Դու մենակ չես՝ փողերդ բեր
20.03.2020 | 02:09
Իշխանության սիրելի կարգախոսը՝ «Մենակ չես»-ը, նաև կորոնավիրուսի օրերին է ակտուալ: Բնավ նկատի չունեմ, թե երկիրն անթերիին մոտ կառավարելու խոստում տվածները ՀՀ ամեն մի քաղաքացու յուրահատուկ ձևով են սիրում, գուրգուրում, փաղաքշում ու վստահեցնում՝ խնդիրը բոլորինս է, ցավը՝ մեկը: Ասածս այն է, որ օրհասական պահերին իշխանությունները, սովորաբար, կարիքի, անհրաժեշտության, հաճախ իրենց չարածի անունը փաթեթավորում են «ժողովուրդ» անվամբ ու հանուն բոլորիս միասնականության՝ հորդորում օգնել պետությանը, ազգին, համայն մարդկությանն ու Երկիր մոլորակին:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 120-ից ավելի մարդ կա, առողջապահության նախարարությունը, սակայն, նոր է հիշել, գլխի ընկել, որ բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար հավելյալ գումար է անհրաժեշտ: Կառավարությունում խնդրի լուծման «ամենաիդեալական» տարբերակը, երևի թե, միանգամից են գտել ու որոշել՝ ֆինանսների նախարարությունում հաշիվ բացել, որ մարդիկ բժշկական դիմակների, ձեռնոցների ձեռքբերման, ինչպես նաև բուժաշխատողներին խրախուսելու համար գումար հավաքեն: Ժողովուրդն այժմ էլ պետք է մտածի՝ ինչպես օգնի պետությանը, որ նա դիմակ հայթայթի, հետո դրա բիզնեսի մենաշնորհը բաշխի հավատարմության երդում տված օլիգարխներից (հազար անգամ ներողություն՝ խոշոր գործարարներից) մեկին, որ նա էլ հնգապատիկ թանկ վաճառի հենց այն նույն հպարտ քաղաքացուն, որ «Ընդդեմ կորոնավիրուսի» սրտաճմլիկ դրամահավաքության շրջանակում ինչ-որ գումար էր տրամադրել պետությանը: Ցավն այն է, որ իմ կողքին ապրող ու «քայլ արած» մարդը հաճախ չի գիտակցում, որ պետությանն առաջին օժանդակողը ոչ թե ինքը պետք է լինի, այլ հենց այն «խոշոր գործարարը», որի բիզնեսի համար պետությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում: Վարչապետի բառապաշարով ասած՝ իրավապահ համակարգը «վզներից չի բռնում», «պադվալներից չի հանում», «ասֆալտներին չի ծեփում» այն գործարարներին, որոնք, առիթից օգտվելով, երկրին գնաճ են «պարգևում»: «Հարսնացու հյուսիսից» հայտնի ֆիլմից մի դրվագ հիշեցի՝ «հենց նեղն են ընկնում` Սերոբ, հասի»: Նույնն էլ՝ իշխանությունների դեպքում. հենց փողի կարիք է լինում, մարդկանց մենակ չլինելու մասին են հիշեցնում ու ասում՝ հասեք, փրկեք: Այո, այս օրերին զօրուգիշեր աշխատող, հերթապահություն իրականացնող, ամենատարբեր մարդկանց հետ շփվող բժիշկներին պետք է վարձատրել արժանապատվորեն, աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող պարգևավճար սահմանել նրանց համար, պետական մակարդակով շնորհակալություն ասել, բայց դրա համար ես ու «իմ հարևան անգրագետ Պողոսը» գումար չպետք է տանք: Գումար պետք է վճարեն Պողոսին անգրագետ անվանող պատգամավորը, գործադիրի նրա գործընկեր նախարարն ու բոլոր նրանք, որ ամեն ամիս կամ եռամսյակը մեկ բավական յուղալի պարգևավճարներ են ստանում: Աստղաբաշխական թվեր ստանալուց զատ՝ քայլելով իշխանության հասածները պետք է վեր կանգնեն սեփական ամբիցիաներից ու գործնականում ապացուցեն՝ տարբերվում են նախկիններից, ժողովրդի հետ են ու եկել են ծառայելու, տքնելու, չարչարվելու, երկիր պահելու: Այդպես չեն վարվի, ուրեմն որևէ մեկը հաշտ չէ իր խոսքի ու մտքի հետ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը, լրագրողներիս հեգնելով, խորհուրդ էր տալիս իր պարգևավճարները յուանով հաշվել, այժմ թեկուզ յուանով հանգանակություն կարող է անել՝ ծածուկ, առանց բարձրաձայնելու, ոչ թե հետևի իր գործընկեր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրինակին ու Facebook-ում հրապարակի, թե 100 հազար դրամ է փոխանցել բացված հաշվեհամարին: «Աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը», ու եթե բարի գործ եք անում, մի՛ շտապեք դրա մասին բարձրաձայնել, ավելին՝ դա բարի գործ չէ, դա ձեր պարտականությունն է: Ոչ թե հաշվեհամար պետք է բացեիք, այլ բոլորիդ մի քանի տասնյակ հազար դոլարանոց պարգևավճարներով լուծեիք այն հարցերը, որոնք առկա են: Այդ ժամանակ, խոստանում եմ, ես անձամբ կնախաձեռնեմ ձեզ պարգևավճարի արժանացնելու գործընթացը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ