Ընթացիկ մրցաշրջանի սկզբում Լուիս Սուարեսը լքեց «Բարսելոն» գրանդ ակումբն ու տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»: Սա ակումբում ընթացող գործընթացների արդյունք է, որը շատ բաներով ազդեց թիմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Իհարկե, «ջրերի պարզեցման» գործընթացն ակումբում կարծես մտնում է ավարտական փուլ, ու որպես հետևանք լինելու է այն, որ ակումբի նախագահը հեռանալու է զբաղեցրած պաշտոնից, սակայն այն, ինչ կարող էր ավերել, կարծես ավերեց։ Ավելին, եթե հիշում եք, Բարտոմեուի պատճառով անգամ Մեսին էր ոտքի ելել «Բարսելոնից» հեռանալու համար։
Ինչևէ, վերադառնանք Սուարեսին։ Թիմից նրա հեռանալը հարկավ ուժեղ հարված էր Լիոնել Մեսիի համար, քանի որ ուրուգվայցին խաղադաշտում թիմի ավագի լավագույն ընկերն ու լավագույն գործընկերն էր: Սակայն ընկերներ էին ոչ միայն Սուարեսն ու Մեսին։ Ընկերներ էին նաև նրանց կանայք։ Այդ դժվար բաժանման կապակցությամբ հայտնի է Մեսիի կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի հուզիչ գրառումը Սուարեսի կնոջը՝ Սոֆիա Բալբիին. «Քույրս, իմ ընկերուհի, շնորհակալ եմ այս տարիների համար, որ մենք միասին ենք անցկացրել, այսքան ուրախ պահերի, այսքան շատ ընկերների համար: Դուք մեզ համար ընտանիք էիք… Ես բառեր չունեմ նկարագրելու, թե որքան կկարոտեմ քեզ և քո հիանալի ընտանիքին: Շատ շնորհակալություն։ Եվ թող կյանքը շարունակի մեզ միասին լավ պահեր պարգևել, և մենք հաստատ շուտով նորից կհանդիպենք: Ես սիրում եմ քեզ։ Աշխարհի ողջ հաջողությունն այս նոր փուլում»:
Հայտնի է նաև Սոֆիայի ոչ պակաս հուզիչ գրառումը. «Շնորհակալություն խոսքերի համար։ Ես սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ