Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախկին անդամ Մանե Թանդիլյանը մոտ ապագայում կարող է Արցախի սոցիալական հարցերի նախարար նշանակվել:
«Իրատեսի» տեղեկություններով՝ Թանդիլյանի և մի քանի այլ անձանց Արցախի կառավարական կաբինետում պաշտոնի նշանակելու հարցն օրերս քննարկվել է Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիման ժամանակ: «Փաշինյանը Հարությունյանին ասել է, որ Արցախի գործադիրում պետք է նաև իր նշանակած մարդիկ լինեն: Քննարկվել է Մանե Թանդիլյանի անունը, ով, կարծես, չի մերժել Փաշինյանի առաջարկը: Վարչապետը տակտիկական քայլ է ուզում անել, իր թիմակիցներին հետ քաշել, առաջին պլան բերել այնպիսի մարդկանց, որոնք քիչ թե շատ ընկալելի են հասարակության համար: Այդ մարդկանցով նաև կկարողանա ապահովել իր հետագա վերարտադրությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Թանդիլյանի՝ Արցախում պաշտոն ստանալու տեղեկության առնչությամբ փորձեցինք նաև «Լուսավոր Հայաստանի» տրամադրությունը շոշափել: «Մենք վաղուց տեղյակ չենք նրա քայլերից ու գործունեությունից,- ասաց ԼՀԿ-ական մեր զրուցակիցը,- Ավելին, կարծում ենք, որ Թանդիլյանը մանդատը վայր դրեց ՀՀ գործադիրում որևէ պաշտոն ստանալու ակնկալիքով: Առողջական խնդիրներ ունենալն ընդամենը հարմար պատրվակ էր: Բայց, որպեսզի ամեն ինչ այդքան պարզ ու ակնհայտ չլինի, երևի որոշել է Արցախից սկսել: Դեռ այն ժամանակ, երբ Մանեն հայտարարեց, որ դադարեցնում է քաղաքական գործունեությունը, իսկ օրեր անց կառավարության կազմակերպած միջոցառումներից մեկին էր մասնակցում, հասկացանք՝ քաղաքական խաղերի մեջ է»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ