Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորված եք (Մարկ. 12;27)
08.05.2020 | 00:06
Շատերը հույս ունեին, թե քրիստոնեությունը հենց Քրիստոսի գերեզմանում էլ կմնա Նրա հետ, բայց նրանց հույսերը չարդարացան, հետո շատերը հույս ունեին, թե քրիստոնեությունը կմեռնի անօրինության սրի երախում, բայց քրիստոնյայի արյունը սերմ դարձավ ու աճեց աղոթքի ոռոգումով:
Հետո շատերը հույս ունեին, թե նորածիլ քրիստոնեությունը խորշակահար կլինի անօրինության հողմից, բայց այն աճեց, արմատացավ ու զորացավ, որովհետև Կենդանի Աստծո Կենդանարար Հոգին գուրգուրեց այն իր հավիտենական շնչով:
Երբ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր` մարդկանց մեջ, մենք չհասկացանք, որ Կյանքն է մեզ այցելել: Մենք` կատաղի չարությամբ մոլեգնած, ցանկացանք խեղդել Կյանքը, Նրա գլխին դրեցինք մեր ապաշնորհության փշե պսակը, Նրա երեսը պատեցինք մեր անհավատության ձաղկումներով, Նրա ուսին ծանրացավ մեր ատելության և անտարբերության խաչը: Բայց Կյանքը չմեռավ, ապրեց ու ապրեցրեց, Իր Սուրբ Արյունով ցողած Սիրո Խաչը ավանդեց մեզ:
Շատերս ենք տեսել, թե ինչպես են երեխաները սկսում կռվել մի ոչ այնքան անհրաժեշտ խաղալիքի համար, երբ այն` անտարբերության փոշով պատված, հանկարծ հայտնվում է նրանցից մեկի ձեռքին: Շատ մարդիկ մեծանալուց հետո էլ սիրում են ամեն մի անպիտան, կամ ոչ առաջնային անհրաժեշտության իր միշտ պահել մարդկանց ուշադրության կենտրոնում` իմաստավորելով այդ իրերը և ապահովելով մարդկանց ժամանցը: Նույն կերպ մեղքի տիղմի մեջ ընկած մարդու հանդեպ վարվեց Հիսուս` իմաստավորելով նրա գոյությունը, նրան դարձնելով Աստծո ուշադրության կենտրոնում մշտապես գտնվող, Նրա համար շատ կարևոր ու թանկագին մի էակ, ապահովելով նրա հավիտենական կյանքն ու իմաստավորված լինելությունը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Մեկնաբանություններ