Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անփողկապ երկխոսություն Աղվերանում

Անփողկապ երկխոսություն Աղվերանում
22.10.2012 | 17:08

Կառավարության հայտնի նիստի «շորշոփներն» իրենց զգացնում են ոչ միայն քաղաքական, այլև «գետնահարված» նախարարությունների ընթացիկ գործունեության «գետնին» վրա: Կոնկրետ առողջապահության նախարարությունից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այստեղ շնչահեղձ եղած բարեփոխումներ իրականացնելուն են լծվել: Ճիշտ է, նախանշված ծրագրերը մեկումեջ ուղղակի «անհնարին» են թվում` մեխանիզմների, դրանց իրականացման մասով: Հայաստանի՛ պայմաններում: Բայց դե, զինվորից գեներալ դառնալու նրանց ճամփան չարժե «խոչընդոտել», այնուհանդերձ, Աղվերանում «World Vision Armenia»-ի կազմակերպած երկօրյա սեմինարն ահագին հետաքրքիր շերտեր բացեց ոչ միայն առողջապահության ոլորտում իրականացվող նոր ծրագրերի, մասնավորապես մոր և մանկան (ինչպես առողջապահներն ասացին` հանրապետության գլխավոր տատիկ Կարինե Սարիբեկյանի` ԱՆ ՄՄԱ վարչության պետի ներկայացրած) մասով, որից էլ իմացանք մեկ շատ լավ և մեկ վատ լուր. լավը, որ մանկական մահացության ցուցանիշը մեզանում կրճատվել է, և վատը, որ ծնելությունն է փոքրացել, և ամեն մի մայրիկի այսօր հասնում է 1,7 երեխա (դե, հիմա, իրենց հաշվարկն է): Այլև մնացած` կաթնախառնուկների, դպրոցահասակ երեխաների, ինչպես նաև ոլորտի` այլընտրանքային ֆինանսավորմանն առնչվող:

Սեմինարի ամենահետաքրքիր մասը, իհարկե, նախարար Դերենիկ Դումանյանի հետ լրագրողների, կարելի է ասել, մասամբ անփողկապ և ուղղակի երկխոսությունն էր, որի ենթաշերտերից հասկացանք` պարոն նախարարն ու ՀՀ նախագահը, ըստ ամենայնի, մինչև կառավարության հայտնի նիստը, որի ժամանակ նախարարը մտերմիկ անվանվեց «Դերո», բավականին ծավալուն ու մանրակրկիտ «նստել-զրուցել» են առողջապահության ոլորտի իրական իրավիճակի, ռիսկերի, հիմքում առկա խոցերի և դրանց «բարեշրջության» շուրջ աշխատանքների մասով: Որքան հասկացանք նախարարի մտքերից, նրան ասվել է նաև` «խոդ տուր»: Ինչպես և բնական էր` սկսելով դեղերի ոլորտից` մինչև բոլոր մնացածները. նույնիսկ չենք բացառում, որ ինչ-որ պահի ապակենտրոնացված առողջապահական համակարգը կրկին կենտրոնացվի: Նախարարի բերած երկու օրինակը բավական էր, որ հանգեինք նման «անձնական կարծիքի առ այն, որ այդ ապակենտրոնացումը, ինչպես նաև մարզպետարանների և համայնքային «ողորմածությանը» թողնելը բավականին մեծ լուֆտ է բացում` ոլորտում կամայականություններ թույլ տալու, որպես հետևանք` կոռուպցիոն ռիսկերը «զարգացնելու» առումով: Չնայած նախարարը ժխտեց մեր հարց-դիտարկումը, որ ոլորտում կենտրոնացում է տեղի ունենում:
Եվ այնուհանդերձ, Գյումրիի իտալական հիվանդանոցի տնօրեն էր նշանակել, գյումրեցիների գնահատմամբ, մասնագիտությամբ «հացթուխ»-մարդ (գյումրեցիք ունեն կնիկ-մարդ, պարզվում է նաև… հասկացաք), իսկ նախարարի քաղաքակիրթ գնահատմամբ` տնտեսագետ մարդ: Սույն «տնտեսագետին» այդ պաշտոնին է նշանակել շատ հետաքրքիր ազգանունով մարզպետը` պարոն Գիզիրյանը, որը հաստատ չի ընկել դռնեդուռ` գտնելու ավելի ճշգրիտ մասնագետի: Ոլորտի բարեփոխմանը միտված քայլերից մեկով նախարարությունը սույն պաշտոնների նշանակման համար ստեղծել է մրցութային հանձնաժողով, և նախարարության ներկայացուցիչը պարոն մարզպետին ասել է` սույն «հացթուխն» անցողիկ չէ մեկ «մանրուքի» պատճառով. մասնագետ չէ: Պարոնն իսկապես չի հաղթել մրցույթում, սակայն այս անգամ էլ պարոն Գիզիրյանն ընկել «դռնեդուռ, էլ չի թողել դուռ-կտուր», գտել ու հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակել… նույն պարոն «տնտեսագետին», որովհետև, նա, հասկանում եք, ՀՀԿ բարձրաստիճան մեկի ծանոթն է:
Չենք թողնելու կարգը խախտվի` վստահեցրին առողջապահության պատասխանատուները սեմինարի ընթացքում:
Մենք էլ հետևենք` համոզվելու համար:
Հաջորդ «դեպքը» գրեթե նույնքան «բժշկական» էր, որքան այս մեկը. ոչ անհայտ Չինարի գյուղում (չնայած, կարծում ենք, որ եթե պարոն Դումանյանը Կամսարյան գրվի ու գնա հայոց բոլոր գյուղերը, ամենուրեք նույն պատկերին ականատես կլինի). և ուրեմն` էս Չինարի գյուղի գլխավոր բժիշկնն իր և իր կնոջ համար աշխատավարձ է նշանակել` մոտ 250-հազարական դրամ (բուժհիմնարկի բյուջեն տնօրինում է հիվանդանոցի տնօրենը), բուժքրոջը նշանակելով 16 հազար դրամ: Մի խոսքով, գլուխ չցավեցնենք, նախարարությունից պահանջել են, և բուժքրոջ աշխատավարձը բարձրացվել է: Այժմ նախարարությունը փորձում է խնդիրն ինստիտուցիոնալացնել. այն է` մշակել մեխանիզմներ (որոնք, ի դեպ, արդեն իսկ կիրառվում են «Գր. Լուսավորիչ» հիվանդանոցում) և բուժհիմնարկի հիսուն տոկոս հատկացումներն ուղղել աշխատավարձերի վճարմանը… բայց ոչ թե տնօրենի ու բժշկի, այլ միջին աշխատակազմի` սանիտարի, բուժքրոջ, մնացածների:
Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտում փիլիսոփայության փոփոխության, բժիշկ-«պացիենտ» փոխհարաբերություններին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին, որոնցից թերևս, ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը դեղերի մասին օրենքն է, որն արդեն հանձնված է նախարարություններին` կարծիք կազմելու, և կառավարության հաստատումից հետո կուղարկվի խորհրդարան։ Եվ ա՛յդ ժամանակ արդեն կսկսվի իսկական կռիվը:
Բայց այդ մասին` «հաջորդ դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ