Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համաշխարհային տերությունը ավերակներում

Համաշխարհային տերությունը ավերակներում
07.07.2020 | 11:59

Կորոնավիրուսի համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից, տնտեսությունը զրոյի վրա է, հասարակական տրամադրությունները պատմական նվազագույնի վրա են՝ ԱՄՆ-ը վճարում է Դոնալդ Թրամփի նախագահության դիմաց՝ գրում է Ալան Կեսիդին Süddeutsche Zeitung-ում: Հուլիսի 4-ին ամերիկացիները տոնեցին Անկախության օրը, սակայն ոչ ԱՄՆ-ը, ոչ Թրամփը տոնի առիթ չունեն: Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից՝ պանդեմիայի սկզբից առաջին անգամ ԱՄՆ-ում գրանցվել է 55 000 վարակի նոր դեպք: 130000 մարդ արդեն մահացել է: Մի քանի նահանգներ նորից սահմանափակումներ են մտցրել:


Աշխարհի խոշորագույն տնտեսության մեջ վիրուսի հետքերը կործանարար են: Գործազրկության մակարդակը մայիսի 13,3%-ից հունիսին դարձել է 11,1%, բայց այս տվյալները հավաքվել են վարակվածության կտրուկ աճից մի քանի օր առաջ: Շատ ամերիկացիներ ամռանը կզգան՝ ինչ է նշանակում տնտեսական ճգնաժամ: Գարնանը սահմանված նպաստների հավելման ժամկետն ավարտվում է հուլիսի վերջին: Հուլիսի 1-ից շատ շրջաններում դադարել են գործել կանոնները, որոնց շնորհիվ վարձակալողները փողոցում չէին հայտնվում՝ վարձավճարը չվճարելու դեպքում: Ավելի մեծ թվով ամերիկացիներ են հայտնվելու առանց տան: Թրամփը կոնյունկտուրայի փառահեղ վերադարձ է երազում երրորդ եռամսյակում, սակայն առայժմ վիրուսը շարունակում է տարածվել, հավանաբար, տնտեսական ու սոցիալական ճգնաժամը խորանալու է: Ինչ է դա նշանակելու ամերիկյան տնտեսության համար երկարաժամկետ հեռանկարում, ինչպես դա կազդի ԱՄՆ-ի դերի վրա աշխարհում, մնում է միայն գուշակել: Սակայն արդեն իսկ հասկանալի է, որ ճգնաժամը փոխում է ամերիկացիների վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ: Պյու հետազոտական կենտրոնի հարցման տվյալներով՝ 10 ամերիկացիներից 9-ը դժգոհ է իրավիճակից: 71%-ը զայրացած է, 66%-ը՝ վախեցած: Միայն 17%-ն է դեռ հպարտանում իր երկրով: Հարցումները վկայում են, որ ընտրություններից 4 ամիս առաջ Դոնալդ Թրամփը զիջում է դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին: Ազգային մակարդակում տարբերությունը միջինը 10% է: Թրամփի հետ մնալը նշանակալից է մի քանի նահանգներում, որ վճռորոշ նշանակություն ունեն ընտրությունների ելքի համար: ՙԹրամփի նախագահությունը ավարտվում է՚՝ հայտարարարել է Ռոբերտ Ռեյչը՝ Բիլ Քլինթոնի աշխատակազմի աշխատանքի նախկին նախարարը: Այդպես են կարծում ոչ միայն Թրամփի հակառակորդները: Նման տեսակետներ առավել հաճախ հնչում են և պահպանողական շրջանակներում: Անանուն մնալ ցանկացած աշխատակիցները լրագրողներին ասել են, որ նախագահը հուսահատ ու ճնշված է իր շանսերի առումով: The New York Times-ի տվյալներով՝ վստահված անձինք համոզել են Թրամփին լիովին փոխել նախընտրական արշավը՝ պարտությունից խուսափելու համար: Հանրապետականները վախենում են Սենատում իրենց մեծամասնության համար, եթե ընտրողները պատժեն Թրամփին: Դեռ ժամանակ կա իրավիճակը փոխելու: Բայց եթե արմատականորեն ոչինչ չփոխվի, նոյեմբերի 3-ին շատ ամերիկացիներ տոնելու են անկախության նոր օր՝ Թրամփից ազատագրվելու:
Ալան Կեսիդի, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Բնական է գերմանացիների զայրույթը Թրամփի ու նրա քաղաքականության հետևանքներից: 2016-2020 ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները չեն ստացվում՝ սկսած Անգելա Մերկելին կոնֆետ տալուց, ձեռքը չսեղմելուց և այլ մանրուքներից, որ արտահայտում են ոչ միայն միջանձնային, այլև միջպետական հարաբերությունները, մինչև Մերկելը մերժումը Մեծ յոթնակի հանդիպմանը մասնակցել ԱՄՆ-ում և Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումն ու Լեհաստանում տեղակայումը: Բայց գերմանական զայրույթը չի վնասում օբյեկտիվությանը՝ իսկապես ԱՄՆ նախագահի վերընտրության շանսերը նվազում են այնքան, որքան խորանում է կորոնավիրուսը: Ոչ միայն գործազրկությունը ու տնտեսության կանգառը, առողջապահական համակարգի փլուզումը, այլև ամերիկյան ավանդական խնդիրներն են ջրի երես դուրս գալիս՝ իշխանության թուլացմանը զուգահեռ: 2016-ին թվարկելով իր նախագահության շրջանի ձեռքբերումներն ու ձախողումները՝ Բարաք Օբաման արձանագրեց, որ իրեն չհաջողվեց մեղմել ամերիկացիների միջև բուն դրած հակասությունները: Նա չցանկացավ ասել՝ սպիտակամորթների ու սևամորթների պայքարը կամ մրցակցությունը միմյանց հետ: Թրամփը հույս ուներ բարեկեցության բարձրացմամբ լուծել այդ հարցը, բայց 2020-ին կորոնավիրուսը խորացրեց նաև այդ խնդիրը: Դեմոկրատ, թե հանրապետական՝ ով էլ լինի Սպիտակ տանը՝ մեծ հաշվով ԱՄՆ-ը չի փոխում իր արտաքին ու ներքին քաղաքականությունը, հազիվ թե Ջո Բայդենը գա ու ԱՄՆ-ին վերադարձնի գերտերության ու դրախտի կարգավիճակը միանգամից, ինչպես Թրամփի վերընտրությունն էլ չի խոստանում անմիջական հաջողություններ տնտեսության մեջ ու արտաքին քաղաքականության մեջ որևէ ռազմավարության գոյություն: Սպասենք նոյեմբերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ