«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԱՄՆ պատժամիջոցները, Պուտինի գովասանքը և Էրդողանի գործոնը

ԱՄՆ պատժամիջոցները, Պուտինի գովասանքը և Էրդողանի գործոնը
19.12.2020 | 11:20

Պատժամիջոցների մասին Վաշինգտոնի որոշումը С-400-ների խնդրի կոնկրետ դրսևորումը դարձավ, որի մասին վաղուց ենք խոսում: Կոնգրեսի պնդումով ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց դաշնակից երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության դեմ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմակայության» (CAATSA) օրենքի շրջանակներում: Պատժամիջոցները խիստ չեն, բայց կարող են ընդլայնվել և Բայդենի վարչակազմին հնարավորություն տալ զարգացնելու նոր փոխգործակցություն Թուրքիայի նկատմամբ: Անկասկած, պատժամիջոցների կիրառումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն: Կարծում եմ՝ Վաշինգտոնի նոր վարչակազմը հետագա քայլեր չի անի այդ գործում, քանի դեռ չի մշակել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը: Ֆեթուլայականների ահաբեկչական կազմակերպության (FETÖ) հարցում ևս փոփոխություններ չեն սպասվում, ենթադրվում է, որ առաջին պլանում կհայտնվեն Սիրիան, Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) և Արևելյան Միջերկրականը: Բայց գլխավոր հարցն է, թե ինչպես նախագահ Բայդենը, վերանայելով ԱՄՆ գլոբալ քաղաքականությունը, կնախընտրի գործել Թուրքիայի ու Էրդողանի նկատմամբ: Դա հասկանալու համար նվազագույնը մի քանի ամիս պետք է սպասել: Եթե Բայդենը քաղաքականությունը վարելու է՝ գիտակցելով, որ Թուրքիան այսօր այլ պետություն է, քան եղել է Օբամայի երկրորդ ժամկետում, դրական ներդրում կլինի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիան ակտիվ խաղացող է իր շրջապատում ռազմավարական շատ դոսիեներով: Օրինակները երկու իրադարձություններն են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գովասանքը Էրդողանի հասցեին ամենամյա ասուլիսում և Իրաքի վարչապետ Կազիմի այցը Անկարա:


Ինչու՞ էր Պուտինը հիացմունքով խոսում Էրդողանի մասին: ՌԴ նախագահի գովասանքը՝ «Էրդողանը խոսքի տերն է ու մինչև վերջ է գնում հանուն իր երկրի» պատահական չի հնչել պատժամիջոցներից հետո: Իհարկե, Պուտինը գիտի, որ ԱՄՆ պատժամիջոցների գլխավոր նպատակը համաշխարհային շուկայում ռուսական զենքի տարածմանը խոչընդոտելն է: Այդ պատճառով նա չի ցանկանում, որ Անկարան հետքայլ անի С-400-ի հարցում: Անկարան խոսքը պահում է, բայց շարունակում է ճանապարհներ որոնել, որ С-400-ի հարցը չկասեցնի իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Դինամիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ տատանվում են մրցակցության ու համագործակցության միջև, այլընտրանք չեն Արևմուտքի հետ դաշինքին: Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքն էլ, հակառակ շատ շրջանակների, գոյություն չունի: Եթե Բայդենը, թիրախավորի Ռուսաստանը, Անկարայի ու Մոսկվայի հարաբերեւթյունները կարող են բարդ փորձության ենթարկվել: Կարծում եմ՝ Պուտինը Էրդողանի հետ աշխատանքին նշանակություն է տալիս, որովհետև դա տեսնում է: ՌԴ նախագահը դեմ չէ Կովկասում Թուրքիայի մեծացող ազդեցությանը, որ լուրջ ներդրում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հաղթանակում: բարձրաձայն չի առարկում Անկարայի ու Ուկրաինայի աստիճանաբար խորացող հարաբերությունների դեմ: Հետաքրքիր է՝ ինչու՞ է Մակրոնը անտեսում Էրդողանի նկատմամբ Պուտինի այդ ռեալիզմը: Կդրսևորի՞ պրագմատիզմ Բայդենը, հակառակ իր նախորդ հայտարարությունների, կկարողանա՞ սթափ գնահատել «Էրդողանի գործոնը», կտեսնենք մոտ ապագայում:


Էրդողանի չափազանց կարևոր հանդիպումը Իրաքի վարչապետ Կազիմի հետ աննկատ չանցավ: Հյուսիսային Իրաքի քուրդ խաղացողների և կենտրոնական իրաքյան կառավարության քաղաքականությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ նոր փուլ է մտնում: Հետայսու Իրաքում ՔԱԿ-ը լուրջ սպառնալիք է, որ բռնություններ ու կոնֆլիկտներ է ստեղծում: Քննարկվում է Անկարայի ու Բաղդադի ավելի ընդլայնված համագործակցությունը այդ ոլորտում: Երկկողմ օրակարգը դրանով չի սահմանափակվում: Հաճախացած այցերը կապված են Իրաքում իրավիճակի կայունացման ու երկրի վերականգնման հետ: Հաշվի է առնվում հավանականությունը, որ ԱՄՆ-ի ու Իրանի պայքարը Իրաքում նոր փուլ կմտնի, և Անկարան այդ դիմակայության մեջ կարող է ստանձնել հավասարակշռող ու կայունացնող դեր: Ուշադրություն մի դարձրեք որոշ շրջանակների պնդումներին, որ Թուրքիան մենակ է մնացել կամ բարեկամները պակասում են: տարածաշրջանի երկրները և մեր հարևանները վերջին տաիներին շատ լավ են հասկացել՝ ինչ է համագործակցությունն Անկարայի հետ: Սերտ աշխատանքը Թուրքիայի հետ,, որ հանգեցնում է հաջող գործողությունների Սիրիայում ու Լիբիայում, պաշտպանում է Կատարը շրջափակման պայմաններում, փառահեղ հաղթանակ է նվիրել Ադրբեջանին 44 օրում: Բաղդադը ևս գիտակցում է այս նոր իրականությունը:
Բոհանետին Դուրան, Sabah (Թուրքիա)


Հ.Գ. Կարճ ասած՝ Թուրքիան սպառնալիք է բոլոր հարևաններին, ում բարեկամ չի համարում: Եվ շանտաժով ու ռազմական ուժով փորձում է «բարեկամներ» ստանալ, բայց՝ վախենում է ԱՄՆ-ից ու հավասարապես չի ցանկանում կորցնել Ռուսաստանին: Եթե ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բարելավվեն, ի՞նչ է կատարվելու Թուրքիայի հետ: Թուրքական մամուլը, իհարկե, հաճույքով մեջբերում է Պուտինի գովասանքը Էրդողանի հասցեին, բայց «կրճատում է», որ Պուտինն ասել է, նրա կանխատեսելիության մասին, իմա՝ կառավարելիության: Անցյալ տարի էլ Պուտինը նրան հրապարակավ գովել էր Ռուսաստանի հետ էներգետիկ ու զենքի գործարքներում անկախության համար՝ չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների առարկություններին: «Այդպիսի գործընկերոջ հետ ոչ միայն հաճելի, այլև հուսալի է աշխատել»՝ ասել էր Պուտինը: Bloomberg-ը խորհուրդ է տվել նկատի ունենալ Պուտինի հաճոյախոսությունների դրդապատճառը և ժամանակագրությունը: Պուտինը նախ գոհունակություն է հայտնում Մոսկվայի ու Անկարայի համատեղ ջանքերից ղարաբաղյան պատերազմը ավարտելու համար: Երկրորդ՝ ընդգծում է Էրդողանի հետ իր հարաբերությունները, որ հրապարակավ հայտարարում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր «ջերմ հարաբերությունների» մասին, իսկ նա Սպիտակ տանն իր վերջին օրերին Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանեց С-400-ների պատճառով: Երրորդ՝ Պուտինը կարծես թե չեզոքացնում է թուրք որոշ քաղաքական գործիչների Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում Էրդողանի քաղաքականությունը «Ռուսաստանին զսպող» համարելու փորձերը: Deutsche Welle-ի գնահատականով՝ «Պուտինն ու Էրդողանը, ի տարբերություն այլ երկրների ղեկավարների, կարողանում են շատերի համար անսպասելի շրջադարձեր անել դեպի միմյանց՝ առեղծվածային ենթատեքստով», թեպետ ռազմավարական մակարդակում նրանց գործողություններում անհայտները շատ են: Արևմուտքում չեն ըմբռնում, որ Պուտինը՝ Էրդողանի և Էրդողանը՝ Պուտինի կարիքն զգում են՝ իր դեմ պայքարի համար: Իսկ երբ այդ պայքարը դադարի, նրանք վերադառնալու են ռուս-թուրքական հարյուրամյա պատերազմների ու անհաշտության ավանդույթին:


Այս հարցում ավելի անկեղծ էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ հայտարարում էր. «Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները երբեք չեն եղել ռազմավարական», նրանց միավորում է մարտավարական գործընկերությունը: Եվ այնքան էլ այնպես չէ, որ Պուտինը հաճույքով է հանդուրժում Բայրաքթարների վաճառքը Ուկրաինային ու Կիև-Անկարա ֆլիրտը, որ վերաբերում է ոչ միայն Ղրիմին, այլև՝ Դոնբասին: Ինչ-որ պահից, երբ Էրդողանն անցնի կարմիր գիծը, Պուտինը փակելու է նրա «օդը»: Իսկ այսօր նրանք դեռ սիրաշահում են միմյանց՝ հույս ունենալով միմյանց պահել իրենց բռում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ