«Մեր հասարակությանը տրամադրում են խաղաղության, իսկ Ադրբեջանի հասարակությանը 100 մլն դոլարի ռազմական օգնություն են ցուցաբերում»
24.03.2020 | 00:45
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, որի շրջանակում իրականացվում էին ականազերծման աշխատանքներ։ Այս մասին տևական ժամանակ վերլուծաբանները նախազգուշացնում էին, սակայն Հայաստանի իշխանություններն այդ առումով քայլեր այդպես էլ չձեռնարկեցին։ Փոխարենը ԱՄՆ-ը որոշել է Արցախում բավական ուշագրավ մեկ այլ ծրագրի աջակցություն ցուցաբերել. բնակչությանը խաղաղության նախապատրաստման» համար ֆինանսական օգնություն կտրամադրվի Արցախին։ Այս առնչությամբ քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ մի քանի հարց ուղղեցինք։
-Ի՞նչն էր պատճառը, որ ԱՄՆ-ը դադարեցրեց ականազերծման համար տրամադրվող աջակցությունը։
-Այդ ծրագրի դադարեցման մասին ավելի վաղ խոսակցություններ կային, դա նորություն չէր։ Թրամփի վարչակազմի համար արտաքին օգնություններն առաջնահերթություն չեն, 40 տոկոսով նա կրճատել է այլ պետություններին տրամադրվող օգնությունը։ Ասել է՝ միայն Արցախի դեպքում չի ԱՄՆ-ն այդպիսի մոտեցում որդեգրել, օրինակ, Պակիստանին 1 մլրդ դոլարով ևս կրճատել է օգնությունը, բայց իր համար ռազմավարական նշանակություն ունեցող պետությունների համար այդ ֆինանսավորումն ավելացրել է։
-Այսինքն, այս պահին Արցախն ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում չէ՞։
-Բնականաբար՝ ոչ։ Արցախի առումով խնդիրը ոչ թե օգնության ծավալն է, այլ ԱՄՆ-ը, լինելով համաշխարհային գերտերություն, ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում մի պետության, որն իրավական առումով, փաստացի աշխարհը չի ճանաչել։ Արցախին ԱՄՆ-ն ուղիղ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, որով վերջին տարիներին իրականացվել են տարբեր ծրագրեր, այդ թվում լուծվել է Ստեփանակերտի խմելու ջրի խնդիրը։ Մեր լոբբիստների ծանր, երկարատև աշխատանքի արդյունքում էինք հասել այս ֆինանսական օգնությանը։ Հիմա ԱՄՆ-ի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել այս ծրագիրն Արցախում սառեցնել։
-Դրա փոխարեն ԱՄՆ-ը որոշել է բնակչությանը խաղաղության նախապատրաստման ծրագրին ֆինասնավորում հատկացնել։ Սա ի՞նչ է ենթադրում։
-Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում արցախյան բանակցություններում։ Բավական լուրջ տեղաշարժեր կան այս գործընթացում, ու էական է, որ ԱՄՆ-ը ոչ թե զրոյացնում է ֆինանսական աջակցությունը, այլ ծրագիրն է փոխում։ Սա ներքին սպառման համար է նաև, փորձ է արվում վարչակազմի կողմից փափուկ բարձ դնել կոնգրեսականների գլխի տակ, քանի որ վերջիններս են ակտիվ պայքարում այս օգնության հնարավորությունը պահպանելու համար։ Սա նաև փափուկ բարձ է հայկական համայնքի, կազմակերպությունների համար, բայց կարծում եմ, սա նրանք հասկանում են։
-Սակայն կարծես Հայաստանի իշխանությունների համար դա այնքան էլ անընդունելի ծրագիր չէ, քանի որ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ էր խոսում ժողովուրդներին խաղաղության տրամադրման մասին։ Հիմա ԱՄՆ-ը կոնկրետ մեզ այդպիսի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ի՞նչ վտանգ կա դրանում։
-Համաձայն եմ, որ գուցե այս ծրագիրը մեր իշխանությունների համար ընդունելի է, բայց կա մի շատ կարևոր նրբություն։ Խաղաղության են նախապատրաստում միայն Արցախի ժողովրդին, իսկ Ադրբեջանի ժողովուրդը բացարձակ չի նախապատրաստվում խաղաղության։ Ավելին, նման ծրագրեր ԱՄՆ-ն Ադրբեջանում չի իրականացնում։ Մեկ այլ օրինակ ևս. երբ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանն ավարտում էր իր դիվանագիտական առաքելությունը, այնպիսի հայտարարություն արեց, որը բացարձակ չէր բխում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերից։ Այդպիսի հայտարարություն, սակայն, չգիտես ինչու, չարեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։ Այնպես որ, սա շատ վտանգավոր միտում է, որի դեմը պետք է առնել։
-Դուք տրամաբանական շարունակություն տեսնու՞մ եք Հայաստանի իշխանությունների ամիսներ առաջ հայտարարած ժողովուրդներին խաղաղության տրամադրելու հայտարարության և այս ծրագրի կյանքի կոչման մեջ։
-Ֆինանսական աջակցության կրճատման հանգամանքը միայն փոխկապակցված չէ Հայաստանի իշխանության նման դիրքորոշման հետ, միգուցե դա ազդող գործոններից էր։ Երկրորդեմ. ԱՄՆ-ը կրճատում է արտաքին ֆինանսավորումները, թիրախում լինելու էր նաև Արցախին տրամադրվող օգնությունը, որի դեմ ակտիվ աշխատում էին ադրբեջանցի և թուրք լոբբիստները, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Այս հարցում չափազանց կարևոր է հասկանալ, որ Արցախին տրվում է այդ մարդասիրական ծրագիրը, բայց Ադրբեջանին վերջին 2 տարվա ընթացքում տրվել է շուրջ 100 մլն դոլարի ռազմական օգնություն։ Այսինքն, մեր հասարակությանը տրամադրում են խաղաղության, իսկ Ադրբեջանի հասարակությանը 100 մլն դոլարի ռազմական օգնություն են ցուցաբերում։
-Սա Հայաստանի իշխանությունների թերացման մասի՞ն Է վկայում։
-Սա բոլոր նրանց թերացումն է, ովքեր այս ուղղությամբ պատասխանատու են, ովքեր պիտի աշխատեն ԱՄՆ անվտանգության խորհրդի, պետդեպարտամենտի, Պենտագոնի, Սպիտակ տան հետ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ