«Երկու տարի առաջ Հայաստանում շատ բան ոչնչացվեց, այդ թվում` արտաքին քաղաքականությունը»
08.05.2020 | 00:47
«Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է՝ բանակցում ենք»,- արցախյան բանակցությունների շուրջ օրերս խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր վախեցնեն իրենց ու իրենք բանակցությունների գնան, ձեռքերը դողալով նստեն, չփռշտան, որ պատմություն չլինի։ Հիմնախնդրի, ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ զրուցում ենք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Փաշինյանը հայտարարեց, որ բանակցություններ ընթանում են, բայց այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ հիմա բանակցությունների սեղանին փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակն է։ Ձեզ համար հասկանալի դարձա՞վ, ի վերջո, ինչի՞ շուրջ են բանակցում։
-Ավելի քան տասն օր է անցել ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությունից, թե անցած տարվա ապրիլին կողմերին ներկայացվել է փուլային տարբերակ և հիմա դա է բանակցվում։ Սա հստակ հայտարարություն էր։ Հետագայում և՛ հայկական, և՛ ադրբեջանական լրատվամիջոցներին տված պարզաբանումներում էլ նշվում էր, որ առաջին փուլում նախատեսված է Արցախի տարածքների որոշակի զիջում։ Չնայած այն հանգամանքին, որ այդ հայտարարությունից հետո և՛ վերլուծաբանները, և՛ լրատվամիջոցները հստակ պատասխան են պահանջում Մնացականյանից, Փաշինյանից, երկուսն էլ խուսափում են և փորձում այլ մեկնաբանություններով հարցը կոծկել։ Իբր անդրադառնում են Լավրովի հայտարարությանը, բայց ներկայացնում են իրենց նախկին դիրքորոշումները, ինչն արդեն իսկ կասկածներ է հարուցում։ Տպավորությունն այն է, որ հայկական կողմը Լավրովին պատասխան չունի տալու։ Ի հեճուկս Փաշինյանի մշտապես հնչող այն դիտարկմանը, թե լուծումը պիտի երեք կողմերին էլ ընդունելի լինի, մեր իշխանությունը մեկ տարի շարունակ բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որն անընդունելի է հայ ժողովրդի համար։
-Ի դեպ, նախօրեին Փաշինյանը Ալիևին տված իր բնութագրումն ավելի հարստացրեց՝ հայտարարելով, թե Ադրբեջանի ղեկավարը խնդրի լուծման հարցում կառուցողական է տրամադրված։ Սեփական երկրում իրենից առաջ եղած ոչ մի իշխանության ներկայացուցչի կառուցողական չհամարող Փաշինյանն ինչու՞ է անընդհատ Ալիևին գովաբանում։
-Դա այն ծուղակն է, որն ինքն իր դեմ լարել է Փաշինյանը ու հիմա դրանից չի կարող խուսափել։ Նա հայտարարել է, թե լուծման տարբերակը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա բանակցվում է մի փաստաթուղթ, որը, ըստ էության, ձեռնտու է հենց Ադրբեջանին։ Թե Մնացականյանն ու Փաշինյանը հետագայում ինչպես են պատրաստվում այդ ամենը հրամցնելու Հայաստանի և Արցախի ժողովրդին, հասկանալի չէ։ Փաշինյանին թվում է, թե ինքը կխուսափի դրանից վերջին պահին վետո կիրառելով, ինչի մասին արդեն հիմա բաց խոսում են պաշտոնյաները։ Սակայն սա Հայաստանի նկատմամբ բանակցություններում բացասական վերաբերմունք է ձևավորելու, ինչի արտահայտությունն արդեն տեսնում ենք ինչպես Լավրովի հայտարարություններում, այնպես էլ միջնորդ երկրների դեսպանների, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Այս պահի դրությամբ կարելի է ենթադրել, որ բանակցությունների սեղանին դրված է Ադրբեջանի մշակած փուլային տարբերակը, որն առաջին իսկ փուլից մեծ կորուստներ է պարտադրելու հայկական կողմին։ Այս հեռանկարը պաշտոնական Երևանը չի հերքում, միայն հայտարարում է, թե նման լուծման տակ չի ստորագրելու։ Այսինքն, երկու տարբերակ կա. կամ համոզել Հայաստանի և Արցախի բնակչությանը, որ այս տարբերակն այնքան էլ վատը չէ, տարածքները պիտի հանձնել, կամ չստորագրել այդ փաստաթուղթը և Ադրբեջանին լեգիտիմ առիթ տալ պատերազմական գործողությամբ ու արտաքին խաղացողների աջակցությամբ հարցը կարգավորելու։ Երկու տարբերակն էլ չափազանց վտանգավոր են։
-Գուցե Փաշինյանի նոր արտաքին քաղաքականությու՞նն այս իրավիճակում օգնության հասնի։ Նա արտաքին քաղաքականություն է ստեղծում, որին, ինչպես ինքը խոստովանեց, դեռ անհաղորդ են և ՌԴ-ում, և՛ Արևմուտքում։
-Փաշինյանի՝ արտաքին քաղաքականություն ստեղծելու հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը։ ՀՀ-ն այսօր չունի արտաքին քաղաքականություն, դրանում համոզվել ենք բազմիցս։ Ոչ մի երկրի ղեկավար, ըստ էության, չի շփվում մեր վարչապետի հետ։ 2 տարվա ընթացքում Փաշինյանը չկարողացավ հանդիպել ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ, ԵՄ-ի հետ, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քաղաքական օրակարգ չկա։ Փաստ է, որ Հայաստանն այսօր արտաքին քաղաքականություն չունի, որովհետև 2 տարի առաջ Հայաստանում շատ բան ոչնչացվեց, այդ թվում արտաքին քաղաքականությունը։ Իսկ մենք բավական հաջող քաղաքականություն ունեինք, որի դեմ սկզբում պայքարում էին և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ը, բայց հետո հաջողվեց «և-և»-ի ճկուն քաղաքականություն վարել, ինչը ստեղծում էր սպառնալիքների դիվանագիտական զսպման մեխանիզմներ։ Սա շատ լավ աշխատում էր նաև արցախյան հիմնախնդրի դեպքում։ Իսկ այսօր այդ ամենը չկա, վերջին 2 տարում դա բարեհաջող ոչնչացրել են, ու հիմա իսկապես Հայաստանը պետք է նոր արտաքին քաղաքականություն մշակի։
-Փաշինյանն այդ մասին լրիվ այլ պատկերացում ունի։ Ըստ նրա, նախկինում Հայաստանը «Ճ կլասի» պետություն էր, ու հիմա էլ ոմանք սովոր են հին ռեժիմով աշխատելուն. «վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ և բոլորից ինչ-որ բան աղերսել, որևէ փշրանք ստանալիս էլ լինել երջանիկ»։
-Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Փաշինյանը ստում է։ Հայաստան երբեք ծուռվիզ քաղաքականություն չի վարել, չի բավարարվել սրա-նրա տված փշրանքներով։ Այդ բոլոր որակումները սուտ են։ Փաշինյանն իր իսկ կործանած արտաքին քաղաքականության մեղքը փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա այնպես, ինչպես շատ այլ հարցերի դեպքում։ Սա Փաշինյանի պոպուլիստական գնահատականների հերթական ապացույցն է, ոչ ավելին։
-Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երկու տեսաշար հրապարակեց` բավական ուշագրավ մանրամասներ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի մասին։ Փաշինյանը դրանց չարձագանքեց։ Կարելի՞ է ասել, որ մենք մտել ենք մի փուլ, երբ այս իշխանության նախկին, ստվերային գործարքները ջրի երես են դուրս գալիս։
-Չի անդրարադարձել մի պարզ պատճառով, որ Միքայել Մինասյանն իր ասածների ապացույցներն էլ կարող է ներկայացնել, ինչը մեծ հարվածի տակ կդնի Փաշինյանին։ Այս պահին նա չի ուզում հարվածի տակ ընկնել, հստակ գիտակցելով, որ տուժողն ինքն է լինելու, քանի որ հայտարարությունները մերկապարանոց չեն։ Փաշինյանը վախենում է Միքայել Մինասյանից, նրա բացահայտումներից, նրա հանդեպ կատարած ապօրինությունների` ջրի երես դուրս գալուց ու այդ ամենը հանրային քննարկման թեմա դառնալուց։ Կարելի է ասել, որ Փաշինյանը կենդանական վախ ունի այս ամենից, ուստի գերադասում է շրջանցել իրեն ուղղված մեղադրանքները։
-Երկրորդ տեսաշարում Մինասյանը խոսեց նաև դավաճանների մասին՝ նկատելով, որ օրվա իշխանությունում կան և՛ ժողովրդին դավաճանածներ, և՛ գործակալներ։
-Կարծում եմ` դրանք չափազանց հիմնավոր ձևակերպումներ էին։ Փաշինյանը ժողովրդի վստահությունը դավաճանել է, և Միքայել Մինասյանի խոսքերի լավագույն ապացույցն էլ այն է, որ այսօր «սուտ Նիկոլ» ձևակերպումը դարձել է նրան հիմնավորապես բնութագրող։ Փաշինյանը մեկ բան էր ասում ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, մեկ այլ բան իշխանափոխության օրերին հրապարակում և լրիվ այլ բան՝ վարչապետի կարգավիճակում։ Վերևում խոսեցինք արտաքին քաղաքականությանը հասցրած վնասներից, դա ևս մեկ ապացույց է, թե Փաշինյանն ինչ հակապետական, ժողովրդի շահերին դեմ քայլեր է անում։ Այդպիսի քայլերից են նաև իրավապահ համակարգն ամեն կերպ ոչնչացնելը, դատարանները շրջափակելը, զինվորական էլիտայի մասին անպատասխանատու հայտարարությունները և այլն։
-Ի դեպ, իրավական համակարգում օրերս աղմկահարույց նշանակում տեղի ունեցավ, 28-ամյա երիտասարդին մեկ օրում երկու պաշտոն շնորհեցին ու ԱԱԾ փոխտնօրենի խիստ պատասխանատու աթոռը վստահեցին։ Փաշինյանը, ի պատասխան քննադատություններին, հայտարարեց, որ դա քաղաքական նշանակում է։
-Ինձ հենց այդ հանգամանքն է անհանգստացնում, որ հայտարարում են, թե դա քաղաքական նշանակում է։ Եթե քաղաքական նշանակումներով պիտի իրավական համակարգն առաջնորդվի այն դեպքում, երբ այդ մասին օրինագիծը չի էլ ընդունվել, հասկանում եմ, որ խնդիրը պետք է այլ տեղ որոնել։ Պետության անվտանգության խնդիր է առաջանում։ Մեկ մարդու ձեռքում է իրավական այդ կառույցը հայտնվում, որպեսզի սպասարկի նրա քաղաքական շահերը։ ԱԱԾ-ն կարող է դառնալ, օրինակ, Նիկոլի իշխանության անվտանգության ծառայություն։ Այդ նշանակումը բխում է ոչ թե ազգային անվտանգության ծառայության շահերից, այլ Փաշինյանի թիմի շահերից։ Պետք է այս ամենն ուշադրության կենտրոնում պահել։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ