ՈՒխտի ճամփից հետ չեն դառնում
24.12.2019 | 01:57
...Եկեղեցին փոքրիշատե «ուսումնասիրելուց» հետո Չեթինին խնդրում ենք մեզ ուղեկցել Լուսավորչի լեռնակ: Չի հարցնում, թե ինչ ենք ուզում տեսնել այնտեղ: Իր մեծերից լսել է ու գիտի, որ արծաթեցի հայերը գյուղի թիկունքում գտնվող լեռնակի վրա ոչ միայն հոգևոր, այլև տնտեսական հետաքրքրություններ են ունեցել: Րոպեներ անց նրա փոքրիկ տրակտորի խցիկը մեզ համար դառնում է դեպի «անծանոթ մոլորակ» թռչող «տիեզերանավի» խցիկ: Տրակտորը տնքալով ու ցնցվելով հաղթահարում է քարքարոտ լեռնային ճանապարհի դժվարին վերելքը՝ ամեն անգամ մեզ կպցնելով խցիկի պատերին: ՈՒղղակի մագլցում ենք սարը: Այս ճամփան ծառայել է մեր նախնիներին, գործածվել է նաև նրանցից հետո մնացողների կողմից, բայց ինչու՞ այսքան անհարմար է ու վտանգավոր: Այն տպավորությունն եմ ստանում, որ էշլիյայլացիները չեն օգտագործում այս ճամփան, սար տանող ուրիշ ճամփա ունեն կամ ընդհանրապես սարի հետ գործ չունեն, ինչը դժվար հավատալի է: Ճանապարհին զուգահեռ մի բարակած գետակ է իջնում սարից: Բարձրանում ենք այդ գետակի կողքով: Ջուրը մաքուր է, զուլալ: Սարերի աղբյուրներից է գոյանում գետակը: Այն գյուղի տնամերձերը ոռոգող միակ ջրային երակն է: Գյուղի այսօրվա բնակիչները հավաստիացնում են, որ ժամանակին յոթ ջրաղաց է աշխատել այս գետակով: Ներկա պահին տեսած ջրով դժվար է հավատալ, որ ջրաղաց կաշխատի, բայց ասում են, որ անցյալում ջուրը շատ է եղել, ձյուն շատ է տեղացել:
Ինձ թվում է՝ բարձրանալու ենք գյուղի թիկունքին բազմած մեծ սարի վրա, և սկսում եմ կասկածել այս միջոցով այդ վերելքը հաղթահարելու մեր կարողությանը: Բայց մի քանի արգելքներ հաղթահարելուց հետո շրջվում ենք դեպի ձախ և դուրս գալիս բավականին ընդարձակ մի սարահարթ: Այստեղ իջնում ենք մեր «տիեզերանավից»: Հասել ենք: Սա է Լուսավորչի լեռնակը՝ Սուրբ Լուսավորիչ վանք մենաստանի տարածքը: Մենք քայլում ենք հարազատ հողի վրայով: Այստեղ ամեն ինչ շատ նման է Ալաստանի բնությանը. ամենուր ոտքի տակ ընկնող, կապտին տվող փշեր, քարերի արանքում բուսած, քարերին հենված մասրենիներ, արդեն չորացող ուրց, դեղնակարմիր խմորուկ, «ծաղկած» (քարաքոսապատ) քարեր, ծանոթ լանդշաֆտ: Մեր ուղեկիցը ցույց է տալիս մի փոսորակ և ասում, որ արծաթեցի հայերն այդտեղ կիր վառելու հոր են ունեցել: Թե որտեղից են բերել կրաքարը՝ չգիտի: Գյուղի այսօրվա բնակիչները կիր վառելով չեն զբաղվել: Քիչ այն կողմ մեր աչքին է ընկնում շրջապատի հետ «չխոսող», իրենց սպիտակությամբ խիստ առանձնացող կրաքարի մի մի քանի կտոր: Նկատելի է, որ դրանք մի կտոր են եղել, ժամանակի ընթացքում այդ կտորը փշրվել, մասերի է բաժանվել, բայց չի քայքայվել: Այստեղ կրաքար չի կարող լինել: Շրջակայքը չունի կրաքարի հանքի առկայության որևէ բնութագրիչ: Եզրակացնում ենք, որ մեր ապուպապերը կրաքարը բերել են այլ վայրից, իսկ մեր տեսածը ժամանակին բերվածից մնացած մի բեկոր է:
Հիասթափեցնող է այն փաստը, որ «Լուսավորիչ» եկեղեցուց որևէ հետք չի մնացել: Մենք ենթադրում էինք, որ ժամանակին մեծ համբավ վայելած, հավատացյալ տեղացիների և շրջակա գյուղերի ու նաև Էրզրումի կաթոլիկ հայերի ուխտատեղի եղած եկեղեցուց ինչ-որ բան մնացած կլինի, կարող ենք տեսնել: Հույսի ակնկալիք էր առաջացնում նաև Հ. Քօսեանի 1926 թ. Վիեննայում Մխիթարյան միաբանության կողմից հրատարակված «Բարձր Հայք. Կարնոյ գիւղերը. տեղագրութիւն, պատմութիւն և սովորութիւներ» գրքում (2-րդ հատոր, էջ 74) «Լուսավորիչ» եկեղեցու մասին հետևյալ վկայությունը. «Եկեղեցիս վերջին անգամ նորոգուած է 1905 թուականին, երկու կարգի վրայ չորս փայտե սիւներ հաստատուն կբռնեն ձեղունը... Դուրսը շենքին աջ կողմը կանգնուած կտեսնուին երկու հին խաչքարեր, մին մարդաչափ մեծ և միւսը փոքր...»: Չկան ոչ եկեղեցին, ոչ խաչքարերը: Փոխարենը նկատում ենք ավերակների փորփրված թարմ հետքեր Գա՞նձ են որոնել արկածախնդիրները...
Լուսավորիչ լեռնակից թե՛ գյուղը, թե՛ դաշտի մի մեծ հատված երևում են ինչպես ափի մեջ: Աղոտ երևում է նաև Էրզրումը: Ահա Սիթավուկը՝ ջավախքյան բզավետցիների պատմական գյուղը: Քիչ հեռու, Էրզրում-Արդահան ավտոմայրուղուց այն կողմ Թվանճն է՝ վարևանցիների պատմական գյուղը: Արծաթիից դեպի հյուսիս-արևելք Գամբիրն է՝ մոխրեպցիների պատմական գյուղը: Չնայած դիմացի բլուրը խանգարում է մեզ տեսնել գյուղը, սակայն այն ամենևին հեռու չէ: (Կարծիք կա, որ 1829-30 թ.թ. գաղթին արծաթեցիների խմբին են միացել նաև որոշ գամբիրցի ընտանիքներ և վերջին հաշվով հայտնվել ...Ալաստանում: Այս տեղեկությունն ինձ համար նոր է): Մկրտիչն այստեղից ցանկանում է տեսնել իր հայրական տոհմի նախնիների գյուղը՝ Կարագյոբակը, բայց չի հաջողվում, մի քիչ հեռու է և քողարկված է բլուրներով: Ոչինչ, այն դեռ կտեսնենք...
Լեռնակը բավականին ընդարձակ տարածք է զբաղեցնում: Հին բնակավայրից բացի այստեղ կան արտեր, որոնք Արծաթիի բնակիչները մշակել են: Հավանաբար գարի և ցորեն, ինչպես նաև կտավատ են ցանել: Այսօր դրանք լքված են, դարձել են արոտավայր: Ընդ որում, լքվել են վերջին շրջանում, ինչը պայմանավորված է տեղումների նկատելի նվազմամբ: Այստեղ ոռոգման ջուր չի հասնում, միակ հույսը տեղումներն են: Եվ քանի որ կլիմայական փոփոխությունների պատճառով նվազած տեղումներն այս հողերի վրա կատարվող աշխատանքը դարձրել են անարդյունավետ, դրանք լքվել են: Մենք մի տեսակ գուրգուրող, շոյող հայացքով ենք նայում դրանց: Եղել է ժամանակ, երբ արծաթեցի մեր պապերը գութանի ու արորի մաճ են բռնել այստեղ, այս հողին ընկել է նրանց արդար քրտինքը, հորովել է հնչել այս բարձունքից ու տարածվել դիմացը փռված դաշտի վրա...
Կրկին իջել ենք գյուղ: Թվում է՝ առաջին անգամ ենք նկատում, որ Արծաթին այգիներից զուրկ գյուղ է, այստեղ տերն ու տնօրենը ամենուր կանգնած բարդիները և ուռենիներն են: Տասնյակ տարիներ առաջ այդպիսին էր նաև Ալաստանը: Հիմա այնտեղ բարդիների հարևանությամբ նաև մրգատու ծառեր են աճում, այգիներ են ծաղկում, մրգեր են հասունանում, մինչդեռ Արծաթին շարունակում է ապրել նախորդ դարի կլիմայական «գրաֆիկով»: Այստեղ շարունակում են բողկ ու շաղգամ մշակելու ավանդույթը: Ասում են՝ հացահատիկից զատ կարտոֆիլ էլ են մշակում, սակայն մենք չտեսանք կարտոֆիլի դաշտեր: Գյուղի այսօրվա բնակիչները խուսափու՞մ են քրտինք պահանջող այդ աշխատանքից: Չեմ համարձակվի պնդել: Բայց հիմք ունեմ պնդելու մեկ այլ բան. նրանք առավել եկամտաբեր են համարում անասնապահությունը, և պատահական չէ դաշտում մեծաթիվ նախիրների առկայությունը: Էրզրումի դաշտի գյուղերում, Արծաթիում նույնպես, անասնապահությունը մեկ այլ խնդրի լուծման համար էլ արդյունավետ եղանակ է. վառելիք են ապահովում: Վառելափայտի սղության պայմաններում աթարը փրկություն է... Գուցե մենք այնքան էլ լավ չենք հասկացել ու տեսել տարածաշրջանի բնակավայրերում առկա խնդիրներն ու դրանց լուծման միջոցները, բայց մեր տեսածը մեզ այս ենթադրությանն է բերում:
ՕՐ ՉՈՐՐՈՐԴ. ՀՐԱԺԵՇՏ
Վերադառնում ենք: Այստեղ ձգող ու պահող շատ բան կա, բայց վերադառնում ենք: Վերադառնում ենք կարոտներս դեռևս չսպառած: Չսպառվածը տանում ենք մեզ հետ, որ մի գեղեցիկ օր կրկնապատված ու տասնապատկված ուժով մեզ կրկին բերի այստեղ... Էրզրում-Արդահան ճանապարհով ենք հետ գալիս: Ճանապարհն անցնում է Սիթավուկ և Թվանճ գյուղերի մեջտեղով, Արծաթին մի քիչ այն կողմ է մնում, բայց լավ է երևում: Մենք լուռ հայացքով հրաժեշտ ենք տալիս նրանց: Մեր լռությունը ձայն ունի, որը միայն մենք ենք լսում... Էրզրումի դաշտից դուրս ենք գալիս, մտնում բլրաշատ տարածք: Տեղանքը դաշտի աշխարհագրական սահմաններու՞մ է, թե՞ ոչ: Չգիտենք: Թվում է՝ դուրս է:
...Միկրոավտոբուսի վարորդը ցույց է տալիս հերթական ոլորանից հետո մեր դեմ ելած գյուղը: Կարագյոբակն է: Առաջինն աչքի ընկնողը սպիտակ ներկված մզկիթի՝ երկինք մխրճված սրածայր զույգ մինարեներն են: Գյուղն ուղղակի ճամփի եզրին է՝ մի քիչ բարձրադիր, Էրզրումից գալու դեպքում՝ ձախ թևում: Մկրտիչը պատմում էր, որ կարագյոբակցի-ազավրեթցիները, անցյալում հոգնած լինելով ճամփաների ավազակների մշտական հարձակումներից, գաղթից հետո նոր բնակատեղ ընտրելիս ձգտել են որքան հնարավոր է հեռու լինել բանուկ ճամփաներից և հայտնվել են... Ազավրեթում, սարի գլխին: Երբ անցնում ենք Կարագյոբակի կողքով, համոզվում ենք, որ այդ պատմությունը հիմնազուրկ չէ. շրջապատում մոտ բնակավայր չկա, ինչ-որ չափով մեկուսացված է, ավազակային հարձակումը կարող է աննկատ մնալ: Գյուղ մտնելու հնարավորություն մենք չունենք. միկրոավտոբուսը երթուղային է: Ստիպված ենք հայացքներով արտահայտել մեր ողջույնի և հրաժեշտի խոսքը բլուրների հետևում կորչող գյուղին:
...Էրզրում-Արդահան ճանապարհը շրջապատող բնությունը նկատելիորեն տարբերվում է Կարս-Էրզրում ուղղությունից. լերկ, խստահայաց պղնձագույն ժայռերը հաճախ են հաջորդում իրար, նրանց պարբերաբար փոխարինում են նոսր անտառապատ լանջերով բարձր սարերը, որոնց փեշերը իջնում-հասնում են ճանապարհին: Այստեղ գունավոր բլուրներ ու սարեր էլ կարելի է տեսնել: Դրանք այլ բան չեն, քան հրաբխային գոյացումներ: Մտնում ենք Օլթի գետի կիրճը: Օլթին Ճորոխ գետի վտակն է, որը, սկիզբ առնելով Բարձր Հայքի տարածքում, մտնում է Աջարիա (Վրաստան) և թափվում Սև ծովը: Այս կիրճը բնության անձեռագործ հուշարձանների թանգարան է, այստեղ իշխում է նորին գերազանցություն քարը, սակայն եթե կա մի թիզ հող, անպայման մրգատու ծառն է տիրուհին: Վտակի վրա է Օլթի քաղաքը, որը հնում կրել է Ողթիք կամ ՈՒխտյաց քաղաք անունը: Այն եղել է Մեծ Հայքի Տայք նահանգի քաղաքներից մեկը: Քաղաքը նախապես պատկանել է Մամիկոնյանների նախարարական տանը, ապա անցել է Բագրատունիներին:
... 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օլթին միացել է Ռուսաստանին և մտել Կարսի մարզի մեջ: Առաջին աշխարհամարտին անցել է թուրքական տիրապետության ներքո: Թուրքական բանակը 1918 թ. տեղահանել և կոտորել է քաղաքի՝ ճնշող մեծամասնություն կազմած հայ բնակչությանը: Հայերն այստեղ ունեցել են երկու եկեղեցի, մի քանի դպրոց: Այսպես է վկայում պատմությունը:
Ճանապարհը, դուրս պրծնելով լեռների «աքցանից», հայտնվում է ցածր բլուրների շրջապատում, ապա աստիճանաբար բարձրանում Արդահանի սարահարթ: Ծովի մակերևույթից 2000-2500 մ բարձրությամբ գտնվող Արդահանի ու Կարսի տարածքները հարազատ քույրերի պես նման են իրար: Ամենաբնորոշ գիծը անտառազուրկ սարահարթային լանդշաֆտն է ու ցուրտ լեռնային կլիման: Ճանապարհորդության եզրագծում մեզ էլ բախտ վիճակվեց զգալու այդ խստությունը: Արդահանից Չըլդր ենք ուղևորվում միկրոավտոբուսով, որը կես ճանապարհին ընկնում է հորդ անձրևի տակ: Մեզ առավել հորդ անձրև է սպասում Չըլդրից Կարզախի սահմանային անցակետ ընկած ճանապարհին: Մի կերպ հարմարվել ենք բեռներով լցված միկրոավտոբուսում: «Դույլերով թափվող» անձրևը թույլ չի տալիս տեսնել՝ ինչ է կատարվում դրսում: Անձրևն ընդմիջում «չի վերցրել», թափվել է անընդհատ: Արդյունքում նաև օդն է պաղել: Այսպիսի անձրև ես վաղուց չեմ տեսել: Ի՞նչ է սա՝ սովորական տեղու՞մ, որը հատուկ է այս տարածաշրջանին, իսկ տակն ընկնելը պատահականությու՞ն, թե՞... ՈՒզում եմ, որ այն մեր նվիրական ուխտը մաքրող, սրբագործող անձրև լինի: Տիրոջ կամոք:
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Վերադարձից բավական երկար ժամանակ է անցել: Թվում է՝ աստիճանաբար պիտի խամրեին տպավորությունները, դառնային սովորական առօրյայի բաղկացուցիչ մաս, սակայն այդպես չեղավ: Ամեն օր առավոտյան զարթնելուց և երեկոյան աչքերս փակելուց առաջ իմ դեմ են գալիս մեր անցած ճանապարհի բոլոր մանրամասները: Ամեն օր վերապրում եմ այդ ամենը: Հիմա ես ավելի շատ եմ կարոտում Արծաթիին: Այնտեղ չեն հնչում մեր կաթնահամ բարբառը, անուշ երգը, սակայն աչքովս տեսնելուց հետո ավելի մանրակրկիտ եմ կարոտում այդ փոքրիկ, երկու հարյուր տարի օտարությունից սմքած, սոսկ գոյությունը պահած, օտար տարազ հագած, խեղճացած 1600 տարեկան գյուղին: Ես ավելի ուշ հասկացա, որ իմ էության մի մասը մնացել է այնտեղ: Ո՞վ է տիրություն անելու նրան, որտե՞ղ է բնակվելու այն օտարախոս գյուղում. հին տների փլվող պատերի քարերի արանքներու՞մ, թե՞ Լուսավորչի լեռնակի ամայացած փլատակների մեջ: Գուցե կգտնի իմ գերդաստանի նահապետի տու՞նը... Չգիտեմ: Ախր իմ համաձայնությունը չէր հարցրել...
Լուսանկարներ
Մեկնաբանություններ