Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հետաքրքրված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հետաքրքրված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով
24.01.2021 | 14:27

NoonPost-ը (Եգիպտոս) գրում է, որ Մեծ Բրիտանիան բարձր զարգացած արդյունաբերական երկիր է և ընդգրկված է աշխարհի ամենազարգացած պետությունների ցուցակում, առաջատար դեր է խաղացել աշխարհում, նախքան ԱՄՆ-ը կվերցներ «առաջնության դափնիները»: Իսկ Թուրքիան դինամիկ զարգացող տնտեսությամբ երկիր է: Ասելով «զարգացող»՝ մենք նկատի ունենք բացառապես Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ցուցանիշները: Երկրների միջև խզումը մնում է բավականին մեծ, առնվազն մեր ժամանակներում: Ուստի ուշագրավ է Լոնդոնի հետաքրքրվածությունը Անկարայի ռազմական նվաճումների նկատմամբ։


Թուրքական ռազմական նվաճումների, հատկապես անօդաչու թռչող սարքերի նկատմամբ բրիտանացիների հետաքրքրությունը արտահայտվում է լրատվամիջոցների հրապարակումներում և վերլուծական հոդվածներում: Թուրքական ռազմական նվաճումների հանդեպ հավանությունն ու հետաքրքրվածությունը անմիջապես բխում են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ից, ավելի կոնկրետ՝ հենց նախարարից: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թուրքական անօդաչուները միջազգային ասպարեզում կփոխեն խաղի կանոնները: Այս լուրը հրապարակել են համաշխարհային շատ լրատվամիջոցներ: Նրա խոսքերը վկայում են, որ նա հասկանում է, թե ինչ դեր են խաղացել անօդաչուները թուրքական ռազմական գործողություններում՝ ընդդեմ Իրաքի հյուսիսում և Սիրիայում քրդական զինված խմբավորումների և Խալիֆա Հաֆթարի ուժերի ու սիրիական ռեժիմի: 2020-ի սկզբին թուրքական ուժերը որպես ոչ ավանդական զենք կիրառեցին անօդաչուներ՝ ռազմական գործողությունների ժամանակ կամ իրենց դաշնակիցներին աջակցելու համար: Կես տարի անց Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարը կրկին անդրադարձավ այս թեմային: Նա հանդիպեց Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու անօդաչուների ոլորտում երկրի զարգացման հնարավորությունը: Ուոլեսը հայտարարեց, որ Թուրքիան առաջադիմել է անօդաչու թռչող սարքերի զարգացման մեջ՝ չնայած արտաքին ճնշմանը: Նա առաջ է մղվել ոլորտում, մինչդեռ իր եվրոպացի գործընկերները հետ են մնացել: Թուրքական անօդաչուները պրակտիկ են, արդյունավետ, գնային առումով մատչելի և ունակ են կատարել բազում առաջադրանքներ. մոնիտորինգ, հակառակորդների շտաբների և օբյեկտների ռմբակոծում:

The Guardian թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հանձնարարել է նախագծող ինժեներներին առաջիկա 5 տարիներին մշակել բրիտանական անօդաչուների ստեղծման նախագիծ: Նա հորդորել է առաջնորդվել թուրքական փորձով և նշել, որ թուրքական անօդաչուները վերջին մարտերում ցուցադրել են նկատելի գերազանցություն: The Guardian-ը չի հստակեցրել, թե մտադի՞ր են երկրները այս ոլորտում փոխանակվել գիտատեխնիկական փորձով, թե՞ կսահմանափակվեն թուրքական ռազմական նվաճումների գովերգմամբ։ Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարը դրական է արձագանքել թուրքական անօդաչու թռչող սարքերի առնչությամբ, բայց չի կարողացել թաքցնել հիասթափությունը: Նա ճնշված է, որ թուրքերը զգալի առաջընթաց են գրանցել այս խոստումնալից ոլորտում՝ չնայած դժվարություններին և խնդիրներին, իսկ արևմտյան երկրները, որոնց համար ավելի հեշտ է ձեռք բերել տեխնոլոգիա և ֆինանսավորում, չեն կարողացել հասնել նման արդյունքների: Վերջերս նման հակասական «զգացումներ» նկատվում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում: 2020-ի հուլիսին Die Welt -ը գրել է, որ թուրքական անօդաչուները հեղափոխություն են կատարել ռազմական գործում և զգալիորեն փոխել են ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում՝ հօգուտ Թուրքիայի: Թուրքիայի իշխանությունները դիտարկում են դրանք որպես գնորդներ ներգրավելու միջոց: Սա վկայում է, որ կավելանա թուրքական ռազմական տեխնիկայի վաճառքը և կուժեղանա թուրքական ռազմական քարոզչությունը: Թուրքիայի հաճախորդ-դաշնակիցները կկարողանան օգտագործել էժան ու մահաբեր զենքը խոշոր տերությունների դեմ: Die Welt-ի գնահատմամբ՝ Թուրքիայի գործնական փորձը կարագացնի անօդաչուների համաշխարհային շուկայի զարգացումը: Tagesschau-ն հայտարարել է, որ եվրոպական ՀՕՊ միջոցներն ի վիճակի չեն դիմակայելու թուրքական անօդաչուներին՝ իրենց բարձր տեխնիկական բնութագրերով և գործնական փորձով:


Սիրիայի ժողովրդավարական խորհրդի գործադիր խորհրդի համանախագահ Իլհամ Ահմեդը դիմել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին՝ մտահոգություն հայտնելով ՍԺԽ ուժերի դեմ անօդաչուներ կիրառելու Թուրքիայի ցանկության կապակցությամբ: Նա զգուշացրել է, որ Թուրքիայի իշխանությունները կկարողանան ռազմական գործողություններ իրականացնել անօդաչուների կիրառմամբ՝ միևնույն ժամանակ չմտնելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որոնք կարող են դատապարտվել միջազգային հանրության կողմից:
2020-ի հոկտեմբերին Financial Times-ը հաղորդել է, որ Թուրքիան ի վիճակի է արտադրել անօդաչուներ ԱՄՆ-ի, Չինաստանի և Իսրայելի հետ հավասար: 20 տարվա անընդմեջ ջանքերից հետո նա կարողացավ կրճատել իր կախվածությունը Արևմուտքից և մեծացնել վստահությունը ազգային արդյունաբերության նկատմամբ: Ըստ Libération-ի՝ չնայած առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը, ամերիկյան անօդաչուների գինը չափազանց բարձր է թուրքականի համեմատ: Թուրքական անօդաչուներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը բոլոր տարածաշրջաններում, որտեղ նկատվել են:


Թուրքիան մշակել է անօդաչուների մի քանի տարբեր մոդելներ, բայց ANKA-ն ամենահայտնին է: Բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները պնդում են՝ «Բայրաքթար»-ը թուրքական անօդաչու թռչող սարքերի մարգարիտն է և ամենավտանգավոր զենքը Թուրքիայի ռազմական զինանոցում: Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարի գնահատականով՝ անօդաչու թռչող սարքերը պրակտիկ զենք են, չեն պահանջում ավանդական օդուժի առկայություն, նվազեցնում են մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռիսկերը ռազմական գործողությունների ժամանակ: «Բայրաքթար»-ները կատարում են բազմաթիվ գործառույթներ՝ շուրջօրյա մոնիտորինգ և ռմբակոծություն եղանակային տարբեր պայմաններում, չեն պահանջում զինվորականների ներկայություն և ունեն ցածր ինքնարժեք, որ տատանվում է 1-2 միլիոն դոլարի սահմաններում:


Անօդաչուները կոչվել են «Բայրաքթար» ի պատիվ թուրք գործարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարի: Անկարան վերջին երեք տարիներին բանակում և ոստիկանությունում ավելացրել է անօդաչու թռչող սարքերի քանակը՝ 38-ից հասցնելով 94-ի, կարողացել է վաճառել Կատարին, Թունիսին և Ուկրաինային: Թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիան:
«Բայրաքթար» անօդաչուներն իրենց ամբողջ փառքով ցուցադրվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, որը բռնկվել էր Ադրբեջանի ու Հայաստանի միջև անցած տարվա սեպտեմբերի վերջին: Սա սովորական պատերազմ չէր երկու գերտերությունների միջև: Ադրբեջանը կիրառում էր թուրքական անօդաչուներ, իսկ հայկական ՀՕՊ համակարգերը ի վիճակի չէին դիմակայել: Հայկական սպառազինության մեջ չկան անօդաչուներ: «Բայրաքթար ՏԲ2»-ը փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Բաքվի, ինչը նախկինում անհնար էր անել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շեշտել է, որ թուրքական անօդաչուները ոչնչացրել են հայկական զինված ուժերի մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկան։


Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ակադեմիկոս Մայքլ Քլարքը համեմատել է անօդաչուների կիրառման տնտեսական նպատակահարմարությունը: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է 224 միավոր ռազմական տեխնիկա, իսկ Ադրբեջանը՝ 36 միավոր նույն տեսակի տեխնիկա:
2020-ին Թուրքիան Կովկասում հասել է բարձր ռազմական, տնտեսական, բարոյական և պատմական նվաճումների: Դա 2019-ին նրա առջև ծառացած ֆինանսական հիմնախնդիրների նկատմամբ կայունության արդյունքն էր և հիմնված էր վեց բաղադրիչների՝ ազգային ինքնության, ինստիտուցիոնալ ավանդույթների, ռազմական ենթակառուցվածքների, տնտեսական աճի կարողության, մեծաքանակ բնակչության և դիվանագիտական հզորության վրա՝ որի մասին Նավզաթ Շագիլյանը խոսել է ղարաբաղյան պատերազմից առաջ:
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը օգնեց իր երկրին խուսափել սարսափելի սխալից: Նա չաջակցեց Էրդողանի կառավարության դեմ ձախողված ռազմական հեղաշրջմանը, ինչպես արեցին մյուս երկրները, և արագորեն կազմակերպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Թուրքիան և Մեծ Բրիտանիան միշտ միմյանց համարել են ԵՄ վտարյալներ՝ մեկը ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, մյուսը՝ դուրս գալ: Լոնդոնը օգնության ձեռք էր մեկնում Անկարային ամեն անգամ, երբ եվրոպական խոշորագույն երկրներից մեկը հրաժարվում էր նրանից:
2017-ի վերջին երկրները ստորագրեցին ռազմական համաձայնագիր, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան պետք է օգներ Թուրքիային արտադրելու հինգերորդ սերնդի կործանիչների համար շարժիչներ, որոնց արտադրությունը դադարեցվել էր թուրք-գերմանական տարաձայնությունների պատճառով: Բորիս Ջոնսոնը այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետն է, իսկ Ռիչարդ Մուրը՝ բրիտանական հետախուզության ղեկավարը և նրա աջ ձեռքը: ԵՄ-ից հեռացած Լոնդոնը կարծում է, որ կարիք չկա անհանգստանալու Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում Թուրքիայի հավակնություններից, քանի որ այն դարձել է իրական ուժ՝ կանգնած Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Միջերկրական ծովի և Իրանի սահմաններին: Նա Անկարային առաջարկեց սեփական արտադրության գերժամանակակից տեսախցիկներ, երբ Կանադան հրաժարվեց արտահանել Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում «Բայրաքթար» անօդաչուների կիրառման պատճառով: Սակայն Թուրքիան, ըստ ռուս լրագրող Վլադիմիր Դանիլովի տեղեկատվության, կարողացավ ինքնուրույն հիմնել դրանց արտադրությունը:


Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են համագործակցության: Հունվարին նրանք ստորագրեցին ազատ առևտրի պայմանագիր: Թուրքերը ցանկանում են օգուտ քաղել ինքնաթիռների և տանկերի շարժիչների արտադրության բրիտանական փորձից` զարգացնելու համար հինգերորդ սերնդի TFX կործանիչների և «Ալթայ» տանկերի նախագծերը, իսկ փոխարենը բրիտանացիները խոստացել են աջակցել «Բայրաքթար»-ի նման թուրքական անօդաչուների զարգացմանը: Մեծ Բրիտանիան արդեն աշխատում է սեփական անօդաչուների ստեղծման վրա, որոնք կիրագործեն ավելի բարդ խնդիրներ: Թուրքերը և բրիտանացիները միասին աշխատում են նաև Ուկրաինայում՝ ընդդեմ Ռուսաստանի: Բրիտանական ուժերը, ինչպես սպասվում է, կտեղակայվեն Սև ծովի ափին գտնվող ուկրաինական նավահանգիստներից մեկում, որտեղ խառնվում են Անկարայի և Մոսկվայի ազդեցությունները: Բրիտանական պաշտոնատար անձանց վերջին հայտարարությունները վկայում են, որ «Բայրաքթար» անօդաչուները տպավորիչ արդյունքների են հասել նվազագույն ծախսերով: Բայց հարցը հետևյալն է. ի՞նչ կպատահի, երբ Անկարան «Բայրաքթար Ակինջի»-ի զանգվածային արտադրություն սկսի, որն իրենից ներկայացնում է հայտնի անօդաչուների ավելի արդիականացված տարբերակ:

Դիտվել է՝ 7844

Մեկնաբանություններ