Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը` կորստյան որդին, հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է Աստված, կամ պաշտամունքի առարկա, մինչև այն աստիճան, որ նա նստի Աստծո տաճարում, և ինքն իրեն ցույց տա, թե Աստված է
(Բ Թեսաղ., 2; 3-4)
Հակաքրիստոսը վերջին ժամանակների անձնավորություն է, որը լինելու է ամբողջ աշխարհի կառավարիչ, միապետ:
Նաև Հակաքրիստոս է կոչվում որևէ պատմական անձնավորություն աշխարհի պետությունների այն կառավարիչներից, ովքեր եղել են Աստծո, Քրիստոսի և քրիստոնյաների մոլի հակառակորդներ:
Հակաքրիստոս, հակաքրիստոսներ. սրանք սատանայի գործիչներն են, նրա դրածոները, աջակիցներն ու կամակատարները, որոնց սատանան է տվել իշխանություն, զորություն և ընդունակություններ, իր պաշտպանությունը, իր խելքը և ռազմավարությունը, որպեսզի ոչնչացնի հավատքը Մեկ Աստծո և Նրա Միածին Որդու` Քրիստոս Փրկչի հանդեպ:
Բացի կառավարիչներից, հակաքրիստոսներ կարող են լինել նաև մշակույթի որոշ գործիչներ, կուսակցական և գաղափարական առաջնորդներ, կրոնական գործիչներ, ինչպես նաև գրողներ, փիլիսոփաներ, գիտնականներ, ի վերջո, սովորական մարդիկ (աթեիստներ կամ հերետիկոսներ), ովքեր ատում են Քրիստոսին, Նրա փրկության Ավետարանը, Նրա վարդապետությունը և ատում ու հալածում են Քրիստոսի հետևորդներին:
Այս անկյալ, մեղսասեր աշխարհում երբեք կատարյալ կառավարիչներ, ղեկավարներ չեն եղել: Սրանք բոլորը փորձել են վարվել համաձայն բարու և չարի մասին «աշխարհիկ» հասկացությունների, որտեղ իսկական գիտությունը խառնված է կեղծ պատկերացումների հետ: Նույնիսկ եթե նրանք ունենային ճշմարիտ գիտություն, միևնույն է, չէին կարողանա ղեկավարել աշխարհը այնպես, ինչպես կուզեին (Աստծո կամքին համաձայն), քանզի այս աշխարհում ամեն բան մատնված է մեղքին՝ սատանային, որն «այս աշխարհի իշխան» է կոչված: Այդ իսկ պատճառով ամեն բարեգործություն և առաքինություն իսկույն բախվում է ուժգին հակառակության և ընդդիմության բոլոր սատանայական համակարգերի և նրա ծառաների կողմից: Սա պայքար է Բարու և չարի, Աստծո և սատանայի միջև:
Սակայն եղել են և կան կառավարիչներ, որոնք աստվածավախ են և հավատ ունեն Մեկ Ճշմարիտ Աստծո հանդեպ: Նրանց չի կարելի հակաքրիստոսներ կոչել, որովհետև նրանք չեն մարտնչում Աստծո դեմ` հալածելով ու ոչնչացնելով հավատքը և հավատացյալներին, այլ հնարավորություն են տալիս նրանց ապրելու և Բարի լուրը տարածելու ամբողջ աշխարհում, լինելու ազդարարողներ Ճշմարտության:
Նախ, պետք է ասենք, որ երկրավոր «իշխանության ինստիտուտը» ձևավորվել է անկյալ մարդկության ձեռքով և Աստծո թույլատու կամքով, որպեսզի մարդիկ կարողանան որոշ չափով պահպանել «իրերի կարգը» միմյանց փոխհարաբերությունների մեջ` թույլ չտալու չարին ոչնչացնել աշխարհը, մինչև վերջին դատաստանի օրը:
Այն ժամանակներից, երբ մարդիկ բաժանվեցին լեզուների, կազմեցին իրենց ցեղերն ու պետությունները, սկսեցին պատերազմել իրար հետ, որպեսզի խլեն իրարից ավելի լավ հողեր, ունեցվածք և այլն, այդ կռիվների և ատելության վակխանալիան չկանգնեցրեց նրանց` հասկանալու, որ բոլոր արհավիրքների պատճառը իրենց անաստված կյանքն է, այլ դրդեց նրանց թագավոր և երկրավոր իշխաններ ունենալու ցանկությանը: Եվ Աստված դա թույլ տվեց, զգուշացնելով իր Իսրայելի ժողովրդին, որ այսուհետ նրանք այս որոշման տխուր հետևանքները պիտի ճաշակեն:
«Սամուելը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին: Նա ասաց.
-Սրանք են իրավունքները թագավորի, որ թագավորելու է ձեզ վրա, նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջև վազող սուրհանդակներ դարձնի: Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն: Ձեր դուստրերին յուղագործներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի: Ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով` իր ծառաներին պիտի տա: Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին ու ծառաներին: Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր անասուններն ու էշերը ձեզնից պիտի վերցվեն և իր համար տասանորդ լինեն: Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, և դուք նրա ծառաները պիտի դառնաք: Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք:
Ժողովուրդը չուզեց լսել Սամուելին և նրան ասաց.
-Ո՛չ, մեկը թող թագավորի մեզ: Մենք ևս այլ ազգերի նման լինենք, մեր թագավորը թող մեզ դատի, մեզ առաջնորդի և պատերազմի մեր պատերազմը» (Ա Թագ. 8; 10-20):
Այսօր շատերն են դժգոհում իրենց կառավարիչներից, նախագահներից, սակայն նրանք չեն հասկանում, որ իրենց ղեկավարները արտացոլումն են այն կյանքի, մարդկության այն հոգևոր անկման, որին հասել են իրենց անաստվածության, արհեստական գիտատեխնիկական առաջընթացի, ենթամշակութային, հեթանոսական դաստիարակության արդյունքում, դարերի ընթացքում: Ցանկանում են նրանք, թե չէ, սակայն ամեն իշխանություն (լինի նախագահը կամ հիմնարկի պետը` ինչպիսին որ կա) «արտադրանք» է ժամանակի այն զարգացումների, որոնք ի վերջո մոտեցնում են մարդկությունը Հայտնութենական Վախճանին:
Սուրբ Գրքում գրված է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդության մեջ մնա, քանզի իշխանությունը այլ տեղից չէ, եթե ոչ` Աստծուց, և եղածները Աստծուց են կարգված» (Հռոմ. 13;1): Ի՞նչ հետևություն պետք է անենք այս խոսքից: Իհարկե, ոչ թե այն, որ երկրներում, կառույցներում, գործարաններում և տարբեր հաստատություններում Աստված է նշանակում ղեկավարներին: Այլ դա նշանակում է, որ Աստված մարդկանց« կամապաշտության և մեղքերի սանձարձակության պատճառով, տալիս է այն, ինչ ուզում էին` իրենց թագավորներին ու կառավարիչներին: Եվ զգուշացնում է, որ այս տեսակ մարդկային իշխանությունը Բարուն չի հասցնելու: Աստված բացատրում է նրանց, թե ինչ է պահանջելու իրենցից այդ իշխանությունը, և ինչպես մարդիկ պիտի վերաբերվեն իշխանությանը, որպեսզի չվնասեն իրենց և ուրիշ մարդկանց, որոնց ազատությունը նույնպես սանձահարվում է իշխանության և նրա պահանջների կողմից:
Թարգմանությունը ռուսերենից՝
տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ