Քայքայված տնտեսություն, առողջապահական կոլապս, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ, պատերազմի սարսափելի հետևանքներ, ավերված պետական ինստիտուտներ, արտագաղթելու ցանկություն հայտնած հազարավոր քաղաքացիներ, զինված ուժերը սպառազինությամբ ու մարդկային ռեսուրսով զինելու մեծ անհրաժեշտություն, արտաքին հարաբերությունները հիմնահատակ ոչնչացրած պետություն... Այսպիսի ժառանգությանը ո՞վ կուզենա տեր կանգնել։
Ոչ մի քաղաքական գործիչ չի ցանկանա նման ահռելի բեռան տակ մտնել. անմարդկային ջանքեր են պահանջվելու երկիրը վիհից հանելու համար։ Երբ օրվա իշխանությունը հայտարարում է, թե ընդդիմությունն աթոռակռիվ է անում, գոնե հասկանու՞մ է, որ ինքը երկրում բան չի թողել, որի համար պիտի կռիվ տալ։ Ով էլ գա, նախ պիտի մի բան կառուցի, որ կարողանա հետո այն կառավարել։ Հայաստանին այս պահին հարկավոր է հայրենասեր «մահապարտների» իշխանություն, որն օրուգիշեր չխնայելով ժամանակ և առողջություն, կլծվի պետությունը զրոյից կառուցելու գործին։ Դեռ պիտի կարող, անշահախնդիր ուժերին խնդրել, որ զբաղվեն այս փլատակներով, որովհետև սա լուրջ պատասխանատվություն է ենթադրում։
Ապագա իշխանությունից պահանջվում է, նախ, անսահման նվիրում երկիրը փրկելու գործին՝ առանց պարգևավճարի ու անգամ աշխատավարձի բարձրացման ակնկալիքի, մտավոր ներուժ, փորձ, կառավարման ձիրք, խոսքի և գործի խոր գիտակցում։ Ի վերջո, պետության ղեկավարի կերպարը պիտի վերաիմաստավորվի, որ անհավասարակշիռ ու տգետ մեկի պատճառով հայը աշխարհում ծաղրուծանակի առարկա չդառնա։
Եկել է նոր որակի իշխանության հետ նոր որակի հասարակություն կերտելու ժամանակը, արժեհամակարգային լուրջ վերափոխումների ժամանակը։ Եթե հանրույթն իր լուման չունի լավ պետություն ունենալու գործում, դժվար է ակնկալել, որ պետությունը կհայտնվի լավ ղեկավարի ձեռքում։ Բոլորս ենք կանգնած լուրջ ջրբաժանի առաջ։ Եթե ուզում ենք ունենալ ամուր, զարգացած պետություն, այդ հենքը մե՛նք պիտի ամրացնենք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ