողությունները պետք է դիտարկել լայն կոնտեքստով՝ Սիրիայում, Հունաստանում, Լեռնային Ղարաբաղում»՝ հայտարարեց նա: Հայ ժողովուրդը չի կապիտուլացվելու՝ չնայած կորուստներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հավատացնելով, որ պատրաստ է փոխզիջումի, սակայն, երեք օր առաջ մերժում էր փոխզիջումը: Իբրև օրինակ նշվում է 2011-ի «Կազանի բանաձևը»: Փաստաթղթում, որ այն ժամանակ կողմերը պատրաստվում էին վավերացնել, նախատեսվում էր 5 շրջանների վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց, որ պետք է հանգեցներ անկախության ճանաչմանը Բաքվի կողմից: Վերջին պահին ադրբեջանական կոցմը հրաժարվեց, որով, թերևս, ազատեց հայկական կողմին շատ թեժ քննարկումներից երկրի ներսում:

Այսօր խնդրի լուծման անհետաձգելիությունը այնպիսին է, որ չի բացառվում անկլավի անջատումը բուֆերային գոտիներով՝ պայմանով, որ Հայաստանը կստանա սահմանների ամբողջականության ու պաշտպանության երաշխիքներ: Մինչր այսօր անհնար թվացող սցենարի դեմ հանդիման՝ Երևանը տասնապատիկ եռանդով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել խնդրի վրա, իսկ միջազգային հանրությունը բավականին անվճռական է՝ որոշ բացառություններով: Նույնիսկ Ռուսաստանը, որ Հայաստանի հետ ունի պաշտպանության համաձայնագիր, հայերի կարծիքով՝ դրսևորում է անհասկանալի չեզոքություն: Ֆրանսիայի միջկուսակցական մեծ պատվիրակությունը Երևանում առաջին քայլն էր այս ուղղությամբ, որ աննկատ չմնաց Բաքվում: Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ֆրանսերենով Twitter-ում դատապարտեց «միակողմանի ու կողմնակալ այցը»: Բացի այդ՝ հրադադարը հայտարարվեց այն պահին, երբ Երևանում դիվանագետները խոսում էին Թուրքիայից Ադրբեջան ուղարկված հատուկ ջոկատայինների մասին, որ հատուկ վարժված են լեռնային տեղանքում կռվելու համար:
Իզաբել Մանդրո, Le Monde


Հ.Գ. Հայկական դիվանագիտությունը հաջողության կհասնի այն պահից, երբ արտասահմանյան ԶԼՄ-ները դադարեն Արցախն անվանել անկլավ ու չգրեն Լեռնային Ղարաբաղի մասին, այլ օգտագործեն Արցախի Հանրապետություն անունը: Զարմանալի է, որ լավ տեղեկացված լինելով ԱՄՆ-ում բանակցություններից ու հրադադարի առաջին ժամերի մասին, Իզաբել Մանդրոն անտեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Արցախի հարցը կարող է լուծվել Կոսովոյի օրինակով, իմա ԱՄՆ-ը կճանաչի Արցախի Հանրապետությունը, առաջ անցնելով Ֆրանսիայից: Իսկ ընդհանրապես ռուս պատմաբան ու քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն հիանալի բնութագիր է տվել ռուսական «չեզոքությանը», ավելի ճիշտ, այդ չեզոքության պատճառներին.«Ի՞նչ է Էրդողանը: Ռուսական Պուտին:


Ի՞նչ է Պուտինը: Ռուսական Էրդողան:
Ինչու՞:
Առաջին՝ մեկն էլ, մյուսն էլ պահպանում են իրենց երկրների կայսերական անցյալի մեծության հիշողությունը: Էրդողանի համար դժվար է՝ օսմաններն արդեն 100 տարի չկան: Պուտինի համար հեշտ է՝ նրա աչքի առաջ է Սովետական Միության քարտեզը:
Երկրորդ՝ երկուսի էլ ինքնամեծարանքի մանիան համադրվում է անլիարժեքության բարդույթի հետ: Պուտինը աստիճաններով իջնում է՝ համաշխարհային տերությունից տարածաշրջանայինի: Էրդողանը վերև է մագլցում տարածաշրջանային պետությունից համաշխարհայինի: Թեպետ հասկանում, է, որ Թուրքիան այդ մակարդակին երբեք չի հասնի; Ոչ մի Ղարաբաղ այդ հարցում չի օգնի:


Երրորդ՝ երկուսն էլ չեն սիրում Արևմուտքը: Երկուսն էլ, հրապարակային չխոսելով՝ նախանձում են: Եվրոպան նրանց խորթ է: Էրդողանին ընդհանրապես ներս չեն թողնում, Պուտինն ուզում է Եվրոպայի հետ շփվել, բայց՝ իր պայմաններով: Չի անցնում:
Չորրորդ՝ և Էրդողանը, և Պուտինը խանդով փայփայում են նույնականությունը, ինքնատիպությունը, և այլն, և այլն: Մեկը գլուխ է խոնարհում իսլամին, մյուսը՝ ուղղափառությանը: Երկուսն էլ ձգտում են լիակատար վերահսկողության տակ վերցնել «իրենց» կրոնը և համարում են սեփական քաղաքական գործիք:
Գուցե ինչ-որ չափազանցություն կա, բայց այս տղերքը երկվորյակ եղբայրներ են: Ու մտածել է պետք: Առավելևս, որ պատմական ու ընտանեկան պրակտիկան վկայում է, որ բարդ հարաբերությունները հաճախ ծագում են հենց մտերիմ մարդկանց միջև: Նայեք Սիրիային, Լիբիային, Հարավային Կովկասին»:
Մեկնաբանությունների կարիք կա՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ