Ղարաբաղյան խնդրում ֆեյք վիճակի ավարտը
28.04.2020 | 00:06
Ահա և վերջ: Օրվա թավշին էնդշպիլ են հայտարարել: Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանը, չնայած առաջին հերթին` Ռուսաստանը: Ինչու՞` քիչ ներքևում, սակայն այս պահին այն մասին, որ Փաշինյանի քար լռությունը առաջին ապացույցն էր, որ ամեն բան հենց այնպես է, ինչպես «շարադրում» է Սերգեյ Լավրովը, իրականում` ԵԱՀԿ ՄԽ-ն: Այն է` բանակցային սեղանին է «փուլային» տարբերակը, և ղարաբաղյան ընտրություններից հետո, այլևս Փաշինյան Նիկոլը խաղեր տալու, ժամանակ շահելու շանս չունի. աշխարհը վերաբաշխվում է, վերաբաժանվում, ոչ մեկը նրա «հեղափոխական» հավեսը չունի. բոլորը զբաղված են անչափ պրագամտիկ հաշվարկներով:
Փաշինյանից լավ ոչ մեկը չգիտի, թե իրեն ինչ են ասում: Իրեն ասվում է` խաղում ես բաց, խաղաքարտերը ցույց տուր, առաջին հերթին` քո ժողովրդին, այլապես կոնկրետ հակաքայլերը չեն ուշանա: Ընդ որում սա այն քիչ դեպքերից է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը փորձելու են «արդյունք» ցույց չտալ` մինիմում` մինչև «նյու Յալթա», կամ եթե կուզեք` նյու-Պոտսդամ, մինչև հունիսի 6, կամ մաքսիմում` մինչև սեպտեմբեր` ՄԱԿ-ի ասամբլեա, ուր աշխարհակարգը կորոնավիրուսով արդեն իսկ էականորեն «սրբագրված կլինի»:
Եվ ուրեմն, այն, որ Լավրովն արտահայտում է ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների կարծիքը, համոզվում ենք` կարդալով Ֆրանսիայի Սենատի կայքի հունվարի 8-ի քննարկումների սղագրությունը (ընդ որում, այս մասին խոսել է նաև Դավիթ Շահնազարյանը. ականջ ունեցող չի եղել): Ի դեպ, հունվարի 8-ին տեղի ունեցած քննարկումը (երբ կորոնավիրուսն արդեն իսկ մոլեգնում էր) Սենատի կայքում տեղադրվել է փետրվարի սկզբին` Մնացականյան-Մամեդյարով ժնևյան հանդիպումից «ժամեր անց», ինչը նույնպես խիստ խոսուն է: Հիշենք` Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը տևել էր 12 ժամ, պահանջվել կողմերից «գաղտնապահություն», ինչը Լավրովից առաջ արդեն իսկ հրապարակայնացրել էր ֆրանսիական Սենատը` ներկայացնելով սենատորների հանդիպման մանրամասները ֆրանսիական համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ, սակայն ուշադրություն դաձնող չէր եղել:
Մինչ Վիսկոնտիի մտքին անդրադառնալը, արձանագրենք Սենատում տիրող մթնոլորտը. հանդիպումը վարող, Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ պարոն Կամբոնը ոչ ավել-ոչ պակաս հարցնում է իրենց համանախագահին` Հայաստանի նոր վարչապետը կարո՞ղ է հանդիսանալ խաղաղարար (հանգստացնող) գործոն ղարաբաղյան խնդրում, և ինչպես է Ադրբեջանի նախագահի վիճակը… Չերկարացնենք, անցնենք առաջ` ներկայացնելու Վիսկոնտիի «սակրալ» մտքերը` Լավրովից առաջ արտաբերված.
-Նորմատիվ ակտը, որի վրա մենք աշխատում ենք, անվանվում է «Լավրովի պլան», որն ունի ռուսական ծագում, անգամ եթե ռուսաստանյան իմ կոլեգան չի սիրում, որ այն այդպես ենք անվանում. փաստաթուղթը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա` Հելսինկյան խարտիայի սկզբունքներից ելնելով:
Հիշենք, այս մտքերը ասվել են հունվարի 8-ին: Դրան հաջորդեց Լավրովի հայտարարությունը: Օրեր առաջ: Ապա Մնացականյանի «հերքումից» մեկ օր հետո, երկրորդ նույնական հայտարարությունը` արդեն ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Եվ այդ ամենին` Նիկոլ Փաշինյանի քար լռությունը: Ի դեպ, «Լավրովյան պլանի» հմայքը նրանում է, որ դեֆակտո, առաջին քայլով, արձանագրվում է տարածքների (5) վերադարձը, իսկ հանրաքվեն` «հետագա՜ քննարկումների» թեմա է… (ընդ որում, Լավրովի վերջին բարձրաձայնման մեջ հանրաքվեի մասին հիշատակում ընդհանրապես չկա, ԱԳՆ-ում «հետավոր» կերպով ակնարկված էր):
Երկրորդենք, երրորդենք. Փաշինյանի կողմից քար լռություն` այս ամենին: Աքսիոմատիկ է` լռությունը համաձայնության նշան է: Ի դեպ. քննարկվում է «փուլային» տարբերակը» մտքերն ասելուն զուգահեռ` Լավրովը բարձրացրել է նաև Հայաստան մատակարարվող գազի գնի թեման, ասել է` ստուգողական կրակոց է արձակել Նիկոլի ուղղությամբ. կհերքես, շարունակությունը կստանաս` «անկեղծությանդ ժամն է», մենք սպասելու ժամանակ չունենք:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու համանախագահներից ամենաշահագրգիռը հենց Ռուսաստանն է, և Ղարաբաղյան ընտրություններից անգամ մեկ ժամ «չանցած»` շատ արագ ոտքը դրեց «պեդալին»: Ռուսաստանն իսկապես շտապում է, Ռուսաստանն իսկապես ժամանակ չունի. Ռուսաստանը հասկանում է` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել, խաղում է ժամանակի վրա (Նիկոլը` գուցե և հրաժարականի տանի Մնացականյանին` ժամանակ շահելու համար, գուցե և այլ կոնֆիգուրացիաներ կիրառի), սակայն, ի տարբերություն հայաստանյան ազգային-խորքային խաղացողների, որոնց ևս ձեռնտու է ժամանակ շահելու պարադիգմը, որովհետև նոր իրավիճակը նոր հնարավորթյունների դուռ է բացում, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է գլոբալիստների` Սորոս-կորոնավիրուս-Գեյթս ձևակերպումով, նրան դեռ հեղափոխության առաջին օրերին ասել են` թույլատրվում է լինել կամ խեղկատակ, կամ ստրուկ, որը կկամենաս, մլուլ տուր, բայց ժամանակը պետք է ձգես…. ինչու՞.. կորոնավիրուսով երրորդ համաշխարհային սկսածները ուղիղ գծով գնում են Պուտինի (Սի Ցզինպինի, Խամենեիի, Ասադի), բայց առաջին հերթին` Պուտինի դեմ «ներքաղաքական «պերեվառոտի» (առանձին խոսակցության թեմա է Սոբյանինի գերակտիվացումն այս օրերին, որպես գլոբալիստ-լիբերալների նյու-լիդեր):
ՈՒստի Ռուսաստանն շտապում է. Լավրովը` նույնպես (նուրբ տանդեմ խաղարկում Թրամփի հետ, որպես ավելի ընդունելի ամերիկյան լիդեր. չնայած Թրամփի նավը նույնպես ճոճվում է, սակայն արտիստ-Ամերիկայի համար Թրամփի «մայրամուտը» չի ունենալու այն նշանակությունը, ինչ Աստված մի արասցե, Ռուսաստանի համար, սենյակում նստած, ինքնամեկուսացած, կորոնավիրուսվող երկիրը միկրոֆոնով ղեկավարող Պուտինի ու Ռուսաստանի համար):
ՈՒստի Լավրովն ասում է` ժամանակ չունեք. ուզում ես համբուրելով, ուզում ես` տիկնոջդ ու Մեհրաբանի հետ մուղամ երգելով` պիտի «մատնես» Ղարաբաղը, վասն մերո (Սաակաշվիլին արդեն իսկ կապիտուլացնում է ՈՒկրաինան). «մետաքսի», Մերձավոր Արևելքի այդ դուռն ու ուղին մենք որևէ մեկին չենք տա:
Նիկոլն իր սորոսական-խորամանկ ժպիտով արձագանքում է.
-Ես երևի առայժմ լռեմ…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ