Առանց փոքր-ինչ անհարմար զգալու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակում է կառչել իր աթոռից, այլև ինչ-որ ճանապարհային քարտեզ է հրապարակում ու դրա համար ևս 6 ամիս պաշտոնավարելու ժամանակ աղերսում։ 2,5 տարում անգամ ոլորտային երկու հարց չլուծած ղեկավարը, պատերազմի արհավիրքով ու առողջապահական կոլապսում գտնվող երկրում ուզում է 6 ամսում բա՞ն փոխել։ Նա չի ուզում հրաժարական տալ, ու խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով պիտի այս մարդուն «պոկել» իր աթոռից։
Ընդդիմությունն ընտրել է գլխավորապես սահմանադրական ճանապարհը։ Նրանք փորձում են սահմանադրական ճանապարհով հեռացնել մի մարդու, որը օրենք ու Սահմանադրություն չի ճանաչում։ Նա, ինչպես սահմանադրական մեթոդները ջարդուփշուր անելով, եկավ իշխանության, այդպես էլ շարունակեց պաշտոնավարել։ ՈՒ հիմա չի էլ պատրաստվում հեռանալու օրինական ճանապարհով։ Այսպիսի մարդու հետ սահմանադրականությամբ հարաբերվելը շատ բարդ գործ է, եթե ոչ՝ անհեռանկարային։ Նա անգամ պատրաստ է ընդդիմադիրների հանրահավաքներին կեղծ հավաքներ հակադրելու, այս երկրում գտնելու կապիտուլյացիան ողջունող սակավաթիվ մարդկանց, հագցնելու զինվորական հագուստ, պղծելու զինվորականի պատիվն ու բանակը, բայց չթողնելու իր պաշտոնը։ Ավելին, կառավարական առանձնատանը, անօրինական հրահանգներ կատարելու համար, զինելու մարդկանց և պատրաստելու բախումների, ու նրա դեմ սահմանադրական ճանապարհո՞վ եք պայքարում։
Եկեք, հիշենք, թե նախորդներին հեռացնելու, իսկ այսօր Փաշինյանի հրաժարականը պահանջելու ինչ հիմքեր կային ու կան։ Ինչպիսի երկրում նա կիրառեց հակաօրինական քայլեր ու զոռբայությամբ ստանձնեց իշխանության ղեկը ։ Փաշինյանն իշխանությունը զավթեց մի երկրում, որի տնտեսությունը սկսել էր արդեն շնչել և բավական բարձր աճի տեմպ ապահովել։ 2018-ի առաջին եռամսյակում արդեն 7 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր ժառանգեց Փաշինյանը, որի տեմպերը գնալով նվազեցին, ու հիմա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում են տնտեսական ցուցանիշները։ Տնտեսություն, որպես այդպիսին (Անդրանիկ Քոչարյանը կասեր), չկա։ Անգամ զավեշտ է, երբ հաջորդ տարվա բյուջե է հաստատվում պատերազմական իրողությունները հաշվի չառնելով, էլ ավելի աբսուրդ, որ այդ ֆինանսական փաստաթղթում շարունակում է սրբությամբ պահպանվել պարգևատրումների ֆոնդը։
Մինչ 2018-ի ապրիլ Հայաստանում դատաիրավական համակարգում բազում խնդիրներ կային, սակայն ոչ մի պաշտոնյա իրեն այնքան անդաստիարակ չէր պահի, որ ողջ արդարադատության ոլորտի ներկայացուցիչներին հայտարարեր «վնգստացողներ», ինչ է, թե իր քիմքին հաճելի որոշումներ դատարանները չէին կայացնում։ ՈՒժային կառույցների առաքելությունը երբեք այդքան գետնատարած չի եղել, ինչպես այսօր է։ Հայաստանի անկախության բոլոր տարիներին ԱԱԾ-ն այդքան նոր պետեր չէր տեսել, իսկ համակարգից պատրաստված կադրերի այդքան արտահոսք երբևէ չէր եղել, ինչքան 2,5 տարում։
Մինչ 2018-ը կրթական համակարգը շատ խնդիրներ ուներ, բայց ոչ մեկի մտքով չէր անցել հայոց պատմության, հայ գրականության, հայ եկեղեցու պատմության հետ վարվել թշնամու նման, ամեն տեղ վերացնել «հայն» ու «հայկականը», մշակույթը հավասարեցնել «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, պետական բոլոր ինստիտուտների աշխատանքը կաթվածահար անել, գործառույթները տեղափոխել ֆեյսբուքյան հարթակ և երկիրը ղեկավարել ֆեյքերով։
Ոչ մի ղեկավարի ձեռք չի գնացել ստորագրելու մի փաստաթուղթ, որով հայրենիքի մի մասը հանձնվի թշնամուն. գերադասել են հեռանալ, քան նման դավաճանության տակ ստորագրել։ Սակայն այսօրվա ղեկավարը ոչ միայն ստորագրել է, այլև դրանից հետո զայրույթից ու ցավից խենթացած մարդկանց ասում է` մի 6 ամիս էլ թողեք վայելեմ այս պաշտոնը։
Երկիրը խոր ճահիճը նետած, մարդկանց ողնաշարը ջարդած, ազգային արժանապատվությունը գետնին հավասարեցրած, Արցախը կապիտուլացրած մարդու հետ դուք օրենքի լեզվո՞վ եք խոսում, բարոյականության դասե՞ր եք տալիս, հորդորում եք ինքնակամ հեռանա՞լ։ Օծանելիքի ու բռնակի հարցով միայն անհանգստացած մարդկանց դուք ի՞նչ եք փորձում հասկացնել, որ հայրենիքը բարձր արժե՞ք է։ Այն հայրենիքը, որը նրանց համար դժբախտ ու դժգույն է, այսինքն՝ ոչպետքական բան։ Երևում է՝ ընդդիմությունն էլ մինչև վերջ չի հասկացել, թե ում կամ ինչ տեսակի դեմ է պայքարում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ