«Քաղաքակիրթ կառավարման համար փոփոխության է ենթակա ոչ թե ընտրակարգը, այլ բնագավառի ինստիտուցիոնալացումը»
02.06.2020 | 00:52
Զրուցում ենք Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Պարոն Հակոբյան, առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է «Ընտրական օրենսգրքում» և հարակից նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում կպահպանվի ընտրությունների անցկացման մեծամասնական համակարգը, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրություններ, որոնց կարող են մասնակցել կուսակցություններն ու դաշինքները: Ինչու՞ իշխանությունը ամրագրեց այս փոփոխությունը, և ի՞նչ կտա այն համայնքներին։
-Նախ` ուզում եմ նշել, որ ՀՀ օրենսդրությունը հիմա հնարավորություն է տալիս ընտրական գործընթացներ կազմակերպելու երկու տարբեր ընտրակարգերով: ՀՀ վարչատարածքային որոշ միավորներում ուղղակի, իսկ որոշ դեպքերում անուղղակի ընտրակարգերի մասին է խոսքը: Այն դեպքերում, երբ խոսքն ուղղակի ընտրակարգի մասին է, ընտրվում է համայնքի ավագանի և ղեկավար` անմիջական քվեարկությամբ: Ստացվում է, որ համայնքի ավագանին և ղեկավարն ընտրվում են անջատ: Շատ հնարավոր է, որ համայնքի ղեկավարն ու ավագանին ընտրվեն տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, իսկ հնարավոր է, որ ընդհանրապես քաղաքական ներկայացվածություն չլինի (անկուսակցական): Ներկայացված փոփոխությունները միտված են փոխելու այս համակարգը: 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ըստ ներկայացված նախագծի, առանց քաղաքական կուսակցությունների ներգրավման ընտրությունների անցկացումը դառնում է անհնար: Այսինքն, պետք է լինեն հստակ կուսակցական որոշումներ կուսակցության անդամին/ներին ընդգրկելու կուսակցության կամ դաշինքի ցուցակներում և հետագայում ընտրվելու համայնքի ավագանու կամ ղեկավարի պաշտոններում: Համակարգը, ինչպես և ցանկացած ընտրական համակարգ, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Որպես դրական արձանագրում կարող ենք նշել կուսակցական համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական էլեմենտների ավելացումը: Ես այս ընտրված բաժանումը` մինչև 4000 և 4000-ից ավելի պայմանավորում եմ մեկ հանգամանքով: ՈՒզում եմ չանտեսենք այն հանգամանքը, որ այժմ, այս փոփոխություններին զուգահեռ, ընթանում է համայնքների խոշորացում, ու եթե գնահատենք ընդհանուր գծերով, ապա ՀՀ-ում կա՛մ չեն լինի, կա՛մ կլինեն շատ քիչ թվով համայնքներ, որոնք կունենան մինչև 4000 ընտրողներ: Ստացվում է, որ խոշորացման ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու դեպքում ՀՀ ողջ տարածքում ընտրական համակարգը կլինի համամասնական: Կառավարության կողմից մեկ այլ հանգամանք, որ մեջբերվում է այս գործընթացը հիմնավորելու համար, գործող համակարգի շրջանակներում ընդդիմության հաղթանակի հնարավորության իսպառ բացակայությունն է: Սակայն անցյալի պրակտիկան ցույց է տալիս, որ գործող մեծամասնական համակարգի շրջանակներում ևս օբյեկտիվ հնարավորություն է եղել ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի ապահովման համար (օրինակ՝ Արարատի մարզ, Նոր կյանք համայնք):
-Այս համակարգը որքանո՞վ է կիրառվում այլ երկրներում։
-Եվրոպական երկրներում համամասնական ընտրակարգի կիրառելիությունը բավականին ընդարձակ է, բայց սա չի կարելի համարել ժողովրդավարության ցուցիչ, որովհետև ընտրական համակարգի առանձնահատկությունը պիտի պայմանավորվի կոնկրետ երկրի և դրա օրենսդրության առանձնահատկություններով: Այնպես որ, մեր կառավարության պնդումներն առ այն, որ սա ժողովրդավարության ամրապնդման ճանապարհ է, այդքան էլ միանշանակ համարել չենք կարող: Չնայած ՏԻՄ-ի ինքնուրույնության չափորոշիչն ընդունված է համարել հենց ընտրությունների միջոցով ձևավորվելու սկզբունքը, այնուամենայնիվ, ՏԻՄ-ի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական իշխանության իրականացումն է, այլ համայնքի բնականոն զարգացման և կենսագործունեության ապահովման խթանումը: ՈՒստի անհարկի քաղաքական պրոցեսներ հրահրելը հնարավոր է և խաթարի համայնքի խնդիրների լուծման նկատմամբ պատասխանատվության չափաբաժինը: Սա որևէ դեպքում չի նշանակում, որ համամասնական ընտրակարգը կիրառելի կամ գործունակ չէ, բայց այս նախագծի հնարավոր ռիսկերը ևս անհրաժեշտ է քննարկել՝ դրանք հետագայում բացառելու նպատակով:
-Այս համակարգը արդեն գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում. ներդրված փորձը դիտարկե՞լ եք, այն իրեն արդարացրե՞լ է։
-Գործող օրենսդրության ներդրումը միայն Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքներում պայմանավորված էր վերջիններիս բնակչության թվաքանակով, ՀՀ-ի համար իր բնույթով և քաղաքական նշանակությամբ տարանջատումը հասկանալի էր: Սակայն այդ նույն համակարգով անցկացված վերջին մեկ-երկու ընտրությունները եկան ապացուցելու, որ այն ևս զերծ չէ թերություններից (օրինակ՝ Վանաձորի ընտրությունները) և ավելի մեծացնելով քաղաքական պատասխանատվությունը` հնարավորություն է ստեղծում քաղաքական արհեստական լարումների ու վայրիվերումների համար, ինչն էլ շատ հաճախ առժամանակ խաթարում է համայնքի բնականոն կյանքն ու գործունեությունը:
-Իշխանությունը բացատրում է, որ այս համակարգը կնպաստի տեղերում քաղաքական ուժերի ամրապնդմանը, գյուղապետերի ավանդական ինստիտուտն իր տեղը կզիջի ավելի քաղաքակիրթ կառավարման։
-Այս պնդումն իսպառ չի կարող համարվել հիմնավորված, քանի որ քաղաքակիրթ կառավարման համար փոփոխության է ենթակա ոչ թե ընտրակարգը, այլ բնագավառի ինստիտուցիոնալացումը: Այս դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի որակի բարձրացումը պիտի պայմանավորել տեղերում հնարավորությունների, համայնքի ինքնուրույնության մեծացման հանգամանքներով: Ոչ մի ընտրակարգ աշխարհի որևէ երկրում չի երաշխավորում դրա միջոցով ընտրված անձանց քաղաքակիրթ կառավարման կամ այդ կառավարման բացակայությունը: Եթե իշխանությունը համամասնական ընտրակարգն ու քաղաքակիրթ միջավայրը կապում է «բարեկամներով» ընտրության գնալու և հարազատին ձայն տալու պրակտիկայի հետ, ապա նշեմ , որ դրանք փոխկապակցված չեն: Ընտրական համամասնական համակարգն էլ չի բացառում վերոնշյալ պրակտիկայով ընտրություններին մասնակցելու հավանականությունը:
-Իշխող կուսակցության համար նպաստավոր պայմաններ չի՞ ստեղծում այս համակարգը` փոքր կուսակցությունները թողնելով լուսանցքում։
-Նորից ուզում եմ այս հարցը դիտարկենք ընտրակարգի տեսանկյունից: Եթե խոսքը վարչական լծակների կիրառմամբ ընտրությունների անցկացման մասին է, ապա ցանկացած իշխանություն գտնվում է գերակա դիրքում: Իսկ եթե խոսքը հավասար պայմաններով և օբյեկտիվ ընտրապայքարի հնարավորությամբ ընտրությունների մասին է, ապա թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական համակարգերն էլ կարող են լինել անձնավորված, և ընտրություններն էլ անցկացվեն անձնակենտրոն իշխանություն ձևավորելու ուղղությամբ:
Զրուցեց Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Մեկնաբանություններ