Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գյումրին ինձ համարում է իր երախտավորը»

«Գյումրին ինձ համարում է իր երախտավորը»
09.09.2020 | 22:53

Մանկաբարձ, գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ, Գյումրու պատվավոր քաղաքացի, Գյումրի քաղաքի երախտավոր և իր խոսքով ասած՝ իր քաղաքը անչափ սիրող ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Ֆելիքս Գրիգորյանն իր երջանիկ մանկության, իմաստալից ու պատվով հաղթահարվող դժվար ճանապարհի մասին միշտ նույն պատրաստակամությամբ ու սիրով է պատմում։
«Ծնվել եմ ծառայողի ընտանիքում, հայրս պետական-կուսակցական աշխատող էր, մայրս՝ վաստակավոր ուսուցչուհի, իդեպ, նա եղել է հանրապետության յոթերորդ վաստակավոր ուսուցչուհին»։


Մանկությունն անց է կացրել գյումրեցիներին քաջ հայտնի ներկարար Նշխունի բակում, մեր հարցին, թե ով է ներկարար Նշխունը, բժիշկը ժպիտով պատասխանեց՝ գյումրեցինը շա՜տ լավ գիտեն ներկարար Նշխունի տունն էլ, տեղն էլ․․․
Հագեցած, սիրուն մանկություն է ունեցել վաստակավոր բժիշկը․ «Չայած սոցիալական դժվարություններին, ուրախանում էինք ամեն մի փոքր ու աննշան թվացող մանրունքից․․․քառակուսի, փոքր իրիսներ էին բաժանում դպրոցում՝ ամեն մեկիս 4 հատ, մենք ավելի փոքր էինք, այնքան էինք վախենում թաղի «ԽՈՒԺԱՆ» տղաներից, ովքեր տալիս էին գլխներիս ու խլում կոնֆետները, դա էր պատճառը, որ ստանալուն պես, անմիջապես ուտում էինք կոնֆենտերը․․․Ի՜նչ քաղցր էին․․․մեր մանկության պես քաղցր․․․
Մանկություն ասելիս հիշում եմ մեր բակային խաղերը՝ բազմազան ու հետաքրքիր, դե իսկ ձմռանը շուն լծելը, չմուշկներով մեքենաների հետևից բռնված սահելը, գյուղերից շաքարի ճակնդեղ տեղափոխող սայլերի վրայից ճակնդեղ թռցնելը իսկական երջանկություն էր։
Բժիշկը ցավով է նշում, որ իր տեսած ու վայելած մանկությունն ընդհանրապես ոչ մի աղեչս չունի այսօրվա մանկության հետ, երբ երեխային բակ դուրս հանելը համարյա անհնարին է դարձել, քանի որ վիրտուալ կյանքը գողացել է մանկության գույները։


Փողոցում մեծացանք, բայց ոչ մեկս փողոցային չդարձանք․․․մեր թաղում չեղավ գոնե մի տղա, որ իր տեղը չգտներ այս կյանքում, բոլորս զբաղվում էինք պրոֆեսիոնալ սպորտով, մենք մեր թաղում ունեցանք Հանրապետության բասկեդբոլի, ընբշամարտի, ֆուտբոլի չեմպիոններ, սպորտի վաստակավոր գործիչներ», ի դեպ, Ֆելիքս Գրիգորյանը նույնպես նրանց շարքերում է՝ սպորտային աշխարհի վառ ներկայացուցիչ։


Ուսումն սկսել է 20-րդ դպրոցից, աշխատանքային ստաժ չունենալու պատճառով բուհ ընդունվելու առաջին փորձը ապարդյուն է եղել, նպատակին հասնելու համար Ֆելիքս Գրիգորյանն ընդունվեց աշխատանքի գուլպա–նազկեղենի արտադրամասում, ինչից հետո, ավագ եղբոր խորհրդով ընդունվեց Երևանի բժշկական համալսարան։
Առաջին տպավորությունը բժշկության բարդ ճանապահ ոտք դնելիս, բժիշկը երբեք չի մոռանում, առիթի դեպքում էլ ժպիտվ է հիշում անցյալ դարձած դիպվածը։ «Մարդու կառուցվածքն ուսումնասիրելու համար առաջին անգամ մտանք դիահերձարան․․․ Ֆարմալինի սպեցիֆիկ հոտը միանգամից ճնշող աուրա ստեղծեց։
Դասամիջոցին մտա դիմացի սրճարանը, մի բաժակ սուրճ ու մի բուլկի վերցրեցի․․․ սուրճի առաջին իսկ կումից՝ քիթս ընկավ դիահերձարանում զգացածս հոտը, չկարողացա զսպել սրտխառնոցս․․․և նստած տեղում եղավ ամենատհաճը․․․/ժպտում է/
Մոտեցավ հավաքարարը, սկսեցի ներողություն խնդրել ու ի զարմանս ինձ, ոչ մի արտասովոր բան չտեսավ մաքրուհին, ընդամենը հանգիստ հարցրեց․ «Տղա ջան, առաջին անգամն է՞իր պրակտիկայի եկել» և ես հասկացա, որ նման դեպքերի միշտ են ականատես եղել այդտեղ։
Անցան օրեր․․․սովորեցի այդ հոտին էլ, դիակին էլ․․․ամեն ինչի սովորեցի։ Սկզբում աշխատեցի պաթոլոգիաանատոմիական ուղղությամբ, արեցի բազմաթիվ ներդրումներ, Գյումրիում նորմալ լաբորատորիա ունենալու ուղղոջթյամբ․․․Հաջողվեց»։


Կյանքի ահավոր ու անդառնալի մի հարվածից հետո, երբ երիտասարդ բժիշկը կորցնում է սիրելի ավագ եղբորը, իր խոսքով ասած, այլևս չկարողանալով տեսնել դիակ ու վերջացած կյանք, վերապրոֆիլավորվում է՝ դառնալով մանկաբարձ գինեկոլոգ։
Սկսվում է անթիվ ու անհամար ծնունդների բերկրալից պահերով ապրելու ժամանակահատվածը, երբ նոր կյանքը սկսվում է աչքիդ առաջ, երբ ամեն օրդ հագենում է երջանիկ մայրերով , նորաթուխ կյանքերով ու իրականացած երազանքներով, երբեմն էլ այդ ուղին մթագնող բարդ դեպքերով․․․


Հարցին, թե մոտավորապես քանի ծնունդ եք ընդունել, բժիշկը պատասխանեց գյումրիերեն․
«Մի քաղաքի չափ, մոտ 36 հազար ծնունդ, զույգերն ու եռյակներն էլ եթե ներառենք, մոտ 40 հազար նոր մարդ եմ դիմավորել․․․Այս 40 հազար երեխայից ոչ մեկը մյուսին նման չի եղել, ամեն մեկը միակն են, եզակի են, ոչ մի ճիչ նույնը չի եղել, բոլորի համար ուրախացել եմ հավասար, ինձ համար մարդկային ծնունդը երբեք սովորական չդարձավ», խոհուն ժպիտով ասես մենախոսում է վաստակավոր բժիշկը։
Եթե նորից ընտրեի, էլ մանկաբարձության բա՜րդ ու պատասխանատու ճանապահը կընտրեի, էլի չէի խնայի ինձ, էլի գիշեր ու ցերեկ, երբեմն էլ ընտանիքիս ու երկու զավակներիս հատկացվող ժամանակի հաշվին՝ մորն ու նոր ծնվող մանկանը կնվիրվեի․․․
Գիշեր ու ցերեկ չէի ճանաչում, գնում էինք գյուղեր, ծննդօգնություն էինք իրականացնում տներում, հասնում էինք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հղիներին․․․5 տարի պահանջվեց ինձանից, մինչև Շիրակի մարզում վերացրեցի «տատմերների ինստիտուտը», որոնց գործունեությունից ունենում էինք բազմաթիվ մայրական ու երեխայի մահացություններ, ինֆորմացիան փակ էր, քչերն էին իմանում այդ մասին։
Տարիների ընթացքում զարգացավ նաև մանկաբարձությունը, սկսեցինք վերցնել ևրոպական առաջավոր փորձն ու մեթոդները, ինչի արդյունքում համարյա վերացան ծննդատներում տարածվող ինֆեկցիաները, մի խոսոքով, զարգացանք ու առաջ գնացինք թե՛ մենք, թե՛ գիտությունը»։


Բժիշկը երազում է այն օրվա մասին, երբ առողջապահությունը հավասար կզարգանա ամբողջ հանրապետությունում, երբ ժամանակակից սարքավորումներով կհամալրվեք բոլոր մարզերի հիվանդանոցները, այլապես ստացվում է, որ առողջապահությունը կենտրոնանում է միայն մայրաքաղաքում։

«Այնքան երջանիկ եմ իմ ընտրությամբ, պատկերացնում ե՞ք, երեք սերունդի ես եմ աշխարհի առաջին բարևը տվել․․․մորը, աղջկան, թոռին․․․»
Վաստակավոր բժիշկն այժմ իր տարիների կուտակած փորձն ու գիտելիքն է փոխանցում հարազատ Գյումրու ծննդատանը, գոհունակությամբ է նշում, որ իր մասնագիտական խորհուրդներով աճած մասնագետներն այժմ հանրապետության ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգներ են։


Հաջողության բանաձևում այսպես է տալիս երախտավոր գյումրեցին․ «Մարդը պետք է ապրի ոչ միայն իր համար․․․եթե դու մարդուն ընդունում ես քեզ հարազատ, վստահ եղիր, որ փոխադարձն ես ստանալու, նա էլ քեզ է իրեն հարազատ ընդունելու։
Բազմաթիվ տիտղոսներից Ֆելիքս Գրիգորյանն ամենաշատը սիրում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան Դրամատտիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից շնորհված «Թատրոնի պատվավոր հանդիսատես» կոչումը, անհամար դիպլոմներն ու պատվոգրերն էլ բժիշկը չառանձնացրեց, ժպտաց ու ասաց․ «Դե դիպլոմներ են էլի․․․․», բայց մի հատն առանձին էր դրված, Գյումրու երախտավորի կոչումը հաստատոց դիպլոմը,
«Գյումրին ինձ համարում է իր երախտավորը․․․ինձ էլ ինչ կոչում է պետք․․․»

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ